Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Առողջարան, սանատորիա (<լատ. sano – բուժում եմ, առողջացնում եմ), բուժկանխարգելիչ հիմնարկ, որտեղ բուժման համար օգտագործում են հիմնականում բնական բուժիչ միջոցները (կլիմա, հանքային ջրեր, բուժիչ ցեխեր, ծովային լոգանքներ), ինչպես նաև ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտարան և ռացիոնալ սնունդը։ Առողջարանները կազմակերպվում են բարենպաստ կլիմայական, լանդշաֆտային և սանհիգիենային պայմաններով օժտված առողջավայրերում և քաղաքամերձ գոտիներում (տեղական առողջարաններ)։ Առողջարանները լինում են մեծերի և երեխաների, դեռահասների, մոր ու մանկան։ Ըստ բժշկական պրոֆիլի՝ առողջարանները նախատեսվում են տուբերկուլոզով, արյան շրջանառության, մարսողության, շնչառության, նյարդային, ներզատիչ համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների համար։
Առողջարանները լինում են մասնագիտացված, միապրոֆիլ, բազմապրոֆիլ։
Հիվանդների բժշկական ընտրությունը կատարում են բուժող բժիշկը և բաժնի վարիչը կամ բուժկանխարգելիչ հիմնարկի գլխավոր բժիշկը՝ համաձայն հիվանդներին առողջարան ուղարկելու կանոնների։ Դեռահասներին առողջարան են ուղարկում նույն կարգով՝ բուժկանխարգելիչ հիմնարկի բաժնի վարիչի մասնակցությամբ։ Առողջարանում հիմնականում բուժվում են հիվանդությունների սկզբնական ձևերով, հիվանդանոցային բուժում չպահանջող քրոնիկական հիվանդություններով տառապողները, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինվողները։
Առողջարան չի թույլատրվում վարակիչ հիվանդություններով հիվանդներին, ախտաբանական հղիությամբ կանանց՝ բոլոր ժամկետներում, բնականոն հղիության ժամանակ՝ սկսած 26-րդ շաբաթից և երեխային կրծքով կերակրելու շրջանում։ Առողջարանաառողջավայրային բուժման ընտրության համար, նախատեսված կանոնների համաձայն, կան նաև այլ հակացուցումներ։
Տեղական առողջարան ուղարկում են ծանր հիվանդություններ և վիրահատություններ կրած կամ որոշակի առողջավայրերի կլիմայական պայմանները չհանդուրժող հիվանդներին։ Տեղական շատ առողջարաններ բուժման արդյունավետության տեսակետից չեն զիջում հանրահայտ առողջարաններին։
Մանկական առողջարանները հիվանդ երեխաների համալիր բուժման, քրոնիկական հիվանդությունների կանխարգելման կարևոր օղակ են։ Երեխաներին առողջարան են ուղարկում որոշակի ցուցումների համաձայն, որոնք հաստատում է բժիշկը։ Երեխային տրվում է առողջարանաառողջավայրային փոխանակման քարտ։ Գոյություն ունեն ռևմատիզմով, տուբերկուլոզով, հենաշարժական, շնչառական համակարգերի ոչ տուբերկուլոզային, մարսողության օրգանների, նյարդահոգեբուժական, երիկամների, միզուղիների, մաշկային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով, ոսկրածուծաբորբով (օստեոմիելիտ), ռևմատոիդ հոդաբորբով, դիզենտերիայով հիվանդների բուժման համար նախատեսված առողջարաններ։ Գործում են մոր և մանկան առողջարաններ՝ 4-14 տարեկան երեխաների համար։
Մանկական տեղական առողջարաններում ընդունում են 1-14 տարեկան երեխաներին։ Հենաշարժական համակարգի խանգարումներով, այդ թվում գլխուղեղային լուծանքով հիվանդ երեխաներին առողջարան են ընդունում 3 տարեկանից։
Առողջարարական և բուժական միջոցառումներից են մաքուր օդում երկարատև զբոսանքները, բավարար հանգիստը, չափավորված շարժողական բեռնվածությունը և սնունդը, բնական բուժիչ ֆիզիկական գործոնները (հանքային ջրեր, ծովային լոգանքներ, օդային և արևային լոգանքներ, ցեխաբուժություն և այլն)։
Առողջարանում մեծ ուշադրություն է դարձվում մարզմանը և օրգանիզմի կոփմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները։ Առողջարանում գտնվելու առաջին շաբաթում երեխաներն ընտելանում Են նոր իրադրությանը, կլիմային, ապահովվում է նրանց հանգիստը և թեթևակի հետազոտություններ են կատարվում։ Երկրորդ՝ առավել երկարատև շրջանում, կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ և բուժում, բավականին ընդլայնվում է շարժողական ռեժիմը։ Երրորդ՝ եզրափակիչ շրջանում, հատուկ ուշադրություն է դարձվում օրգանիզմի կոփման և մարզման միջոցառումներին։ Բուժման տևողությունը տեղական մանկական առողջարաններում 60-90 օր է, առողջավայրում՝ 45-60 օր։ Սկոլիոզով, քրոնիկական ոսկրածուծաբորբով հիվանդ երեխաների համար հաստատված են անհատական ժամկետներ։ Մոր ու մանկան առողջարաններում բուժման տևողությունը 24 օր է, առողջարանային տիպի ճամբարներում՝ 45 օր։
Մանկական առողջարաններում բուժման տևողության երկարացման անհրաժեշտության հարցը որոշում է առողջարանի բժշկական հանձնաժողովը։ Մանկական բոլոր առողջարանների համար պարտադիր պայմանը երեխաների հետ դաստիարակչական և մանկավարժական աշխատանքների կազմակերպումն է։ Երկարատև բուժում պահանջող երեխաների ուսուցումն առողջարանում կատարվում է դպրոցական ծրագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 550)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առողջարան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.