Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Beat It (անգլ. թարգմանաբար՝ «Չքվիր»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգչի վեցերորդ՝ «Thriller» ստուդիական ալբոմի երրորդ սինգլը։ «Epic Records» ձայնագրման լեյբլը թողարկել է այն 1983 թվականի փետրվարի 3-ին։ Երգի հեղինակը Ջեքսոնն է, ով Քուինսի Ջոնսի հետ միասին զբաղվել է երգի պրոդյուսերությամբ։ Կիթառի մեներգը կատարել է Էդի Վան Հալենը՝ Van Halen խմբի ղեկավարը։ Երգի տեքստը ուղղված է ավազակության և բռնության դեմ։
1983 թվականի մարտի 31-ին MTV հեռուստաալիքով կայացել է «Beat It» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Որպես հոլովակի ռեժիսոր հանդես է եկել Բոբ Ջիրալդին։ Ինչպես «Billie Jean» երգը, նոր տեսահոլովակը հայտնվել է հեռուստաալիքի թեժ ռոտացիայի մեջ։ Տեսահոլովակում Ջեքսոնը հագել էր կարմիր կաշվե բաճկոն, որը հետագայում մեծ ազդեցություն է թողել 80-ական թվականների մոդայի վրա։ Ռիթմ ընդ բլյուզի և ռոքի տարրեր համադրող երգը դարձել է աֆրոամերիկացու առաջին ստեղծագործությունը, որը պարբերաբար հայտնվել է ամերիկյան ռոք-ռադիոկայանների եթերում։ «Beat It» երգը զբաղեցրել է ամերիկյան հիթ-շքերթների առաջին և Mainstream Rock Tracks հիթ-շքերթի՝ 14-րդ հորիզոնականը։
Այն արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքին։ Երգը և նրա տեսահոլովակը արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմիի» և երկու «American Music Awards»-ի։
Ջեքսոնը սկսել է աշխատել երգի վրա «Thriller» ալբոմի ձայնագրման ժամանակ՝ 1982 թվականին։ Պրոդյուսեր Քուինսի Ջոնսը ուզում էր, որ սկավառակի մեջ մտներ ռիթմ ընդ բլյուզ ժանրի ստեղծագործություն, ինչ որ բան, որը նման կլիներ The Knack խմբի «My Sharona» երգին[2][3]։ Ջեքսոնի խոսքերով ստեղծման գործընթացը շատ արագ է ընթացել[4]։ Նա ուզում էր, որ նոր երգում հնչեն աֆրիկական կոլորիտ հաղորդող բարձրաձայն հարվածային երաժշտական գործիքները, ապա հայտնվել է կիթառային պարտիայի գաղափարը[5]։ Ձայնով ցույց տալով, թե ինչպես պիտի հնչեն երգում բոլոր գործիքների պարտիաները՝ երգիչը ձայնագրել է դրանք դիկտոֆոնի վրա, ապա երաժիշտներին է տվել ձայնագրած ժապավենը և նրանց հետ պատրաստել է երգի նախնական տարբերակը[5]։ Ջեքսոնը պատմում էր, որ «Beat It» երգը ստեղծելիս մտածում էր այն մասին, թե ինչպես կվարվեր, եթե երես առ երես հանդիպեր ավազակի[4]։ Ստեղծագործության համատեքստում «beat it» արտահայտությունը ձեռք է բերում սլենգային նշանակություն, և երգիչը կոչ է անում լսողին չկռվել, այլ փրկվել՝ անհապաղ լքելով հանդիպման վայրը․ «Դու ուզում ես տղամարդ երևալ և ոչ թե տղա, բայց կյանքը թանկ է քեզ համար, այնպես որ արա այն, ինչ ուժերիդ սահմանում է։ Չքվիր այստեղից, չքվիր» (անգլ.՝ «Don't wanna be a boy, you wanna be a man/ You wanna stay alive, better do what you can/So beat it, just beat it»)[4][6]։
Ջոնսը գիտեր, որ Ջեքսոնն ունի ինչ-որ համապատասխան բան, բայց երգիչը չէր շտապում ցույց տալ նրան իր մշակումները[7]։ Ի վերջո, լսելով նախնական ձայնագրությունը, Ջոնսը հասկացել է, որ դա հենց այն է, ինչ իրենք փնտրում էին[7]։ Պրոդյուսերը, որը քննադատաբար էր վերաբերվում «Billie Jean» երգին, որը դարձել էր ալբոմի ամենամեծ հիթը, «Beat It»-ը համարում էր սկավառակի առանցքային երգը[3]։
