From Wikipedia, the free encyclopedia
Հիսուս Քրիստոսի արտաքին տեսքի և ազգային պատկանելիության հարց , հարց, որն առաջացել է դեռևս վաղքրիստոնեական ժամանակաշրջանում, քանզի Նոր կտակարանում բացակայում է Քրիստոսի արտաքին տեսքի որևէ նկարագրություն, մինչ նրա մահը։
Չնայած աստվածաշնչյան աղբյուրների կամ պատմական վկայությունների բացակայությանը, II դարից սկսած այս հարցը առավել քննարկվող և ակտուալ թեմաներից մեկն է՝ որպես բանավեճերի առարկա[1][2]։ Միջնադարում անհայտ կամ կասկածելի ծագում ունեցող աղբյուրները տվել են Քրիստոսի կերպարի մոտավոր նկարագրությունը, չնայած դրանք հիմնականում միստիֆիկացված են[3][4][5]։ Մարդկանց մեծամասնությունը Հիսուս Քրիստոսի մասին ունի պատկերացումներ, հիմնականում հիմնվելով եկեղեցական սրբապատկերների վրա։ Հիսուսին հիմնականում պատկերում էին լուսավոր, իդելական գեղեցիկ տղամարդու կերպարով, ով ունի բարակ իրան և բարձր հասակ, երկար շագանակագույն մազեր, կարճ մորուք։ Սակայն այս եզրահանգումը չի հիմնվում գիտական մեկնաբանությունների վրա և հիմնված է անհայտ աղբյուրների վրա[6]։
XIX դարում գոյություն ուներ կարծիք, համաձայն որի Հիսուսը սպիտակամորթ է։ Զուգահեռաբար որոշ ազգերի մոտ նշվում է, որ Հիսուսը նեգրոիդ ռասայի ներկայացուցիչ է։ Օրինակ, եթովպիական ավետարաններում Քրիստոսը սևամորթ է։ Սակայն այսպիսի կարծիքները սուբյեկտիվ են՝ հիմնված մշակութային կարծրատիպերի և սոցիալական տենդենցների վրա, այլ ոչ թե գիտական և պատմական հետազոտությունների վրա։ 2000 տարվա ընթացքում տարբեր մշակույթների կողմից բազմիցս ստեղծվել են Քրիստոսի պատկերներ, որոնք պայմանավորված էին մշակույթների տարբերությամբ[7][8][9]։ Մեր օրերում գոյություն չունի գիտական հիմնավորում ունեցող որևէ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ։ Սակայն ամենատարածված մոտեցման համաձայն Հիսուս Քրիստոսը հրեա է[10]։
Նոր կտակարանում բացակայում է որևէ փաստ կամ նկարագրություն Հիսուս Քրիստոսի ֆիզիկական տվյալների մասին[9][11][12]։
Սինոպտիկ ավետարանում Հիսուսը, կերպարանափոխման ժամանակ, նկարագրվում է հետևյալ կերպ․ «Նրա դեմքը փայլում էր, ինչպես արևը», մինչդեռ սա միակ նկարագրությունն է Ավետարանում[13][14]։
Հովհաննեսի հայտնության մեջ Հիսուսի կերպարը նկարագրվում է «Հայտնություն» գրքում (1:13-16) «Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած. նրա գլուխն ու մազերն սպիտակ էին ինչպես բուրդը և ինչպես ձյունը, աչքերը՝ ինչպես կրակի բոց, ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։ Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։», սակայն նկարագրությունը համապատասխանում է Քրիստոսի համբարձմանը։ Այսինքն վերաբերում է Քրիստոսի ոչ երկրային կյանքի նկարագրությանը[15][16]։
Հին կտակարանում նոր Մեսիան (Քրիստոնյաները հավատում են, որ խոսքը Հիսուսի մասին է) 44:2-3 սաղմոնում նկարագրվում է, որպես «մարդկային որդիներից գեղեցկագույնը», որն էլ նպաստում է Քրիստոսի արտաքին գրավչության մասին հաղորդագրություններին[17].
