Գերճնշում կամ արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, քրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է[1]։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Գերճնշում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հետևանք | Սրտային անբավարարություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն և hypertensiology? |
ՀՄԴ-9 | 401401-405405 |
ՀՄԴ-10 | I10-I1515. |
Hypertension Վիքիպահեստում |
Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի[2]։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։
Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների (օրինակ՝ աորտայի անևրիզմայի), ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տևողության (անգլ.՝ life expectancy) կրճատման հետ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։
Նշաններ և ախտանիշեր
Գերճնշումը հազվադեպ է ուղեկցվում որևէ ախտանիշով և սովորաբար այն հայտնաբերվում է ծրագրված բժշկական հետազոտությունների (սկրինինգ) միջոցով կամ առողջական այլ խնդրի պատճառով բուժօգնության դիմելու արդյունքում։ Արյան բարձր ճնշում ունեցողների մի մասը նշում են գլխացավ (հատկապես ծոծրակային շրջանում և առավոտյան ժամերին), ինչպես նաև գլխապտույտ, ականջներում խշշոցի զգացողություն, տեսողական խանգարումներ կամ ուշագնացություն[3]։ Սակայն այս ախտանիշերն ավելի շատ կապված են ուղեկցող տագնապային վիճակի հետ, քան թե արյան բարձր ճնշման[4]։
Բժշկական զննման ժամանակ գերճնշման առկայության մասին կարելի է մտածել ցանցենու գերճնշումային ախտահարման (հիպերտենզիվ ռետինոպաթիա) առկայության դեպքում, որը հայտնաբերվում է ակնադիտակի (օֆթալմոսկոպ) օգնությամբ ակնահատակի զննման միջոցով[5]։ Ընդունված մոտեցման համաձայն ցանցենու գերճնշումային ախտահարման հետևանքով առաջացած փոփոխությունների չորս աստիճան են տարբերում՝ I–IV, սակայն աստիճանները միմյանցից տարբերակելը երբեմն կարող է դժվար լինել[5]։ Ակնադիտման (օֆթալմոսկոպիա) արդյունքում ստացված տվյալները կարող են նաև ցույց տալ, թե հիվանդի մոտ որքան ժամանակ է առկա արյան բարձր ճնշումը[3]։
Երկրորդային գերճնշում
Որոշ լրացուցիչ նշաններ կարող են վկայել երկրորդային գերճնշման առկայության մասին, այսինք ճնշման բարձրացում, որի պատճառը հանդիսանում է որևէ հիվանդություն, ինչպիսին կարող են լինել երիկամների հիվանդությունները կամ ներզատական համակարգի հիվանդությունները։ Օրինակ՝ կենտրոնական կամ որովայնային ճարպակալումը, գլյուկոզայի հանդեպ ընկալունակության խանգարումը, լուսնանման դեմքը, «ցլի կուզը» (ճարպի կուտակումը պարանոցի հետին մակերեսին) և բոսորագույն զոլերը վկայում են Կուշինգի համախտանիշի մասին[6]։ Վահանագեղձի հիվանդությունները և ակրոմեգալիան նույնպես կարող են առաջացնել ճնշման բարձրացում և ունեն բնորոշ ախտանիշեր և նշաններ[6]։ Աուսկուլտացիայի ժամանակ որովայնային աղմուկը կարող է հուշել երիկամային զարկերակի նեղացման առկայության մասին, իսկ ստորին վերջույթներում արյան ճնշման իջեցումը և/կամ ազդրային զարկերակի վրա անոթազարկի բացակայությունը կամ ուշացումը կարող են լինել աորտայի կոարկտացիայի (աորտայի սկզբնամասի նեղացում) ժամանակ։ Անկայուն կամ նոպայանման գերճնշումը՝ զուգակցված գլխացավի, սրտխփոցի, գունատության և քրտինքի հետ պետք է առաջացնի ֆեոխրոմոցիտոմայի կասկած[6]։
Գերճնշումային կրիզ
Արյան ճնշման կտրուկ բարձրացումը (սիստոլիկ ճնշումը՝ 180 և ավելի, դիաստոլիկը՝ 110 և ավելի) կոչվում է «գերճնշումային կրիզ», քանի որ այս մակարդակից բարձր արյան ճնշման դեպքում առաջանում է բարդությունների առաջացման վտանգ։ Արյան այսպիսի ճնշման դեպքում հնարավոր է ոչ մի ախտանիշեր չլինեն, սակայն որոշ դեպքերում գրանցվում են գլխացավ (22% դեպքերում)[7] և գլխապտույտ[3]։ Գերճնշումային կրիզի հետ կապված այլ ախտանիշերից են՝ տեսողական խանգարումները, հևոցը՝ սրտային անբավարարության պատճառով կամ ինքնազգացողության ընդհանուր վատացումը՝ երիկամային անբավարարության պատճառով[6]։ Գերճնշումային կրիզով անձանց մեծ մասի մոտ առկա է ճնշման պարբերաբար բարձրացում, սակայն որոշակի դրդիչ գործոններ, հնարավոր է առաջացնեն ճնշման կտրուկ բարձրացում[8]։
«Գերճնշումային անհետաձգելի վիճակ» (անգլ.՝ hypertensive emergency), նախկինում՝ «չարորակ գերճնշում», ախտորոշվում է, երբ կան մեկ կամ ավելի օրգանների՝ արյան ճնշման բարձրացման հետևանքով ուղղակիորեն վնասման նշաններ։ Մասնավորապես՝ գլխուղեղի գերճնշումային ախտահարում (հիպերտենզիվ էնցեֆալոպաթիա), որն առաջանում է ուղեղանյութի այտուցի ու ֆունկցիայի խանգարման արդյունքում և բնորոշվում է գլխացավով և գիտակցության խանգարումով (գիտակցության մթագնում կամ քնկոտություն)։ Աչքի ցանցենու պտկիկի այտուցը և/կամ ակնահատակի արյունազեղումն ու արտաքիրտի (էքսուդատ) առկայությունը թիրախ օրգանի վնասման մեկ այլ նշան է։ Հետկրծոսկրային ցավը կարող է վկայել սրտամկանի վնասման (ինչը կարող է հարաճել մինչև սրտամկանի ինֆարկտ), երբեմն նաև՝ աորտայի շերտազատման մասին (աորտայի ներքին շերտի պատռվածք)։ Հևոցը, հազը և արյան հետքերով խորխի առկայությունը թոքերի այտուցին բնորոշ նշաններ են, ինչը թոքերի հյուսվածքի լցվածությունն է հեղուկով՝ ձախ փորոքային անբավարարության հետևանքով, երբ սրտի ձախ փորոքը ի վիճակի չէ համարժեք քանակի արյուն արտամղել թոքերից դեպի մեծ շրջանառության զարկերակային համակարգ[8]։ Կարող է զարգանալ նաև երիկամների ֆունկցիայի արագ խանգարում և մանր արյունատար անոթների ախտահարման հետևանքով զարգացած արյունալուծական սակավարյունություն (միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա)[8]։ Այսպիսի իրավիճակներում պարտադիր է արագ կերպով իջեցնել արյան ճնշումը, որպեսզի օրգանների վնասումը չշարունակվի[8]։ «Գերճնշումային շտապ վիճակ»–ների (անգլ.