From Wikipedia, the free encyclopedia
Աորտալ անբավարարություն (հայտնի է նաև աորտալ հետհոսք անունով), աորտայի փականի անբավարարություն, որի դեպքում փորոքային դիաստոլայի ժամանակ արյունը հետ է հոսում աորտայից դեպի ձախ փորոք։ Որպես հետևանք, ձախ փորոքը գերծանրաբեռնվում է և ստիպված ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում[4]։
Աորտալ անբավարարություն | |
---|---|
Միքսոմատոզ դեգեներացիայի մանրադիտակային պատկեր, ինչը հանդիսացել է աորտալ անբավարարության պատճառ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Աորտայի արմատի լայնացում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Հևոց՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ, օրթոպնոե, պարոքսիզմալ գիշերային հևոց, սրտխփոց, կրծքային հեղձուկ, ցիանոզ (սուր դեպքերում)[1] |
Հետևանք | Կորիգանի նշան |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Հոմանիշներ | Աորտալ ռեգուրգիտացիա, աորտայի անբավարարություն, աորտայի փականի անբավարարություն |
Ախտորոշում | Էխոկարդիոգրաֆիա[2] |
Բուժում | Անոթալայնիչներ (կախված հիվանդի վիճակից, կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն)[1][3] |
Aortic valve insufficiency Վիքիպահեստում |
Աորտալ անբավարարության ախտանիշները նման են սրտային անբավարարության ախտանիշներին և ներառում են[1]՝
Աորտալ անբարարություն հաճախ առաջանում է աորտայի արմատի լայնացման ժամանակ, ինչը 80% դեպքերում իդիոպաթիկ է, սակայն կարող է առաջանալ նաև տարիքի հետ միասին։ Այլ պատճառներից են սիֆիլիսի ժամանակ աորտայի ախտահարումը, ոսկրագոյացման թերությունը (անգլ.՝ Osteogenesis Imperfecta), Բեխչետի հիվանդությունը, աորտայի շերտազատումը, ռեակտիվ արթրիտը, զարկերակային հիպերտենզիան[1]։ Աորտայի արմատի լայնացումն աորտալ անբավարարության ամենահաճախ հանդիպող պատճառն է զարգացած երկրներում[5]։ Աորտալ անբավարարությունը նաև կապված է որոշակի դեղորայքի հետ՝ ֆենֆլուրամին կամ դեքսֆենֆլուրամին պարունակող դեղորայքի, դոֆամինային համազդիչների հետ[6][7]։ Այլ պատճառներից են Մարֆանի համախտանիշը, Էհլերս-Դանլոյի հիվանդությունը, Բեխտերևի հիվանդությունը, համակարգային կարմիր գայլախտը։ Սուր դեպքերում պատճառներն են ինֆեկցիոն էնդոկարդիտը, աորտայի շերտազատումը, վնասվածքը[1]։
Նորմայում, երբ աորտայում ճնշումն ավելի բարձր է, քան ձախ փորոքում, աորտալ փականը ճնշման ազդեցության տակ փակվում է, սակայն ամբողջությամբ չփակվելու դեպքում արյան մի մասը հետ է հոսում դեպի ձախ փորոք։ Սա նշանակում է, որ սրտից մղված արյան մի մասը նորից հետ է հոսում դեպի սիրտ և ծանրաբեռնում այն։ Հետհոսք կատարող արյան մասն անվանում են ռեգուրգիտացիոն ֆրակցիա։ Արյան հետհոսքն առաջացնում է աորտայի դիաստոլիկ ճնշման իջեցում, բայց պուլսային ճնշման մեծացում։ Դիաստոլիկ ճնշումն իջնում է այն պատճառով, որ արյան մի մասը դիաստոլայի ժամանակ հետ է լցվում ձախ փորոք և աորտայում գտնվող արյան ծավալը փոքրանում է[8][9]։
