Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն (անգլ.՝ Whitney Elizabeth Houston, օգոստոսի 9, 1963[4][5][6][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 11, 2012[7][4][5][…], Բևերլի Հիլտոն հյուրանոց, Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]), ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել։ Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ ») երգը համաշխարհային հիթ է դարձել։
Ուիթնի Հյուսթոն | |
---|---|
Հյուսթոնը 1991 թվականին
Welcome Home Heroes with Whitney Houston համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Whitney Elizabeth Houston |
Ի ծնե անուն | անգլ.՝ Whitney Elizabeth Houston[1] |
Նաև հայտնի է որպես | The Voice, Nippy |
Ծնվել է | Օգոստոսի 9, 1963 Նյուարկ, Նյու Ջերսի,ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | Փետրվարի 11, 2012 (48 տարեկանում) Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Fairview Cemetery |
Ժանրեր | Փոփ, սոուլ, R&B, գոսպել |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 1977-2012 |
Լեյբլ | Arista Records, RCA Records |
Կրթություն | Mount Saint Dominic Academy? |
Կապված | Մրայա Քերի, Արետա Ֆրանկլին, Ջերմեյն Ջեքսոն, Ջորջ Մայքլ, Բրենդի Նորվուդ, Բեյբիֆեյս, Ալիշա Քիզ, Սթիվի Ուանդեր, Քևին Քոսթներ, Էնրիկե Իգլեսիաս, Դեբորա Կոքս |
Ամուսին | Բոբի Բրաուն[2] |
Պարգևներ | |
Կայք | whitneyhouston.com |
Ստորագրություն | |
Whitney Houston Վիքիպահեստում |
Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ։ Առաջինը "Whitney Houston" (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ''Whitney'' (1987), ''I'm Your Baby Tonight'' (1990), ''My Love Is Your Love'' (1998), ''Just Whitney...'' (2002), ''One Wish: The Holiday Album'' (2003) և ''I Look to You'' (2009) ալբոմները։
2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին՝ "I Look To You" (Բառացի թարգմանությամբ՝«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ Առողջության վատթարացման պատճառով 2010 թվականին երգչուհու Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր։
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով[9][10][11] :
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։Նա Ջոն և Սիսսի Հյուսթոնների ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր։
Մանկության տարիներին երգում էր Նյուարկի «Նոր Հույսի եկեղեցու» մանկական գոսպել-երգչախմբում որպես մեներգչուհի։ Այդ ժամանակ նա տասնմեկ տարեկան էր։ Ուիթնիի մայրը՝ Սիսսի Հյուսթոնը, և նրա քույրը՝ Դիոն Ուորվիկը հայտնի երգչուհիներ էին։ Քանզի Ուիթնին շրջապատված էր այդպիսի մարդկանցով, դա չէր կարող ազդեցություն չունենալ մասնագիտության ընտրության համար։
Ուիթնին շատ է ճանապարհորդում մոր հետ, անում է առաջին քայլերը երաժշտության ասպարեզում։ Դառնում է բեք-վոկալիստ Չակա Կանի մոտ, նաև նկարահանվում է գովազդում։
1980-ականների սկզբին Հյուսթոնն արդեն երկու պայմանագիր ուներ ձայնագրային ընկերությունների հետ։ Սակայն ավելի լուրջ առաջարկ նա ստացավ 1983 թվականին։ Ուիթնին մոր հետ երգում էր Նյու-Յորքի ակումբներից մեկում, և նրա ձայնից տպավորված «Arista Records»-ի ներկայացուցիչը ընկերության ղեկավար Քլայվ Դեվիսին խորհուրդ է տալիս լսել Ուիթնիի ձայնը։ Դեվիսը տպավորվում է և առաջարկում է Ուիթնիին պայմանագիր կնքել ընկերության հետ, որը կնքվում է նույն տարում։