՝ hypertensive urgency) դեպքում, երբ չկան թիրախ օրգանների վնասման նշաններ, արյան ճնշման շատ արագ իջեցումը հիմնավորված չէ և կարող է վտանգավոր լինել[6]։ «Գերճնշումային շտապ վիճակ»-ների դեպքում նախընտրելի է դեղահաբերով արյան ճնշումը աստիճանաբար կարգավորել 24–ից 48 ժամվա ընթացքում[8]։
Հղիության ընթացքում
Հղիների շուրջ 8–10%–ի մոտ հայտնաբերվում է ճնշման բարձրացում[6]։ Հղիության ընթացքում գերճնշում ունեցող կանանց մեծ մասը մինչև հղիությունն ունենում է առաջնային գերճնշում, սակայն հղիության ընթացքում արյան բարձր ճնշումը կարող է լինել պրեէկլամպսիայի առաջին նշանը, որն իրենից ներկայացնում է հղիության երկրորդ կեսի ընթացքում և հետծննդաբերական շրջանում հանդիպող բավականին լուրջ վիճակ[6]։ Պրեէկլամպսիան բնութագրովում է արյան ճնշման բարձրացումով և մեզի մեջ սպիտակուցների առկայությամբ (պրոտեինուրիա)[6]։ Այն հանդիպում է հղիությունների 5%–ի դեպքում և մայրական մահացության բոլոր դեպքերի շուրջ 16%–ի պատճառն է հանդիսանում[6]։ Պրեէկլամպսիան նաև կրկնապատկում է շուրջծննդյան (պերինատալ) մահացության վտանգը[6]։ Սովորաբար պրեէկլամպսիան չի դրսևորվում որևէ ախտանիշով և այն հայտնաբերվում է ծրագրված հետազոտությունների միջոցով։ Եթե պրեէկլամպսիան ընթանում է ախտանիշերով, ապա ամենահաճախներից են՝ գլխացավը, տեսողական խանգարումները (հաճախ՝ «առկայծումների» ձևով), փսխումը, էպիգաստրալ շրջանի ցավը և այտուցների առաջացումը։ Պրեէկլամպսիան կարող է երբեմն անցնել կյանքի համար վտանգավոր վիճակի՝ էկլամպսիայի, որը «գերճնշումային անհետաձգելի վիճակ» է և կարող է առաջացնել մի քանի լուրջ բարդություններ, որոնցից են՝ տեսողության կորուստը, գլխուղեղի այտուցը, ցնցումները, երիկամային անբավարարությունը, թոքերի այտուցը և տարածուն ներանոթային մակարդումը (արյան մակարդման խանգարում)[6][9]։
Նորածինների և երեխաների մոտ
Աճի դանդաղեցումը, ցնցումները, դյուրագրգռությունը, աշխուժության բացակայությունը և շնչառության դժվարեցումը[10] նորածինների և կրծքի տարիքի երեխաների մոտ կարող է կապված լինել ճնշման բարձրացման հետ։ Մանկահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ գերճնշումը կարող է լինել գլխացավի, անբացատրելի դյուրագրգռության, հոգնածության, աճի դանդաղեցման, տեսողության սրության իջեցման, քթային արյունահոսության և Բելի կաթվածի (դիմային նյարդի կաթվածի տարատեսակ) պատճառ[10][11]։
Պատճառ
Առաջնային գերճնշում
Առաջնային (էսենցիալ) գերճնշումը ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը կազմում է գերճնշման բոլոր դեպքերի 90–95%[2]։ Գրեթե բոլոր ժամանակակից հասարակություններում տարիքի հետ արյան ճնշումը բարձրանում է, համապատասխանաբար բարձրանում է նաև գերճնշման զարգացման վտանգը[12]։ Գերճնշումը գեներով պայմանավորված և արտաքին միջավայրում առկա գործոնների համալիր ազդեցության արդյունք է։ Հայտնաբերվել են մի շարք հաճախ հանդիպող գեների տեսակներ, որոնք ունեն թույլ ազդեցություն արյան ճնշման վրա[13], ինչպես նաև որոշ հազվադեպ հանդիպող գեներ, որոնք արյան ճնշման վրա ունեն զգալի ազդեցություն[14]։ սակայն գերճնշման գենետիկական հիմունքները դեռևս քիչ են պարզաբանված։ Կան մի քանի արտաքին գործոններ, որոնք ազդում են արյան ճնշման վրա։ Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝ կերակրի աղի քիչ օգտագործումը[15], մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ), ֆիզիկական վարժանքները[16], քաշի նվազեցումը[17] և ալկոհոլի օգտագործման սահմանափակումը[18]։ Ըստ երևույթին սթրեսը համեմատաբար փոքր դեր է խաղում[4] հատուկ հանգստացնող մեթոդների կիրառման դեպքում, որոնց արդյունավետությունը սակայն ապացուցված չէ[19]։ Այլ գործոնների հնարավոր դերը, ինչպիսիք են՝ կոֆեինի օգտագործումը[20] և D վիտամինի պակասը[21], հստակ չէ։ Համարվում է, որ ինսուլինի հանդեպ կայունությունը, որը հաճախ է հանդիպում ավելորդ քաշի դեպքում և X համախտանիշի (կամ նյութափոխանակային համախտանիշ) մաս է կազմում, նույնպես նպաստում է գերճնշման զարգացմանը[22]։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները նաև ցույց տվեցին, որ կյանքի վաղ ժամանակաշրջանում ազդած գործոնները (օրինակ՝ ցածր քաշը ծնվելու ժամանակ, հղիության ընթացքում մոր ծխելը և կրծքով հազվադեպ սնվելը) կարող են լինել ռիսկի գործոն՝ հասուն տարիքում էսենցիալ գերճնշման համար[23], սակայն այս ամենը բացատրող մեխանիզմը դեռևս պարզաբանված չէ[23]։
Երկրորդային գերճնշում