Ջեքսոնն ու Ջոնսը շատ ժամանակ են ծախսել սոլո կիթառահար գտնելու վրա։ Արդյունքում ձայնագրության է հրավիրվել Էդի Վան Հալենը՝ Van Halen ռոք-խմբի ղեկավարը[3]։ Նա անվճար ձայնագրել է իր պարտիան, որը տևել է շուրջ 30 վայրկյան․ «Ես չէի ուզում վարձ վերցնել դրա համար,- պատմում էր Վան Հալենը,- Մարդիկ չեն հասկանում ինչու։ Իմ խմբի անդամների և մենեջերի կարծիքով ես լիակատար հիմար էի»[8][9]։ Ռիթմ և բաս կիթառների պարտիաները նվագած Սթիվ Լյուկատերը հիշում էր, թե ինչպես են Ջեքսոնն ու Ջոնսը Վան Հալենի տուն տարել «Beat It»-ի սևագիր ձայնագրության տարբերակը։ Պլանավորվում էր, որ մեներգը կհնչի քառյակներից մեկի կատարման ժամանակ[7]։ Կիթառահարը, թույլտվություն խնդրելով, որոշ փոփոխություններ է մտցրել իր պարտիայի հետ համատեղ հնչող երաժշտության մեջ[7]։ Այն պահին, երբ Վան Հալենը սկսել է ձայնագրել մեներգը, այդ մասին չիմացող տեխնիկը թակել է ստուդիայի դուռը։ Արդյունքում ձայնագրված ձայնը Ջեքսոնի որոշմամբ չի կտրվել և մտել է երգի վերջնական տարբերակի մեջ[7]։ Քանի որ կիթառահարը իր մեներգը ձայնագրել էր երկու դյույմանոց սկավառակի վրա, Լյուկատերն ու «Beat It» ձայնագրության ևս մի մասնակից՝ թմբկահար Ջեֆ Պորկարոն ստիպված են եղել վերաստեղծել երգը[10]։ Երգի ամենասկզբում հնչող գոնգի ձայները ստեղծվել են սինթեզատոր սինքլավիրի օգնությամբ։ «Beat It» երգը դարձել է «Thriller» ալբոմի համար ձայնագրված վերջին երգերից մեկը[7]։
1980-ական թվականների սկզբին ռիթմ ընդ բլյուզի համադրումը համարվում էր անսովոր, և «Beat It»ը իր մեջ ներառում է հենց այդ երաժշտական ժանրերի տարրերը[11][12]։ 1984 թվականին Ebony ամսագրին տված հարցազրույցի ժամանակ երգիչը պատմել է երգի մասին․ «Ես ուզում էի ձայնագրել երգ, որը ինքս կցանկանայի գնել, եթե հետաքրքրվեի ռոք երաժշտությամբ։ Այդպես ես մոտեցա այս ոճին, ես ուզում էի, որ այս երգը վայելեր ամբողջ երիտասարդությունը՝ դպրոցից մինչև քոլեջ»[13]։
Ըստ MusicNotes.com պորտալի հաղորդած տեղեկության՝ «Beat It» երգը չափավոր արագ տեմպով ստեղծագործություն է, որը գրված է մի բեմոլ մինոր տոնայնությունում[14]։
Նախորդ սինգլը դեռ Billboard Hot 100 հիթ-շքերթի լավագույն տասնյակի մեջ չէր մտել, ձայնագրման լեյբլի կարծիքով հաջորդ երգը թողարկելու համար դեռ վաղ էր, սակայն Ֆրենկ Դիլեոն առաջարկել է ռիսկի դիմել։ «Beat It» երգը որպես սինգլ թողարկվել է 1983 թվականի փետրվարի 3-ին՝ «Billie Jean» երգի թողարկումից մեկ ամիս անց։ Վաճառքի են հանվել 7 և 12 դյույմանոց ձայնապնակներով։ Արդյունքում Ջեքսոնի երկու երգերը միաժամանակ հայտնվել են Hot 100 հիթ-շքերթի տասնյակում[2]։ 1983 թվականի ապրիլի 30-ին «Beat It» երգը գլխավորել է հիթ-շքերթը՝ դառնալով «Thriller» ալբոմի երկրորդ համար մեկ սինգլը[15]։ Ստեղծագործությունը գլխավորել է հիթ-շքերթը երեք շաբաթ[16]։ Բացի դրանից, երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը R&B Singles հիթ-շքերթում և բարձրացել է մինչև 14-րդ հորիզոնականը Mainstream Rock Tracks հիթ-շքերթում[15][17]։