1985 թվականի փետրվարին թողարկվում է Whitney Houston ալբոմը։ Ալբոմի «You Give Good Love» երգը հայտնվեց Billboard Hot 100-ի երրորդ հորիզոնականում, և այլ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում։ Saving All My Love For You, Greatest Love Of All և How Will I Know երգերը տարբեր փոփ հիթ-շքերթներում հասան առաջին հորիզոնականներ և երգչուհուն բերեցին մեծ ժողովրդականություն։
1986 թվականին, ալբոմի թողարկումից մեկ տարի անց, այն գլխավորեց Billboard 200 հիթ-շքերթը և 14 շաբաթ անընդմեջ մնաց առաջին հորիզոնականում։ Ալբոմը ձեռք բերեց միջազգային կոմերցիոն հաջողություն։ Միայն ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան 13 միլիոն օրինակ և դարձավ այն ժամանակվա ամենավաճառվող դեբյուտային ալբոմը երգչուհիների շրջանում։
Rolling Stone ամսագիրը Հյուսթոնին անվանեց «վերջին տարիների լավագույն ձայներից մեկը»։ Ալբոմը ունեցավ մեծ հաջողություն և գովվեց քննադատների կողմից։
Նույն 1986 թվականին տեղի ունեցավ Ուիթնիի առաջին շրջագայությունը՝ «The Greatest Love Tour»: Ուիթնին ստացավ իր առաջին «Գրեմմի» մրցանակը «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում, «Saving All My Love For You» երգի համար։ Ստացավ նաև Emmy, American Music Award և MTV Music Video Awards մրցանակներ։
«Whitney Houston» ալբոմը «բոլոր ժամանակների լավագույն ալբոմների» ցուցակներում. «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ», «The Rock & Roll Hall of Fame’s Definitive 200» և այլն.
Ալբոմի հայտնի երգերից են «Saving All My Love For You», «How Will I Know», «Nobody Loves Me Like You Do», «All At Once», «Greatest Love Of All»:
1987 թվականի հունիսին թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը, «Whitney» անունով։ Ալբոմի առաջին չորս, «I Wanna Dance With Somebody (Who Loves Me)», «Didn't We Almost Have It All», «So Emotional», «Where Do Broken Hearts Go» երգերը «Billboard Hot 100» ամսագրում առաջին տեղերը զբաղեցրին։ «Billboard Hot 100»-ում յոթ հաջորդական սինգլերը դարձան համար մեկ հիթերը և Հյուսթոնը գերազանցեց The Beatles և Bee Gees խմբերի ռեկորդները (վեց սինգլ)։
Ալբոմը վաճառվել է մոտ 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։ Շատ քննադատներ ասել են, որ ալբոմը շատ է նման նախորդին։
Ուիթնին ստացավ իր երկրորդ Գրեմմի մրցանակը, նույն՝ «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում, «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» երգի համար և կատարեց իր երկրորդ՝ «The Moment of Truth» շրջագայութնունը։
Նույն, 1987 թվականին Հյուսթոնը ձայնագրեց «One Moment in Time» երգը Սեուլում 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար։ Երգը դարձել է Հյուսթոնի ամենահայտնի և սիրված երգերից մեկը։ ԱՄՆ-ի ազգային հիթ-շքերթում երգը գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները։