Երկրորդային գերճնշումը ունի որոշակի պատճառներ, որոնք կարելի է հայտնաբերել։ Գերճնշման երկրորդային պատճառներից ամենահաճախ հանդիպողը երիկամների հիվանդություններն են[6]։ Գերճնշումը կարող է լինել նաև ներզատական տարբեր խանգարումների հետևանք, ինչպիսիք են՝ Կուշինգի համախտանիշը, վահանագեղձի գերֆունկցիան (հիպերթիրոիդիզմ), վահանագեղձի թերֆունկցիան (հիպոթիրոիդիզմ), ակրոմեգալիան, Կոննի համախտանիշը կամ հիպերալդոստերոնիզմը, հարվահանագեղձի գերֆունկցիան (հիպերպարաթիրոիդիզմ) և ֆեոխրոմոցիտոման[6][24] Երկրորդային գերճնշման այլ պատճառներից են՝ ճարպակալումը (ավելորդ քաշ), շնչառության կանգը քնած ժամանակ (անգլ.՝ sleep apnoea), հղիությունը, աորտայի կոարկտացիան, մատուտակի չափից շատ օգտագործումը, որոշ դեղամիջոցներ, դեղաբույսեր և անօրինական թմրանյութեր[6][25]։
Ախտածագում
Հաստատված առաջնային գերճնշումով անձանց մեծ մասի մոտ հայտնաբերվում է արյան հոսքի նկատմամբ մեծ դիմադրություն (ընդհանուր ծայրամասային դիմադրություն)՝ սրտի արտամղման ծավալի նորմալ արժեքների պայմաններում[26]։ Կան տվյալներ, որ նախագերճնշումային վիճակում գտնվող կամ «սահմանային ճնշում» ունեցող որոշ երիտասարդների մոտ առկա է սրտի արտամղման ծավալի մեծացում, սրտի զարկերի հաճախացում և նորմալ ծայրամասային դիմադրություն, որն անվանվում է հիպերկինետիկ սահմանային գերճնշում[27]։ Այս անձանց մոտ հետագայում զարգանում են առաջնային գերճնշմանը բնորոշ նշաններ․ սրտի արտամղման ծավալն իջնում է և ծայրամասային դիմադրությունը բարձրանում է տարիքի հետ[27]։ Փոփոխությունների այսպիսի ընթացքի վերագրումը գերճնշում ունեցող բոլոր անձանց հիմնավորված չէ[28]։ Գերճնշման դեպքում ծայրամասային դիմադրության բարձրացումը հիմնականում պայմանավորված է փոքր զարկերակների և զարկերակիկների կառուցվածքային նեղացումով[29], սակայն մազանոթների քանակի կամ խտության նվազումը ևս կարող է նպաստել ճնշման բարձրացմանը[30]։ Գերճնշումը նաև կապված է ծայրամասային երակների առաձգականության (անգլ.՝ venous compliance) իջեցման հետ[31], ինչը կարող է մեծացնել երակային վերադարձը, սրտի նախաբեռնվածությունը և վերջապես կարող է առաջացնել դիաստոլիկ դիսֆունկցիա (սրտի թուլացման փուլի՝ դիաստոլայի արդյունավետության իջեցում)։ Ակտիվ անոթակծկանքը առաջնային գերճնշման զարգացման մեջ դեր խաղում է, թե ոչ, վերջնականապես պարզված չէ[32]։
Անոթազարկային ճնշումը (արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումների տարբերությունը) գերճնշում ունեցող տարեց անձանց մոտ շատ դեպքերում բարձրացած է։ Սա նշանակում է, որ սիստոլի ճնշումը նորմայից բարձր է, սակայն դիաստոլիկ ճնշումը կարող է լինել նորմայի սահմաններում կամ ցածր. այս վիճակը կոչվում է մեկուսացված սիստոլիկ գերճնշում[33]։ Բարձր անոթազարկային ճնշումը տարեց անձանց մոտ բացատրվում է զարկերակների պատերի պնդության մեծացումով, որը սովորաբար լինում է տարիքի ավելացման հետ և ավելի է խորանում արյան բարձր ճնշման դեպքում[34]։
Գերճնշման դեպքում ծայրամասային դիմադրության բարձրացումը բացատրող տարբեր մեխանիզմներ են առաջարկվել։ Մեծ մասամբ տվյալները վկայում են երիկամների կողմից ջրաաղային կարգավորման խանգարման (մասնավորապես՝ խանգարումներ ներերիկամային ռենին–անգիոտենզինային համակարգում)[35] և/կամ սիմպաթիկ նյարդային համակարգում խանգարումների առկայության մասին[36]։ Այս մեխանիզմները միմյանց չեն բացառում և ամենայն հավանականությամբ երկուսն էլ դեր են խաղում էսենցիալ գերճնշման առաջացման ընթացքում։ Առաջարկվել է նաև այլ մեխանիզմ, ըստ որի գերճնշման ժամանակ ծայրամասային դիմադրության մեծացմանը և անոթների վնասմանը նպաստում են նաև էնդոթելային դիսֆունկցիան (անոթների ներքին մակերեսը ծածկող շերտի ֆունկցիայի խանգարում) և անոթներում բորբոքային գործընթացները[37][38]։
Ախտորոշում
Համակարգը | Հետազոտությունը |
---|---|
Երիկամներ | Մեզի ուսումնասիրություն, սպիտամիզություն, արյան մեջ միզանյութը և/կամ կրեատինինը |
Ներզատական համակարգ | Արյան շիճուկում նատրիումի, կալիումի, կալցիումի, վահանագեղձը խթանող հորմոնի (թիրեոտրոպ հորմոն) որոշում |
Նյութափոխանակային | Արյան մեջ գլյուկոզայի, բարձր խտության լիպոպրոտեիդների, ցածր խտության լիպոպրոտեիդների, ընդհանուր խոլեսթերինին, տրիգլիցերիդների որոշումը |
Այլ | Հեմատոկրիտի որոշում, էլեկտրասրտագիր և կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
Աղբյուրներ։ Harrison's principles of internal medicine[39], այլ[40][41][42][43][44] |
Գերճնշումն ախտորոշվում է արյան ճնշման՝ կայուն կերպով բարձրացման հիման վրա։ Ընդունված կարգի համաձայն[45] պետք է մեկամսյա ընդմիջումներով երեք առանձին չափումներ կատարել՝ ճնշաչափի օգնությամբ[46]։ Գերճնշումով անձանց վիճակի առաջնային գնահատումը պետք է ներառի անամնեստիկ տվյալների (հիվանդության պատմություն) հավաքագրումը և բժշկական զննումը։ Ամբուլատոր պայմաններում արյան ճնշման 24–ժամյա հսկողության հնարավորության և տնային պայմաններում արյան ճնշման հսկողության սարքավորումների առկայությունը շատ կարևոր է այսպես կոչված «սպիտակ խալաթային գերճնշում» (անգլ.՝ White Coat Hypertension) ունեցող անձանց (այս անձանց մոտ հիվանդանոցներում գրանցվում է արյան բարձր ճնշում, այլ վայրերում՝ նորմալ, ենթադրվում է, որ պատճառը վախն է կամ հուզմունքը) մոտ սխալ ախտորոշում չդնելու համար։ Միացյալ թագավորությունում ներկայումս կիրառվող լավագույն տարբերակ է համարվում կլինիկայում հայտնաբերված բարձր ճնշման դեպքում շարունակել մշտադիտարկումը ամբուլատոր կամ տնային (որն ավելի քիչ նախընտրելի է) պայմաններում 7 օրերի ընթացքում[45]։ Տարեց անձանց մոտ հանդիպող կեղծ գերճնշման (պսևդոհիպերտենզիա) դեպքում նույնպես հետազոտության կարիք կա։ Համարվում է, որ այս վիճակը զարկերակների կրակալման արդյունք է, որի դեպքում արտաքինից ճնշաչափը գրանցում է արյան ճնշման նորմայից բարձր արժեքներ այն դեպքում, երբ ներզարկերակային չափման դեպքում արյան ճնշումը նորմայի սահմաններում է[47]։
