From Wikipedia, the free encyclopedia
Արշակ Ներսիսյան, ավելի հայտնի է որպես Սեպուհ (ապրիլի 20, 1872, Բաբերդ, Բայբուրթի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 31, 1940, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։
Արշակ Ներսիսյան | |
---|---|
1872 թվականի ապրիլի 20 - 1940 թվականի հուլիսի 31 | |
Ծննդավայր | Արևմտյան Հայաստան, Բաբերդ, գյուղ Թոմնա |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Զորատեսակ | կամավորական զորքեր, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժեր |
Ծառայության տարիներ | 1895-1920 թթ. |
Մարտեր/ պատերազմներ | Սասունի ապստամբություն (1904) Առաջին համաշխարհային պատերազմ, Թուրք-հայկական պատերազմ (1920) |
Պաշտոնաթող | 1921 թվական |
Ծնվել է 1872 թվականի ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի Թոմնա գյուղում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա)։
1895 թվականի սկզբին անցել է Կարս։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոսի վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է Տարոն։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։
1899 թ. Խանի (Բարսեղ Թիրաքյան) խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ «քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է Սասուն։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Վանա Իշխանի (Նիկոլ Պողոսյան) հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Սեբաստացի Մուրադի հետ հիմնադրել է «Մեկ հայը, մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։
1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի (Սրվանձտյան) հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը։
1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երկու հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։ Մահացել է Ամերիկայի միացյալ նահագների Նյու Յորք քաղաքում 1940 թվականի հուլիսի 31-ին 68 տարեկան հասակում։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր Դետրոյթում՝ ՀՅԴ կուսակցության ակումբում[1], ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.