Բազմաթիվ աֆրոամերիկացի քննադատներ ասում էին, որ Ուիթնիի երաժշտությունը շատ «սպիտակ» է։ Շատերն ասում էին, որ ձայնագրություններում չկա այն «ոգին», որը կա կենդանի կատարումներում։ 1989 թվականին, Soul Train Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, Ուիթնիի անունը հայտարարելուն պես սկսվեցին հանդիսատեսի բացասական արտահայտությունները և սուլոցները։ Ուիթնին պատասխանեց քննադատութնուններին, ասելով՝ «Եթե ուզում ես ունենալ երկար կարիերա, ապա այս ճանապարհն անխուսափելի է։ Ես գնում եմ այդ ճանապարհով, և չեմ ամաչում դրա համար»։
1991 թվականին Հյուսթոնը հանդես եկավ անվճար համերգով, որը տեղի ունեցավ Նորֆոլկում, Վիրջինիա նահանգում։ Համերգը կազմակերպվեց Իրաք-քուվեյթական պատերազմում կռվող զինվորների և նրանց ընտանիքների համար։
Հետո Հյուսթոնը ձեռնամուխ եղավ "I'm Your Baby Tonight" համաշխարհային շրջագայությանը։
1990 թվականի նոյեմբերին թողարկվեց երգչուհու երրորդ ստուդիական ալբոմը՝«I'm Your Baby Tonight»: Ալբոմում ներառված են բալլադներ («All The Man that I Need», «After We Make Love», «Miracle» և այլն) և պարային երգեր («I'm Your Baby Tonight», «Anymore», «I'm Knockin'» և այլն)։ Ալբոմի վրա աշխատել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Լյութեր Վանդրոսը, Էլ Էյ Ռեյդը և Բեյբիֆեյսը։ «Billboard 200»-ում ալբոմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ամբողջ աշխարհում այն վաճառվում է տասը միլիոն օրինակով։ Չնայած նրան, որ ալբոմը վաճառվեց ավելի վատ քան նախորդ երկուսը, այն ստացավ քննադատների համակրանքը։
1991 թվականի հունվարի 27-ին Հյուսթոնը կատարեց ԱՄՆ պետական օրհներգը «Տամպա» մարզադաշտում Super Bowl-ի ժամանակ։ Երգը ձայնագրվեց և մտավ U.S. Hot 100 հիթ-շքերթի թոփ-20, և Հյուսթոնը դարձավ առաջին արտիստը, որի կատարմամբ պետական օրհներգը հիթ է դարձել։
1998 թվականի նոյեմբերին թողարկվում է չորրորդ (եթե, չհաշվենք 3 սաունդթրեք ալբոմները) ստուդիական ալբոմը My Love Is Your Love անվանմամբ: Ի սկզբանե ալբոմը նախատեսված էր լավագույն հիթերն ընդգրկելու համար, սակայն պարզվեց, որ բավականին նոր երգեր կան լիարժեք ալբոմի համար։ Ալբոմի «Heartbreak Hotel», «My Love Is Your Love» և «It’s Not Right But It’s OK» երգերը մտան Billboard ամսագրի թոփ-5, և դարձան միջազգային հիթեր։
Մրայա Քերիի հետ կատարած «When You Believe» (Հայ. «Երբ Հավատում Ես») դուետը («Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմից) նույնպես ընդգրկվեց ալբոմի մեջ և դարձավ համաշխարհային հիթ։
1999 թվականին Ուիթնին մասնակցեց Divas Live '99 համերգին Լաս Վեգասում, Թինա Թերների, Շերի, Մերի Ջեյ Բլայջի և այլոց հետ։ Նույն թվականին տեղի ունեցավ Հյուսթոնի My Love Is Your Love համաշխարհային շրջագայությունը։
2000 թվականին, «It’s Not Right But It’s OK» երգի համար Ուիթնին ստացավ «Գրեմմի», «Լավագույն Ռիթմ ընդ բլյուզ երգչուհի» անվանակարգում։
1999 թվականին, հարցազրույցներից մեկում Հյուսթոնն ասաց, որ ալբոմից առավել շատ հավանում է «You'll Never Stand Alone» երգը։