Մինչդեռ արյան դիաստոլիկ և պուլսային ճնշումները փոփոխվում են, սիստոլիկ ճնշումը մնում է նորմալ կամ թեթևակի բարձրանում է։ Այն մնում է նորմալ երիկամների ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի գործելու շնորհիվ, ինչը փոխհատուցում է նվազած սրտային արտամղումը[10]։ Կատեխոլամիններն արագացնում են սրտի ռիթմը և ուժեղացնում փորոքային կծկումը, ինչը բերում է սրտային արտամղման մեծացման։ Կատեխոլամինները նաև մեծացնում են ծայրամասային անոթների դիմադրությունը, ինչը բերում է անոթային դիմադրության մեծացման և ներքին օրգանների համապատասխան արյունամատակարարման[11]։ Ռենինը պրոտեոլիտիկ ֆերմենտ է, որը վերածում է անգիոտենզինոգենն անգիոտենզին I-ի, ինչը հետագայում կվերածվի անգիոտենզին II-ի[12]։ Քրոնիկ աորտալ անբավարարության պատճառով զարգանում է սրտային անբավարարություն, ինչի ժամանակ փոխվում է նաև սիստոլիկ ճնշումը[13]։ Աորտալ անբավարարությունն առաջացնում է և՛ ծավալով (նախաբեռնվածության մեծացում), և՛ ճնշումով (հետբեռնվածության մեծացում) գերծանրաբեռնում[14]։
Ծավալով գերծանրաբեռնումը բերում է ձախ փորոքի հիպերտրոֆիայի[9]։ Հայտնաբերվում է և՛ կոնցենտրիկ, և՛ էկցենտրիկ հիպերտրոֆիա աորտալ անբավարարության ժամանակ։ Կոնցենտրիկ հիպերտրոֆիան զարգանում է ձախ փորոքում եղած բարձր ճնշման պատճառով, իսկ էկցենտրիկ հիպերտրոֆիան զարգանում է ծավալով գերծանրաբեռնման պատճառով[15]։
Ֆիզիոլոգիապես նորմալ վիճակում աորտալ փականը բացվում է միայն այն ժամանակ, երբ ճնշումը ձախ փորոքում ավելի մեծ է, քան աորտայում։ Դա թույլ է տալիս դուրս մղել արյունը ձախ փորոքից դեպի աորտա սիստոլայի ընթացքում։ Սրտից դուրս մղված արյան քանակը կազմում է սրտի հարվածային ծավալը։ Նորմայում ձախ փորոքում լցված արյան >50% մասը սիստոլայի ընթացքում լցվում է աորտա։ Փորոքային սիստոլայից հետո փորոքը թուլանում և լցվում է ձախ նախասրտից եկող արյունով։ Ձախ փորոքի թուլացումն (դիաստոլա) առաջացնում է ճնշման անկում վերջինիս խոռոչում։ Երբ ճնշումն ավելի ցածր է դառնում, քան աորտայում, աորտալ փականը փակվում է և կանխում արյան հետհոսքը դեպի ձախ փորոք[16][17][18]։
Աորտալ հետհոսքը հայտնաբերելու համար օգտագործում են էխոկարդիոգրաֆիան, որը թույլ է տալիս ստանալ հետհոսքի ալիքի երկչափ պատկերը, չափել ծավալը և հետհոսքի արագությունը[2]։ Ըստ Ամերիկյան Սրտաբանության Քոլեջի/Սրտի Ամերիկյան Ասոցացիայի 2012 թվականին հրապարակած ուղեցույցերի՝ ծանր աորտալ հետհոսքի ժամանակ հայտնաբերվում են[20][21]՝
Կրծքի ռենտգեն հետազոտությունը կարող է օգնել ախտորոշում կատարելիս։ Ռենտգեն հետազոտության ժամանակ կհայտնաբերվի ձախ փորոքի հիպերտրոֆիա և լայնացած աորտա։ Էլեկտրասրտագրությունով կհայտնաբերվի ձախ փորոքի հիպերտրոֆիա։ Սրտի խոռոչների կաթետերիզացիան օգնում է պարզել հետհոսքի ծանրության աստիճանը և ձախ փորոքի ֆունկցիայի խանգարման աստիճանը[1]։