Երբ գերճնշում ախտորոշումն արդեն հաստատված է, բժիշկը պետք է փորձի պարզել նրա պատճառները՝ առկա ռիսկի գործոնների և ախտանիշերի վերլուծության միջոցով։ Երեխաների մոտ երկրորդային գերճնշումը հաճախ հանդիպում է նախադեռահասային տարիքում և դեպքերի մեծամասնությունում երիկամների հիվանդությունների հետևանք է, իսկ առաջնային կամ էսենցիալ գերճնշումը ավելի հաճախ հանդիպում է դեռահասային տարիքի երեխաների մոտ և ունի բազմաթիվ ռիսկի գործոններ, որոնցից են ավելորդ քաշը և ընտանիքում գերճնշման դեպքերը[48]։ Լաբորատոր հետազոտություններ նույնպես կարող են անցկացվել, որոնք կօգնեն պարզել երկրորդային գերճնշման հնարավոր պատճառները, ինչպես նաև որոշել գերճնշման արդյունքում սրտի, աչքերի և երիկամների վնասման առկայությունը։ Սովորաբար կատարվում են նաև լրացուցիչ հետազոտություններ՝ շաքարային դիաբետի և խոլեստերինի բարձր պարունակության որոշման համար, քանի որ այս վիճակները սրտի հիվանդությունների զարգացման համար լրացուցիչ ռիսկի գործոններ են հանդիսանում և բուժման կարիք ունեն[2]։
Որոշվում է արյան շիճուկում կրեատինինի մակարդակը, որպեսզի գնահատվի երիկամների հիվանդությունների առկայությունը, որոնք կարող են լինել գերճնշման ինչպես պատճառները այնպես էլ հետևանքները։ Միայն շիճուկի կրեատինինի որոշումը կարող է երիկամների կծիկներում ֆիլտրացիայի արագությունը իրականից ավելի բարձր գնահատել, այդ պատճառով էլ վերջին հանձնարարականները խորհուրդ են տալիս ֆիլտրացիայի արագությունը հաշվել կանխատեսող բանաձևերի օգնությամբ, որոնք բացի կրեատինինի մակարդակից, հաշվի են առնում նաև այլ գործոններ (օրինակ՝ տարիք, սեռ, ռասա և այլն)[1]։ Կծիկների ֆիլտրացիայի արագությունը կարող է հանդիսանալ երիկամների ֆունկցիայի գնահատման միջոց և կարող է օգտագործվել որոշ հակագերճնշումային դեղամիջոցների՝ երիկամների վրա ունեցած կողմնակի ազդեցությունները գնահատվելու համար։ Մեզի ուսումնասիրությունը՝ սպիտակուցների հայտնաբերման նպատակով կիրառվում է որպես երիկամների հիվանդությունների հայտնաբերման երկրորդային ցուցանիշ։ Էլեկտրասրտագրային (էլեկտրակարդիոգրամ) ուսումնասիրությունը կատարվում է, որպեսզի պարզվի արյան բարձր ճնշման հետևանքով սրտի՝ «լարված» վիճակում գտնվելու փաստը։ Այս ուսումնասիրությունը նաև կարող է ցույց տալ սրտամկանի գերաճի (պատի հաստեցման) առկայությունը կամ նախկինում տեղի ունեցած փոքր խանգարումները, օրինակ՝ անախտանիշ ընթացքով սրտամկանի ինֆարկտները։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն և/կամ էխոսրտագրություն (էխոկարդիոգրամ) նույնպես կարելի է կատարել՝ սրտի չափերի մեծացումը կամ սրտի տարբեր փոփոխությունները հայտնաբերելու նպատակով[6]։
Մեծահասակների մոտ
Դասակարգում (JNC7)[1] | Սիստոլիկ ճնշում | Դիաստոլիկ ճնշում | ||
---|---|---|---|---|
մմ ս.ս. | կՊա | մմ ս.ս.mmHg | կՊա | |
Նորմալ | 90–119 | 12–15.9 | 60–79 | 8.0–10.5 |
Նախագերճնշում | 120–139 | 16.0–18.5 | 80–89 | 10.7–11.9 |
1-ին աստիճանի գերճնշում | 140–159 | 18.7–21.2 | 90–99 | 12.0–13.2 |
2-րդ աստիճանի գերճնշում | ≥160 | ≥21.3 | ≥100 | ≥13.3 |
Մեկուսացված սիստոլիկ գերճնշում |
≥140 | ≥18.7 | <90 | <12.0 |
18 և ավելի տարիք ունեցողների մոտ գերճնշումը սահմանվում է որպես արյան սիստոլիկ և/կամ դիաստոլիկ ճնշումների կայուն կերպով նորմայից բարձր ցուցանիշերի առկայությունը (ներկայումս նորմայից բարձ համարվում է 139 մմ ս․ս․ սիստոլիկ ճնշման համար և, 89 մմ ս․ս․՝ դիաստոլիկի համար․ տես՝ դասակարգման աղյուսակը (JNC7))։ Ավելի ցածր շեմքեր են կիրառվում (135 մմ ս․ս․՝ սիստոլիկ ճնշման համար կամ 85 մմ ս․ս․՝ դիաստոլիկ ճնշման համար), եթե չափումները կատարվել են ամբուլատոր կամ տնային պայմաններում[45]։ Գերճնշման վերաբերյալ վերջին միջազգային հանձնարարականները գերճնշման սահմանից ցածր տիրույթում ևս առանձնացնում են կատեգորիաներ՝ ցույց տալու համար նորմալ, բայց սահմանային ճնշումների դեպքում ռիսկի առկայությունը։ JNC7–ը (2003)[1] օգտագործում է նախագերճնշում եզրույթը՝ 120–139 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 80–89 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումների տիրույթի համար, մինչդեռ ESH–ESC (2007)[49] և BHS IV (2004)[50] հանձնարարականները օգտագործում են լավագույն (օպտիմալ), նորմալ և բարձր նորմալ կատեգորիաները, որպեսզի ենթադասակարգեն 140 մմ ս․ս․ սիստոլիկ և 90 մմ ս․ս․ դիաստոլիկ արժեքներից ցածր ճնշումները։ Գերճնշումը նույնպես ենթադասակրգվում է․ JNC7–ը տարբերակում է առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի և մեկուսացված սիստոլիկ գերճնշումներ։ Մեկուսացված սիստոլիկ գերճնշման դեպքում կա բարձր սիստոլիկ ճնշում՝ նորմալ դիաստոլիկ ճնշման պայմաններում և հաճախ հանդիպում է տարեց անձանց մոտ[1] ESH–ESC (2007)[49] և BHS IV (2004)[50] հանձնարարականները լրացուցիչ տարբերակում են նաև երրորդ աստիճանը (երրորդ աստիճանի գերճնշում)՝ 179 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 109 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումներից բարձր ճնշում ունեցող անձանց մոտ։ Գերճնշումը համարվում է «դիմակայուն» (ռեզիստենտ), եթե դեղամիջոցների օգտագործումը չի նվազեցնում արյան ճնշումը մինչև նորմալ մակարդակներ[1]։