«- Ես միշտ ասում եմ, որ այդ երգն իմ սիրելին է, որովհետև այդ երգը զգում եմ մնացածից շատ ավելի լավ։ Նրանից ես իրոք շատ էմոցիաներ եմ ստանում և գիտեմ թե ում եմ այն նվիրում։ Եվ դա իմ փոքրիկ դուստրն է, և այդ երգը «You'll never stand alone»-ը. Դա այն երգն է, որն իմ մտքում է հենց այստեղ նստած։ Այդ երգի ձայնագրման ժամանակ ես շատ զգացմունքներ ունեի։ Ես հիշում եմ, ես ասացի «Նա երբեք ստիպված չի լինի անցնել այս ամենի միջով». Ես անընդհատ կրկնում էի դա։ Իսկ հետո արտասվեցի և ասացի ինձ. «Ես կերգեմ այս երգը, բայց նա երբեք սրա միջով չի անցնի»։ Ես հիշում եմ, թե ինչպես էի կրկնում «Ես երբեք չեմ թողնի նրան անցնել այս կեղտի միջով, երբեք, երբեք...» - ասում է նա։
2000 թվականի մայիսին թողարկվում է լավագույն հիթերի հավաքածու, Whitney: The Greatest Hits անունով։ Ալբոմում ընդգրկվեցին Ուիթնիի լավագույն հիթերը սկսած 1985 թվականից։ Ընդգկվեցին հայտնի բալլադներ 80-ականներից և 90-ականներից, երգերի ռեմիքս տարբերակներ, ինչպես նաև դուետներ հայտնի արտիստների հետ, որոնք են՝ «Could I Have This Kiss Forever» (Էնրիքե Իգլեսիասի հետ), «Same Script, Different Cast»(Դեբորա Կոքսի հետ) և «If I Told You That»(Ջորջ Մայքլի հետ)։
Ալբոմի մեջ են մտնում նաև երեք երգեր, որոնք երբեք չէին թողարկվել որևէ ալբոմում։ Դրանք են «One Moment In Time», «The Star Spangled Banner» և «If You Say My Eyes Are Beautiful»(Դուետ Ջերմեյն Ջեքսոնի հետ իր 1986 թվականի Precious Moments ալբոմից) երգերը։
Ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվեց 10 միլիոն օրինակով։
2001 թվականին Ուիթնին ստորագրեց երաժշտության պատմության մեջ ամենամեծ պայմանագրերից մեկը Arista և BMG ընկերությունների հետ։ Նա երկարաձգեց իր պայմանագիրը 100 միլիոն դոլլարով, 6 նոր ալբոմների թողարկման համար։ Հետո նա ելույթ ունեցավ Մայքլ Ջեքսոնի սոլո կարիերայի 30 ամյակին նվիրված համերգում, որտեղ նրա չափազանց նիհար լինելը պատճառ դարձավ թմրադեղերից կախվախության մասին լուրերի տարածման։ Նրա հրապարակախոսն ասաց, որ Հյուսթնը սթրես էր տանում, ընտանեկան վատ վիճակի պատճառով, և երբ նա սթրեսի մեջ է, չի ուտում։ Նախատեսված էր, որ Ուիթնին ևս մեկ ելույթ պետք է ունենար, բայց նա հրաժարվեց։ Շաբաթներ անց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Հյուսթոնը վերաթողարկում է ԱՄՆ ազգային հիմնի իր հայտնի կատարումը։
2002-ի դեկտեմբերին Հյուսթոնը թողարկում է իր հինգերորդ ստուդիական՝ Just Whitney... ալբոմը։ Ալբոմի պրոդյուսինգով զբաղվել են Ուիթնիի ամուսինը՝ Բոբբի Բրաունը, Միսսի Էլլիոթը, Բեյբիֆեյսը, Էլ Էյ Ռիդը և այլք։ Billboard 200 չարթում ալբոմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Ալբոմի թողարկումից հետո առաջին շաբաթվա վաճառքները ամենաբարձրն էին ալբոմներից, որոնք Հյուսթոնը երբևէ թողարկել էր։
Կոմերցիոն առումով ալբոմը հաջողված չէր։ Քննադատները ալբոմը բարձր չգնահատեցին։ Պտտվում էին լուրեր Հյուսթոնի թմրադեղերից կախվածության մասին։
Հյուսթոնը 2002 թվականին ալբոմին աջակցելու համար տալիս է հարցազրույց Դայան Սոյերին, որտեղ խոսում է թմրադեղերից կախվածության մասին բամբասանքների մասին։ Թմրադեղերի օգտագործման մասին հարցին նա պատասխանեց. «Առաջին հերթին, եկեք մի բան լավ հասկանանք։ Կրեկը էժան է։ Ես շատ գումար եմ վաստակում կրեկ ծխելու համար։ Լավ հասկացե դա, լա՞վ։ Մենք կրեկ չենք օգտագործում։ Մենք դա չենք անում։ Կրեկը կործանումն է»։ Այդ արտահայտությունը Կիտ Հարինգի որմնանկարից էր, որը ստեղծվել էր 1986 թվականին 128-րդ փողոցի և 2-րդ պողոտայի գնդակի խաղահրապարակում։ Հյութոնն, այնուամենայնիվ, խոստովանում էր այլ թմրադեղերի օգտագործումը, այդ թվում, կոկաինի։