1984 թվականին ԱՄՆ-ում սկսել է գործել սոցիալական գովազդային ընկերություն, որը պայքարում էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեմ և «Beat It» ստեղծագործությունը հեռուստատեսությունում ուղեկցում էր գովազդային տեսահոլովակները[18]։ Ընկերության գործում ունեցած ներդրման համար Ջեքսոնը Սպիտակ տանը արժանացել է Ռոնալդ Ռեյգանի հատուկ մրցանակին[18]։
Քննադատները դրական են արձագանքել Ջեքսոնի նոր սինգլին։ Rolling Stone-ում «Beat It»-ը համարել են «Thriller» ալբոմի լավագույն երգ, հիանալի պարային ստեղծագործություն, որը չունի դիսկո ոճի որևէ նշան[19]։ Allmusic պորտալի գրախոս Սթիվեն Թոմաս Էրլյուինը նշել է, որ Ջեքսոնի սկավառակի վրա այնպիսի «նուրբ» և «սենտիմենտալ» երգեր, ինչպիսին են «Human Nature»-ը և «The Girl Is Mine» -ը լավ են համատեղվում «դաժան և վախեցնող» «Beat It» երգի հետ[20]։ About.com պորտալի գրախոսները երգը բնութագրել են որպես «ռիթմ ընդ բլյուզի և ռոքի նորարարական հիբրիդ»[12]։ Sputnikmusic-ում գրել են, որ «Beat It»-ը «գտնվում է մետալ ալիքի վրա և գրոհով հարձակվում է ռոք ազգության վրա»[21]։ Ռոբերտ Կրիստգաուն երգը համարել է «Thriller» ալբոմի հաղթանակը, իսկ Time ամսագրում այն անվանել են «ասֆալտային արիա»[22][23]։
Ի սկզբանե պլանավորվում էր, որ Ջեքսոնի նոր տեսահոլովակի վրա աշխատելու է Սթիվ Բերոնը, ով երգչի համար արդեն նկարահանել էր «Billie Jean» երգի տեսահոլովակը։ Ըստ ռեժիսորի՝ իրադարձությունները պիտի տեղի ունենային ստրուկներով լի նավի տախտակամածին, ընդ որում Ջեքսոնը պիտի խաղար ստրկավաճառի դեր[24]։ Բերոնի համատեքստից անհրաժեշտ եղավ հրաժարվել․ նրա կողմից քննարկված թեմայի մեջ չափից դուրս շատ քաղաքականություն կար[24]։
Արդյունքում որպես «Beat It» երգի տեսահոլովակի ռեժիսոր է դարձել Բոբ Ջիրալդին։ Ջեքսոնի և Ջիրալդիի համագործակցությունը սկսվել է այն ժամանակ, երբ երգիչը տեսել է ռեժիսորի մի քանի գովազդային հոլովակներ[25]։ Ռեժիսորն ուզում էր նկարահանել Ջեքսոնի նախորդ տեսահոլովակը՝ «Billie Jean»-ը, սակայն նրա աշխատանքները հասնում էին իրենց ավարտին, այդ պատճառով երգիչն առաջարկել է նրան աշխատել «Beat It» երգի տեսահոլովակի վրա[25]։ Բյուջեն կազմել է 150 000 ԱՄՆ դոլլար, ընդ որում CBS Records ընկերության ղեկավարությունը հրաժարվել է նախագիծը ֆինանսավորելուց, երգիչն ինքն է հոգացել նկարահանումների ծախսերը[7][26][27]։
Ըստ սյուժեի՝ Ջեքսոնը հանդես է գալիս որպես հաշտարար․ նա կանխում է երկու փողոցային թշնամի ավազակախմբերի բախումը[25][27]։ Լրագրողները գրում էին այն մասին, որ հոլովակի համատեքստը հիմնված է «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի սյուժեի վրա[26][28], սակայն Բոբ Ջիրալդին հերքել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքերով՝ միտքը տվել է նրա ծանոթներից մեկը․ նա պատմել է ռեժիսորին, թե ինչպես երկու տղամարդ կռվել են ավտոմատ ծալովի դանակով, ընդ որում նրանցից մեկն իր դաստակը կապել է մյուսի դաստակին։ Տեսահոլովակը ավարտվում է զանգվածային պարով, ինչը դարձել էր երգչի այցեքարտերից մեկը[29]։ Խորեոգրաֆը Մայքլ Պետերսն էր, բեմադրության ստեղծմանը մասնակցել է նաև Ջեքսոնը[25]։
