From Wikipedia, the free encyclopedia
Գիլգամեշ, շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով շումերական ավանդազրույցների հիման վրա մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած մ․թ․ա․ 18-17-րդ դարերից։ Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող և թվագրված է մ.թ.ա. 7-րդ դարով։ Քսաներորդ դարում գտնվել են նաև հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ թվում՝ խուռիերեն և խեթերեն։
Գիլգամեշ | |
---|---|
Անվանվել է | Գիլգամեշ արքա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Թեմա | pursuit of immortality? |
Բնօրինակ լեզու | աքքադերեն |
Կերպար(ներ) | Գիլգամեշ արքա |
Ստեղծման տարեթիվ | -2100 |
Epic of Gilgamesh Վիքիպահեստում |
Էպոսի գլխավոր հերոսներն են Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալ Գիլգամեշն ու Էնկիդուն, որոնց մասին պահպանվել են նաև առանձին երգեր շումերերենով, որոնցից մի քանիսը ստեղծվել են դեռ III հազարամյակի առաջին կեսին։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին...» մեկնակերպը, որի գրառումը գալիս է մ.թ.ա. 19-18-րդ դարերից։ Տաղաչափությունը շեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), աստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)[1]։ Հերոսները ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Խումբաբան, որ պահպանում է սրբազան մայրիները։ Նրանց սխրանքներին հետևում են աստվածները, որոնք շումերական երգերում ունեն շումերերական անուններ, իսկ Գիլգամեշի մասին էպոսում՝ աքքադական։ «Գիլգամեշի մասին էպոսը» հիմն է ընկերությանը, որ ոչ միայն օգնում է արտաքին խոչընդոտների հաղթահարմանը, այլև վերափոխում է, ազնվացնում։
Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առևանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ[1]։
1849 թվականին անգլիացի հնէաբան Օստին Հենրի Լայարդը պեղումների արդյունքում հայտնաբերել է ասորական քաղաք Նինվեն։ Հետագա պեղումների արդյունքում հայտնաբերվել է Աշուրբանիպալ արքայի սեպագիր գրադարանը։ Այդ գրադարանի սեպագիր պնակիտները Լայարդի օգնական Հորմուզդ Ռասսամը, ով 1852 թվականին հայտնաբերել է գրադարանի երկրորդ մասը, ուղարկել է Բրիտանական թանգարան[2]։
Գտնված պնակիտների ուսումնսիրությամբ ավելի ուշ զբաղվել է տաղանդավոր ինքնուս, թանգարանի եգիպտաասորական բաժնի օգնական Ջորջ Սմիթը։ 1862 թվականի դեկտեմբերի 3-ին նա զեկույցով հանդես է եկել «Աստվածաշնչյան հնէաբանության միությունում»։ Զեկույցում նա պնդում էր, որ գտել է մի առասպել ջրհեղեղի մասին, որը մոտ է Աստվածաշնչում շարադրվածին։ Այս լուրը համընդհանուր հետաքրքություն է առաջացրել։ «Դեյլի թելեգրաֆ» շաբաթաթերթը նույնիսկ խոստացել է 1000 ֆունտ նրան, ով կգտնի ասքի պակասող մասերը։ Ջորջ Սմիթն օգտվել է դրանից և ուղևորվել Միջագետք[3][4][5][6]։
