Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լուսանկարչություն, լուսանկարչական լուսազգայուն նյութերի կամ ֆոտոմատրիցայի օգնությամբ, օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով, պատկերի ստեղծման և պահպանման տեխնոլոգիա։ Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում այս տերմինը նշանակում է ֆիլմի պատկերավորության լուծում՝ ստեղծված կինոօպերատորի կողմից։ Լուսանկարներ են անվանվում նաև լուսանկարչական պատկերների վերջնական դրոշմը՝ պատրաստված քիմիական եղանակով, լուսանկարչական թղթի կամ սովորական թղթի վրա՝ թվային տպիչի միջոցով։
Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներից մեկն է։ Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից, բայց այն չի պահպանվել[1][2]։ Ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1839 թվականի հունվարի 7-ը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ[3][4][5][6]։
Լուսանկարահանում իրականացնող մարդը կոչվում է լուսանկարիչ։ Հիմնականում նա իրականացնում է նաև պատկերի ստեղծման մնացած փուլերը, սակայն երբեմն աշխատանքի տեխնիկական մասն իրականացնում է լուսանկարչական խմբագրի կողմից։
«Լուսանկարչություն» (ֆր.՝ photographie, հին հունարեն՝ φῶς (φωτός) «լույս» և γράφω «գրառել», լուսագրություն - լույսի միջոցով նկարելու տեխնիա) տերմինն ի հայտ է եկել 1839 թվականին։ Այն միաժամանակ և անկախ կիրառել են երկու աստղագետներ. անգլիացի Ջոն Հերշելն ու գերմանացի Ջոան Հենրիխ վոն Մեդլերը[7]։
Լուսանկարչության հայտնագործումը հնարավոր դարձավ շնորհիվ մի քանի բացահայտումների միավորման։ Հին Չինաստանի փիլիսոփա Մո Ցզին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում նկարագրել է օբսկուրի խցիկի ազդեցությունը[8]։ Ավելի ուշ, 4-րդ և 5-րդ դարերում, հույն մաթեմատիկոսներ Արիստոտելն ու Էվկլիդեսը, միմյանցից անկախ, նկարագրել են նմանօրինակ սարքավորում։ Նկարիչները սկսել են օգտագործել այդ հարմարանքը դեռևս միջնադարում՝ հեռանկարային նկարներ ստեղծելիս, իսկ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների մոտ օբկուրի խցիկը լայնորեն հայտնի էր «մութ սենյակ» անվամբ։ 1694 թվականին Վիլհելմ Հոմբերգը նկարագրեց լուսաքիմիական ռեակցիաներ, երբ նյութը, լույսի ազդեցությամբ, փոխում է գույնը։ Նա նաև ուշադրություն դարձրեց արծաթի նիտրատի լուսազգայունության վրա՝ բացահայտված երեք հարյուրամյակ առաջ[9]։ Առաջին մարդը, որն ապացուցեց, որ լույսն, այլ ոչ թե ջերմությունն են արծաթագույն աղը դարձնում մուգ, գերմանացի ֆիզիկոս Յուհան Շուլզն էր։ 1725 թվականին, փորձելով պատրաստել լուսատու նյութ, նա պատահաբար կավիճը խառնեց ազոտական թթվի հետ, որը պարունակում էր քիչ քանակությամբ լուծված արծաթ։ Շուլզն ուշադրություն դրաձրեց նարն, որ երբ արևային լույսն ընկնում էր սպիտակ խառնուրդի վրա, այն մուգ երանգ էր ստանում, այն ժամանակ, երբ խառնուրդը՝ պաշտպանված արևի ճառագայթներից, ընդհանրապես չէր փոխվում։ Այդ փորձը առաջ քաշեց դիտարկումների, քիմիայում բացահայտումների և հայտնագործությունների մի շարք, որոնք հանգեցրեցին լուսանկարչության հայտնագործմանը։
Քիմիական եղանակով լուսանկարի ֆիքսման առաջին փորձը ձեռնարկել են Թոմաս Վեջվուդն ու Հեմֆրի Դևին։ Արդեն 1802 թվականին նրանք, արծաթի օգնությամբ, կարողանում էին ստանալ լուսանկարներ՝ չիմանալով դրանց ֆիքսման մեթոդները[10]։ Լուսանկարի ի հայտ գալու առաջին գործնական հաջողությունը դարձավ Ժոզեֆ Նյեպսի կողմից հելոգրաֆիայի հայտնագործումը (ֆր.՝ Héliographie)[9]։ Պահպանված լուսանկարներից ամենահինը, նկարված օբսկուրի խցիկի տեխնոլոգիայի օգնությամբ, թվագրված է 1826-ին և հայտնի է «Տեսարան Լե Գրասի պատուհանից» անվամբ։ Ավելի ուշ, հելիոգրաֆիան զարգացնելով, օգտագործվում էր պատրաստի նկարների տիրաժավորման համար։ Բայց բնապատկերներ նկարելու համար պարզվեց, որ այն անպետք էր, պատկերին տալիս էր բավականին ցայտերանգություն՝ առանց մանր մասնիկների[11]։
1829 թվականի դեկտեմբերի 14-ին Նյեպսը, հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ, կնքեց նոտարական փաստաթուղթ առաջին դիորամայի ստեղծող Լուի Դագերի հետ, որն իրականացնում էր փորձեր պատկերի ամրագրման ոլորտում[12]։ Որոշ ժամանակ հայտնագործողները տանում էին իրենց աշխատանքը զուգահեռ, սակայն Դագերնը հաջողության հասավ գործընկերոջ մահից հետո։ 1839 թվականին նա հրատարակեց արծաթապատ պղնձե թիթեղի վրա լուսանկարի ստացման մեթոդը։ Թիթեղի էքսպոզիցիայից հետո պատկերը հայտածվում էր տաքացված սնդիկով, այնուհետև ամրակցվում խոհանոցային աղի լուծույթով։ Այդպիսով, ստացված նկարի եզակի նմուշը՝ որոշակի լուսավորությամբ, ուներ բարձրորակ պոզիտիվի տեսք[13]։ Լուսանկարի ստացման իր մեթոդը Դագերն անվանեց «դագերոտիպիա» և 1839 թվականի հունիսի 14-ին, կենսաթոշակի դիմաց, փոխանցեց հանրության սեփականությանը[14]։