Իրադարձությունների ավելի իրական լինելու համար երգիչը որոշել է նկարահանումներին հրավիրել Crips և Bloods փողոցային թշնամի բանդաների իրական մասնակիցների[25]։ Բեմադրությունում մասնակցություն են ունեցել 80 ավազակ և 30 պրոֆեսիոնալ պարող[7][26]։ Նկարահանումներն անց են կացվել 1983 թվականի մարտին Լոս Անջելեսի Սկիդ Ռոու թաղամասում և տևել են երկու գիշեր[30]։ Այդ ընթացքում ավազակախմբերի անդամների միջև տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, այդ պատճառով անվտանգության ապահովման համար կանչված ոստիկանական վերակարգը մի քանի անգամ փորձել է ընդհատել նկարահանումները[24][25]։
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1983 թվականի մարտի 31-ին MTV հեռուստաալիքով, Ջեքսոնի նախորդ հոլովակի պրեմիերայից մեկ ամիս հետո[31]։ Չնայած նրան, որ հեռուստաալիքի ձևաչափը ռոտացիայի պիտի վերցներ «Beat It»-ը, ալիքի ղեկավարությունը ընտրել է «Billie Jean»-ը․ այսպիսով նրանք հույս ունեին իրենց վար գրավել Ջեքսոնի հնարավորինս շատ երկրպագուների ուշադրությունը[32]։
1984 թվականին երգն ու տեսահոլովակը դարձել են ամերիկացի երաժիշտ Յանկովիչի «Տարօրինակ Էլ» ծաղրանմանության առարկան, նրա տարբերակը կոչվում է «Eat It»՝ «Կեր դա»[33]։ Հիանալի հումորի զգացմամբ օժտված Ջեքսոնը համաձայնություն է տվել, որպեսզի օգտագործվեն նրա երգն ու տեսահոլովակը[24][33][34]։ Բնօրինակ տեսանյութի ռեժիսոր Բոբ Ջիրալդիին դա դուր չէր եկել․ «Ես ատում էի Յանկովիչի պարոդիան, նա ծիծաղում էր այն ամենի վրա, ինչը ինձ համար կարևոր ու թանկ էր»[24]։ Ինքը՝ նմանակողը, պատմել է, որ հենց «Eat It»-ը հայտնվել է ռադիոյի և հեռուստատեսության ծանր ռոտացիայում, նա դարձել է հայտնի[24]։ Յանկովիչի ծաղրանմանությունը ստացել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ոսկե հավաստագիր[35]։
1984 թվականին «Beat It» երգն առաջին անգամ ներառվել է համերգային ծրագրի մեջ․ Ջեքսոնը սկսել է կատարել այն The Jacksons խմբի Victory համերգային շրջագայության ժամանակ[36]։ 1984 թվականի հուլիսի 14-ին շրջագայության համերգներից մեկի ժամանակ Դալասում Ջեքսոնին է միացել Էդի Վան Հալենը, նա կատարել է իր կիթառի մեներգը[30]։ «Billie Jean»-ի հետ միասին «Beat It»-ը դարձել է նախագծի առանցքը և հետագայում ներառվել է երգչի բոլոր մեներգային շրջագայությունների համերգային ծրագրերի մեջ՝ Bad World Tour (1987-1989 թվականներին), Dangerous World Tour (1992 թվական) և HIStory World Tour (1996-1997 թվականներին)[36]։ 1996 թվականին երգը կատարվել է Բրունեյի սուլթանի ծննդյան օրվան նվիրված հատուկ համերգի ժամանակ[37]։ Պլանավորվում էր ստեղծագործությունը ներառել նաև This Is It շրջագայության համերգային ծրագրի մեջ, որը սակայն չի կայացել երգչի մահվան պատճառով[38]։ Մեծամասամբ կիթառային մեներգերը շոուի ընթացքում կատարել է Ջենիֆեր Բաթենը, This Is It շրջագայության համերգներին դրանք պետք է կատարեր Օրիանտի Պանահարիսը[39][40]։ 2001 թվականին Ջեքսոնի մեներգային կարիերայի երեսունամյակին նվիրված երկու շոուների ժամանակ «Beat It» երգի ելույթների ընթացքում երգչին է միացել կիթառահար Սլեշը[37]։ Համերգի հեռուստատեսային տարբերակը, որը ներառում էր միջոցառումներից մեկի ժամանակ երգի կատարումը, ցուցադրվել է CBS հեռուստաալիքով նույն թվականի նոյեմբերին[37]։