Շարունակելով պնակիտների վերծանումը՝ Սմիթը բացահայտել է, որ ջրհեղեղի մասին գրառումը ինչ-որ մեծ ստեղծագործության մաս է, որը բաբելացիներն անվանում էին «Ասք Գիլգամեշի մասին»։ Ըստ գրիչների՝ «Ասքը» կազմված էր 12 երգերից, որոնցից յուրաքանչյուրը կազմում էր շուրջ 300 տող։ Շուտով նա հասկացել է, որ ասքից հատվածներ են պակասում, քանի որ որոշ պնակիտներ բացակայում էին։ 1873 թվականին նրա կողմից կազմակերպված արշավի արդյունքում հաջողվել է գտնել 384 պնակիտ, որոնց թվում էր նաև էպոսի բացակայող մասը[3][4][5][6]։
20-րդ դարի սկզբին և կեսերին գտնվել են մի շարք պնակիտներ, որոնք պարունակում են էպոսի հատվածներ տարբեր լեզուներով[4][7]։
2015 թվականին էպոսին ավելացվել է ևս 20 նոր տող։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրաքի պատմության թանգարանի աշխատակիցները մի քանի տասնյակ կավե պնակիտներ են գնել մաքսանենգներից, որոնք չէին էլ կասկածում դրանց բովանդակության մասին։ Ինչպես պարզվել է հետագայում, պնակիտներից մեկի վրա արձանագրված է էպոսի մինչ այդ անհայտ հատված։
«Գիլգամեշի մասին էպոսն» ստեղծվել է մեկուկես հազարամյակի ընթացքում։ Մեր օրեր են հասել սեպագիր պնակիտներ, որոնցում Գիլգամեշի մասին երգերը, որոնք էպոսի մաս են կազմում, գրված են Հին Արևելքի չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խուռիերեն և խեթերեն։ Այս տեքստերից հնագույնները շումերերեն են։ Չնայած այդ հանգամանքին՝ ամենաարժեքավորը համարվում է աքքադերեն տարբերակը, որը հսկայական գեղարվեստական արժեք է ներկայացնում[7]։
Ս․ Լենգդոնը 1932 թվականին «Գիլգամեշի մասին շումերական էպոսը» աշխատության մեջ ենթադրել է, թե գոյություն է ունեցել շումերական էպոս Գիլգամեշի մասին։ Ս․ Կրամերը նույնպես համարել է, որ շումերերեն բոլոր երգերը կապված են եղել միմյանց հետ։ Սակայն Ի․ Մ․ Դյակոնովը ենթադրել է, որ Գիլգամեշին նվիրված յուրաքանչյուր երգ ինքնուրույն ստեղծագործություն է[8]։
Գիլգամեշի մասին շումերական պահպանված առասպելները չեն միավորվում ստեղծագործությունների որոշակի խմբի շրջանակում։ Դրանցից միայն ինն են պահպանվել, և դրանք բոլորը դասակարգվում են որպես էպիկ ստեղծագործություններ։ Ասքերից երեքը պահպանվել են վերապատմված տեսքով, մնացած վեցը պահպանվել են և հրատարակվել[9]։
Վաղ ասքերը վերաբերում են այսպես կոչված Նիպպուրյան կանոնին, որը աքքադաշումերական էպոսի մաս էր կազմում։ Ի սկզբանե դրանց նախատիպերը հավանաբար եղել են գրառված տեղեկություններ Ուրուկ քաղաքի և դրա տիրակալների մասին։ Բացի Գիլգամեշից, ով Ուրուկի հինգերորդ տիրակալն էր, մեզ են հասել ասքեր Էնմերկարի՝ Ուրուկի երկրորդ կառավարչի և Լուգալբանդայի՝ չորրորդ տիրակալի ու Գիլգամեշի հոր մասին[9]։
Գիլգամեշի հետ կապված աքքադաշումերական պատմությունները թվագրված են մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի սկզբով (մ.թ.ա. մոտ 18-րդ դար)։ Սակայն հաշվի առնելով գրիչների թույլ տված բազմաթիվ սխալները և անճշտությունները, ինչպես նաև լեզուն, որն այդ ժամանակաշրջանի համար արխայիկ է, հետազոտողները կարծում են, որ էպոսն ավելի վաղ է գրվել[10]։
Հաշվի առնելով, որ պոեմն ըստ երևույթին ստեղծվել է մինչև Ուրյան միասնական պանթեոնի հիմնումը, նաև հենվելով Միջագետքի հարավում աքքադերենի տարածման վերաբերյալ տվյալների վրա՝ էպոսի ստեղծման ժամանակաշրջանը համարում են մ.թ ա. 23-21-րդ դարերը[11]։
Ներկայումս հայտնի ասքերն են.
