Սերբիայի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սերբիայի ազգային թանգարան (սերբ.՝ Народни музеј, Narodni Muzej), Սերբիայի և նախկին Հարավսլավիայի ամենամեծ և ամենահին թանգարանն է։ Գտնվում է Բելգրադի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից։ Հիմնադրվել է 1844 թվականի մայիսի 10-ին։ Հավաքածուն ներառում է 400,000 նմուշ, ներառյալ օտարերկրյա ձեռագրերը։ Թանգարանը գտնվում է վերանորոգման գործընթացում[1], որի ավարտից հետո կունենա նոր արտաքին և ներքին տեսք, տանիքին կտեղադրվի ապակե գմբեթ։
Սերբիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Վայր | Բելգրադ |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա |
Հասցե | Трг Републике 1аՀանրապետության հրապարակ (Բելգրադ) |
Հիմնադրվել է | մայիսի 10, 1844 |
Կայք | narodnimuzej.rs(սերբ.) |
1979 թվականից թանգարանի շենքն ընդգրկված է Սերբիայի ազգային մշակութային ժառանգությունների ցանկում։
Թանգարանի շենքի վայրում նախկինում եղել է «Դարդանելի նեղուց» կոչվող պանդոկը, որը եղել է մշակութային և արտիստիկ էլիտայի հավաքատեղի։ Բելգրադի հանրապետության հրապարակի վերափոխումների հետ կապված պանդոկը քանդվել է։ Թանգարանի բնօրինակ շենքը կառուցվել է 1902-1903 թվականներին Բելգրադի ամենահին բանկային կառույցներից մեկի՝ Գրավի բանկ հիմնադրամի համար։ Շենքը նախագծել են ճարտարապետներ Անդրա Ստևանովիչը և Նիկոլա Նեստորովիչը, որի համար արժանացել են առաջին մրցանակի։ Սա առաջին շինություններից էր, որի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոնե հենք։ Հիմքի կառուցման ընթացքում հայտնաբերվել են Ստամբուլի դարպասից մնացած տարբեր հորեր, ջրհորներ, նկուղներ։ Թանգարանի նորակառույց շենքը տվյալ ժամանակի համար եղել է պալատ իր մեծածավալ կենտրոնական և կողային գմբեթով, նեո-ռենեսանս և նեո-բարոկկո ոճերի տարրեր ընդգրկող ակադեմիական ճակատային հատվածով։ Առանձնակի ուշադրություն է հատկացվել հուշարձանային սանդուղքին ի տարբերություն բանկային պատուհաններով սրահի։ Շենքի կառուցումից երեք տասնամյակ անց Գրավի բանկի շենքի վերակառուցման անհրաժեշտություն է առաջացել։ Ընդլայնման գործընթացն անց է կացվել առանց մրցույթի. ճարտարապետ Վոգին Պետրովիչը նախագծել է շենքի դեպի Լազա Պացու փողոց ձգվող թևային հատվածը։ Շենքի նոր հատվածը բուն շենքի օրինակով ընդգրկում էր արտաքին նույն տարրերը, երկու հուշարձանային սանդուղքներ, երկու բանկային սրահներ, իսկ գրասենյակները տեղավորված էին վերևի հարկերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանկը ռմբակոծվել է, և կենտրոնական գմբեթային հատվածն ավերվել է։ Պատերազմի ավարտից հետո, երբ այստեղ է տեղափոխվել մշակութային հաստատություն, շենքն օգտագործվել է այլ նպատակով։
