Տարբերում են հին (մինչև մ.թ.ա. IV-III դարեր), միջին (մ.թ.ա. III-ից մինչև մ.թ. VIII-IX դարեր) և նոր (սկսած մ.թ. VIII-IX դարերից) իրանական լեզուներ։ Հին իրանական լեզուներից են հին պարսկերենը` Աքեմենյան կայսրության լեզուն, մարերենը և Ավեստայի լեզուն, որը երբեմն կոչում են ավեստերեն։ Միջին իրանական լեզուներից են պարթևերենը, պահլավերենը կամ միջին պարսկերենը, սկյութերենը, սողդերենը, բակտրերենը և խորեզմերենը։ Նոր իրանական լեզուներից են բոլոր ժամանակակից իրանական լեզուները և մի շարք մեռած լեզուներ, որպես օրինակ` ազերին կամ ազարերենը և ալաներենը։
Remove ads
2008 թվականի տվյալներով որպես մայրենի լեզու իրանական լեզուներով խոսողների քանակը գնահատվում էր 150-200 միլիոն մարդ[1]։
Ներկայումս իրանական լեզուներն առավելապես խոսվում են հետևյալ երկրներում.
Իրանում, որտեղ իրանական լեզուներով խոսում է բնակչության մոտ 79%-ը[2]։ Պաշտոնական լեզու պարսկերենն է (կամ ֆարսին), որը բնակչության մոտ 53%-ի մայրենի լեզուն է, նաև հանդես է գալիս որպես լինգվա ֆրանկա երկրի ողջ տարածքում։ Այլ իրանական լեզուներից խոսվում են նաև Քուրդիստան, Քերմանշահ նահանգներում և հարակից շրջաններում` քրդերենը (Իրանի բնակչության մոտ 10%-ը[2]), Գիլան նահանգում` գիլաներենը (կամ գիլակին) և թալիշերենը, Մազանդարան նահանգում` մազանդարաներենը, Լոռեսթան նահանգում և հարակից շրջաններում` լոռերենը (բնակչության մոտ 6%-ը[2]), Սիստան և Բելուջիստան նահանգում` բելուջերենը (բնակչության մոտ 2%-ը[2])։
Աֆղանստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը խոսում է փուշթու կամ դարի (որը հանդիսանում է պարսկերենի տեղական տարբերակը) լեզուներով, որոնք երկուսն էլ Աֆղանստանի պաշտոնական լեզուներն են։ Փուշթուով են խոսում փուշթունները, դարիով` աֆղանական տաջիկները (բնակչության մոտ 27%) և հազարացիները (բնակչության մոտ 9%)[3]։ 2023 թվականի դրությամբ դարիով խոսում է բնակչության մոտ 77%-ը (մոտ 30 միլիոն մարդ), փուշթուով` 48%-ը (մոտ 19 միլիոն մարդ), ընդ որում շատ մարդիկ բազմալեզու են[4]։
Թուրքիայում, որտեղ քրդերենը գերակշռում է երկրի ողջ հարավ-արևմտյան մասում` կազմելով երկրի ընդհանուր բնակչության մոտ 19%-ը (մոտ 15 միլիոն մարդ)[5]
Պակիստանում, որտեղ Աֆղանստանի հետ սահմանակից արևմտյան շրջաններում տարածված է փուշթուն (2017 թ. դրությամբ այն մայրենի լեզու է համարում Պակիստանի բնակչության 18.24%-ը` մոտ 38.89 միլիոն մարդ[6]), իսկ հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում տարածված է բելուջերենը (այն մայրենի լեզու է համարում Պակիստանի բնակչության 3.02%-ը` մոտ 6.44 միլիոն մարդ[6])
Տաջիկստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը խոսում է տաջիկերեն (որը շատ հետազոտողների կողմից համարվում է ոչ թե առանձին լեզու, այլ պարսկերենի բարբառ). տաջիկերեն խոսողների թիվն այստեղ կազմում է 84.3% կամ մոտ 7.8 միլիոն մարդ[7]։ Տաջիկստանի արևելքում` Պամիրում խոսվում են նաև այլ իրանական լեզուներ, որոնք կազմում են լեզուների պամիրյան ենթախումբը։
Իրաքում, որտեղ հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում գերակշռում է քրդերենը. ըստ տարբեր գնահատականների քրդերը կազմում են երկրի բնակչության 15-20%-ը կամ 6-8 միլիոն մարդ[8]
Սիրիայում, որտեղ քրդերենը տարածված է երկրի հյուսիսային և հյուսիս-արևեմտյան շրջաններում` գերակշռելով Հասաքայի մարզում. ըստ գնահատականների քրդերեն խոսողների քանակը Սիրիայում կազմում է մոտ 9-10%[10][11] կամ 1.7-2 միլիոն մարդ
Ուզբեկստանում, որտեղ տաջիկերենը տարածված է Սամարղանդ և Բուխարա քաղաքներում, Ֆերգանայի հովտում և երկրի այլ արևելյան շրջաններում։ Պաշտոնական տվյալներով տաջիկերեն խոսողների թիվը կազմում է բնակչության 4.8%-ը` մոտ 1.5 միլիոն մարդ[12], ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի մեծ է։
Ադրբեջանում, որտեղ հարավ-արևելյան շրջաններում (Լենքորանում և հարակից տարածքներում) բնակվում են թալիշներ (2009 թվականի դրությամբ` 111 996 մարդ[13]), իսկ հյուսիսային շրջաններում` թաթեր (25 218 մարդ[13])
Հայաստանում, որտեղ բնակվում են քրդերենի բարբառով խոսող եզդիներ (2011 թվականի դրությամբ` 35 308 մարդ[14]), նաև սակավաթիվ քրդեր (2 162 մարդ[14]) և պարսիկներ (476 մարդ[14])
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 452)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.