2003 թվականի հունիսին Հյուսթոնը մեկնում է Իսրայել։ Այդ ժամանակ նա ասել է. «Ես երբեք ինձ այսպես չեմ զգացել որևէ երկրում։ Ես ինձ տանն եմ զգում։ Ես լավ եմ զգում»։
2003 թվականի վերջին Հյուսթոնը թողարկում է իր առաջին Սուրբ Ծննդյան ալբոմը, One Wish: The Holiday Album: Ալբոմում ընդգրկված էին ավանդական Սուրբ Ծննդյան երգեր։ Ալբոմի պրոդյուսինգով զբաղվել են ինքը՝ Ուիթնին, Մերվին Ուորրենը և Գորդոն Չեմբերսը։ 2004 թվականին Հյուսթոնը համերգային շրջագայություններով մեկնում է Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա և Ռուսաստան։ 2004 թվականի սեպտեմբերին նա անակնկալ ելույթ ունեցավ World Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ որպես հարգանքի տուրք իր վաղեմի ընկեր Քլայվ Դեվիսին, կատարելով իր հայտնի I Believe In You And Me և I Will Always Love You երգերը։ Շոուից հետո, Հյուսթոնն ու Դեվիսը հայտարարեցին, ստուդիա գնալու և նոր ալբոմի վրա աշխատելու ծրագրերի մասին։
2004 թվականի սկզբին Հյուսթոնն ու իր ամուսինը՝ Բոբբի Բրաունը նկարահանվեցին իրենց ռեալիթի շոուում, Being Bobby Brown-ում։ Նկարահանվում է 11 սերիա, որից հետո Հյուսթոնը հրաժարվում է այլևս նկարահանվել։
«I Look To You» ալբոմը Ուիթնի Հյուսթոնի յոթերորդ և վերջին ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 28-ին։ Ալբոմի պրոդյուսինգով զբաղվել են. ինքը՝ Ուիթնին, Քլայվ Դեվիսը, Ալիշա Քիզը, Ար Քելլին, Էյքոնը, Դեվիդ Ֆոսթերը, Էրիկ Հադսոնը և այլ հայտնի անձինք։
Ալբոմը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard 200-ում։ Այն ռեկորդային էր Հյուսթոնի համար թողարկումից հետո առաջին շաբաթվա վաճառքների քանակով (305,000 օրինակ)։ Այս ռեկորդով I Look To You-ն գերազանցեց Just Whitney...-ի ռեկորդը։ 1992-ի The Bodyguard ալբոմից հետո, I Look To You-ն առաջինն էր, որը համար մեկը դարձավ Միացյալ Նահանգներում։ Այն դարձավ Ուիթնիի չորրորդ չարթերում բարձր հորիզոնականներ ունեցող ալբոմը՝ պահելով նրան ամենաշատ շաբաթներ առաջին տեղում մնացած երգչուհի։
Ալբոմի առաջին սինգլը «I Look To You»-ն է: Million Dollar Bill (Միլիոն դոլարանոց թղթադրամ) երգը համաշխարհային հիթ է դարձել։ Nothin' But Love (Ոչինչ, բացի սիրուց) անվանումը դարձել է Հյուսթոնի 2009-2010 թվականների համաշխարհային շրջագայության խորագիրը։ Ալբոմում ներառված է Like I Never Left (Ասես երբեք չեմ հեռացել) երգը, որը դուետ է Էյքոնի հետ։
Հյուսթոնը նաև գրել է մի քանի երգ ալբոմի համար (Like I Never Left (Ասես երբեք չեմ հեռացել), I Didn't Know My Own Strength (Ես չգիտեի իմ սեփական ուժը) և I Got You(Ես ունեմ քեզ))։
2009 թվականի դեկտեմբերին սկսվեց Հյուսթոնի Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը և շարունակվեց մինչև 2010 թվականի հունիս։ Հյուսթոնը համերգային ծրագրերով ներկանացել է Ասիայում, Եվրոպայումև Օվկիանիայում։ Առաջին համերգը Մոսկվայում էր, Ռուսաստանում (դեկտեմբերի 9, 2009), վերջինը Մանչեստրում, Անգլիայում (հունիսի 17, 2010)։ Հյուսթոնը համերգների ընթացքում կատարել է ինչպես հին սիրված երգեր, այնպես էլ երգեր նոր ալբոմից։ Շրջագայությունը 2010 թվականի 34-րդ ամենաշատ շահույթ բերածն էր (36 միլիոն դոլարից շատ)։