Միաժամանակ, անգլիացի Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտը հայտնագործեց լուսանկարի ստացման նեգատիվ-պոզիտիվ տեխնոլոգիան, որն անվանեց «կալոտոպիա»։ Պատկերի կրման համար Տալբոտն օգտագործեց քլորային արծաթով ներծծված թուղթը։ Գործընթացը թույլ տվեց տիրաժավորել պոզիտիվ պատկերը՝ կոնտակտային ֆոտոտպագրության օգնությամբ։ Ստացված պոզիտիվը որակապես զիջում էր դագերոտիպին՝ թղթի թելավոր կառուցվածքի արտացոլման և կոպիտ կիսերանգի պատճառով։ Այդ գործոնը՝ արտոնագրային հատկացման անհարժեշտության հետ մեկտեղ կարևոր դեր ունեցավ նրանում, որ դագերոտոպիան երկար ժամանակ դարձավ գերակշռող լուսանկարչական գործընթաց։ Նրա գլխավոր կիրառություններից դարձավ դիամանկարը։ Արդեն 1840-ականների կեսերին դագերոտիպային լուսադիմանկարն ամբողջությամբ փոխարինեց դիմանկարային մանրանկարին՝ ստիպելով այդ ուղղության մեծաթիվ նկարիչների վերաորակավորվել որպես լուսանկարիչ[15]։
Լուսանկարչության պատմության մեջ գործնականում անհայտ մնաց Հիպոլիտ Բայարդը, 1839 թվականին ներկայացնելով լուսանկարներ՝ ստացված սեփական ուղիղ պոզիտիվ մեթոդի օգնությամբ[16]։ Բացի այդ, 1833 թվականին, արծաթի նիտրատի օգնությամբ լուսանկարի ստացման մեթոդը հրատարակեց ֆրանկո-բրազիլացի գյուտարար և նկարիչ Հերկուլես Ֆլորենսը։ Նա իր մեթոդը չարտոնագրեց, և նրա հետազոտությունների մասին հայտնի դարձավ միայն 1970-ականներին[17]։ Դագերոտոպիան և կալոտոպիան կիրառվում էին մինչ 19-րդ դարի երկրորդ կեսը, տեղը զիջելով թաց կոլոդիոնային գործընթացին, որը միավորեց Տալբոտի նեգատիվ-պոզիտիվ և բարձր լուսազգայունության մեթոդների առավելությունները։ Թաց մածուկի գլխավոր թերությունը լուսանկարչական հայտածման ենթարկելու անհրաժեշտությունն էր և թաց լուսաթիթեղի լաբորատոր մշակումը՝ մի քանի րոպեի ընթացքում լուսազգաշերտի ջնարակից հետո, մինչ լուսազգայուն շերտը մնում է թափանցելի՝ մշակվող լուծույթների համար։ Խնդիրը լուծվեց անգլիացի բժիշկ Ռիչարդ Մեդոքսի 1871 թվականի դոնդողաարծաթային գործընթացի և այսպես ասած «չոր» լուսաթիթեղի հայտնագործումից հետո[18]։
Նորարարության գագաթնակետը դարձավ ցելյուլոիդի՝ ապակու փոխարեն որպես տակդիր օգտագործման հնարավորությունը՝ շնորհիվ Հանիբալ Գուդվինի 1887 թվականի հայտնագործության[19]։ Այսպիսով, 20-րդ դարի սկզբին լուսաթղթին փոխարինեց թերթային և գլանակային ֆոտոժապավենը՝ դոնդողային արծաթե լուսազգաշերտով։
Առաջին փորձերը՝ ստանալ բնական գույներով լուսանկարչական պատկեր սկսեցին անմիջապես լուսանկարչությունը հայտնագործելուց հետո։ Նյեպսը փորձում էր անմիջապես ամրագրել գույնը, հիմնվելով որոշ իրերի՝ գունային ճառագայթման միջոցով գույնը փոխելու հատկության վրա։ Այդ ուղղությամբ հետազոտությունների առաջին արդյունքը «հելիոքրոմիան» էր, ինչը 1853 թվականին փորձում էր արտոնագրել ամերիկացի Լևի Հիլը[20]։ Սակայն, տեխնոլագիայի մանրամասները հայտնագործողը չէր բացահյտում, իսկ ժամանակակիցները համարում էին խաբեբա, որը ներկած դագերոտիպիան ներկայացնում էր որպես գունավոր լուսանկար[21][22]։ Հայտնի են Էդմունդ Բեսքյուրելի, 1849 թվականի, քլորացված արծաթյա թիթեղի վրա տեսանելի ճառագայթման միջոցով գունավոր պատկերների ստացման ուղղությամբ տարված աշխատանքները, որոնք ուղիղ լուսավորվածությունից արագ գունաթափվում էին[23]։ Այս հետազոտությունների տրամաբանական ավարտը դարձավ 1891 թվականի լիմպմանի գործընթացի հայտնագործումը, որն ապահովեց գույնի հստակ վերարտադրումը, բայց այն գործնականում կիրառելի չէր[24]։
Գունավոր լուսանկարչության ստեղծման հիմնական ջանքերը կենտրոնացան եռագույն տեխնոլոգիայի ոլորտում, հիմնված գունային տեսողության վրա, ստեղծված 1855 թվականին՝ Ջեյմս Մաքսվելի կողմից։ Այն հիմնվում էր Յունգ-Հելմհոլզի՝ մարդու աչքի ցանցաթաղանթի երեք տեսակի լուսազգայուն շշիկի վրա։ Ըստ այդ տեսության, լույսը պետք է բաժանվի երեք հիմնական բաղադրիչների, որոնք գրանցվում են առանձին, այնուհետև վերամիավորվում՝ մետամերիայի հաշվին ստանալով լիագույն պատկեր։ Առաջին մնայուն գունավոր ֆոտոլուսանկարը՝ «Տարտարային ժապավենը», արվել է 1861 թվականին Թոմաս Սատոնի կողմից, այդ մեթոդով։ Սակայն, այդ ժամանակ գոյություն ունեցող լուսանկարչական նյութերը զգայուն չէին կանաչ, դեղին և կարմիր լույսի հանդեպ և թույլ էին տալիս գրանցել միայն կապտամանուշակագույն և ուլտրամանուշակագույն բաղկացուցիչ սպեկտրը։ Հետրաբար, գունավոր լուսանկարչության ստեղծման երկրորդ կարևոր քայլը 1873 թվականին գերմանացի ֆոտոքիքմիկոս Հերման Վոգելի բացահայտում էր․ իրերի օգնությամբ երևույթների լուսապատկերային սենսիբիլիզացիան, ունակ՝ արծաթե միացություններին հաղորդել զգայունություն սպեկտրի երկարալիք հատվածների հանդեպ[25]։