Երեխաների մոտ
Նորածինների մոտ գերճնշումը հազվադեպ է, պատահում է 0.2–ից մինչև 3 տոկոսի մոտ․ սովորաբար առողջ նորածինների մոտ պարտադիր կերպով արյան ճնշումը չի չափվում[11]։ Գերճնշումը հաճախ հանդիպում է բարձր ռիսկի խմբի նորածինների մոտ։ Մի շարք գործոններ, մասնավորապես՝ գեստացիոն հասակը և նորածնի քաշը, պետք է հաշվի առնել, երբ որոշվում է նորածնի մոտ առկա արյան ճնշումը նորմայի սահմաններում է, թե ոչ[11]։
Գերճնշումը համեմատաբար հաճախ է հանդիպում դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների մոտ (2-9%՝ կախված տարիքից, սեռից և էթնիկ պատկանելիությունից)[51] և երկարաժամկետ առումով պայմանավորում է հիվանդությունների զարգացման վտանգ[52]։
Այժմ խորհուրդ է տրվում 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների ճնշումը չափել՝ երբ նրանք ենթարկվում են բժշկական զննության, սակայն արյան բարձր ճնշման առկայությունը պետք է հաստատվի կրկնակի ստուգումների միջոցով, ինչից հետո միայն այն կարելի է գնահատել որպես գերճնշում[52]։ Երեխայի մեծացմանը զուգընթաց արյան ճնշումն աճում է, այդ պատճառով երեխաների մոտ գերճնշում գնահատվում է այն դեպքում, երբ երեք և ավելի չափումների արդյունքում երեխայի միջին սիստոլիկ կամ դիաստոլիկ ճնշումը հավասար է կամ ավելի քան նույն սեռի, տարիքի և քաշի երեխաների 95 տոկոսի ճնշումն է։ Նախագերճնշումը երեխաների մոտ սահմանվում է որպես միջին սիստոլիկ կամ դիաստոլիկ ճնշում, որն ավելին է, քան նույն խմբի երեխաների 90 տոկոսի ճնշումը, սակայն պակաս է նույն խմբի երեխաների 95 տոկոսի ճնշումից[52]։
Դեռահասների համար առաջարկվել է գերճնշումը և նախագերճնշումը ախտորոշել և դասակարգել նույն չափանիշերով, որոնք կիրառվում են մեծահասակների մոտ[52]։
Կանխարգելում
Արյան բարձր ճնշման հետևանք հանդիսացող հիվանդությունների մեծ մասը հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց գերճնշումային հիվանդ լինելը հայտնի չի եղել[50]։ Հետևաբար բնակչության նկատմամբ կիրառվող ռազմավարությունը պետք է նպաստի արյան բարձր ճնշման հետևանքների իջեցմանը և իջեցնի հակագերճնշումային դեղամիջոցների օգտագործման կարիքը։ Խորհուրդ է տրվում նախքան դեղամիջոցների կիրառումը՝ արյան ճնշման իջեցման նպատակով կատարել կենսակերպի փոփոխություններ (անգլ.՝ lifestyle modification)։ 2004 թվականի Բրիտանական Գերճնշումային Ընկերության հանձնարարականները[50] առաջարկում են կենսակերպի հետևյալ փոփոխությունները, որոնք համապատասխանում են գերճնշման առաջնային կանխարգելմանն ուղղված 2002 թվականի Միացյալ Նահանգների Արյան Բարձր Ճնշման Ազգային Կրթական Ծրագրում նշված դրույթներին[53]․
- մեծահասակների մոտ մարմնի նորմալ քաշի պահպանում (օրինակ՝ մարմնի քաշի ցուցիչը՝ 20–25 կգ/մ2)
- սննդում նատրիումի օգտագործման իջեցում մինչև 100 մմոլ/օրական (օրական 6 գրամից քիչ կերակրի աղի օգտագործում)
- կանոնավոր կերպով աերոբ ֆիզիկական ակտիվության ցուցաբերում, օրինակ՝ արագ քայլք (օրական 30 րոպեից ավելի՝ շաբաթվա օրերի մեծ մասը)
- ալկոհոլի օգտագործման սահմանափակում օրական 3 միավորից ոչ ավել՝ տղամարդկանց համար և 2 միավորից ոչ ավել՝ կանանց համար (մեկ միավորը համապատասխանում է 25, 0 մլ 40% ալկոհոլի պարունակությամբ խմիչքին)
- մրգերով և բանջարեղեններով հարուստ (օրական հինգ բաժնից ոչ պակաս) սննդակարգի կիրառում
Կենսակերպի արդյունավետ փոփոխությունը կարող է արյան ճնշումը նվազեցնել անհատական հակագերճնշումային դեղի նման։ Կենսակերպի երկու և ավելի փոփոխությունների զուգակցումը կարող է նույնիսկ ավելի շատ արդյունք տալ[50]։
Բուժում
Կենսակերպի փոփոխություններ
Գերճնշման բուժման համար առաջին քայլերը գերթե նույն կենսակերպի փոփոխություններն են, ինչ խորհուրդ է տրվում հիվանդության կանխարգելման նպատակով[54] և ներառում են՝ սննդակարգի փոփոխություններ[55], ֆիզիկական վարժություններ և քաշի նվազեցում։ Ցույց է տրվել, որ այս ամենն զգալիորեն նվազեցնում է արյան ճնշումը գերճնշումով անձանց մոտ[56]։ Եթե գերճնշումը բավականին արտահայտված է, և արդարացված է դեղամիջոցների կիրառումը, այդ դեպքում դեղորայքային բուժմանը զուգահեռ կենսակերպի փոփոխություններ ևս խորհուրդ են տրվում։ Հոգեբանական սթրեսի նվազեցմանն ուղղված տարբեր ծրագրեր կան, օրինակ՝ կենսաբանական հետադարձ կապի մեթոդը (անգլ.՝ Biofeedback), լարվածության թուլացումը (ռելաքսացիա) կամ մեդիտացիան գովազդվում են որպես ճնշումն իջեցնող միջոցներ։ Սակայն արդյունավետության ընդհանուր պահանջների տեսանկյունից չեն հաստատվել գիտական հետազոտություններով, որոնք, ընդհանուր առմամբ, կատարվել են ցածր որակով[57][58][59]։