Չնայած ավետարանչական կամ պատմական փաստարկների բացակայությանը, երկրորդ դարից սկսած առաջ են քաշվում Քրիստոսի ծագման վերաբերյալ տարբեր տեսություններ։ Օրինակ, Հուստինոս Փիլիսոփան առաջ է քաշել Հիսուսի ծագման իր տարբերակը՝ հիմնվելով Հիսուսի ծննդաբանության վրա[1]։ Նրա տեսությունը տարածվեց և քննարկվում էր դարերի ընթացքում[1][2]։ Հռոմեացի հակաքրիստոնեական փիլիսոփա Ցելսիուսը Քրիստոսին նկարագրում էր որպես «տգեղ և փոքրամարմին»[18]։
Եկեղեցու հայրեր Հիերոնիմոսը և Ավրելիոս Օգոստինիոսը նշում էին, որ Հիսուսը պետք է ունենար սլացիկ մարմին և գեղեցիկ դեմք։ Ավգուստինիոսը վկայում էր, որ Հիսուս Քրիստոսը գեղեցիկ էր, ինչպես երեխան, ինչպիսին չկա երկնքում և երկրի վրա[19]։ Այս տեսակետը 13-րդ դարում զարգացրել է փիլիսոփա Թովմա Աքվինացին, ով իր «Աստվածաբանության արժեքը» աշխատության մեջ վկայում էր, որ Հիսուսը իդեալական գեղեցկության և կատարելիության մարմնացում էր[20][21]։
Միջնադարում ստեղծվել էին մի շարք կեղծ աղբյուրներ, որոնք նկարագրում էին Քրիստոսի արտաքինը։ 9-րդ դարում Եպիփանիոս քահանան նկարագրում էր բարձրահասակ հրեշտակակերպ կերպարի, որը տարբեր ժամանակներում վերագրվում էր Քրիստոսին։ Սակայն գիտնականները հերքեցին այս ենթադրություն[22]։
Այլ ոչ հավաստի աղբյուրներ ներառում են իրենց մեջ վկայություններ Արչկոյի գրքից և Պիղատոս Պոնտացու Տիբերիոսին ուղղված նամակից, որտեղ նկարագրվում է Քրիստոսի էությունը, որը ստեղծվել էր այդ ժամանակների պատկերացումների հիման վրա։ 14-րդ դարում եկեղեցական պատմիչ Նիկիփորոս Կլանֆոպուլը, հղվելով անտիկ անհայտ աղբյուրների վրա, Քրիստոսին նկարագրում էր, որպես բարձրահասակ գեղեցիկ տղամարդու, ով ուներ ալիքաձև երկար մազեր։ Այս կերպարը դարձավ աղբյուր եկեղեցական մի շարք պատկերների համար[23]։
Իսլամական քադիսները 8-9-րդ դարերում նկարագրում են Հիսուսին, որպես կարմիր։ Մարմնի կարմիր գույնը կարող է նշանակել թուխ կարմրաերանգ գույն, ինչպես նաև կարող է լինել մեղմասական արտահայտություն, որը բնութագրում է սպիտակամորթ մարդկանց[24], մեկ այլ քադիսում Հիսուսը նկարագրվում է որպես սևամորթ(آدَمُ)[25]։ Իսկ արդեն եթովպիական ավետարաններում Հիսուս Քրիստոսը ներկայացվում է որպես սևամորթ։ -
Հայտնի պատմաբան Քոլին Քիդդը իր Ռասաների ձուլումը աշխատության մեջ նշում է, որ աստվածաշնչյան կերպարների ռասայական խնդրի առաջացումը հիմնված է մշակութային կարծրատիպերի և ավանդույթների վրա, բայց ոչ գիտական հիմքերի վրա[7]։ Գոյություն ունեն մի շարք տեսություններ Քրիստոսի ռասայական պատկանելիության վերաբերյալ՝ սկսած Նորդական ռասայից վերջացրած նեգրոիդ ռասայով[26]։ Գիտնականների միջև չկա միասնական համաձայնություն Քրիստոսի ծագման վերաբերյալ։ Քեյն Հոուփը վստահեցնում է, որ Հիսուս Քրիստոսին վերագրվում է որոշակի համակողմանիություն, որը դուրս է գալիս էթնիկ պատկանելիության սահմաններից[27]։
