From Wikipedia, the free encyclopedia
Բաքվի հայերի ջարդ, Բաքվի հայ բնակչության զանգվածային կոտորած[1][2], որը տեղի է ունեցել 1918 թվականի սեպտեմբերին օսմանյան և ադրբեջանական զորքերի ու զինված խմբերի անմիջական մասնակցությամբ՝ Բաքվի մարտերից անմիջապես հետո։ Տարբեր տվյալներով, զանգվածային կոտորածի ժամանակ սպանվել է 10 000 - 30 000 հայ[3][4]։
Բաքվի հայերի կոտորած | |
---|---|
Սպանության ձև | զանգվածային սպանություն |
Սպանության տեղ | Բաքու |
Երկիր | Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն |
Ամսաթիվ | 1918 թվականի սեպտեմբեր |
Սպանվածներ | 10 000-30 000 մարդ |
1918 թվականի մարտին Բաքվում իշխանությունը անցել է Բաքվի 26 կոմիսարների ձեռքը։ Քաղաքում 1918 թվականի մարտին տեղի են ունեցել մուսուլման բնակչության դեմ առանձին գործողություններ, որն իրականացրել են բոլշևիկները՝ Դաշնակցության աջակցությամբ[5]։ Բաքվի կոմունան սկսել է առաջխաղացումը դեպի Գանձակ, որտեղ տեղակայված էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը։ Բաքվի կոմունայի՝ հիմնականում հայերից բաղկացած բանակի առաջխաղացման ժամանակ ճանապարհին հանդիպած թյուրքաբնակ որոշ բնակավայրեր ենթարկվել են թալանի[6]։ Ադրբեջանի կառավարությունը օգնության համար դիմել է Օսմանյան կայսրությանը, որի հետ կնքել է փոխօգնության պայմանագիր։ Գյոքչայի մոտ պարտության մատնելով Բաքվի կոմունայի ուժերին՝ ադրբեջանա-թուրքական կովկասյան իսլամական բանակը սկսել է Բաքվի պաշարումը։ Հուլիսին քաղաքի իշխանությունը անցել է Կենտրոնակասպիական բռնապետության ձեռքը, ով օգնության համար դիմեց Մեծ Բրիտանիային։ Վերջինս Օսմանյան կայսրության հակառակորդն էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Սեպտեմբերի 14-ի լուսաբացին թուրքական հրետանին բոլոր ուղղություններով սկսել է արկակոծել պաշպտանական հենակետերը։ Թուրքական զորքերը կոտրել են պաշտպանությունը Գայլի դարպասների մոտ և գրավել քաղաքին հարակից բարձունքները։ Գիշերը անգլիական զորքերը, այնուհետ նաև Կենտրոնակասպիական դիկտատուրայի կառավարությունը, նավերով փախել են Բաքվից։ Սեպտեմբերի 15-ին Բաքու են մտել կովկասյան իսլամական բանակի զինվորները[7]։ Բաքվում խուճապ է սկսվել, հայերը փախչում էին ծովածոց, որպեսզի փրկվեն կոտորածից։ Օսմանյան կայսրության կանոնավոր բանակին չի թույլատրվել երկու օր մտնել քաղաք, որպեսզի ոչ կանոնավոր ուժերը՝ բաշիբոզուկները, քաղաքում իրականացնեին քրիստոնյա բնակչության կոտորած և թալան[8]։ ՌԽՍՖՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը 1918 թվականի սեպտեմբերի 20-ին բողոքի նոտա է ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կետերի խախտման հետ կապված։ Նամակում Բաքվի դեպքերի մասին նշված էր.
Թուրքական կանոնավոր ուժերը ավազակային խմբերի հետ միասին զբաղեցրել են Խորհրդային պետության տարածքը՝ քաղաքները ու գյուղերը ենթարկելով թալանի և ավերման, սպանելով կամ բռնության ենթարկելով քրիստոնյա բնակչությանը, ներառյալ նաև կանանց և երեխաներին։
Այժմ, երբ Բաքուն գրավված է, և թուրքական զորքերը գտնվում են քաղաքում, երբ անպաշտպան բնակչությունը և ողջ քաղաքը մի քանի օրվա ընթացքում ենթարկվում է ավերման և թալանի՝ թուրքական զորքերի և դաշնակից թաթարական ավազակային խմբերի կողմից, թուրքական կողմի ներկայացուցիչների հղումները այն մասին, որ Բաքվի պաշարմանը, իբր, մասնակցել են միայն տեղացի ավազակները, հանդիսանում է Թուրքիայի բռնի քաղաքականության կոծկում, որի քողի տակ պարբերաբար տեղի են ունենում Բրեստ Լիտովսկի պայմանագրի կետերի խախտումներ և Ռուսական պետության տարածքի կողոպուտ։
Ադրբեջանա-թուրքական զորքերը իրականացրել են հայերի ջարդեր, մինչև Բաքու ընկած տարածքներում ևս։ Ադրբեջանում խորհրդային իշխանության հատուկ ներկայացուցիչ, Կուտկաշեն (ներկայումս Գաբալա քաղաք) գյուղի բնակիչ Յասին Մոլլա Մամեդ օղլուի երկրի ներքին գործերի ժողովրդական կոմիսարին ուղարկված զեկույցի համաձայն, Ելիզավետպոլի նահանգի Նուխիի և Արեշի շրջանների 31 հայկական գյուղերից պահպանվել են միայն երեքը։
