պատկերասրահ Մարտունիում, ՀԱՊ մասնաճյուղ From Wikipedia, the free encyclopedia
Մարտունու պատկերասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ, բացվել է 1978 թվականին Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա։
Մարտունու պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գեղարքունիքի մարզ, Մարտունի, Շահումյանի 6 |
Հասցե | Շահումյանի 6, ք. Մարտունի, Գեղարքունիքի մարզ |
Հիմնադրվել է | 1978 |
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 200 առարկա՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, որոնք ներկայացնում են 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը[1]։ Հավաքածուում ներառված աշխատանքների մեծ մասը ստեղծվել է պետական պատվերով՝ Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, այնուհետև աշխատանքները պահվել են շրջիկ արվեստանոցի ֆոնդերում։ Ներկայացված թեմատիկան ընդգրկում է Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, մայրությանը նվիրված աշխատանքներ, լուսաբանում է Հայաստանի գեղարվեստական կյանքը՝ ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Գաբրիել Գյուրջյանի կտավները)։
Արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից ներկայացված են Մհեր Աբեղյանի, Երվանդ Քոչարի, Եփրեմ Սավայանի աշխատանքները։ Ներկայացված են նաև Արա Բեքարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Արմինե Կալենցի, Լավինա Բաժբեուկ-Մելիքյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վ. Գաբուզյանի, Է. Զաքարյանի, Բ. Գրիգորյանի, եղբայրներ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների և շատ այլ նկարիչների գործերը։
Հավաքածուում ներկայացված են նաև քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի, Թերեզա Միրզոյանի, Ռուզան Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Սերժ Մեհրաբյանի, Հովհաննես Մուրադյանի և այլոց դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները։
Պատկերասրահը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյանի 6 հասցեում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.