Գիտնականների մեջ չկա հստակ համաձայնություն՝ Հիսուս Քրիստոսի էթնիկ պատկանելիության հարցի վերաբերյալ։ Ամենատարածված տեսության համաձայն Քրիստոսը հրեա է եղել[10]։ Տարածված է նաև այն տեսակետը, որ Հիսուսը գալիլեացի էր, որը հրեաներին արյունակից ազգ էր և հուդայականության հետևորդ[28]։ Այլ տեսակետների համաձայն, Հիսուսը ասորի է եղել[29] կամ էլ հռոմեացի[30]։
Բրիտանացի փորձագետ Ռիչարդ Նիվը փորձ է կատարել՝ վերականգնելու Քրիստոսի կերպարը՝ խորությամբ ուսումնասիրելով Քրիստոսի ժամանակների գալիլեացիների գանգերի մասունքները։ Համակարգչային տեխնիկայի միջոցով վերականգնվեց Քրիստոսի մոտավոր դիմանկարը։ Ուսումնասիրելով նաև նկարները, որոնք ստեղծվել էին մինչ Նոր կտակարանի գրվելը, մասնագետները կարողացան պարզել, որ Հիսուսի աչքերը և մազերը եղել են մուգ, իսկ հրեական ավանդույթի համաձայն ունեցել է մորուք։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հիսուսի մազերը երկար չեն եղել, այլ եղել են կարճ և գանգուր։ Այս փաստը հաստատող ևս մեկ փաստարկ կա։ Այդ ժամանակներում տղամարդկանց արգելվում էր երկար մազեր ունենալ, քանի որ դա «անպատվավերության» նշան էր։ Ուսումնասիրելով մասունքները, գիտնականները պարզեցին, որ սեմիթական միջին տարիքի տղամարդը ունեցել է մոտ 155 սմ բարձրություն և 50 կիլոգրամ քաշ։ Բայց քանի որ Հիսուս Քրիստոսը մինչ 30 տարեկանը եղել է հյուսն, նրա մարմինը պետք է, որ լիներ ավելի մկանոտ, իսկ մաշկը՝ ավելի թուխ։ Այս նկարը շատ տեսաբաններ համարում են մոտավոր և ոչ «հավաստի»[31][32]։
Միջնադարում ի հայտ եկան Հիսուս Քրիստոսի մի շարք ոչ ձեռակերտ պատկերներ, այն դեպքում, երբ նրանց կերպարները համապատասխանում են առանձին ազգությունների տիպերին։
Շատ սրբեր վկայում են, որ անձամբ տեսել են Հիսուսին՝ իրենց երազներում։ Հետաքրքրական է, որ Քրիստոսին երազներում հանդիպել են կաթոլիկ սրբերը[33]։
XX դարում ի հայտ եկան վկայություններ Հիսուսի հրաշակերպ էության վերաբերյալ, որոնք առաջացրեցին հանընդհանուր ռեզոնանս, օրինակ, Սեկոնդա Պիայի Թուրինյան սավանի լուսանկարը, որտեղ հստակորեն պատկերված էր Քրիստոսի ստվերապատկերը։ 2010 թվականի մայիսի տվյալներով, որպեսզի տեսնեն «Քրիստոսի դեմքը», Թուրին է այցելել մոտ 2 միլիոն մարդ[34][35][36]։
Մեծ հեղինակություն է վայելում Քրիստոսի կերպարը, որն իր երազում տեսել էր Ֆաուստինա Կովալսկին։ Ֆաուստինա գրառումներ է կատարել իր օրագրում և կազմել ուրվագիծը։ Քրիստոսի այդ կերպարը բավականին տարածված է կաթոլիկների շրջանում[37] և ունի ավելի քան 100 միլիոն հետևորդ ամբողջ աշխարհում[37][38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.