Լուսանկարի սենսիբիլիզացիայի պրոգրեսը ընթացել է փուլերով, սկսվել է Իոսիֆ Էդերի կոզմից՝ էրիտոզինի օգնությամբ օրտոքրոմային էմուսիայի ստացումով[26]։ Տեսանելի ամբողջ սպեկտրը գրանցման համար հասանլեի դարձավ 1906 թվականի Բենո Հոմոլկայի՝ պինացիանոլի սենսիբիլիզատորի հայտնագործությունից հետո[27]։ Միայն դրանից հետո եռագույն լուսանկարչությունը կարողացավ ամբողջությամբ արտացոլել լուանկարահանման օբյեկտի բնական գույները։ Ի հայտ եկան գունավոր լուսանկարչական ապարատների բազմաթիվ կոնստրուկցիաներ։ Լուսանկարչական ապարատի ամենատարածված տեսակի ստեղծողը գերմանացի գիտնական Ադոլֆ Միտեն էր, իսկ մասսայական թողարկումը կազմակերպեց՝ Վիլհելմ Բերմպոլը[28]։ Բերմպոլ-Միտեի լուսանկարչական ապարատով ռուս լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին-Գորսկին ստեղծեց իր ժամանակի համար մասշտաբային գունավոր լուսանկարների հավաքածու[29][30]։
Մասնակի գունաբաժան պատկերների նկարանահման հետ մեկտեղ, 20-րդ դարի սկզբին ակտիվորեն սկսեցին զարգացնել գունավոր լուսանկարչության ռաստրային մեթոդներ, ընդհանուր ֆոտոնյութի վրա ֆիքսելով տարբեր բաղկացուցիչ լուսապատկերներ։ Մասնավորապես, 1907 թվականին արտոնագրվեցին և դուրս բերվեցին ազատ վաճառքի Լյումիեր եղբայրների «Ավտոքրոմ» լուսազգայուն թանթիկներ, որոնք թույլ էին տալիս սովորական լուսանկարչական ապարատով ստանալ գունավոր դիապոզիտիվներ։ Չնայած բազմաթիվ թերություններին (ցածր ընդլայնում և տպաքանակի որոշման անհնարինություն), մեթոդը հայտնի դարձավ և մինչ 1935 թվականն ամբողջ աշխարհում թողարկվեցին 50 միլիոն ավտոքրոմային լուսազգայուն թանթիկներ։ Վաղ տեխնոլոգիաների բազմաթիվ թերություններ վերացվեցին բազմաշերտ ֆոտոնյութերի օգնությամբ, որոնք գրանցում էին պատկերը տարբեր էմուլսիային շերտերում՝ դրված միմյանց վրա։ Որոշիչ դեր ունեցավ քրոմոգենային ֆոտոնյութերի հայտնագործումը[31]։ Գործընթացը լիարժեք մարմնավորում ստացավ 1936 թվականին, շնորհիվ՝ Agfa ընկերության, որը թողարկեց շրջունակություն ունեցող ֆոտոժապավեն՝ «Agfacolor Neu»[32][33]։
Դագերոտոպիայի գլխավոր խնդիրներից էր լուսանկարչական պատկերի տպաքանակի որոշման գործնականում անհաղթահարելի դժվարությունները, որը պատրաստվում էր եզակի օրինակով։ Շատ շուտ ի հայտ եկան լուսանկարչական սարքեր, որոնք ունեին մի քանի օբյեկտիվներ և թույլ էին տալիս այդպիսի քանակությամբ պատրաստի դագերոտիպներ։ Այնուամենայնիվ, լիարժեք տպաքանակի որոշումը կալոտոպիայի համար դարձավ հասանելի՝ թույլ տալով մի նեգատիվից տպագրել անսահմանափակ քանակությամբ պոզիտիվ կրկնօրինակներ։ Տալբոտն անմիջապես օգտվեց դրանից՝ 1844 թվականին թողարկելով «Բնության մատիտ» լուսանկարների ալբոմը[34]։ Սակայն, անգամ այդպիսի մեթոդը թանկարժեք էր, քանի որ բացի տպագրությունը պահանջում էր մանրամասն լուսանկարչական հայտածում։ Գործընթացի համար ավելի էժան տարբերակ փորձեց գտնել Լուի Դեզիրե Բլանկար-Էվրարը, կազմակերպելով հոսընթաց լուսանկարչական տպագրություն՝ տարբեր փուլերում աշխատանքի հստակ բաժանմամբ։ Բայց անգամ այս ձևով ինքնարժեքի նվազումը լուսանկարչական արտադրանքի մասսայական տարածման համար թնակ էր և շատ արագ հանգեցրերց Էվրարի արվեստանոցի սննկացման[35][36]։ Լուսանկարչական պատկերի պոլիգրաֆային վերարտադրման հետազոտությունները, բարձր մակարդակով տարվում էին մրցույթի շրջանակներում՝ կազմակերպված 1856 թվականին մեկենաս Հոնորե Թեոդորիք դը Ալբերտ դե Լույնեսի կողմից[37]։
Խնդրի լուծման համար շրջադարձային դարձան ֆոտոմեխանիկական գործընթացները, որոնք թույլ էին տալիս որոշել ստացված կիսերանգ պատկերների տպաքանակը՝ տպարանային կլիշեի օգնությամբ[36]։ 1855 թվականին, պատմականորեն առաջին անգամ, Ալֆոնս Պուատվենի կողմից արտոնագրվեց լուսատպագրությունը, որն օրիգինալ տարբերակով պրակտիկ կիրառման համար կատարյալ չէր։ Առաջին հաջողությունը եղավ 1865 թվականին՝ վուդբերիտիպիայի ստեղծմամբ, որը կիրառելի էր լուսանկարների խոր տպագրության վերարտադրման համար։ 1868 թվականին Ալբերտ Ջոզեֆի առաջարկով լուսատպագրությունը մասսայական շուկա մտավ նոր անվամբ՝ «կոլոտոպիա», որը կիարռելի էր խոր տպագրության համար[36]։ Վիմագրական քարի փոփոխումը ապակյա թիթեղով, թույլ տվեց մեծացնել տպաքանակի որոշման կայունության կլիշեն, որով սկսեցին տպագրել բարձր որակի 1000 էժանագին արտատպվածք[38]։ Այդպիսով, պոլիգրաֆիայի որոշ ճյուղերում, որոնք կիրառվում էին մինչ 20-րդ դարի վերջը, տպագրվում էին բացիկներ, էստամպներ և գրքային նկարազարդումներ[39]։ Տպաքանակի որաշման առավել բարձրորակ եղանակ դարձավ լուսափորագրանկարը, որը կատարելագործվեց 1878 թվականին՝ նկարիչ Կարել Կլիչի կողմից[40]։
Այնուամենայնիվ, անգամ լուսատպագրությունը շատ թանկ էր, հատկապես պարբերական տպագրության համար։ Այդ ոլորտում առաջընթաց տեղի ունեցավ 1800-ական թվականներին, ցինկոգրաֆիայի կատարելագործման հետ մեկտեղ, միավորվելով 1878 թվականի Շարլ Պետի Գիյմի հայտնագործած ավտոտոպիայի սկզբունքների հետ[41]։ Պարբերական պատկերների ցանցով լրագրային պատկերազարդումները թույլ տվեցին վերարտադրել միջին որակի լուսանկարներ, սակայն ցինկագրական կլիշեն ուներ մեծ տպաքանակային կայունություն և բավականին էժան էր։ Առաջին հրատարակումը, որտեղ էական դեր ուներ ֆոտոիլյուստրացիան, 1907 թվականին դարձավ գերմանական «Berliner Illustrirte Zeitung» ամենօրյա լրագիրը։ 1904 թվականին լուսանկարների ամենօրյա հրապարակում սկսեց լոնդոնյան «Daily Mirror» լրագիրը՝ «Տես նորություններ՝ նկարված կամերայով»[42]։ Լուսանկարի տպաքանակի որոշումն իր ժամանակակից տեսքն ստացավ 1905 թվականին՝ օֆսեթ տպագրության ի հայտ գալու հետ մեկտեղ[43]։