Ավանդազրույցների ստեղծումից հետո արդեն ոչ ոք չէր էլ հիշում Գիլգամեշի պատմական կերպար լինելու փաստի մասին։ Էպիկական ժանրով գրված պոեմները բովանդակությամբ պարզ են, ոճով՝ հնամենի, արխայիկ, որով բավականին տարբերվում են Գիլգամեշի մասին աքքադերեն պոեմից, որը ստեղծվել է դրանցից կարճ ժամանակ անց[10]։
Էպոսի հետազոտողների կարծիքով՝ Գիլգամեշի մասին առաջին երգերը ստեղծվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսերին։ Մեր ժամանակներ հասած առաջին գրառումները ստեղծվել են մոտ 800 տարի առաջ։ Մոտավորապես այդ ժամանակներին է վերաբերում նաև պոեմի աքքադական տարբերակի ստեղծման ընթացքը, որը վերջնականապես պատրաստ է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում։ Այդ հազարամյակում Պաղեստինում և Փոքր Ասիայում ստեղծվել էր մեկ այլ աքքադական տարբերակ՝ «ծայրամասայինը»։ Այս ժամանակներին են պատկանում նաև էպոսի խուռիերեն և խեթերեն թարգմանությունները։ Երկրորդ հազարամյակի վերջերին և մ. թ. ա 7-6-րդ դարերում ստեղծվել է էպոսի վերջնական՝ «Նինվեի» տարբերակը, որն էլ հենց գտնվել է Աշուրբանիպալի գրադարանում[7]։
Էպոսի հիմքում ընկած են ինչպես դիցաբանական մոտիվներ, որոնք հիմնվում էին շումերների կրոնական հավատալիքների վրա, այնպես էլ պատմական լեգենդներ։ Գիլգամեշը եղել է պատմական անձ, ով կառավարել է շումերական Ուրուկ քաղաքը մ. թ.ա. 2800-2700 թվականներին։ Նրա անունը շումերերենում պայմանականորեն փոխանցվում է որպես «Բիլգամես» (Bil-ga-mes)․ հիշատակվում է 2-րդ հազարամյակի սկզբով թվագրվող շումերական կավե պնակիտի վրա նշված շումերական տիրակալների անվանացանկում։ Այնուամենայնիվ, Գիլգամեշը բավական շուտ սկսեց աստվածացվել։ Նրա անունը սկսեց հիշատակվել շումերական աստվածների շարքում արդեն մ.թ.ա. 18-րդ դարից։ Նրա շուրջ սկսեցին հյուսվել բազմաթիվ լեգենդներ, որտեղ նա ներկայացվում էր որպես աստվածային հերոս` Նինսուն աստվածուհու և Լուգալբանդա հերոսի (մյուս տարբերակներով՝ «լիլու» ոգու) որդին։ Ավելի ուշ Գիլգամեշի անունը հանրահայտ դարձավ Բաբելոնում, Խեթական թագավորությունում և Սիրիայում։ Նրա հետ էին կապում կենդանիների դեմ կռվող հերոսի կերպարը։ Նրա ուղեկիցն էր համարվում կիսամարդ-կիսացուլ հերոսը։
Ավելի ուշ Գիլգամեշը համարվում էր մարդկանց դևերից պաշտպանող աստված, անդրաշխարհի դատավոր։ Նրա պատկերը կախում էին տան մուտքի դիմաց, քանի որ հավատում էին, որ այդ միջոցով օթևանը պաշտպանվում էր չար ոգիներից։ Միաժամանակ պաշտոնական պաշտամունքում Գիլգամեշը որևէ կարևոր դեր չէր կատարում[15][16]։
«Էպոսի» գլխավոր հերոսներն են հզոր ռազմիկ, Ուրուկի արքա կիսաստված Գիլգամեշը և Էնկիդուն՝ վայրի մարդ, որին Արուրու աստվածուհին ստեղծել էր կավից։ Աստվածուհին ստեղծել էր Էնկիդուին` ի պատասխան Ուրուկի բնակիչների խնդրանքին, ովքեր դժգոհ էին իրենց տիրակալից՝ Գիլգամեշից, որին մեղադրում են նրանում, որ նրա վայրագությունը սահման չի ճանաչում։ Էնկիդուն պետք է դիմակայեր Գիլգամեշին, և հնարավոր է, հաղթեր նրան[17]։
Էնկիդուն քաղաքակիրթ կյանքին ծանոթ չէ, ապրում է տափաստանում՝ վայրի կենդանիների շրջապատում, և չի էլ ենթադրում, թե ինչի համար է ստեղծված։ Դրա հետ մեկտեղ Գիլգամեշը տեսիլքներ է ունենում, որոնցից հասկանում է, որ իրեն վիճակված է ընկեր գտնել[17]։
Մի անգամ Ուրուկ տեղեկություն է հասնում այն մասին, որ տափաստանում հայտնվել է ինչ-որ հզոր մարդ, որը չի թողնում որս անել՝ պաշտպանելով կենդանիներին։ Գիլգամեշը որոշում է նրա մոտ ուղարկել անառակ կնոջ` համարելով, որ դա կստիպի կենդանիներին լքել Էնկիդուին։ Նա հասնում է իր նպատակին, Էնկիդուն գայթակղվում է, որից հետո անառակ կինը նրան իր հետ քաղաք է տանում, որտեղ նա քաղաքակրթության հետ է առնչվում և առաջին անգամ համտեսում հաց և գինի։
Քաղաքում Էնկիդուն հանդիպում է Գիլգամեշին։ Նրանց միջև մենամարտ է տեղի ունենում, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում հաղթել։ Դրանից հետո նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում սխրագործություններ կատարել։ Նրանք կռվում են կատաղի Խումբաբայի հետ, որը պաշտպանում էր լեռնային մայրիները, այնուհետև նրանց հակառակորդն է դառնում հրեշավոր ցուլը` ուղարկված Իշտար աստվածուհու կողմից, ով բարկացած էր իր հետ սերը կիսելու Գիլգամեշի մերժումից։ Խումբաբայի սպանությունն առաջացնում է աստվածների զայրույթը, որը ջարդվում է Էնկիդուի վրա, արդյունքում նա մահանում է[17]։
