Ափիոն
From Wikipedia, the free encyclopedia
Ափիոն (կակաչի արցունքներ (անգլ․՝ poppy tears, լատ․՝ lachryma papaveris)), քնաբեր կակաչից (խաշխաշ, լատ․՝ Papaver somniferum) ստացվող կաթնահյութի (պարունակվում է քնաբեր կակաչի չհասունացած տուփիկների կաթնանոթներում) չորացրած տարբերակ[6][7]։ Այն ունի յուրահատուկ հոտ և դառը համ, պատկանում է ցավազրկող միջոցների շարքին։ Ափիոնային կաթնահյութը պարունակում է մոտավորապես 12% մորֆին անալգետիկ ալկալոիդ, որը քիմիական ճանապարհով օգտագործվում է հերոին և այլ արհեստական (սինթետիկ) ափիոնատիպ նյութեր ստանալու համար, որոնք օգտագործվում են բժշկության մեջ (որպես ցավազրկող, հազը հանգստացնող և խորխաբեր դեղամիջոցներ) և թմրամիջոցների անօրինական առևտրում։ Կաթնահյութը պարունակում է նաև ֆենանտրենի այլ ածանցյալներ՝ կոդեին և թեբաին, որոնք մորֆինի և ֆենանտրենի մյուս ածանցյալների հետ միասին ազդում են գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այն պարունակում է նաև ոչ անալգետիկ այնպիսի ալկալոիդներ, ինչպիսիք են պապավերինը և նոսկապինը (իզոխինոլինի ածանցյալներ)։ Դրանք թուլացնում են հարթ մկանները։ Կաթնահյութ ստանալու ավանդական, արդյունավետ տարբերակը դեռահաս սերմնահատիկները ձեռքով քերելն է․ կաթնահյութը դուրս է հոսում, չորանում դեղնավուն կպչուն նյութի տեսքով, որն այնուհետև քերվում և ջրազատվում է։ «Մեկոնիում» (ստացվել է հունական «ափիոնատիպ» բառից, սակայն այժմ օգտագործվում է որպես նորածնի առաջին կղանքի անվանում) բառը պատմականորեն կապվում է քնաբեր կակաչի այլ մասերից կամ կակաչի այլ տեսակներից ստացվող ավելի թույլ պատրաստուկների հետ[8]։
Ափիոնային խաշխաշի (քնաբեր կակաչ) պատիճի կտրվածքից ծորացող կաթնահյութ (լատեքս) | |
Կենսաբանական | |
---|---|
Papaver somniferum (լատ․) | |
Ընդհանուր տեղեկատվություն | |
Աշխարհագրական ծագում | Անհայտ, հնարավոր է Հարավային Ամերիկա[1] |
Ակտիվ բաղադրիչներ | Մորֆին, կոդեին, թեբաին, պապավերին, նոսկապին |
Հիմնական արտադրողներ | Աֆղանստան, Պակիստան, Հյուսիսային Հնդկաստան, Թայլանդ, Թուրքիա, Լաոս, Մյանմա, Մեքսիկա, Հունգարիա |
Իրավական կարգավիճակ | Ավստրալիա՝ վերահսկվում է (Ս8)[2],
Կանադա՝ Ցուցակ 1[3], ՄԹ՝ Դաս Ա, ԱՄՆ՝ Ցուցակ 2[4], ՄԱԿ՝ Թմրամիջոցների Ցուցակ 1[5] |
|
Բուն ափիոնի ստացումը որպես այդպիսին չի փոխվել դեռևս հին ժամանակներից։ Այնուամենայնիվ, քնաբեր կակաչի ընտրողական մշակման ներկայիս պայմաններում ալկալոիդներ մորֆինի, կոդեինի և ավելի փոքր քանակությամբ թեբաինի չափաբաժինն ավելացել է։ Ներկայումս հիդրոկոդոնի, հիդրոմորֆոնի և այլ կիսասինթետիկ ափիոնատիպ նյութերի սինթեզի ժամանակ որպես հումք ծառայող թեբաինի մեծ մասը ստացվում է Պապավեր օրիենտալ և Պապավեր բրակտեատում բույսերից։
Անօրինական գործածման ափիոնը հիմնականում ներկայանում է հերոինի տեսքով, որն ավելի փոքրածավալ է, ինչը հեշտացնում է մաքսանենգությունը, և որը բազմապատկում է դրա ուժգնությունը մորֆինից ավելի քան երկու անգամ։