Հիմնադրումից ի վեր, սահմանադրականության ժամանակահատվածում, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազգային թանգարանը բազմիցս փոխել է իր գտնվելու վայրը։ Ի սկզբանե տեղակայվել է Կապիտան Միշայի պալատում (1863), այնուհետև տեղափոխվել է երկու կից շինություն, որոնք ավերվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զավթիչները թալանել ու առգրավել են թանգարանի հավաքածուն։ Միջպատերազմյա ժամանակահատվածում թանգարանն իր սեփական շենքը չի ունեցել։ Թանգարանը տեղավորվել է Իշխան Միլոշի փողոցի 58 հասցեի մասնավոր տանը։ 1935 թվականին նոր արքայական պալատը դարձել է Թագավորական թանգարանի շենք։ Թանգարանն անվանափոխվել է և դարձել արքայազն Պոլի թանգարան՝ բաղկացած Պատմական թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանից։ 1948 թվականին նոր պալատը վերականգնվել է և դարձել հանրապետական վարչական նստավայր։ Ուստի թանգարանը տեղափոխվել է Ստուդենտ հրապարակում գտնվող բորսային նախկին շենք, հավաքածուի մի մասն էլ տեղավորվել է իշխանուհի Լյուբիցայի պալատում։
1949 թվականին հայտարարվել է մրցույթ թանգարանի շենքի կառուցման համար։ Նախագիծը հաղթել է ճարտարապետ Միլադին Պրլևիչը, սական Կոմինիֆորմ բյուրոն հրաժարվել է նախագծից և թանգարանը տեղափոխվել է Գրավի բանկի շենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ շենքը վերանորոգվել է Դոբրոսլավ Պավլովիչի կողմից 1950 թվականին, սակայան լայնամասշտաբ բարենորոգումներն իրականացվել են 1965-1966 թվականներին ճարտարապետներ Ալեքսանդր Դերոկոյի, Պետար Անագնոստի և Զորան Պետրովիչի կողմից։ Վերականգնվել է կենտրոնական գմբեթը, կենտրոնական հատվածում ստեղծվել են աշխատասենյակներ։ Բանկային պատուհաններով սրահը ձևափոխվել է գրադարանի։ Հանրապետության հրապարակի հուշարձանային աստիճանասանդուղքով մուտքը դարձել է կողքային (երկրորդական), իսկ Վասինա փողոցի մուտքը՝ գլխավոր մուտք։ Ընդհանուր բարեփոխումներից հետո շենքի տարածքն ու ենթակառուցվածքներն ընդլայնվել են՝ պահպանելով 1902 թվականին բնորոշ դիզայներական տարրերը։
Ազգային թանգարանի շենքը մոնումենտալ ծավալով, արտաքին ձևով և ոճով հանրային կառույց է։ Մասնավորապես առանձնանում են գլխավոր մուտքի երկակի սյուները և գմբեթը։ Բազմագույն ճակատային հատվածը նեո-ռենեսանս ոճով է կառուցված։ Շենքի ներքին հարուստ դեկորացիան ձևավորել են ժամանակի հայտնի նկարիչներ Անդրեա Դոմենիկոն, Ֆրանյա Վալդմանը և Բորա Կովաչևիչը։
Որպես ճարտարապետական, քաղաքային, մշակութային և պատմական արժեք՝ շենքն ընդգրկված է Սերբիայի մշակութային ժառանգության հատուկ նշանակության արժեքների ցանկում (14/79)։
Թանգարանն ունի 34 հնագիտական, դրամագիտական, գեղարվեստական և պատմական հավաքածուներ։
Հիմնական հավաքածուն բաղկացած է վինչական քանդակներից, ինչպիսիք են «Կինը Վինչայից» (մ. թ. ա. 6–5-րդ դդ.), լեպեսկի վիր (մ. թ. ա. 7-րդ դար)։ Կան նաև բազմաթիվ քանդակներ, զենքեր, սաղավարտներ և այլ հին հռոմեական իրեր, 1005 նմուշներ Հին Հունաստանից, կելտական ծագմամբ տարբեր առարկաներ։ Այս ժամանակահատվածի ամենաարժեքավոր նմուշներից է Dupljaja Chariot-ը (մ. թ. ա. 16-13-րդ դդ.), ոսկե դիմակներ Տրեբենիցեից (մ. թ. ա. 6-րդ դար), կենցաղային իրեր Յաբուչիեից (1-ին դար), բելգրադյան կամեյոն (4-րդ դար), արծաթե գոտի և սվաստիկա (մ. թ. ա. 5-րդ դար)։ Հավաքածու կա նաև Հին Հռոմից, որի ամենահայտնի նմուշներից են եգիպտացի քահանա Նեսմինի հազվագյուտ ոսկե սարկոֆագը և մումիան։