Ջեքսոնի մեներգային համերգային շրջագայությունների նախագծերում «Beat It» երգը սովորաբար կատարվում էր «Workin' Day And Night» կամ «Thriller» երգերից հետո։ Երգին նախորդող համարը ավարտվում էր անհետանալու ֆոկուսով և երգիչը ամբարձիչի վրա հայտնվում էր բեմի մյուս ծայրում[41]։ Միևնույն եղանակը պիտի օգտագործվեր նաև This Is It շրջագայության շոուի ժամանակ «Dirty Diana» երգի կատարումից հետո[42]։ Որոշ ժամանակ անց երգիչը վերադառնում էր բեմ և այնուհետև բեմադրությունը կրկնում էր տեսահոլովակի սյուժեն․ Ջեքսոնը բաժանում է երկու թշնամի «ավազակախմբերի» պարողներին[43]։
Ամբարձիչին երգիչը հայտնվում է սև ծածանվող թիկնոցով[43]։ Իջնելով բեմ՝ Ջեքսոնը հանում էր թիկնոցը և մնում է տեսահոլովակում հագին ունեցած բաճկոնին նման բաճկոնով։ Դերձակները կարում էին այն տարբեր կտորներից, բայց տարիների ընթացքում նրա արտաքին տեսքը գրեթե չէր փոխվում[43]։ Այն երգչի բոլոր ելույթների ժամանակ եղել է կարմիր և միայն Ջեքսոնի մեներգային կարիերայի երեսունամյակին նվիրված երկու համերգների ժամանակ է կարվել սև գույնով[43]։
«Beat It»-ի համերգային ելույթները պաշտոնապես թողարկվել են DVD-ով՝ «Live in Bucharest: The Dangerous Tour» և «Live at Wembley»[44][45]։ This Is It շրջագայության համար անցկացված փորձերը մտել են «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ» վավերագրական երաժշտական ֆիլմի մեջ[46]։
«Billie Jean» երգից հետո «Beat It» երգը շարունակել է քանդել ռասայական արգելքը ռադիոյում և հեռուստատեսությունում՝ ճանապարհ բացելով այնպիսի արտիստների համար, ինչպիսին են Փրինսն ու Ուիթնի Հյուսթոնը[28][47]։ Չնայած Ջիմի Հենդրիքսի և Sly & the Family Stone խմբի ճանաչմանը, ամերիկյան ռոք-ռադիոկայաններով 80-ական թվականներին անհնար էր լսել սևամորթ արտիստների[8]։ «Beat It»-ը դարձել է աֆրոամերիկացու առաջին երգը, որը հայտնվել է նրանց մեծ ռոտացիայի տակ․ ստեղծագործության ահռելի ճանաչումը ստիպել է նույնիսկ ռադիոյի ամենահամառ դիջեյներին և MTV հեռուստաալիքի ղեկավարությանը ներառել այն իրենց երգացանկի մեջ[8][36][48]։ Այս երգի օգնությամբ Ջեքսոնը ցույց է տվել է, որ երաժշտությունը կարող է լինել ունիվերսալ, որ յուրաքանչյուր արտիստ կարող է հայտնվել մեյնսթրիմի ալիքի վրա անկախ իր ռասայական պատկանելությունից[36]։
Rolling Stone-ում գրել են․ ««Beat It» երգը նրբորեն ցույց տվեց այն, ինչ Ջեքսոնը բծախնդրորեն շարունակելու է կրկնել գրեթե 10 տարի հետո «Black or White» երգում»․ «Կարևոր չէ՝ սև ես, թե սպիտակ։ Ամեն ոք չէր հետևում այս ուղերձին, բայց նրանք, ում դա հաջողվել է, հայտնաբերել են պատրաստի բանաձև, որի միջոցով կարելի է խառնել փոփը, ռոքն ու ռիթմ ընդ բլյուզը»[8]։