Սննդակարգի փոփոխությունները, օրինակ՝ կերակրի աղի ցածր պարունակությամբ սննդակարգը (անգլ.՝ low sodium diet), շատ օգտակար են։ Կերակրի աղի ցածր պարունակությամբ սննդակարգի երկարաժամկետ կիրառումը (ավելի քան 4 շաբաթ) եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ շատ արդյունավետ է արյան ճնշման նվազեցման նպատակով և գերճնշում ունեցողների, և արյան նորմալ ճնշում ունեցողների մոտ[60]։ Ընկուզեղենով, ամբողջական հատիկներով, ձկով, թռչնամսով, մրգերով և բանջարեղեններով հարուստ սննդակարգը, որը խրախուսվում է ԱՄՆ սրտի, թոքի և արյան ազգային ինստիտուտի կողմից, նույնպես նվազեցնում է արյան ճնշումը։ Այս ծրագրի հիմնական ուղեգիծը կերակրի աղի օգտագործման սահմանափակումն է, սննդակարգը նաև պետք է հարուստ լինի կալիումով, մագնեզիումով, կալցիումով, ինչպես նաև սպիտակուցներով[61]։
Դեղորայքային բուժում
Գերճնշումը բուժելու համար ներկայումս առկա են դեղամիջոցների մի քանի խմբեր, որոնք միասին հայտնի են որպես հակագերճնշումային դեղեր։ Դեղերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել անձի մոտ սիրտանոթային ռիսկի չափը (ներառյալ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի վտանգը), ինչպես նաև արյան ճնշման չափումների տվյալները, որպեսզի պարզ լինի հիվանդի մոտ սիրտանոթային համակարգի վիճակի նկարագիրը[62] Առողջական այլ խնդիրների բացակայության պայմաններում չափավոր գերճնշում (արյան սիստոլիկ ճնշումը ցածր 160 մմ ս․ս․ և/կամ դիաստոլիկ ճնշումը ցածր 100 մմ ս․ս․) ունեցողների մոտ դեղորայքային բուժման արդյունքում մահացության կամ բարդությունների առաջացման վտանգի իջեցման մասին վկայող ապացույցներ չկան[63]։
Դեղորայքային բուժման դեպքում JNC-7-ի հանձնարարականները խորհուրդ են տալիս[1] բժշկին ոչ միայն հետևել բուժման արդյունքներին, այլ նաև գնահատել դեղամիջոցներից առաջացած կողմնակի ազդեցությունները։ Արյան ճնշման իջեցումը 5 մմ ս․ս․-ով նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը 34%-ով, սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 21%-ով, նվազում է նաև թուլամտության (դեմենցիա) զարգացման, սրտային անբավարարության և սիրտ-անոթային հիվանդություններից մահացության հավանականությունը[64]։ Բուժման նպատակը պետք է լինի արյան ճնշման իջեցումը 140/90 մմ ս․ս․-ից ցածր հիվանդների մեծ մասի համար և ավելի ցածր՝ շաքարային դիաբետով կամ երիկամների հիվանդություններով տառապողների համար (որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ճնշման մակարդակը պահել 120/80 Մմ ս․ս․-ից ցածր)[62][65]։ Եթե արյան ճնշումը նպատակային մակարդակին չի հասնում, պետք է կատարել փոփոխություններ բուժման մեջ, քանի որ «թերապևտիկ իներցիան» (բուժական միջոցառումների նկատմամբ կայունությունը) արյան ճնշման վերահսկման համար հստակ արտահայտված խոչընդոտ է[66]։
Տարբեր ենթախմբերի համար դեղամիջոցների լավագույն ընտրությունը կատարելուն ուղղված ուղեցույցները ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում են և տարբեր երկրներում տարբեր են։ Առաջին ընտրության լավագույն դեղամիջոցը դեռևս վիճարկվում է[67]։ Քոքրանյան համագործակցությունը (անգլ.՝ Cochrane collaboration), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Միացյալ Նահանգների ուղեցույցները առաջարկում են ցածր դեղաչափերով թիազիդային միզամուղները որպես առաջին ընտրության միջոցներ[67][68]։ Միացյալ Թագավորության ուղեցույցները 55-ից բարձր տարիքի անձանց և աֆրիկական կամ կարիբյան ծագում ունեցողների համար նախընտրելի են համարում կալցիումական անցուղիների պաշարիչների օգտագործումը, իսկ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների կիրառումը որպես առաջին ընտրության միջոց՝ խորհուրդ է տրվում ավելի երիտասարդ անձանց համար[69]։ Ճապոնիայում դեղամիջոցների վեց խմբից (կալցիումական անցուղիների պաշարիչներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ կամ անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ, թիազիդային միզամուղներ, բետա պաշարիչներ և ալֆա պաշարիչներ) որևէ մեկով բուժումն սկսելը համարվում է հիմնավորված, իսկ Կանադայում խորհուրդ է տրվում բոլոր այս տարբերակները, բացի ալֆա պաշարիչներից[67]։
Դեղամիջոցների համակցում
Գերճնշումը կարգավորելու համար մարդկանց մեծամասնությունը կարիք ունի օգտագործել մեկից ավելի դեղամիջոցներ։ JNC7[1] և ESH-ESC ուղեցույցները[49] խորհուրդ են տալիս բուժումն սկսել երկու դեղամիջոցներով, երբ արյան սիստոլիկ ճնշումը 20 մմ ս․ս․-ով, իսկ դիաստոլիկը՝ 10 մմ ս․ս․-ով ավելի բարձր են նորմայից։
Նախընտրելի համակցություններն են ռենին-անգիոտենզինային համակարգն ընկճողները և կալցիումական անցուղիների պաշարիչները կամ ռենին-անգիոտենզինային համակարգն ընկճողները և միզամուղները[70]։ Ընդունելի համակցություններից են նաև կալցիումական անցուղիների պաշարիչները և միզամուղները, բետա-պաշարիչները և միզամուղները, դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները և բետա-պաշարիչները կամ դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները՝ վերապամիլի կամ դիլտիազեմի հետ։ Անթույլատրելի համակցություններ են՝ ոչ-դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները (օրինակ՝ վերապամիլ կամ դիլտիազեմ) և բետա-պաշարիչները, ռենին-անգիոտենզինային համակարգի երկու ընկճողներ (օրինակ՝ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ + անգիոտենզինային ռեցեպտորների պաշարիչներ), ռենին-անգիոտենզինային համակարգի ընկճողներ և բետա-պաշարիչներ, բետա-պաշարիչներ և կենտրոնական ազդեցության միջոցներ[70]։
Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների կամ անգիոտենզինային ռեցեպտորների պաշարիչների, միզամուղների և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ներառյալ ընտրողաբար COX-2 պաշարիչները և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը՝ օրինակ իբուպրոֆեն) միաժամանակյա օգտագործումից պետք է խուսափել, քանի որ սուր երիկամային անբավարարության զարգացման համար մեծ վտանգ կա։ Այսպիսի զուգակցումն ավստրալիական առողջապահական շրջանականերում հայտնի է որպես «եռակի հարված»[54]։ Կան դեղամիջոցների երկու խմբերի ամրագրված համակցությամբ դեղահաբեր և չնայած դրանք հարմարավետ են մարդկանց համար, դրանք առավել նպատակահարմար է օգտագործել այն անձանց համար, ում մոտ առանձին բաղադրիչների դեղաչափերի արդյունավետությունը հաստատված է[71]։
Տարեց մարդկանց բուժում
Չափավոր և ծանր աստիճանի գերճնշման բուժումը իջեցնում է մահվան հաճախականությունը, սիրտանոթային մահացությունը և 60-ից բարձր տարիք ունեցող անձանց մահացությունը[72]։ 80-ից բարձր տարիք ունեցողների վերաբերյալ ուսումնասիրությունները քիչ են, սակայն վերջին ուսումնասիրությունները եզրակացնում են, որ հակագերճնշումային բուժումը նվազեցնում է սիրտանոթային մահացությունը և հիվանդացությունը, սակայն էականորեն չի նվազեցնում ընդհանուր մահացությունը[72]։ Արյան ճնշման ցանկալի մակարդակը 140/90 մմ ս․ս․-ից ցածր արժեքներն են, թիազիդային միզամուղներն առաջին ընտրության միջոցներ են ԱՄՆ-ում[73], իսկ Միացյալ Թագավորությունում ուղեցույցները խորհուրդ են տալիս կալցիումական անցուղիների պաշարիչներն օգտագործել որպես առաջին ընտրության միջոց՝ 150/90 կամ 145/85 և ցածր արյան ճնշման ցանկալի մակարդակով[69]։
Դիմակայուն գերճնշում
Դիմակայուն (ռեզիստենտ) գերճնշումը սահմանվում է որպես տարբեր խմբերի պատկանող երեք հակագերճնշումային միջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում ցանկալի մակարդակից բարձր արյան ճնշման առկայությունը։ Դիմակայուն գերճնշման բուժման ուղեցույցներ հրատարակվել են Միացյալ Թագավորությունում[74] և ԱՄՆ-ում[75]։
Տարածվածություն
2000 թվականի դրությամբ շուրջ մեկ միլիարդ մարդ կամ մեծահասակ բնակչության մոտավորապես 26% գերճնշում ունի[77]։ Այն տարածված է և զարգացած (333 միլիոն), և զարգացող (639 միլիոն) երկրներում[77]։ Հանդիպման հաճախականությունն էականորեն տարբերվում է տարբեր տարածաշրջաններում՝ շատ ցածրից, ինչպես օրինակ Հնդկաստանի գյուղաբնակ վայրերում 3.4% (տղամարդկանց մոտ) և 6.8% (կանանց մոտ), մինչև բարձր՝ Լեհաստանում, 68.9% (տղամարդկանց մոտ) և 72.5% (կանանց մոտ)[78]։
1995 թվականին Միացյալ Նահանգներում 43 միլիոն մարդ ուներ գերճնշում կամ օգտագործում էր հակագերճնշումային միջոցներ (ԱՄՆ չափահաս բնակչության շուրջ 24%-ը)[79]։ ԱՄՆ-ում գերճնշման տարածվածությունն աճել է և 2004 թվականին այն կազմել է 29%[80][81]։ 2006 թվականի տվյալներով ԱՄՆ-ում գերճնշում ունի 76 Միլիոն չափահաս բնակիչ (բնակչության 34%-ը), աֆրոամերիկացիներն աշխարհում ունեն գերճնշման տարածվածության ամենաբարձր ցուցանիշը՝ 44%[82]։ Այն ավելի տարածված է սևամորթների և բնիկ ամերիկացիների մոտ և ավելի քիչ՝ սպիտակամորթների և մեքսիակական ամերիկացիների մոտ, հանդիպման հաճախականությունն աճում է տարիքի հետ և ավելի մեծ է Միացյալ Նահանգների հարավարևելյան շրջաններում։ Գերճնշումն ավելի տարածված է տղամարդկանց մոտ (դաշտանադադարը նվազեցնում է այս տարբերությունը) և ցածր սոցիալ–տնտեսական կարգավիճակ ունեցողների մոտ[2]։
Երեխաների մոտ
Երեխաների մոտ արյան բարձր ճնշման տարածվածությունն ավելանում է[83]։ Երեխաների գերճնշումների մեծ մասը, հատկապես նախադեռահասային շրջանում, երկրորդային է՝ այլ հիվանդության հետևանք։ Ճարպակալումից բացի երիկամների հիվանդություններն ամենահաճախ հանդիպող պատճառներն են (60–70%)։ Դեռահասների մոտ հաճախ հանդիպում է առաջնային կամ էսենցիալ գերճնշումը, որը կազմում է դեպքերի 85–95%[84]։
Ելք
Գերճնշումն ամբողջ աշխարհում վաղաժամ մահվան ամենակարևոր կանխարգելվող ռիսկի գործոնն է[85]։ Այն մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության[86], ինսուլտի[6], ծայրամասային անոթային հիվանդությունների[87] և այլ սիրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, ներառյալ՝ սրտային անբավարարությունը, աորտայի անևրիզմանները, տարածուն աթերոսկլերոզը և թոքային զարկերակների էմբոլիան[6]։ Գերճնշումը ռիսկի գործոն է նաև հոգեկան խանգարումների, թուլամտության (դեմենցիա) և երիկամների քրոնիկական հիվանդությունների զարգացման համար[6]։ Այլ բարդություններից են ցանցենու գերճնշումային ախտահարումը (հիպերտենզիվ ռետինոպաթիա) և երիկամների գերճնշումային ախտահարումը (հիպերտենզիվ նեֆրոպաթիա)[1]։
Պատմություն