Էնկիդուի մահը ցնցում է Գիլգամեշին։ Վշտից նա փախչում է անապատ, սգում ընկերոջ համար, նրա թախիծն անսահման է։ Գիլգամեշն առաջին անգամ հասկանում է, որ մահկանացու է, և գիտակցում, որ մահը բոլոր մարդկանց ճակատագիրն է[17]։
Իր դեգերումների հետևանքով Գիլգամեշը հայտնվում է երանելիների կղզում, որտեղ ապրում էր Ուտնապիշտիմը, ով միակն էր բոլոր մարդկանցից, որ դարձել էր անմահ։ Գիլգամեշը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Ուտնապիշտիմին դա հաջողվել, որն էլ պատմում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը, որից հետո նա միակ փրկվածն է եղել։ Դրանից հետո Ուտնապիշտիմը ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդը կրկին չի հավաքվի։ Հետո նա առաջարկում է Գիլգամեշին միջոց գտնել` հաղթահարելու քունը, սակայն պարզվում է, որ դա անիրականանալի է[17]։
Ուտնապիշտիմի կինը, խղճալով հերոսին, ամուսնուն համոզում է հերոսին հրաժեշտի նվեր տալ։ Գիլգամեշը գիտելիքներ է ստանում հավերժական երիտասարդության ծաղկի մասին, որը շատ դժվար է գտնել։ Գիլգամեշին հաջողվում է գտնել ծաղիկը, սակայն փորձել՝ ոչ։ Երբ նա որոշում է լողանալ, օձն ուտում է ծաղիկը, փոխում մաշկը և երիտասարդանում[17]։
Կատարվածից հետո հերոսը վերադառնում է Ուրուկ, որտեղ իր ղեկակալ Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են իր` Գիլգամեշի կողմից։ Գիլգամեշը ցույց է տալիս պարիսպները և հույս հայտնում, որ սերունդները կհիշեն իր գործերը։ 12-րդ երգը, որն ավելի ուշ ծագում ունի և մեխանիկորեն միացվել է «Էպոսին», շումերական «Գիլգամեշը և ուռենին» պոեմի երկրորդ մասի աքքադերեն բառացի թարգմանությունն է։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես Էնկիդուն որոշում է իջնել անդրշիրիմյան աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց դրա հետ մեկտեղ խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում վերադառնալ։ Գիլգամեշը աստվածներին է դիմում խնդրանքով, արդյունքում՝ նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ, որը պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Տվյալ հատվածը, թեև կապված չէ նախորդ սյուժեի հետ, թույլ է տվել ընդգծել այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել[18]։
Մեր օրեր հասել են «Գիլգամեշի մասին էպոսի» երեք տարբերակներ աքքադերենով։ Դրանցից ամենահինն այսպես կոչված «հին բաբելոնական» տարբերակն է։ Այն պահպանվել է վեց հատվածներով պնակիտների վրա, որ թվագրվում են մ․թ․ա․ 18-17 դարերով[19].
Տվյալ պնակիտները չեն վերաբերում էպոսի նույն տեղին, ինչի պատճառով չկա լիակատար համոզվածություն, որ դրանք վերաբերում են էպոսի նույն ցուցակին։ Սակայն նրանք ունեն ոճի ու լեզվի նմանություն։ Ձեռագիրը բոլոր պնակիտներում սահուն է և դժվար է վերծանվում, նրանց լեզուն դժվար է հասկացվում։ Դրանից բացի՝ պնակիտների մեծ մասը վատ են պահպանվել. միայն «Փենսիլվանիայի պնակիտից» է մնացել տեքստի 4/5 մասը։ Մյուս կողմից, միայն Փենսիլվանիայի, Եյլի, ինչպես նաև «Մեյսների պնակիտներն» են պարունակում տեքստեր, որ կան էպոսի հետնագույն տարբերակում։ Մյուս տեքստերը հետնագույն տարբերակում չի պահպանվել[19]։
«Ծայրամասային» տարբերակից մեզ հասել է ոչ մեծ հատված, որը գտնվել է Բոգազկյոյ քաղաքում կատարված պեղումների ժամանակ, որը նախկինում եղել է խեթական պետության մայրաքաղաքը։ Այդ տարբերակը պարունակում է մի քանի երգեր, որ համապատասխանում են էպոսի հետնագույն տարբերակի VI և VII երգերին, սակայն շարադրված են ավելի համառոտ։ Պաղեստինում՝ Մեգիդդո հնագույն քաղաքի տեղում գտնվել է նաև մեկ այլ հատված, որ համապատասխանում է էպոսի հետնագույն տարբերակի VII երգին։ Երկու հատվածներն էլ թվագրվում են մ․թ․ա․ XV-XIV դարերով[19]։
«Ծայրամասային» տարբերակին են վերագրում նաև էպոսի խեթերեն ու խուռիերեն թարգմանությունները։ Դրանցից պահպանվել են մի քանի հատվածներ, որ համապատասխանում են էպոսի հետնագույն տարբերակի I, V և X երգերին։ Այդ հատվածները թվագրվում են մ․թ․ա․ XIV դարով[19]։
«Նինվեի» տարբերակն իր անվանումն ստացել է գտնվելու վայրի անունից։ Երբեմն այն կոչվում է նաև «ասորական»։ Այդ տարբերակի համար ուսումնասիրողներն առանձնացնում են ցանկերի չորս խումբ[19].