Նուխիի և Արեշի շրջանների ողջ հայ բնակչությունը ոչնչացված է։ Նրանց մեծ մասը սպանվել է, գյուղերը հրի են մատնվել։ Կիսով չափ պահպանվել են միայն Նիջ, Վարդաշեն և Ջալեթ գյուղերը։ Բնակչության մեծ մասը պատանդի կարգավիճակով ապրում էին իրենց գյուղերում, սակայն նրանց նույնպես վիճակված չէր պահպանել իրենց գոյությունը և հարձակման ենթարկվեցին Ղարաբաղի իրադարձությունների հենց առաջին օրերին և կոտորվեցին։ Վարդաշենի և Ջալեթի բնակչությունը ամբողջությամբ կոտորվել է, իսկ Նիջի բնակչության մի մասը կարողացել է փրկվել՝ թաքնվելով անտառներում, որտեղ և շարունակում են պահպանել իրենց գոյությունը։
Այս երկու գավառների գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում կան հայ պատանդ տղամարդիկ, կանայք, աղջիկներ և երեխաներ։ Նրանց մեծ մասը իսլամացվել է։
Կոտորածների կազմակերպիչները եղել են տեղի բեկերը, գյուղացի կուլակները և վարչական իշխանությունները։ Հայերի ունեցվածքի մեծ մասը բաժին է ընկել բեկերին և իշխանություններին։ Բեկերը, վախենալով ապագայում վայրագությունների համար մեղադրանքներից և պատասխանատվությունից, տնային կենդանիները և հայերի ունեցվածքը փոխանակել են հարևան գավառներում, այդպիսով կոծկելով հետքերը։ Այդ դեպքերի շնորհիվ բեկերը, պաշտոնյաները, անգամ շատ ոստիկաններ դարձան խոշոր միլիոնատերեր։ Բեկերի և իշխանություններից կախվածություն ունենալու պատճառով՝ մուսուլման գյուղացիները նույնպես մասնակցել են կոտորածներին։ Գյուղացիների գիտակից մասը չկարողացավ կանխել արյունահեղությունը՝ անզորության պատճառով։
Հայոց ազգային խորհրդի հատուկ կոմիտեի տվյալներով Բաքվում սպանվել են 5248 հայեր։ Մոտ 1150 հայեր սպանվել են Կովկասի այլ շրջաններում։ Այս թվին կոմիտեն ավելացրել է նաև 2249 հայերի, որոնց մարմինները գտնվել են փողոցներում, սակայն ինքնությունը չի ճանաչվել։ Այդպիսով, սպանվածների ընդհանուր թիվը կազմել է 8898։ Ադրբեջանական ծագմամբ ամերիկացի պատմաբան Ֆիրուզ Քազեմզադեի խոսքերով, պետք է նշել, որ այդ թվերը հրապարակվել է Հայոց ազգային խորհրդի կողմից, և նրանք միշտ չէ, որ օբյեկտիվորեն են մոտեցել այս հարցին։ Այդուհանդերձ, ուսումնասիրելով տեղի ունեցած դեպքերը, պետք է նշել, որ այդ թվերը շատ չափազանցված չեն և մեծ թվով հայեր են կոտորվել[9]։ Այլ պատմաբաններ, մասնավորապես Ռոնալդ Գրիգոր Սյունին և Անդրեյ Զուբովը, առաջ են քաշում ավելի մեծ թվեր, մոտ 30 000 զոհ[10]։ Անհրաժեշտ է նշել, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո Թիֆլիսում Հայաստանի ներկայացուցիչ Ա. Ջամալյանը բողոքի նոտա է հղել Վրաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Մամեդ Յուսուֆ Հաջիբաբա օղլի Ջաֆարովին՝ մեղադրելով ադրբեջանական կառավարությանը 25 000-30 000 հայերի սպանության համար և պահանջել դաժանորեն պատժել մեղսավորներին։ Ինչպես նշում է Քազեմզադեն, հայերը փոքր-ինչ մեծացրել էին զոհերի թվերը, սակայն պաշտոնական 9 000 զոհը նույնպես չի համապատասխանում իրականությանը[11]։
Ի պատասխան բողոքի նոտայի, Ջաֆարովը պատասխանել է, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես ցանկացել է խաղաղ ապրել իր հարևանների հետ։ Նա սեպտեմբերյան իրադարձությունները մեկնաբանել է մարտին տեղի ունեցած դեպքերին որպես պատասխան։ Ջաֆարովը հերքել է Ջամալյանի այն հայտարարությունը, թե ադրբեջանական իշխանությունները չեն պատժել սեպտեմբերյան կոտորածների մեղավորներին։ Այսպես, 100 մարդ մեղավոր է ճանաչվել և կախաղան բարձրացվել[11]։ Ջաֆարովը իր հերթին մեղադրել է Ջամալյանին երկու երկրների հարաբերություններրի կարգավորմանը չօժանդակելու համար[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.