Ակնթարթային լուսանկարչությունը լուսանկարչության նմանօրինակ տարատեսակ է, որը թույլ է տալիս մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի պոզիտիվ պատկերներ՝ առանց ֆոտոլաբորատորիայում վերամշակման։ Լուսանկարչական սարքի առաջին արտոնագիրը ստացվել է 1923 թվականին՝ Սեմուել Շլաֆրոկի կողմից[44]։ Սարքն իրենից ներկայացնում էր նկարահանող կամերայի մեծածավալ զուգակցություն, որը միայն աննաշան նվազեցնում էր պատրաստի նեգատիվի ստացման ժամանակը։ Խնդրի լուծումը դարձան բարդ կառուցվածքով ֆոտոնյութերը՝ ինտեգրված ֆոտոռեակտիվներով և պոզիտիվի անմիջապես ստացման հնարավորությամբ։ Դրանց մշակումը սկսվել է Agfa ընկերության կողմից՝ 1930-ական թվականների վերջին, բայց մասսայական թողարկումը կարգավորել է Polaroid ընկերությունը միայն 1948 թվականի նոյեմբերին՝ «Polaroid Land 95» լուսանկարչական ապարատի ի հայտ գալու հետ մեկտեղ[45][46]։
Փոխանցվող պատկերով լուսանկարչական գործընթացի արտոնագիրը գրանցել է Polaroid ընկերության հիմնադիր Էդվին Հերբերտ Լենդը՝ 1947 թվականին[47][48]։ Հետագայում Polaroid ընկերության անվանումը դարձավ ակնթարթային լուսանկարչության հոմանիշ։ ԽՍՀՄ-ում փրոձեր են արվել ստեղծել նմանօրինակ ֆոտոկոմպլեկտ «Момент» (1952—1954) և «Фотон» (1969—1976) ֆոտոապարատների համար։ Բայց, համապատասխան ձևի ֆոտոնյութի դեֆիցիտի պատճառով, մոդելը մեծ համբավ չունեցավ[49][50]։
Միաստիճան գործընթացը լայն կիրառություն սատացավ սիրողական լուսանկարչության շրջանակում մինչ՝ թվային տեխնոլոգիաների ի հայտ գալը։ 1970-ական թվականների վերջին ակնթարթային լուսանկարչությունը մեծ տեղ էր զբաղեցնում սիրողական ֆոտոշուկայում։ Պրոֆեսիոնալ լուսանկարչությունում՝ պատկերի ցածր որակի պատճառով, համեմատած ավանդան լուսանկարչական գործընթացի հետ, միաստիճանն օգտագործվում էր ավելի նեղ կիրառական ոլորտներում․ լուսանկար փաստաթղթերի համար, բժշկություն և գիտական հետազոտություններ։ Ստուդիական լուսանկարչությունում ակնթարթային լուսանկարչական կոմպլեկտները կիրառվում էին փորձնական նկարահանման համար։ Այսպիսի հսկողությունը թույլ էր տալիս բացառել խոտանը։ Պատկերի ձևափոխության միաստիաճան գործընթացի կիրառելիությունը լուսնակարիչների շրջանում այն հայտնի դարձրեց[51]։
Լուսանկարչության ժամանակակից տեխնոլոգիաները, ի հայտ եկան 1969 թվականից, երբ հետազոտողներ Ուիլարդ Բոյլն ու Ջորջ Սմիթը ձևակերպեցին պատկերի գրանցման լիցքավորվող միացումով սարքի գաղափարը[52]։ Առաջին փորձնական, առանց ժապավենի լուսանկարչական ապարատը, հիմնված ֆոտոէլեկտրական ձևափախման վրա, ստեղծել է Eastman Kodak ընկերության ինժեներ Սթիվեն Սասսոնը՝ 1975 թվականին։ Նարանում կիրառվող լիցքավորվող միացումով սարքի մատրիցան ուներ 0,01 մեգապիքսել հզորություն, իսկ տվյալների գրացումն իրականացվում էր կոմպակտ լուսանկարման տուփի վրա[53]։ Սպառողական մակարդակի առաջին թվային լուսանկարչական սարքը դարձավ «Fuji DS-1P»՝ 1988 թվականին[54]։ Նույն թվականին, Kodak ընկերությունը ստեղծեց առաջին թվային հայելային ֆոտոխցիկը՝ «Electro-Optic Camera», փոքր ձևաչափով Canon New F-1 լուսանկարչական ապարատի հիման վրա։ Ստացված տվյալների գրանցումն ընթանում էր առանձին տեսամագնիտոֆոնի վրա, որը միացած էր տեսախցիկին մետաղամալուխով[55]։
Nikon և Kodak ընկերությունների համագործակցության արդյունքում 1994 թվականին, Nikon F90 լուսանկարչական ապարատի հիման վրա ստեղծվեց հիբրիդային թվային տեսախցիկը՝ «Kodak DCS 410»։ Տվյալները գրանցվում էին PCMCIA քարտի վրա՝ տեղակայված թվային ետնամասում[56]։ 1998 թվականի մարտին շուկայում հայտնվեց առաջին «Canon EOS D2000» թվային հայելային ֆոտոխցիկը՝ չքանդվող կառուցվածքով[57]։ Այս բոլոր օրինակները նախատեսված էին նորությունների ինֆորմացիոն գործակալությունների համար, իսկ արժեքը կազմում էր 15-ից 30 հազար դոլար։ Ամենաէժան ֆոտոխցիկների արժեքը, ինչպիսին է Canon EOS D30, թողարկված 2000 թվականին, գերազանցում էր 2500 դոլարը, ինչը ընդունելի չէր մեծաթիվ լուսանկարիչների համար[58]։