Դրամագիտական հավաքածուն ներառում է շուրջ 300,000 նմուշ (մետաղադրամներ, մեդալներ, մատանիներ, կնիքներ)։ Հավաքածուն բաժանված է մ. թ. ա. 6-5-րդ դարերի տասը փոքր հավաքածուների և ներառում է Ֆիլիպ II Մակեդոնացու (359-336 մ.թ.ա.) և Ալեքսանդր Մակեդոնացու (336-323 մ.թ.ա.) կողմից թողարկված մետաղադրամների հավաքածուն։ Հավաքածուն ունի նաև յուրահատուկ իրեր՝ ոսկե կայսեր Վալենտինիանոս I-ի մեդալիոնը, ստեղծվել է մ. թ. 364, Սերբիայի Ստեֆան Ռադոսլավ թագավորի արծաթե դինարները և այլն։
Թանգարանն ունի մեծ միջնադարյան հավաքածու, մասնավորապես Ասիայից և Եվրոպայից։ Դրանցից կարևորագույնը պատկերազարդ 362 ձեռագիր էջերով Միլոսլավի ավետարանն է՝ գրված 1186 թվականին միջնադարյան Սերբիայում։ Ձեռագիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողությունների ցանկում[2]։ Հավաքածուն ներառում է նաև Սուրբ թագավոր Ստեֆան Դեչանսկու սարկոֆագը (14-րդ դար), Բուլղարիայի Թեոդորա թագուհու (մինչև 1322) և Սերբիայի Ստեֆան Ռադոսլավ թագավորի (1219–1220) մատանիները, Ստեֆան Միլուտին թագավորի թիկնոցը (1300-ական թթ.), ներբող նվիրված իշխան Լազարին, շուրջ 120 սրբապատկերներ (1200-1500 թթ.), ներառյալ Օխրիդի հավաքածուն[3]։
Թանգարանն ունի միջազգային նկարիչների 2,446 կտավներ, հարավսլավական արվեստի 6,000 նմուշներ, ներառյալ 18-19-րդ դդ. սերբ նկարիչների 1,700 կտավներ, 20-րդ դարի 3,000 կտավներ։ Սա Սերբական միջնադարյան արվեստի հավաքածուի մեջ չի ներառվում[4]։ Թանգարանը ներառում է Սերբիայի միջնադարյան, ֆրանսիական, հոլանդական, ֆլամանդական, իտալական, ռուսական, գերմանական, ճապոնական, չինական (1644-1978), անգլիական, իսպանական, հունգարական, ռումինական, բուլղարական, հարավսլավական արվեստի հավաքածուներ։ Ընդհանուր առմամբ հավաքածուն ներառում է 16,000 գեղանկար, գրաֆիկա, նկարներ, կրոնին վերաբերող խորհրդանիշեր ու տպագրություն և ավելի քան 900 քանդակներ։
Թանգարանի ամենանշանակալի հավաքածուն ֆրանսիական հավաքածուն է։ Այն ներառում է Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Էդգար Դեգայի, Պոլ Սեզանի և այլոց եզակի հավաքածուներ։ Կտավների մեծ մասը հավաքել և թանգարանին է նվիրաբերել Հարավսլավիայի արքայազն Պավել Կարագեորգևիչը։
Ֆրանսիական արվեստի հավաքածուն բաղկացած է 16-20-րդ դարերի ավելի քան 250 գեղանկարչական և ավելի քան 400 գրաֆիկայի և գծանկարների աշխատանքներից՝ ներառյալ «Սլոմովիչ հավաքածուն» (58 կտավների և ավելի քան 200 գրաֆիկական աշխատանքներ)։
Հավաքածուներում ներկայացված են Նիկոլյա Տուրները, Ռոբերտ Տուրները, Հյուբեր Ռոբերը, Պոլ Գոգենը, Պիեռ-Օգյուստ Ռենուարը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Անրի Մատիսը, Կլոդ Մոնեն, Պոլ Սեզանը, Էդգար Դեգան, Ժան Բատիստ Կամիլ Կորոն, Պոլ Սինյակը, Մորիս Ուտրիլլոն, Օգյուստ Ռոդենը, Ժոժ Ռուոն, Պիեռ Բոնարը, Կամիլ Պիսսարոն, Օդիլոն Ռեդոն, Գյուստավ Մորոն, Օնորե Դոմիեն, Էժեն Կարիերը, Մորիս դը Վլամինկը, Անդրե Դերենը, Սյուզաննա Վալադոնը, Ժան Լուի Ֆորենը, Ռոբեր Դելոնեն, Ռոզա Բոնյորը, Մարի Լորանսենը, Ֆելիքս Զիմը։