Այնուամենայնիվ շրջագայությունը հաջողված չէր։ Քննադատները բացասական էին արտահայտվում Հյուսթոնի ձայնի մասին։ Ավստրալիայում համերգի ժամանակ որոշ մարդիկ համերգի ավարտին չսպասելով հեռացել են։ Հյուսթոնին քննադատում էին ձայնի խռպոտության համար։ Նաև բացասաբար էին անդրադառնումnւմ I Will Always Love You երգի կատարումը դադարեցնելուն՝ ջուր խմելու նպատակով։
1992 թվականի նոյեմբերին Հյուսթոնը Քևին Քոսթների ընկերակցությամբ նկարահանվեց Միք Ջեքսոնի «Թիկնապահը»(անգլ.`The Bodyguard) ֆիլմում։ Ֆիլմը պատմում է հաջողակ սուպերաստղի և նրա թիկնապահի ռոմանտիկ հարաբերությունների մասին։
Հյուսթոնը ֆիլմի համար կատարել է վեց երգ, որոնցից ամենահայտնին, և, կարելի է ասել, նրա ամենասիրված երգը, քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնի «I Will Always Love You»(հայ.` «Ես Միշտ սիրելու եմ քեզ») երգի քավերն է։ Մյուս երգերն են՝ «I Have Nothing»(հայ.` «Ես Ոչինչ Չունեմ»),«I’m Every Woman»(հայ.` «Ես Յուրաքանչյուր կինն եմ»), «Run To You»(հայ.` «Վազել Դեպի Քեզ»),«Queen of the Night»(հայ.` «Գիշերվա թագուհին»),«Jesus Loves Me»(հայ.` «Հիսուսը Սիրում է Ինձ»):
Ուիթնի Հյուսթոնն ունեցավ չտեսնված հաջողություն։ «I Will Always Love You» երգը Հյուսթոնի կատարմամբ 14 շաբաթ անընդմեջ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում։ Սինգլը մինչև հիմա մնում է ամենավաճառվածը։
1995 թվականի դեկտեմբերին էկրան է դուրս գալիս Ֆորեսթ Ուիթակերի«Waiting to Exhale» ֆիլմը, Ուիթնի Հյուսթոնի, Անջելա Բասետի, Լելա Ռոխոնի և Լորետտա Դիվայնի մասնակցությամբ։ Ֆիլմի համար Հյուսթոնը կատարել է «Exhale (Shoop Shoop)» երգը, որը միանգամից #1 հիթ է դարձել։
Հյուսթոնը նաև կատարել է «Why Does It Hurt So Bad» և «Count On Me»(Դուետ Սի Սի Ուայնանսի հետ) երգերը ֆիլմի համար։
1996 թվականին նկարահանվում է Պեննի Մարշալի «The Preacher’s Wife»' ֆիլմը Ուիթնի Հյուսթոնի և Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ։ Սաունդթրեկ ալբոմից հայտնի հիթեր են` «I Believe in You and Me», «Step by Step» և «I Love The Lord»:
1997 թվականին Ուիթնին կատարում է Մոխրոտիկի կնքամոր դերը հայտնի հեքիաթի վրա հիմնված Ռոբերտ Իսկովի «Մոխրոտիկը» ֆիլմում։ Հյուսթոնին ընկերակցում էր Բրենդի Նորվուդը (մոխրոտիկ)։
Ուիթնի Հյուսթոնը կատարել է There's Music In You երգը։ Կատարել և նաև դուետ Բրենդիի հետ։
2012 թվականին Ուիթնին կատարել է Էմմա Անդերսոնի դերը Սալիմ Ակիլի «Սփարքլ» ֆիլմում։ Ֆիլմը 1976 թվականի նույնանուն ֆիլմի ռեմեյք է։ Հյուսթոնը ֆիլմի համար կատարել է His Eye Is On The Sparrow գոսպել երգը։
Ուիթնին խաղում է մի խիստ մոր դեր, ով նախկինում երգչուհի է եղել, սակայն չի ցանկանում, որ իր դուստրը (Սփարկլը) գնա այդ ճանապարհով։
Այս դերը դարձավ վերջինը լեգենդար դերասանուհու և երգչուհւ համար։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 17-ին։ Ցավոք, նա չապրեց մինչև ֆիլմի պրեմիերան՝ մահանալով նույն թվականի փետրվարի 11-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.