Առաջընթացը տեղի ունեցավ 2003 թվականին, երբ շուկայում ի հայտ եկավ Canon EOS 300D սիրողական թվային հայելային ֆոտոխցիկը, որի արժեքն առաջին անգամ նվազեց մինչև 1000 դոլար[59]։ Մի տարվա ընթացքում նմանօրինակ մոդելներ թողարկեցին Nikon և Pentax ընկերությունները։ Շնորհիվ այդ փաստի, նաև անհատական համակարգիչների լայն տարածման, տեղի ունեցավ ժապավենի մասսայական արտամղում և անցում թվային լուսանկարչությանը, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ՝ սիրողական ոլորտներում։ Արդեն 2005 թվականին, ճապոնական ընկերությունները, որոնք առաջատար են համաշխարհային ֆոտոտոխնիկայի շուկայում, վաճառեցին 64 770 000 թվային լուսանկարչական և միայն՝ 5 380 000 ժապավենային ապարատներ[60]։ 2006 թվականին մեծաթիվ արտադրողներ հրաժարվեցին ֆոտոժապավենով նախանշված լուսանկարչական ապարատներ թողարկելուց, որն այժմ էլ վաճառքում հասանելի է, բայց՝ ավելի թանկարժեք[61][62]։
Լուսանկարչության գոյության ամբողջ ընթացքում ի հայտ են եկել պատկերի ստացման բազում տեխնոլոգիաներ, հաճախ միմյանցից էականորեն տարբեր և շատ տարբեր արդյունք ապահովող։ Ինչպես և այլ արտահայտչական արվեստներում, այղտեղ էլ այս տեխնոլոգիաներն անվանում են «տեխնիկաներ»։
Լուսանկարչության ամենատարածված տեխնիկա է համարվում լուսանկարչական ապարատի օգնությամբ երկչափ պատկերի ստեղծումը։ Դրա հետ մեկտեղ, օբյեկտիվը՝ հարթ լուսաընկալիչի վրա կառուցում է իր տեսադաշտում տեղակայված առարկաների իրական պատկեր, որի համար կարող են օգտագործվել՝ ֆոտոթիթեղիկը, լուսանկարչական ժապավենը կամ ֆոտոէլեկտրական վերափոխիչը (ֆոտոմատրիցա)։
Ստացված հարթ պատկերն առաջացնում է պատկերված առարկաների ծավալային խաբկանք՝ գծային հեռապատկերի օրենքների հաշվին՝ արտացոլելով լուսաստվերը[63][64]։ Դրա հետ մեկտեղ, մարդու տեսողությունը միանշանակ նույնականացնում է պատկերը որպես՝ երկչափ։ Ծավալային խաբկանքը կարող է ուժեղացվել արտահայտիչ միջոցների օգնությամբ, լուսանկարչության կողմից փոխառված արտահայտչական արվեստից՝ եռաչափ պատկերների հարթ արտացոլումով․ գեղանկարչություն, գծանկարչություն։
Լուսնկարչությանը բնորոշ նախապայմաններից մեկը բովանդակում է իրականում շարժվող առարկաների պատկերների անշարժություն։ Դրա հետ մեկտեղ կարող է ֆիքսվել շարժման պատահական փուլ, ինչ որոշ դեպքերում հանգեցնում է ֆիքսված իրավիճակի աղավաղված մեկնաբանության։ Բացի այդ, պատկերի ստատիկությունը կարող է մոլորության մեջ գցել՝ խոսելով շարժվող և իրական օբյեկտների անշարժության մասին[65]։ Այդպիսի թերությունները վերացվում են նաև արտահայտչական միջոցների օգնությամբ՝ մշակված լուսանկարչության կողմից իր գոյության երկար պատմության ընթացքում։ Դրանք այնպիսի հնարքներ են, ինչպիսիք են՝ շարժվող առարկաների պատկերի կոծկումը, դինամիկ կոմպոզիցիան և շարժման փուլի արտահայտչականության հստակ ընտրությունը[66][67][68]։
Լուսանկարչական պատկերը կարող է ստեղծել տարածության խորություն՝ օբյեկտիվի ստերիոզույգի երկու կադրի միաժամանակյա նկարահանման ճանապարհով։ Արդյունքում, պատրաստի նկարի դիտումը՝ պարալաքսի հաշվին առաջացնում է ծավալի խաբկանք, որը բացակայում է սովորական հարթ լուսանկարներում։ Առաջին տարածական լուսանկարչական ապարատը՝ երկակի դագեռոտպության համար հնարել է Լյուդվիգ Մոզերը՝ 1844 թվականին[69]։ 19-րդ դարի երկրորդ կեսին տնտանեկան ստերեոսկոպի հավաքածուային տարածական պատկերները դարձան համատարած զբաղմունք և լուսանկարիչներն ունեցան տարածական տարբեր պարունակության պատկերների սպառման մեծ շուկա․ տեսարանային լուսանկարից մինչև՝ սիրերգություն[70]։ 20-րդ դարի սկզբին՝ կինեմատոգրաֆիայի ի հայտ գալու հետ մեկտեղ, այն անկում ապրեց՝ տարածական լուսանկարչությունը դարձնելով ավանդական «հարթ» պատկերի էկզոտիկ տարատեսակ։ Ժամանակակից տարածական լուսանկարչությունը կարող է լինել ինչպես նմանօրինակ, այնպես էլ՝ թվային։ Հաճախ նրա բնութագրման համար կիրառվում է 3D լուսանկար տերմինը։
Լուսանկարչության տարատեսակ՝ կերպարի մեծ հորիզոնական անկյունով․ ընդհուպ մինչև 360°։ Դրա հետ մեկտեղ օգտագործվում են հատուկ լուսանկարչական սարքեր կամ մի քանի սովորական լուսանկարների թվային միավորումներ՝ նկարված այնպիսի հաշվարկով, որ գրավի ավելի մեծ տարածություն։ Պանորամային լուսանկարչությունն առավել պահանջված է բնապատկերների և ինտերիերի նկարահանումներում։ Առաջին պանորամային լուսանկարներն արվել են դագերոտիպիայի ստեղծումից անմիջապես հետո՝ հատուկ լուսանկարչական սարքի միջոցով, որը նկարում էր թիթեղին կորացած դարձման օբյեկտիվով[71]։ Հետագայում ի հայտ եկավ պանորամային լուսանկարչական սարքերի մի ամբողջ շարք՝ գլանաձև ֆիլմային ուղով, օրինակ՝ ճապոնական «Widelux»-ը կամ սովետական «Горизонт»-ը[72]։ Ժամանակակից թվային լուսանկարչությունում նկարահանումը հաճախ իրականացվում է սովորական սարքաերով՝ նկարների հաջորդող սոսնձումով․ հատուկ հավելվածների օգնությամբ[73]։ Դրա հետ մեկտեղ, բացի սովորական գլանային ձևից հնարավոր են նաև այլ ձևեր, այդ թվում՝ գնդանման։
Պանորամային լուսանկարչության տարատեսակ կարելի է համարել երկկողմ լուսանկարչությունը, որտեղ լուսակնարումն ընթանում է միաժամանակ երկու հակադիր կողմերից։ Այս սարքերի որակը կարող է տարբերվել։ Երբեմն, ետևի տեսախցիկն օգտագործվում է «ինքնալուսանկարի» համար։ Երբեմն երկկողմ լուսանկարչությունում օգտագործվում է «ձկան աչքի ոսպնյակի» նման օբյեկտիվներ՝ յուրաքանչյուրը 180° տեսադաշտի անկյունով։ Արդյունքում կարելի է ստանալ գնդաձև պանորամային պատկեր։