Աորտալ անբավարարության ֆիզիկալ հետազոտությունը ներառում է աուսկուլտացիան, որի ժամանակ հայտնաբերվում է աորտալ անբավարարության աղմուկ և սրտի երրորդ տոն՝ S3 տոն (այդ ձայնի ի հայտ գալն ուղիղ համեմատական է ձախ փորոքի ֆունկցիայի խանգարմանը)[1]։ Քրոնիկ աորտալ անբավարարության աղմուկը նկարագրվում է որպես վաղ դիաստոլիկ, դեկրեսչենդո տիպի աղմուկ, որն առավել լավ լսվում է ձախից՝ երրորդ միջկողային տարածությունում և կարող է տարածվել դեպի կրծոսկրի ձախ սահման[22]։
Հարվածային ծավալի մեծացման դեպքում աորտայի լսման կետում կարող է լսվել սիստոլիկ աղմուկ։ Աորտալ ստենոզի դեպքում աղմուկից առաջ լսվում է նաև սիստոլիկ չխկոց։ Կարող է լսվել նաև Աուստին Ֆլինտի աղմուկ[1], որը սրտի գագաթում լսվող միջնադիաստոլիկ աղմուկ է։ Այն առաջանում է, երբ հետհոսք կատարող արյան շիթը մասնակիորեն թակում է միտրալ փականի առաջային թերթիկը։ Աորտալ անբավարարության ժամանակ լինում է բարձր պուլսային ճնշում և արագ ճնշման անկում դիաստոլայի ժամանակ, որովհետև դիաստոլայի ընթացքում արյունը մասնակիորեն հետ է լցվում ձախ փորոք և ճնշումը զարկերակներում ընկնում է[23]։ Ֆոնոկարդիոգրամմայով հստակ հայտնաբերվում են աորտալ անբավարարության աղմուկները[24]։
Աորտալ անբավարարության նշաններն են՝
Աորտալ անբավարարության հեմոդինամիկ հետևանքները կախված են անբավարարության առաջացման արագությունից[28]։ Ըստ առաջացման արագության՝ աորտալ անբավարարությունը կարող է լինել սուր և քրոնիկ։
Աորտալ անբավարարությունը կարող է բուժվել դեղորայքային կամ վիրահատական ճանապարհով՝ կախված վիճակի սրությունից, ախտանիշների և նշանների առկայությունից, ձախ փորոքի գործառույթի խանգարման աստիճանից[5][31]։ Անախտանիշ հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել վիրահատական բուժում, եթե հարվածային ծավալը 50% է կամ դրանից քիչ, առկա է ձախ փորոքի ծանր և հարաճուն լայնացում, առկա են արտահայտված ախտանիշներ։ Վիրահատությունը խորհուրդ է տրվում կատարել մինչ հարվածային ծավալի վատացումը, քանզի դա իջեցնում է հանկարծամահության հավանականությունը և իջեցնում է վիրահատության հետ կապված մահվան հավանականությունը։ Վիրահատությունը կատարվում է անհետաձգելի կերպով սուր վիճակների դեպքում[1][5]։
Անախտանիշ և կայուն աորտալ անբավարարության դեպքում դեղորայքային բուժումը ներառում է անոթալայնիչներ[1]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՓՖ պաշարիչների, անգիոտենզին II-ի ընկալիչների պաշարիչների, նիֆեդիպինի և հիդրալազինի օգտագործումը ցույց է տվել կարճ ժամանակում դրական արդյունք (ձախ փորոքի վրա ճնշման իջեցում, արտամղման ֆրակցիայի բարելավում)[5]։ Այս տեսակի դեղորայքների օգտագործումն իջեցնում է հետբեռնվածությունը, ինչի շնորհիվ ձախ փորոքի վրա ծանրաբեռնվածությունն իջնում է[32]։ Հետհոսք կատարող արյան ծավալը կարող է զգալիորեն չիջնել, քանզի բուժման սկզբում ճնշման տարբերությունն աորտայի և ձախ փորոքի միջև զգալի չի լինում։ Այլ պահպանողական բուժման միջոցներից են աղի սահմանափակումով սննդակարգը, միզամուղները, դիգօքսինը, կալցիումական պաշարիչները, ծանր ֆիզիկական աշխատանքից խուսափելը[1]։