«Հին բաբելոնական» տարբերակի համեմատությամբ՝ «Նինվեի» տարբերակում կա ներածություն, որի առաջին տողի վրա է հիմնված պոեմի նոր անվանումը՝ «Ամեն ինչ տեսածի մասին...»։ Դրանից բացի՝ հնարավոր է, որ պոեմն ունեցել է վերջաբան[19]։
«Նինվեի» տարբերակն սկզբում ավարտվել է XI երգով, որի վերջն էլ պոեմի վերջաբանն էր։ Սակայն հետագայում նրան մեխանիկորեն ավելացվել է XII երգը, որն ստեղծվել է ավելի ուշ։ Այն «Գիլգամեշն ու ուռենին» շումերական պոեմի բառացի թարգմանությունն է աքքադերեն[19]։
«Հին բաբելոնական» ու «Նինվեի» տարբերակն ընդհանուր առմամբ նման են իրար։ Նրանց տեքստերը շատ դեպքերում համապատասխանում է։ Գլխավոր տարբերությունը բառերի փոփոխությունն է (հիմնականում հնացած բառերը փոխարինվել են ժամանակակից հոմանիշներով), ինչպես նաև երգերի տեքստերի ընդլայնումն ու կրճատումը։ Ընդլայնումը տեղի է ունեցել կա՛մ էպիկական բանաձևերի բազմապատկման (ընդ որում՝ դրանցից մի քանիսը փոխառված են այլ երկերից), կա՛մ կրկնությունների հաշվին։ Մի շարք դեպքերում վերադասավորվել են տեքստերի հատվածները[19]։
«Ծայրամասային» տարբերակն էականորեն տարբերվում է մյուս երկուսից. այն ավելի կարճ է։ Ըստ էության, այն ոչ թե «հին բաբելոնական» տարբերակի պարզ թարգմանությունն է, այլ նրա լիովին վերամշակված տարբերակը։ Նրանում կան կրճատումներ. հավանաբար բացակայում են այն հատվածները, որոնք ունեն Բաբելոնին բնորոշ նշանակություն (օրինակ՝ Էնկիդուի՝ Ուրուկում հայտնվելուց առաջ կատարված իրադարձությունները, ավագների հետ զրույցները և այլն)։ Բացի այդ՝ հանված են այն հատվածները, որ անընդունելի էին կրոնական տեսանկյունից (մասնավորապես Իշտար աստվածուհու անարգումը)։ Արդյունքում «ծայրամասային» տարբերակը գործնականում վերածվել է Գիլգամեշի մասին նոր պոեմի[19]։
«Գիլգամեշի մասին էպոսի» առավել ամբողջական տարբերակը գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով և ներառում է շուրջ երեք հազար տող[20]։ Ժամանակակից թարգմանություններում ընդունված է պոեմի տեքստը բաժանել 12 մասի, որոնք նշանակվում են հռոմեական թվանշաններով (I-XII)։ Յուրաքանչյուր հատված, որ կոչվում է պնակիտ կամ երգ, համապատասխանում է «Նինվեի» տարբերակի մեկ առանձին պնակիտի[16][21]։
Նման բաժանումը սկզբում կատարվել է մեխանիկորեն. երբ տեղ չէր մնում պնակիտի վրա, սկսում էին գրել նորի վրա։ Սակայն «Նինվեի» տարբերակում պնակիտների բաժանումն ավելի հաստատուն է, և պնակիտներից յուրաքանչյուրի վրա գրված է առանձին երգ[22].
