հայ բանաստեղծ, բժիշկ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Ռուբէն Սեւակ (Ռուբէն Չիլինկիրեան, փետրվարի 15, 1885, Սիլիվրի, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 26, 1915, Չանկիրի, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։
Ռուբեն Սևակ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ռուբէն Չիլինկիրեան |
Ծնվել է | փետրվարի 15, 1885 |
Ծննդավայր | Սիլիվրի, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1915 (30 տարեկան) |
Վախճանի վայր | Չանկիրի, Օսմանյան կայսրություն |
Գրական անուն | Ռուբէն Սեւակ |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1905) և Լոզանի համալսարան (1911) |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ամուսին | Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) |
Ռուբեն Սևակ Վիքիքաղվածքում | |
Ռուբեն Սևակ Վիքիդարանում | |
Ruben Sevak Վիքիպահեստում |
1901-1905 թվականներին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։
1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրանսերենին։
Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։
1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուրհանդակ», «Ազդակ», «Շանթ», «Հայ գրականութիւն», «Ազատամարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի», «Բազմավեպ», ինչպես նաև այլ պարբերականներում։
1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։
1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։
Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն` զինված ազատագրական պայքար մղել։
1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում։
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայի աղջկան։ Իսմայիլը նրան հորդորել էր իր աղջկա հետ ամուսնանալ ու իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ նրա բարեկամն էր, անզոր պատասխանել է, «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել»։ Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։
1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։
1915 թվականի ապրիլի 24-ին ամուսնու աքսորից հետո կինը՝ Յաննի Ապել Սևակը մեկնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ ամուսնուն ձերբակալելու հարցով։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու նրա խնդրանքին․
Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել։ |
Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին.
Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար։ |
Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Ապել Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթությանն է տալիս։
Յաննին մահանում է Նիցցայում 1967 թվականի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։
1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը։
1915 թ. հոկտեմբերին կինը երեխաների հետ տեղափոխվել է Լոզան՝ հոր մոտ։ 1920 թ. ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։
Ռուբեն Սևակի գործերը մատենաշարի ձևով հրատարակել է եղբորորդին՝ Հովհաննես Չիլինկիրյանը, որ աջակցել է նաև նրա մասին բազմաթիվ հոդվածների ու գրքերի հրատարակմանը։ Նա հիմնել է Ռուբեն Սևակի անվան մրցանակ, որին արժանացել են տասնյակ հեղինակներ, այդ թվում՝ հալեպահայ բժիշկ-գրող Թորոս Թորանյանը՝ «Իմ Ռուբեն Սեվակը» գրքի համար։ Հ. Չիլինկիրյանը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հիմնել է Ռ. Սևակի տուն-թանգարան, որտեղ 1985 թ. մեծ շուքով նշվել է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։
1995 թ. Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցը, որտեղ գործում է Ռուբեն Սևակի թանգարան-սրահ, իսկ բակում տեղադրված է նրա կիսանդրին, որի բացման պատիվը ընձեռնվել է դստերը՝ Շամիրամին։ Նույն դպրոցում 2007 թ. նոյեմբերին կայացել է հալեպահայ բժիշկ, գրող Թորոս Թորանյանի «Իմ Ռուբեն Սևակը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև 93-ամյա Շամիրամ Չիլինկիրյան-Սևակը։
2007 թվականին հրատարակվել է Ռուբեն Սևակի բանաստեղծությունների «Հատընտիրը» հայերեն ու ֆրանսերեն՝ Անահիտ Օհանյանի թարգմանությամբ։ Այնտեղ ընթերցողի ուշադրությանն են հանձնվել Սևակի այն գործերը, որոնք բանաստեղծի ընտրությամբ տպագրվել էին 1910 թ. լույս տեսած նրա «Կարմիր գրքում»։ «Հատընտիրը» տպագրվել է Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ։
2013 թ. սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ XVIII դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարանը։
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։
Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնատիպ գործերից են։
Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909 թվականի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։
Սևակն առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։
Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914 թվականներին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
Թարգմանել է ֆրանսիացի բանաստեղծ և հասարակական գործիչ Լըկոնտ դը Լիլի և Հայնրիխ Հայնեի բանաստեղծություններից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.