2007 թվականից սկսած Սրտի Ամերիկյան Ասոցացիան խորհուրդ չի տալիս կատարել աորտալ անբավարարությունով մարդկանց մոտ էնդոկարդիտի կանխարգելիչ հակաբիոտիկային բուժում վիրահատությունից առաջ[33]։ Այլևս խորհուրդ չի տրվում կատարել փականային խնդիրներով մարդկանց մոտ էնդոկարդիտի հակաբիոտիկային կանխարգելում՝ ստամոքսաղիքային կամ միզասեռական ուղիների վրա կատարվող միջամտություններից առաջ[33]։ Սրտի սթրեսային թեստերով կարելի է ի հայտ բերել մարդկանց, որոնց հնարավոր կլինի ենթարկել վիրահատական միջամտության[34]։ Ռադիոնուկլիդային հետազոտությունն օգտակար է սիստոլայի ժամանակ սթրեսի հաշվարկման ժամանակ[35]։
Աորտալ անբավարարության վիրահատական բուժումն աորտալ փականի փոխարինումն է[3]։ Ներկայումս այս վիրահատությունը կատարվում է բաց եղանակով։ Սուր աորտալ անբավարարության դեպքում բոլոր մարդկանց պետք է կատարել անհետաձգելի վիրահատական միջամտություն, եթե բացակայում են վիրահատության բացարձակ հակացուցումները[5][36]։ Բակտերեմիայով մարդկանց վիրահատությունը չպետք է հետաձգել մինչ կկատարվի էնդոկարդիտի հակաբիոտիկային կանխարգելում, քանզի սուր աորտալ անբավարարությունը կապված է բավականին բարձր մահացության հետ։ Հնարավորության դեպքում պետք է կատարել աորտալ փականի արհեստական փականով փոխարինում[37][38]։
Ախտանիշներ | Արտամղման ֆրակցիա | Հավելյալ հայտնաբերված նշաններ |
---|---|---|
Առկա են (Սրտի Նյու-Յորքյան ասոցացիա (NYHA) II-IV դաս) | Ցանկացած | Բացակայում են |
Բացակայում են | > 50% | Ֆիզիկական ծանրաբեռնվածության ոչ նորմալ արդյունքներ, Ձախ փորոքի ոչ նորմալ լայնացում (փորոքի սիստոլիկ շառավիղը՝ >55 մմ) |
Բացակայում են | <=50 % | Բացակայում են |
Սրտի վիրահատություն այլ պատճառով (պսակային զարկերակների հիվանդություն, այլ փականների հետ կապված խնդիրներ, վերել աորտայի անևրիզմա) |
Լայնացած փորոք, նորմալ արտամղման ֆրակցիա, անախտանիշ վիճակ ունեցող աորտալ անբավարարությունով մարդկանց մահվան հավանականությունը տարեկան 0.2 % է։ Ռիսկը մեծանում է, եթե արտամղման ֆրակցիան իջնում է կամ զարգանում են բնորոշ ախտանիշները[36]։
Քրոնիկ աորտալ անբավարարությունով մարդիկ առաջին ախտանիշի ի հայտ գալուց հետո անցնում են բուժման կուրս, ինչից հետո անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատական միջամտություն։ Վիրահատություն չկատարելու դեպքում մահացությունը քրոնիկ աորտալ անբավարարության դեպքում 10-ից 20 % է։ Ձախ փորոքի ֆունկցիայի խանգարումն ուղղակիորեն կապ ունի աորտալ անբավարարության դեպքի ծանրության հետ[5][39]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.