Պնակիտ | Երգ |
---|---|
I | Գիլգամեշի մոլեգնությունն ու Էնկիդուի ստեղծումը |
II | Էնկիդուի ժամանումն Ուրուկ և հերոսների ընկերանալը |
III | Խումբաբայի դեմ արշավանքի նախապատրաստում |
IV | Արշավանք ընդդեմ Խումբաբայի |
V | Մարտը Խումբաբայի հետ |
VI | Իշտար և Գիլգամեշ։ Պայքար երկնային ցուլի դեմ |
VII | Էնկիդուի հիվանդությունն ու մահը |
VIII | Էնկիդուի սգումն ու թաղումը |
IX | Գիլգամեշի թափառումները մինչև Համաշխարհային օվկիանոս |
X | Գիլգամեշի անցնելն Օվկիանոսը |
XI | Գիլգամեշն Ուտնապիտի կղզում։ Վերադարձ |
XII | Էնկիդուի հոգու կանչելը սանդարամետից |
Պոեմում կարելի է առանձնացնել չորս երգեր, որոնք, ըստ մի շարք ուսումնասիրողների ենթադրության, սկզբում եղել են ինքնուրույն[23].
Ներկայում հայտնի են Խումբաբայի ու ցլի դեմ մղված մարտերի մասին երգերի նախատիպերը՝ գրված շումերերենով։ Սակայն էպոսի ստեղծման ժամանակ այդ երգերը չէին կարող մեխանիկորեն միավորվել, քանի որ դրանց միջև եղած կապը գաղափարի ու կոմպոզիցիայի տեսանկյունից լավ մտածված է և ունի փիլիսոփայական խոր միտք։ Գիլգամեշի մասին երգերի մի մասը, որը «Գիլգամեշի մասին էպոսի» հեղինակը, հավանաբար, համարել է իր նպատակներին ոչ համապատասխան, չեն ընդգրկվել։ Այսպես՝ չի օգտագործվել Գիլգամեշի ու Ագգայի մասին երգը[23][24]։
Հերոսական էպոսի երգերից բացի պոեմի ստեղծման ժամանակ օգտագործվել է նաև առասպելական էպոսը։ Մասնավորապես օգտագործվել է «Իշտարի ուղևորությունը սանդարամետ» պոեմի տեքստը[23]։
Միջագետքի գրական ստեղծագործություններն ուսումնասիրվում են հիմնականում մասնագետների երկու խմբի կողմից.
«Գիլգամեշի մասին էպոսի» ուսումնասիրությունն սկսվել է Ջորջ Սմիթից, որը հայտնաբերել է այն։ Հենց նա է առաջինը կարծիք հայտնել, որ սկզբնապես էպոսն ստեղծվել է շումերերենով Ուրուկում։ 1884-1891 թվականներին մինչ այդ հայտնի բոլոր հատվածներն էպոսի հետ հրատարակվել են ամերիկացի ուսումնասիրող Փոլ Հաուպտը[4][5][16]։
Էպոսի հայտնաբերումից հետո սկսվել է նրա տեքստի ուսումնասիրումը։ Սկիզբը դրել է գերմանացի ասորաբան և արևելագետ Պետեր Իենսենը, որ լույս է ընծայել ասորաբաբելական առասպելների ու էպիկական տեքստերի տառադարձությունների ու թարգմանությունները պարունակող հիմնարար աշխատությունը։ հետագայում շուրջ 75 տարվա ընթացքում ավելի քան հարյուր հատվածներ դասավորվել են ճիշտ կարգով, ինչպես նաև ճշտվել են պահպանված հատվածների թարգմանությունները[4]։
1930 թվականին Ռ. Քեմփբել-Թոմփսոնը նախաձեռնել է էպոսի հայտնի հատվածների նկարների հրատարակությունը։ Հետագայում գտնվել են բազմաթիվ այլ հատվածներ, ինչպես նաև հրատարակվել են էպոսի շումերական նախատիպերը[4]։
«Գիլգամեշի մասին էպոսի» ուսումնասիրությունը շարունակվում է նաև ներկայում։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, ներառյալ հայերեն[26]։ 1958 թվականին Փարիզում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված այդ էպոսի ուսումնասիրությանը[4]։ 2003 թվականին բրիտանացի ուսումնասիրող Էնդրյու Ջորջը լույս է ընծայել է էպոսի երկհատորյա գիտական հրատարակությունը, որ ներառում էր նոր գտնված հատվածների թարգմանություններ։ Դրանից մի քանի տարի առաջ լույս էր տեսել աքքադական ու հին բաբելոնական տարբերակների հրատարակությունը, որը ներառում էր նաև Գիլգամեշի հետ կապված շումերական ասքերը[27], որոնց կցված էր սեպագիր տեքստը[28][29]։