Գրաֆիկական և փորագրության արվեստի հավաքածուն ներառում է Շառլ լը Բրենի, Սեբաստիան Բուրդոնի, Ժակ Կալլոյի, Շառլ Ֆրանսուա Դոբինի, Էդգար Դեգայի, Էժեն Դելակրուայի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Շառլ Էդուար լը Կորբյուզիեի (3 գրաֆիկա), Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ժան Կոկտոյի, Էժեն Կարիերի աշխատանքները։
Իտալական արվեստի հավաքածուն ներառում է 230 արվեստի գործեր, առանձնանում է 14-20-րդ դարերի անհատ վարպետների ստեղծագործ աշխատանքներով։ Հավաքածուում ընդգրկված են Դոմենիկո Վենեցիանոյի, Պաոլո դի Ջովանիի, Ռաֆայել Սանտիի, Տիցիանի, Յակոբո Տինտորետտոյի, Դոմենիկո Տինտորետտոյի, Լեանդրո Բասանոյի, Վիտորե Կարպաչչոյի, Լորենցո դի Կրեդիի, Գվիդո Ռենիի, Սպինոլե Առետինոյի, Ֆրանչեսկո Բասանոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի, Ջիուլիո Կարպինոյի, Անդրեա Չելեստիի աշխատանքները։ Գրաֆիկական և փորագրության արվեստի հավաքածուում ներառված են Սանդրո Բոտիչելլիի, Անիբալե Կառաչիի, Ջովաննի Բատիստա Պիրանեզիի, Պաոլո Վերոնեզեի, Ամեդեո Մոդիլիանիի, Լուիջի Օնտանիի աշխատանքները։
Հոլանդական և ֆլամանդական արվեստի հավաքածուն ներառում է ավելի քան 500 աշխատանքներ (210 նկարներ, 220 գրաֆիկական գործեր, փորագրություններ, 80 գծանկարներ)։ Բելգրադի ազգային թանգարանն աշխարհի առաջին թանգարանն է, որ Պիտ Մոնդրիանի կտավները ներառել է իր մշտական ցուցադրությունում[9]։ Թանգարանում ներկայացված են Խուան Ֆլանդեսը, Հիերոնիմոս Բոսխը, Կոռնելիս դե Վոսը, Անտոնիս վան Դեյքը, Անտոնիս Մորը, Յան Բրեյգել Ավագը, Մարտին դե Վոսը, Իյոս վան Կլևեն, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Յան վան Գոյենը, Յուստուս Սուստերմանսը, Սիմոն դե Վոսը, Յան Վիկտորսը, Վիլեմ վան Ալստը, Ֆրանց վան Միրիսը, Պաուլյուս Պոտտերը, Գասպար Նետշերը, Յան Ֆրանս վան Բլումենը, Ադամ Ֆրանս վան դեր Մեյլեն, Գոդֆրիդ Սխալկեն, Ադրիաեն վան ՈՒտրեխտը, Յան Բարտոլդ Յոնգկինդը, Կես վան Դոնգեն, Անտոն Մաուվեն, Ալարտ վան Էվերդինգենը, Վինսենթ վան Գոգը և Պիտ Մոնդրիանին։
Ռուսական արվեստի հավաքածուն ընդգրկում է 90 կտավներ, փորագրանկարներ, փորագրություններ, 15-19-րդ դարերի շուրջ 100 սրբապատկերներ։ Հավաքածուում ներառված են Հովհաննես Այվազովսկու, Մարկ Շագալի, Վասիլի Կանդինսկու, Նիկոլայ Ռերիխի, Իլյա Ռեպինի, Ֆիլիպ Մալյավինի, Ալեքսեյ Առլամովի, Միխայիլ Լարինովի, Բորիս Գրիգորևի, Վլադիմիր Բորովիկովսկու, Պավել Կուզնեցովի, Կոնստանտին Կորովինի, Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Բենուայի, Էլ Լիսիցկու, Մստիսլավ Դոբոժինսկու, Ալեքսանդր Սամոխվաոլովի, Պյոտր Նիլուսի աշխատանքները[18]։