Մարդու տեսողության համար անտեսանելի պայմաններում լուսանկարահանումը թույլ է տալիս ստանալ գիտական տվյալներ, ինչպես նաև անսովոր գեղարվեստական էֆեկտներ։ Օրինակ՝ ինֆրակարմիր լուսանկարչությունը, որը հայտնի է լուսանկարիչներին, լանդշաֆտներին տալիս է առանձնահատուկ տեսք՝ որտեղ բուսականությունը գրեթե սպիտակ է, իսկ երկինքը՝ սև։ Աերոլուսանկարչությունում ինֆրակարմիր լուսանկարչությունը թույլ է տալիս բարձր տարածությունից ստանալ հստակ պատկերներ, քանի որ այդ ճառագայթման դիապազոնը գործանականում չի տարածվում մթնոլորտի կողմից[74]։
Ուլտրամանուշակագույն ճառագայթներում լուսանկարահանումը հաճախ օգտագործվում է քրեագիտությունում, քանի որ հնարավորություն է տալիս ի հայտ բերել փաստաթղթային կեղծիքները և հանցանքի հետքերի նույնականացումը։ Գիտության մեջ ուլտրամանուշակագույն լուսանկարչությունը թույլ է տալիս ի հայտ բերել որոշ նյութեր, որոնք չեն տարբերակվում տեսանելի ճառագայթներում։ Գիտական լուսանկարչությունում հաճախ օգտագործվում է միաժամանակյա նկարահանումը՝ տարբեր դիապազոններում․ տեսանելիից մինչև անտեսանլեի ճառագայթներ։ Ստացված պատկերների հաջորդող համատեղումը թույլ է տալիս հետևել երևույթը, որը չի ենթարկվում անմիջական ֆիքսման։
Դրա հետ մեկտեղ, անտեսանելի ճառագայթումների տարբեր դիապազոններ դրսևորվում են պատրաստի լուսանկարի վրա՝ պայմանական գույներով։
Կերպարվեստի տեսակ է, որտեղ լուսանկարներն օգտագործվում են որպես ելակետային, և հետագայում վերափոխվում են պլակատի կամ այլ գրաֆիկական ձևերի։ Ֆոտոգրաֆիկան ԽՍՀՄ-ում ծաղկում է ապրել 1970-ականների վերջին 1980-ականների սկզբին, երբ հայտնի դարձան այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ սոլարիզացիան, ֆոտոմոնտաժը[75]։ Ժամանակակից թվային լուսանկարչությունում նման էֆեկտները հասնում են նկարների տրանսֆորմացիայի։
Պատկերի գրանցման և մշակման թվային տեխնոլոգիաները թույլ տվեցին իրագործել լուսային տարածության լուսանկարչության նորագույն տարատեսակը։ Գործընթացը թույլ է տալիս ընտրել կտրուկության խորությունը և արդեն պատրաստի պատկերը տեղափոխել ցանկացած հեռավորության վրա՝ համակարգչի էկրանին ընտրելով նշանակետը։ Այս տեխնոլոգիան թվային կինեմատոգրաֆիայի ոլորտում խոստանում է առավել մեծ հեռանկարներ՝ թույլ տալով հատուկ էֆեկտներն իրագործել առանց «կապույտ էկրանի», նաև բացառել ֆոկուս պուլլերի պատճառով առաջացեղ նկարահանման խոտանը[76][77]։
Բացի լուսանկարչական սարքի միջոցով օբյեկտների նկարահանումից, հնարավոր է նրանց ձևերի ֆիքսում կոնտակտային ձևով․ ֆոտոգրամայի օգնությամբ։ Այդ դեպքում առարկաները տեղավորում են ֆոտոթղթի վրա և լուսավորում են ուղղորդված կամ ցրված լույսով, որպեսզի ստանան նրանց ստվերային պատկերը։ Դրան մոտ է համարվում սկանիգրաֆիայի տեխնիկան, երբ օբյեկտը տեղադրում են սկաների ապակու վրա[78]։ «Լուսային նկարչություն» ստեղծելու ևս մի միջոց է հանդիսանում լույսի աղբյուրի տեղափոխումը դեպի՝ լուսանկարչական սարքի տեսադաշտ[79]։ Առանձին տեխնիկա է համարվում այսպես կոչված ճեղքավոր լուսանկարչությունը՝ հիմնված նեղ ճեղքով պատկեր սկանավորման վրա։ Դա հնարավոր է ինչպես ավանդական համանման սարքերով, այնպես էլ՝ շրջադարձային օբյեկտիվով պանորամային լուսանկարչական սարքերով։ Արդյունքում կարելի է ստանալ շարժվող օբյեկտների անսովոր պատկերներ[80]։ Վերջին տասնամյակում լուսանկարչական արվեստի առավել հայտնի ուղղություններից է դարձել պինհոլ լուսանկարչությունը, որտեղ լուսանկարչական ապարատի փոխարեն օգտագործվում է պարզագույն օբկուրի խցիկ կամ ստանդարտ լուսանկարչական ապարատ՝ օբյեկտիվի փոխարեն միկրոսկոպիկ անցքով[81]։
Սիրողական լուսանկարչությամբ զբաղվում են էնտուզիաստները կամ մարդիկ, որոնք դրա օգնությամբ գումար աշխատելը իրենց նպատակը չեն համարում։ Սիրողական լուսանկարիչները լուսանկարներն օգտագործում են բարեկամների, ճամփորդությունների և այլ իրադարձությունների մասին հիշողությունների պահպանման համար։ Բացի այդ, սիրողական լուսանկարչությունը կարող է հոբբի լինել, որոշ դեպքերում որակապես մոտենալով պրոֆեսիոնալ օրինակներին՝ պիտանի վաճառքի համար։ Սիրողական լուսանկարչությունը տարածում ստացավ 19-րդ դարում, առաջին կոմպակտ լուսանկարչական սարքերի ի հայտ գալու հետ մեկտեղ։ ԽՍՀՄ-ում լուսանկարչության սիրահարները միավորվում են լուսանկարիչների ակումբներում, որտեղ ըստ 1980 թվականի տվյալների մոտ 450 էին։ 1975-1977 թվականներին անց կացվեց ինքնուրույն գործող արվեստագետների Առաջին Համամիութենական փառատորնը։ Այդտեղ սիրողական լուսանկարչությունը ներկայացվում էր որպես ինքնուրույն գործող արվեստի անկախ տեսակ։ Այդ փառատոնի արդյունքում՝ 1977 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մոսկվայում անց կացվեց սիրողական լուսանկարիչների աշխատանքների Համամիութենական ցուցահանդես, որտեղ ցուցադրվեց մոտ 800 լավագույն լուսանկարներ[82]։ Վերակառուցումից հետո ֆոտոակումբային շարժումը դադարեցվեց, և շատ սիրողական լուսանկարիչներ տեղափոխվեցին պրոֆեսիոնալ լուսանկարչություն։