1938 թվականին հրատարակվել է «Գիլգամեշի մասին էպոսի» գերմաներեն առաջին թարգմանությունը, որ կատարել է Ա. Շոտտը։ Այդ թարգմանությունը 1958 թվականին վերամշակել է Վ. ֆոն Զոդենոն[30]։ Այն համարվել է դասական գերմանական ասորագիտության համար, սակայն հնացել է, և 2005 թվականին հրատարակվել է նոր թարգմանություն, որ կատարվել է ասորագետ Շտեֆան Մաուլի կողմից և բարձր գնահատականի արժանացել այլ ասորագետների կողմից։ 2009 թվականին տպագրվել է էպոսի գերմանարեն ևս մեկ թարգմանություն, որ կատարել է Վոլֆգանգ Ռյոլիգը[31]։
Բազմաթիվ թարգմանիչներ փորձել են էպոսի բնօրինակ տեքստը փոխադրել եվրոպական լեզուների՝ պահպանելով նրա բանաստեղծական ձևը։ Այդ փորձերը շարունակվում են նաև ներկայում։ «Գիլգամեշի մասին էպոսը» թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, դանիերեն, ֆիններեն, շվեդերեն, չեխերեն, իտալերեն, եբրայերեն, վրացերեն, հայերեն և ռուսերեն[32][33][34]։ Վերջին աշխատանքներից են էպոսի մեկնաբանություններով թարգմանությունը ֆրանսերեն արևելագետ Ժան Բոտերոյի կողմից (1992) և պրոֆեսորներ Ռ. Տուրնեի ու Ա. Շաֆերի թարգմանությունը[4][16]։
«Գիլգամեշի մասին էպոսը» հայերեն թարգմանել է Նշան Մարտիրոսյանը (1963)[26]։
«Գիլգամեշի մասին էպոսն» ամենահին էպիկական պոեմներից մեկն է, որ հասել է մինչև մեր ժամանակներ, և խոշորագույն ստեղծագործությունը, որ գրվել է սեպագրերով։ Հենց Գիլգամեշի մասին շումերական ասքերից է սկիզբ առել բանաստեղծական էպիկական գրավոր գրականության զարգացումը։ Էպոսը մեծ արժեք է ներկայացնում գեղարվեստական տեսանկյունից։ Դրանից բացի՝ դրա շնորհիվ կարելի է հետևել բաբելոնյան գրականության զարգացմանը, ինչպես նաև նրա փոխհարաբերությանը շումերական գրականության հետ։ Գիլգամեշի մասին ասքի արձագանքներ հանդիպում են նաև ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում, այդ թվում՝ վաղ միջնադարում. 9-րդ դարում սիրիացի գրող Թեոդոր բար Կոնայը հիշատակել է «Գելեմգոսին (Գլիգմոս)»[7][16][25]։
Էպոսի հայտնաբերումը 19-րդ դարի երկրորդ կեսին վերածնել է հետաքրքրությունը նրա հանդեպ, ստեղծվել են նրա փոխադրումները ժամանակակից լեզուներով։ 1986 թվականին ֆրանսերենով հրատարակվել է կանադացի գրող Ալեն Գանյոնի «Գիլգամեշ» վեպը։ «Գիլգամեշի մասին էպոսն» ընկած է Ի. Մասլենկովի «Խավար ծնողի սիրտը» (ռուս.՝ «Сердце рождающего мрак») վեպի սյուժեի հիմքում։ Այդ թեմայով բեմադրվել են մի շարք ներկայացումներ՝ Սլավյան Վույովիչի «Գիլգամեշը» Բուդվայում (Չեռնոգորիա), «Գիլգամեշի մասին էպոսը» Բեդֆորդշիրի երիտասարդական թատրոնում։ Էպոսի հիման վրա ստեղծվել են նաև երաժշտական ստեղծագործություններ՝ Ֆրանկո Բատիատոյի «Գիլգամեշը» (Իտալիա), Բոգուսլավ Մարտինուի «Գիլգամեշի մասին էպոսը» (Չեխիա), Պեռ Նյորգորի «Գիլգամեշը» (Դանիա)։ Բարրի Թրուաքսն ստեղծել է «Գիլգամեշ» երաժշտական միստերիան (ԱՄՆ), որ բեմադրվել է Ու. Մարանդի լիբրետոյով, իսկ Էնդրյու Օրդովերը գրել է «Գիլգամեշ» երաժշտական դրաման։ Դրանից բացի՝ «Գիլգամեշի մասին էպոսին» է նվիրված գիտական ու գիտահանրամատչելի հսկայածավալ գրականություն[16]։