Ներառում է 19-րդ դարի վերջի, հիմնականում իմպրեսիոնիստական և հետ-իմպրեսիոնիստական նկարիչների։ Հավաքածուի մեծ մասը նվիրաբերվել է Պավել Կարագեորգիևիչի կողմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հավաքածուում ներառված են 64 կտավներ, 51 գրաֆիկական աշխատանքներ և փորագրություններ։ Ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Ալֆրեդ Սիսլեյը, Չարլզ Կոնդերը, Ֆիլիպ Ստերը, Ուոլտեր Սիկերտը, Ջեյմս Մենսոնը, Պերսի Կյուիսը, Ռոջեր Ֆրայը, Դունկան Գրանտը, Վանեսա Բելը, Ռոուլանդ Ֆիշերը[19], Ուիլյամ Հոգարտը։
Ճապոնական արվեստի հավաքածուն ընդգրկում է 220 աշխատանք, այդ թվում 36 գրաֆիկական և գեղանկարչական գործեր (բոլոր գրաֆիկաները ուկիո-է ժանրի են, որը Ճապոնիայում ձևավորվել է 17-19-րդ դարերում)։ Հավաքածուում ներկայացված են Ուտագավա Կունիսադան, Էյսեն Կեսայը, Ուտագավա Հիրոշիգեն, Կիտագավա Ուտամարոն, Ցուգուհարու Ֆուձիտան։
Բելգրադի ազգային թանգարանի ավստրիական և գերմանական հավաքածուն ունի 112 գեղանկարչական, բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ և փորագրանկարներ։ Ներկայացված գեղանկարները 19-րդ և 20-րդ դարերի են, իսկ գրաֆիկական աշխատանքները՝ 15-րդ դարի։ Հավաքածուում ներառված առավել հայտնի նկարիչներից են՝ Մաքս Լիբերմանը, Լովիս Կորինտը, Ֆրից ֆոն Ուդեն, Կառլ Հոֆերը, Ալբրեխտ Դյուրերը, Գուստավ Կլիմտը, Մաքս Սլեֆոգտը։ Հավաքածուի հիմնական մասը թանգարանին է նվիրաբերել Օբրենովիչների դինաստիան և Պավել Կարագեորգիևիչը։
Սերբիայի ազգային թանգարանում ներկայացված են նաև ամերիկյան, իսպանական, բուլղարական, լեհական, ավստրալիական, չինական, կանադական արվեստի գործեր։
Սերբիայի և Հարավսլավիայի արվեստի հավաքածուն բաղկացած է 17-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջի ավելի քան 6000 նմուշներից։ Թանգարանում ներկայացված արվեստագետներից են՝ Մարինա Աբրամովիչ, Պայա Յովանովիչ, Ստոյան Արալիցա, Պետար Լուբարդա, Միլան Կոնյովիչ, Ուրոշ Պրեդիչ, Ջուրա Յակշիչ, Մարկո Կուրատ, Ջորջե Անդրեևիչ Կուն, Նադեժդա Պետրովիչ, Պետար Դոբրովիչ, Միկա Պոպովիչ, Սավա Շումանովիչ։
Ներկայացված են նաև սլովենյան արվեստի գործեր՝ Մատիա Յամա (7 կտավներ), Ավգուստ Սերնիգոյ (6 աշխատանք), «Էսքիզներ թատրոնի համար», Ռիխարդ Յակոբիչ (7 կտավներ) «Ծովափնյա ծառեր», Իվան Գրոխար, Na Pasi և Մատեյ Ստերնեն (4 կտավներ) «Կին ընթերցողը» և այլն։
Թանգարանում ներառված են քանդակներ հռոմեական ժամանակներից մինչև 20-րդ դար։ Հարավսլավական հավաքածուն ներառում է 850 աշխատանք, օտարերկրյա հավաքածուն՝ շուրջ 50։ Ներկայացված են այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Իվան Մեշտրովիչը (96 աշխատանք), Տոմա Ռոսանդիչը, Անտուն Ավգուստինիչը, Ֆրանյո Կրշինիչը, Սեզար Բալդաչինին, Արիստիդ Մայոլը, Ժորժ Մինեն, Ռիստո Ստիյովիչը, Մատիա Վուկովիչը։
2012 թվականի հունվարի 25-ին Բելգիայի ազգային թանգարանի՝ հանրության համար փակ մնալուց հետո սերբական առաջատար «Press» լրատվական թերթից Վլադիմիր Բոգդանովիչը «Մեկ տասնամյակ մշակութային ցեղասպանություն սերբերի դեմ» վերնագրով հոդված գրեց՝ տեսնելով ազգային թանգարանի գործունեության անհրաժեշտությունը։ Նա քննադատեց նաև թանգարանում արվեստի պահպանումը[50]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.