Ժամանակակից խցիկով հեռոխոսները սիրողական լուսանկարչությունը դարձրեցին իրապես մասսայական և հասանելի յուրաքանչյուրին, իսկ նկարների տարածումը սոցիալական ցանցերում կտրոկ փոխեց սիրողական լուսանկարչության կառուցվածքը, որը հաճախ մրցակցում էր ֆոտոլրագրության և այլ ժանրերի հետ։
Կոմերցիոն է համարվում լուսանկարի ցանկացած տարատեսակ, որից հեղինակը գումար է ստանում ոչ թե նկարի գեղարվեստական արժեքի, այլ նրա պարունակության և տեխնիկական որակի համար։ Սովորաբար կոմերցիոն լուսանկարչության շարքում են դասում․
Ֆոտոլրագրությունը լուսանկարչության ամենակիրառվող տարբերակներից է, որը ստեղծվում է ընթացող նորությունների լուսաբանման համար։ Ֆոտոլրագրությունը կտրուկ տարբերվում է լուսանկարչության նմանատիպ ճյուղերից (ինչպիսիք են՝ վավերագրական, փողոցային լուսանկարչություն և հայտնիների լուսանկարչությունը) էթիկայի կանոնների հստակ հետևմամբ, որոնք երաշխավորում են ինֆորմացիայի շարադրման անաչառություն։ Մասնագիտության առանձնահատկությունները ստիպում են ֆոտոլրագրողներին հասարակական իրադարձություններում լինել ինֆորմացված։ Բացի դրանից լուսանկարիչները պիտի ունենան գեղագիտական արժեքներ։ Մի առանձնահատկություն ևս, որը տրաբերակում է ֆոտոլրագրությունն այլ տեսակի լուսանկարչությունից դա արագ կերպով պատրաստի լուսանկարների մատուցումն է վերջնական սպառողին։ Համանման լուսանկարչության դարաշրջանում դրա համար օգտագործվում էր ֆոտոհեռագիրը, բայց ներկայումս իրականացվում է համացանցի միջոցով[85]։
Լուսանկրչության հայտնագործումն ու մասսայական կիրառությունը փոխեց պատմական իրադարձությունների մասին պատկերացումները[86]։ Լուսանկարչության պատմության սկզբում արվեստագետները կրկնօրինակում էին իմպրեսիոնիզմին՝ կիրառելով «փափուկ ֆոկուս» և սկիզբ դնելով այսպես կոչված պիկտորիալիզմին[87]։ Բացի արտահյատչական արվեստի ֆորմալ ընդօրինակումից պիկտորիալ լուսանկարչությանը բնորոշ են նաև ազնիվ ֆոտոտպագրության տարբեր տեխնիկաներ, այդ թվում՝ պլատինե տպագրություն և բրոմոյլ։ 20-րդ դարի սկզբին ի հայտ եկավ այսպես կոչված «ուղիղ լուսանկարչությունը», որում կարևոր ներդրում է ունեցել «Ֆոտո Սեցեսոն» միության հիմնադիր Ալֆրեդ Ստիգլիցը։ Այնուամենայնիվ, ուղիղ լուսանկարչության «հայրը» համարվում է Պոլ Ստրանդը, որն առաջինն է ձևակերպել նրա սկզբունքները[88]։
Օպերատորական արվեստի զարգացման հաջորդ քայլը Եվրոպայում «Նոր տեսլականի» ի հայտ գալն էր՝ ստեղծված գերմանական Բաուհաուզի և սովետական կոնստրուկտիվիզմի ազդեցության ներքո։ Սրան բնորոշ են ավանդական արտահայտչական տեխնիկաներից հրաժարումը և աշխարհի վերակառուցման ուտոպիական գաղափարների օգտագործումը։ «Նոր տեսլականի» շրջանակներում զարգանում են այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են՝ ֆոտոգրաման և ֆոտոմոնտաժը[89]։ Ուղղության առավել հայտնի ներկայացուցիչներից են՝ Լասլո Մոհոլի-Նագին և Ալեքսանդր Ռոդչենկոն։ Օպերատորական արվեստի մյուս կարևոր մասը 20-րդ դարի սկզբից դառնում է վավերագրական լուսանկարչությունը, որի ստեղծողը Լեվիս Հայնը և Ջեյկոբ Ռինսն է։ Ի տարբերություն ֆոտոլրագրության, որն ուղղված է տվյալ պահի նորությունների արտացոլմանը, վավերագրական լուսանկարչությունը հակված է սոցիալական և պատմական իրադարձությունների ընդհանրացումների՝ արտացոլելով դարաշրջանը։ 21-րդ դարում գեղարվեստական լուսանկարչության վրա մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից արվեստը՝ դառնալով նրա ուղղություններից մեկը։
Լուսանկարչական արվեստի նմուշները հաճախ ունենում են բարձր աճուրդային արժեք։ Այսպես, 2004 թվականին լոնդոնյան «Սոթբիս» աճուրդում «99 ցենտ» երկպատկերը վաճառվեց ռեկորդային՝ 3 346 456 դոլարով՝ վճարված ուկրաինացի գործարար Պինկչուկի կողմից[90]։
Ինչպես ժապավենավոր, այնպես էլ թվային լուսանկարչության կիրառումը թույլ տվեց սկզբունքորեն փոխել հետաքննության օրգանների գործունեությունը, արդեն մշակված մի շարք դատական նորմեր դարձրեց ավելի օբյեկտիվ և թույլ տվեց մշակել նորերը՝ հիմնված վարերագրական հատկությունների և ֆունկցիաների վրա։ Սակայն, թվային լուսանկարչության ի հայտ գալը, պատկերի խմբագրման ծրագրերի զարգացումը չափազանց դժվարացրեց լուսանկարի իսկության փաստումը։ Ներկայումս փոխզիջում է համարվում ժապավենային և թվային լուսանկարների ընդունումը՝ արված հսկվող պայմաններում։ Մինչ պատճենահան ապարատների ի հայտ գալը փաստաթղթերի լուսանկարային պատճենը լայնորեն տարածված էր իրավագիտությունում։ Փոխվեց փաստաթղթերի վարման կարգը (այսօր համարյա բոլոր փստաթղթեր․ անձնագիր, վարորդական իրավունք, անձնական գործեր, ինքնակենասգրություն և այլն) պարտադիր պիտի ունենան լուսանկարներ։