Սիրտանոթային համակարգի մասին ժամանակակից պատկերացումներն սկսել են ձևավորվել բժիշկ Ուիլյամ Հարվեյի (1578–1657) աշխատությունով, ով նկարագրեց արյան շրջանառությունն իր «De motu cordis» (հայերեն՝ սրտի շարժման մասին) գրքում։ Անգլիացի հոգևորական Ստիվեն Հեյլսը կատարեց արյան ճնշման առաջին ցուցադրական չափումը 1733 թվականին[88][89]։ Գերճնշման նկարագրությունը որպես հիվանդություն եկել է մասնավորապես՝ Թոմաս Յանգից (1808 թ․) և հատկապես Ռիչարդ Բրայթից (1836)[88]։ Առանց երիկամների ախտահարման նշանների անձի մոտ արյան ճնշման բարձրացման մասին առաջին զեկույցը ներկայացվել է Ֆրեդերիկ Ակբար Մահոմեդի (1849–1884) կողմից[90]։ Սակայն գերճնշումը որպես կլինիկական առանձին նշան ի հայտ եկավ 1896 թվականին՝ Սցիպիոն Ռիվա Ռոչիի կողմից բազկապատի (մանժետ) օգտագործմամբ աշխատող արյան ճնշաչափի (սֆիգմոմանոմետր) հայտնագործումից հետո[91]։ Սա թույլ տվեց կլինիկաներում կատարել արյան ճնշման չափում։ 1905 թվականին Նիկոլայ Կոռոտկովը զարգացրեց ճնշման չափման մեթոդը՝ նկարագրելով «Կոռոտկովի տոները», որոնք ստետոսկոպով լսվում են զարկերակի վրա՝ ճնշաչափի բազկապատում ճնշման աստիճանական իջեցման ընթացքում[89]։
Պատմականորեն «կոշտ անոթազարկի հիվանդություն» կոչվող վիճակի բուժումը կայացել է որոշակի քանակով արյուն թողնելու (արյունառություն, ռուս.՝ кровопускание) կամ տզրուկների կիրառման մեջ[88]։ Սա խորհուրդ է տրվում Չինաստանի Դեղին Կայսրի, Ավլուս Կոռնելիուս Ցելսիուսի, Գալենի և Հիպոկրատի կողմից[88]։ 19-րդ և 20-րդ դարերում, նախքան գերճնշման արդյունավետ դեղորայքային բուժումը հնարավոր դառնալը, բուժման երեք ձևեր էին օգտագործվում, որոնք բոլորն էլ ունեին բազմաթիվ կողմնակի ազդեցություններ․ աղի խիստ սահմանափակում (օրինակ՝ բրնձային սննդակարգ[88]), սիմպաթէկտոմիա (սիմպաթիկ նյարդային համակարգի որոշակի հարվածների վիրաբուժական եղանակով հատում) և պիրոգենային թերապիան (տենդ առաջացնող նյութերի ներարկում, որն անուղղակիորեն իջեցնում է արյան ճնշումը)[88][92]։ Գերճնշման դեմ առաջին նյութը նատրիումի թիոցիանատն էր, որն օգտագործվել է 1900 թվականին, սակայն ուներ շատ կողմնակի ազդեցություններ և տարածվածություն չգտավ[88]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի այլ միջոցներ ևս ստեղծվեցին, որոնցից ամենահայտնին և ամենաարդյունավետն էին տետրամեթիլամոնիումի քլորիդը և նրա ածանցյալ հեքսամեթոնիումը, հիդրալազինը և ռեզերպինը (որը ստացվում է Rauwolfia serpentina դեղաբույսից)։ Զգալի առաջընթաց եղավ առաջին լավ տանելիություն ունեցող, դեղահաբերի ձևով ընդունվող միջոցների ստեղծումը։ Դրանցից առաջինը քլորթիազիդն է՝ առաջին թիազիդային միզամուղը, որը սինթեզվել էր սուլֆանիլամիդ նյութից, որը հասանելի էր 1958 թվականին[88][93]։
Հասարակություն և մշակույթ
Իրազեկվածություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը համարում է սիրտ-անոթային մահացության հիմնական պատճառը։ Գերճնշման համաշխարհային լիգան (ԳՀԼ, անգլ.՝ The World Hypertension League), որը 85 գերճնշման ազգային միավորումները և լիգաները միավորող կազմակերպություն է, պարզել է, որ ամբողջ աշխարհում գերճնշում ունեցող բնակչության 50% տեղյակ չէ իր վիճակի մասին[94]։ Այս խնդրի լուծման համար ԳՀԼ-ն 2005 թվականին ձեռնարկեց գերճնշման դեմ ուղղված համընդհանուր արշավ և ամեն տարվա մայիսի 17-ը համարեց գերճնշման համաշխարհային օր (ԳՀՕ)։ Անցած երեք տարիների ընթացքում նոր ազգային միություններ են անդամակցել ԳՀԼ-ին և այս միտքը հանրությանը հասցնելու գործում եղան բավականին նորարար։ 2007 թվականին եղավ ռեկորդային մասնակցություն՝ 47 անդամ երկրներից։ Գերճնշման համաշխարհային օրն ընդգրկող շաբաթվա ընթացքում բոլոր այս երկրները՝ տեղական կառավարությունների, մասնագիտական միությունների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցելով ԶԼՄ-ների և հանրային ակցիաների միջոցով նպաստում են բնակչության շրջանում գերճնշման վերաբերյալ իրազեկվածության տարածմանը։ Այս եղանակով իրազեկումը հասել է ավելի քան 250 միլիոն մարդու։ Քանի որ տարեց տարի այս ամենն ավելի մեծ թափ է ստանում, ԳՀԼ-ում վստահ են, որ իրենք «կհասնեն» արյան բարձր ճնշում ունեցող 1, 5 միլիարդ անձանցից գրեթե բոլորին[95]։
Տնտեսական տեսանկյուն
Արյան բարձր ճնշումն ԱՄՆ-ում առողջության առաջնային պահպանման կենտրոններ այցերի համար պատճառ հանդիսացող ամենահաճախ հանդիպող քրոնիկական խնդիրն է։ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան պարզել է 2010 թվականին գերճնշման ուղղակի և անուղղակի արժեքը՝ 76, 6 միլիարդ ԱՄՆ դոլար[82]։ Միացյալ Նահանգներում գերճնշում ունեցողների 80%-ը տեղյակ է իր խնդրի մասին, 71%-ը ստանում է որևէ հակագերճնշումային դեղամիջոց, սակայն միայն 48%-ն է գիտակցում, որ իր ունեցած գերճնշումը համարժեք կերպով վերահսկվում է[82]։ Առողջապահության ոլորտի աշխատակիցները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների՝ արյան ճնշման կարգավորմանը հասնելու ճանապարհին, որոնցից է տարբեր դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն գերճնշումը։ Հիվանդները նույնպես հանդիպում են դժվարությունների՝ դեղամիջոցների ընդունման ժամանակացույցը յուրացնելու և կենսակերպի փոփոխություններ կատարելու ընթացքում։ Այդուհանդերձ արյան ճնշման նպատակային մակարդակի հասնելը հնարավոր է և, որ ամենակարևորն է, արյան ճնշման իջեցումն զգալիորեն նվազեցնում է սրտային հիվանդությունների և ինսուլտի հետևանքով մահացությունը, օրգանիզմն ախտահարող այլ վիճակների զարգացումը և ավելի մասնագիտացված բուժօգնության արժեքը[96][97]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.