Սև կարճացված տաբատի, սպիտակ գուլպաների և լոֆերների հետ համադրած կաշվե կարմիր, 27 ճարմանդներով զարդարված կուրտկան դարձել է Մայքլ Ջեքսոնի կարիերայի ամենահիշվող կերպարներից մեկը[49][50]։ Այն շատ բաներում որոշել է 80-ական թվականների մոդան։ «Beat It» երգի տեսահոլովակի պրեմիերայից որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում տեղական առևտրի կենտրոնի ցանկացած այցելու անխուսափելիորեն հանդիպում էր նման հագուստով շատ մարդկանց[51][52][53]։ Ամերիկյան Merry-Go-Round հագուստի սրահների ցանցը վաճառել է նմանատիպ 50 000 արտադրանք[49][54]։ Միտումը անտառային հրդեհի արագությամբ տարածվում էր ողջ աշխարհում[52]։ Տեսահոլովակի թողարկումից մեկ տարի անց Ջեքսոնը Pepsi-ի գովազդային հոլովակներից մեկում հայտնվել է սև-սպիտակ կուրտկայով[55]։
Ջեքսոնի հագուստով ոգեշնչվել են նաև հայտնի մոդելավորողներ՝ Ժան Պոլ Գոտյեն, Balmain մոդայի տան մոդելավորողները[56][57]։ Ջեքսոնից հետո համանման հագուստներ են կրել նաև շատ այլ ճանաչված արտիստներ[58][59][60]։ Բացի դրանից, այն հայտնվել է մի շարք ֆիլմերի գլխավոր հերոսների հագին՝ «Սևազգեստ մարդիկ 2», «Քայլ առաջ 2. Փողոցներ»[61][62][63]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Beat It» | 4:11 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
2. | «Get On The Floor» | 4:45 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Beat It» | 4:11 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
2. | «Burn This Disco Out» | 3:38 |
3. | «Don't Stop 'Till You Get Enough» (Live Version, feat. The Jacksons) | 4:22 |
|
|
Դիրք հիթ-շքերթներում
|
Հավաստագրեր
|
Տարի | Մրցանակ | Առաջադրված աշխատանք | Կատեգորիա | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
1983 | Billboard Video Awards | Երգ | Տղամարդկային լավագույն կատարում | Հաղթանակ | [30] |
Տեսահոլովակ | Լավագույն տեսահոլովակ | Հաղթանակ | [30] | ||
Լավագույն խորեոգրաֆիա | Հաղթանակ | [30] | |||
Black Gold Awards | Լավագույն տեսահոլովակ | Հաղթանակ | [30] | ||
1984 | American Music Awards | Լավագույն փոփ/ռոք տեսահոլովակ | Հաղթանակ | [93] | |
Լավագույն սոուլ/ռիթմ ընդ բլյուզ տեսահոլովակ | Հաղթանակ | [93] | |||
Grammy Awards | Երգ | Տարվա ձայնագրություն | Հաղթանակ | [94][95] | |
Տղամարդկային լավագույն ռոք վոկալ | Հաղթանակ | [94][95] | |||
Տարվա երգ | Առաջադրված | [96] |
2008 թվականին «Thriller 25» ալբոմի երգացանկի մեջ է մտել երգի՝ «Beat It 2008» կոչվող ռեմիքսը[97]։ Նոր տարբերակում երգը դարձել է դուետ․ Ջեքսոնի օրգինալ վոկալին ավելացել է երգչուհի Ֆերգիի պարտիան[97]։ Որպես սինգլ ռեմիքսը չի թողարկվել։
Երաժշտական քննադատների կողմից երգը արժանացել է բացասական արձագանքի։ Allmusic պորտալի գրախոսները նշել են, որ Ֆերգին «թութակություն» է անում՝ կրկնելով Ջեքսոնի բառերը[98]։ Rolling Stone-ը համարել է, որ երգը հավակնում է դառնալ «տարվա ամենաանիմաստ երաժշտական պահը»[99]։ IGN-ի քննադատները գրել են, որ լսողները պիտի շնորհակալ լինեն ռեմիքսի ստեղծողներին այն բանի համար, որ Էդի Վան Հալենի կիթառային մեներգը գոնե մասամբ պահպանվել է երգում[100]։ About.com պորտալի մեկնաբան Բիլի Լեմբին նոր տարբերակի հնչողությունը թվացել է «ակուստիկ հավասարեցում» և այդ իսկ պատճառով «չափազանց խառնաշփոթ»[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.