Աստղագիտություն, մանրադիտում, միջուկային ֆիզիկա, կենսաբանություն, քարտեզագրություն․ այս ոլորտներում լուսանկարչության կիրառումը հանգեցրեց ստացված արդյունքների օբյեկտիվության վիթխարի փոփոխությունների, ինչն ընձեռնեց բազում հնարավորություններ և արագացրեց հետազոտությունները։ Աստղագետների՝ դիտումից լուսանկարչության անցումն ամբողջությամբ փոխեց այդ գիտությունը և ուսումնասիրության համար հասանելի տարածությունը[91]։
Ի պատիվ լուսանկարչական մեթոդի անվանվել է աստերոիդ՝ (443) Ֆոտոգրաֆիկա, հայտնաբերված 1899 թվականին Մաքս Վոլֆի կողմից։
1941 թվականին Ջոզեֆինա Հերիկը Նյու Յորքիում հիմնեց լուսանկարչության օգնությամբ վերականգնողական կենտրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կենտրոնը միավորեց կամավորների, որոնք նկարահանում էին իրենց զինակիցներին՝ ռազմական գործողությունների տարածքում, որպեսզի ուղարկեն նկարներ նրանց հարազատներին[92]։ Հետպատերազմյան տարիներին ապացուցվել է լուսանկարչության թեևապևտիկ ազդեցությունը, և 1970-ական թվականներին ձևավորվեց ֆոտոթերապիան, որը կարող է օգտագործվել ինչպես հոգեթերապևտիկ տեխնիկաների ամբողջությունում, այնպես էլ որպես ինքնուրույն հոգետեխնիկա[93]։
Լուսանկարչության տեսությունը վերլուծական ուղղություն է՝ ուղղված լուսանկարչական պատկերի ուսումնասիրությանը։ Լուսանկարն ուշադրությունն ուղղում է այն բանին, որ գեղարվեստական կատեգորիաների դասական բաժանումը չի արտացոլում լուսանկարչության էությունն ու յուրահատկությունը[94], իսկ ժանրերի, մեթոդների և տեխնիկաների ուսումնասիրությունը չի բացահայտում լուսանկարչության բնույթը որպես՝ ֆենոմեն[95]։ Լուսանկարչության վերլուծության կենտրոնական խնդիրը պատկերի և օբյեկտի չափորոշիչների սահմանումն է[96]։ Նկարը կապված է արդեն պատրաստի ձևի հետ, ինչը բարձրացնում է գեղարվեստական կարգավիճակի, հեղինակային իրավունքի հետ կապված հարցեր[97]։ Միևնույն ժամանակ լուսանկարչությունը շոշափում է լեզվի խնդիրը[98], կերպարի տեսությունը[99], բարձրացնելով ընդունված գեղարվեստական կարգավորումների անվիճելի բնույթը[100] և կասկած է առաջացնում օբյեկտիվ աշխարհի կայունության պատկերի կառուցվածքում[101]։ Որպես դիսցիպլին լուսանկարչության տեսությունն ու պատկերը ձևակերպված են Վալտեր Բենյամինի, Սյուզան Սոնթագի, Ռոլան Բարտի, Վիլիամ Ֆլուսերի, Ռոզալինդ Կրաուսի, Անդրե Ռույեի աշխատանքներում։
Տարբեր երկրներում լուսանկարահանումը տարբեր օրենքներով է կարգավորվում։ Ռուսաստանում, ինչպես նաև Արևմտյան մի շարք երկրներում համարվում է, որ լուսանկարումը թույլատրելի է ցանկացած հասարակական վայրում՝ սահմանափակելով նրա ազատությունը մասնավոր սեփականություններում, երբ դա խաղտում է մասնավոր քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքները։ Այսպես, ԱՄՆ—ում լուսանկաչության ազատությունը պաշտպանվում է Սահմանադրության առաջին ուղղմամբ և հասարակական վայրերում թույլատրվում է լուսանկարել ցանկացած տեսանելի առարկա և երևույթ[102]։ Մեծ Բրիտանիայում 2008 թվականից սկսած այդ ազատություը հաճախ սահմանափակվում է Հակաահաբեկչական ակտով՝ թույլ տալով ոստիակնությանը դադարացնել լուսանկարման փորձերը, որոշ դեպքերում անգամ ֆոտոլրագրողներին[103]։ Մերձավոր Արևելքի մեծաթիվ երկրներում փողոցներում առանց թույլատրության լուսանկարահանումը կարող է հանգեցնել ձերբակալության և ազատազրկման[104]։
Մասնավոր դեմքն, ում լուսանկարը հրապարակվել է ԶԼՄ-ներում առանց նրա համաձայնության, որոշ դեպքերում կարող է ստանալ դատական փախհատուցում մասնավոր կյանք ներխուժելու պատճառով։ Շատ երկրներում լուսանկարների հրապարակման համար, որտեղ պատկերված են անչափահասներ պահանջվում է ծնողների թույլատրությունը[105]։ Այդ պատճառով լուսանկարահանումենրում մասնակցող բոլոր մոդելները պարտադիր կերպով ստորագրում են այսպես կոչված «մոդելային ռելիզ», որտեղ հրաժարվում են հավանական պահանջներից[106]։ Կարող են բացառություն լինել այն դեպքերը, երբ նկարահանումը տեղի է ունենում հասարակական վայրում, որտեղ թույլատրություն չի պահանջում։ Նման ռելիզ է պահանջվում այն լուսանկարների հրապարակման համար, որտեղ պատկերված են շինություններ կամ հուշարձաններ, որոնք իրենցից ներկայացնում են մտավոր սեփականություն[107]։
Այս իրողությունների հետ մեկտեղ լուսանկարչությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ։ Ցանկացած լուսանկար, եթե արված չէ հատուկ պատվերով, պաշտպանված է անօրինական կիկնօրինակումից, տիրաժավորումից և առանց հեղինակի թույլատրության հրապարակումից։ ԶԼՄ-ներում առաջին անգամ հրատարակելու համար պետք է վճարվի հոնորար, իսկ կրկնելու դեպքում դեպքերի մեծամասնությունում տրամադրվում է ռոյալթի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.