«Գիլգամեշի մասին էպոսը» հիմք է ծառայել մի շարք գրական ստեղծագործությունների համար։ Դրանցից է Ստանիսլավ Լեմի «Գիգամեշ» պատմվածքը, որ ներառված է «Բացարձակ դատարկություն» («ռուս.՝ Абсолютная пустота») ժողովածուում (1971)[35]։ Գիլգամեշն ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Սիլվերբերգի ֆանտաստիկական շարքի գլխավոր հերոսն է, որում ներառված են «Արքա Գիլգամեշ» (1984) վեպն ու երեք վիպակներ՝ «Ամեն մեկն իր Դժոխքն ունի» (անգլ.՝ Gilgamesh in the Outback, 1986), «Զզվանքի հմայքը» (անգլ.՝ The Fascination of the Abomination, 1987) և «Գիլգամեշն Ուրուկում» (անգլ.՝ Gilgamesh in Uruk, 1988), որոնք 1989 թվականին միավորվել են և վերածվել վեպի՝ «Դեպի ողջերի երկիրը» (անգլ.՝ To the Land of the Living)[36]։
«Գիլգամեշի մասին էպոսը»՝ որպես համեմատական նյութ, հաճախ օգտագործում են հոգեվերլուծական, նեոմիֆոլոգիական ու մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչներ՝ այն օգտագործելով իրենց տեսությունները ներկայացնելու համար։ Մասնավորապես դրանց թվին են պատկանում անգլիացի հետազոտող Բաուրան և խորհրդային գրականագետ Ելեազար Մելետինսկին, որ ուսումնասիրել են հերոսական էպոսի ծագման ու զարգացման խնդիրները[17]։
2014 թվականին «Գիլգամեշի մասին էպոսի» երկու գլխավոր հերոսների անուններով են կոչվել մրջյունների երկու նոր տեսակներ՝ Tetramorium gilgamesh և Tetramorium enkidu[37]։
Ուսումնասիրողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում ջրհեղեղի նկարագրությունը, որ տրված է էպոսի XI աղյուսակում (տողեր 9-199)։ Դրանում Ուտնապիշտիմը Գիլգամեշին պատմում է այն մասին, թե ինքը եղել միակը, որ կենդանի է մնացել տարերային աղետից հետո։ Այդ պատմության գեղարվեստական թարգմանությունն առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականի դեկտեմբերին Ջորջ Սմիթի կողմից «Խալդերի պատկերացումները ջրհեղեղի մասին» խորագրով և մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում[5]։
1914 թվականին Առնո Պյոբելը հրատարակել է շումերական պնակիտի մի հատված, որ պարունակում է ջրհեղեղի նկարագրությունը։ Ըստ ամենայնի՝ հենց այդ տեքստն է ջրհեղեղի մասին այն պատմության սկզբնաղբյուրը, որը հետագայում անքակտելիորեն կապվել է էպոսի հետ[14][24]։
Շատ ուսումնասիրողներ ուշադրություն են դարձրել էպոսում նկարագրված ջրհեղեղի նմանությանը Համաշխարհային ջրհեղեղին, որի մասին պատմվում է Աստվածաշնչում։ Արդյունքում ենթադրվել է, որ Աստվածաշնչում ներկայացված ջրհեղեղի նկարագրությունը գալիս է հենց «Գիլգամեշի մասին էպոսից»։ Այդ վարկածն օգտագործվել է որպես Աստվածաշնչի՝ Աստծո ներշնչմամբ գրված լինելու փաստը հերքող ապացույցներից մեկը[5]։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն, որ ջրհեղեղի մասին լեգենդներ գոյություն ունեն մերձավորարևելյան բազմաթիվ ժողովուրդների մոտ, կա վարկած այն մասին, որ և՛ «Գիլգամեշի մասին էպոսը», և՛ Աստվածաշունչը ջրհեղեղի մասին վկայությունը վերցրել են նույն աղբյուրից[38][39]։
Ուսումնասիրողները Աստվածաշնչում նկատել են նաև այլ զուգահեռներ էպոսի հետ։ Մասնավորապես նմանություններ կան Էնկիդուի ու Շամհաթի և աստվածաշնչյան Ադամի ու Եվայի պատմությունների միջև[40]։ Աստվածների տիրուհի Սիդուրիի՝ Գիլգամեշին ուղղված խոսքերը (պնակիտ X) գրեթե կրկնվում են «Ժողովողում» (Ժղ. 9:7—10)[41]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.