Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Շահնամե» (պարս.՝ شاهنامه Šāhnāme, դասական արտասանությամբ՝ Շահնամա, «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ 7-րդ դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ առասպելական Փիշդադյան և պատմական Աքեմենյան, Սասանյան հարստությունների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի՝ Ֆիրդուսիի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած[1]։ «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։
Շահնամե պարս.՝ شاهنامه | |
---|---|
Հեղինակ | Ֆիրդուսի և Աբու Մանսուր Մուհամմեդ Դաքիքի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Բնօրինակ լեզու | պարսկերեն |
Կերպար(ներ) | Keyumars?, Hushang?, Ջամշիդ, Զահհակ, Ահրիման, Դարբին Քավեհ, Ֆերեյդուն, Afrasiab?, Babak?, Բիջան և Մանիջեհ, Վահրամ Չուբին, Esfandiyār?, Ֆարանակ, Farangis?, Gordafarid?, Garsivaz?, Հաֆթվադ, Arash?, Աբթին, Արնավազ, Faramarz?, Farhad?, Garshasp?, Giv?, Karen?, Իրեջ, Alexander the Great in legend?, Kai Khosrow?, Keshvad?, Kay Kāvus?, Katāyoun?, Խոսրով Ա Սասանյան, Մանուչեհր, Մեհրաբ, Nowzar?, Nariman?, Ռախշ, Roham?, Ռոսատամ, Rostam Farrokhzād?, Ռուդաբե, Շաղադ, Shahran Goraz?, Shahrasb (Shahnameh)?, Շահրնազ, Սիմուրգ, Siamak?, Siyâvash?, Sohrab?, Sudabeh?, Shirin?, Սամ (Շահնամե), Սալմ, Սասան, Tahmina?, Tahmuras?, Զալ, Թուր, Banu Goshasp?, Սինդուխտ և Barbad? |
Ստեղծման տարեթիվ | 976-1010 թվականներ |
Երկիր | Պարսկաստան |
Հրատարակման տարեթիվ | 1425 թվական |
Վիքիքաղվածք | Շահնամե |
Shahnameh Վիքիպահեստում |
«Շահնամե»-ն արձակ և բանաստեղծական հավաքածուների անվանումն է, ամենշանակալիցը դրանցից հանդիսանում է Ֆիրդուսիի (Հակիմ Աբուլկասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Տուսի) ժամանակաշրջանը՝ գրված մոտավորապես 976-1010 թվականներին[2]։ «Շահնամե»-ն ավարտվել է թուրքական կառավարիչ Մահմուդ Գազնևի ժամանակ և նվիրված էր նրան։ Մյուս հավաքածուներից պահպանվել են միայն հատվածներ՝ տարբեր հեղինակների վերապատումներով։ Սկզբնապես հավաքածուներն անվանվում էին «Խուդայ-նամե»։ Հետագայում առաջացել է «Շահնամե» անվանումը։
Ֆիրդուսին «Շահնամե»-ն գրել է 35 տարիների ընթացքում և պոեմում հավաքել է մեծ քանակի պարսկա-տաջիկական ֆոլկլորի հավաքածուներ։ Աշխատելով ստեղծագործության վրա, նա օգտագործել է ոչ միայն մուսուլմանական պատմության հատվածներ, այլ նաև հին իրանական առասպելներ, նախաիսլամական էպոս և «Ավեստա»-ն՝ զրադաշտականության սուրբ գիրքը։ Ֆիրդուսին պոեմի մեջ ներառել է նաև հազարավոր բեյտեր (երկտող ոտանավոր), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, որը մահացել է երիտասարդ տարիքում և չի հասցրել ավարտել իր աշխատանքը։
«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։
Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։
Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյտ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել են առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, հրատարակված 1957-1989 թվականներին՝ 6 հատորով, որը կատարել է Ց. Բ. Բանու-Լախուտին ըստ Վուլերսի — Նաֆիսիի հրատարակության, պարունակում է 52009 բեյտ (104018 տող)։
«Շահնամե»-ն կամ «Թագավորների գիրքը» (թագավորները նրանում հիսունն են) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա իրենում մարմնավորում է ամբողջ մարդկության մանկության ժամանաշրջանը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից հետո։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է հազար տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ հօգուտ Ջամշուդի ծոռ Ֆարիդունի (ժողովրդի այդ ապստամբությունը բռնակալի դեմ «Թագավորների գրքի» ամենադրամատիկ պահերից մեկն է)։
Արքա Մանուչեհրի ժամանակ տեղի են ունենում Զալի պատանեկան դյուցազնական արկածները, որի սերը դեպի գեղեցիկ Ռուդաբեն կազմում է «Շահնամե»-ի հիասքանչ դրվագներից մեկը։
Զալի որդին պարսից փառապանծ դյուցազուն Ռոստամն է։ Մանուչեhրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին և մահանում է։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվելով, պատերազմը շարունակվում է իրանական հինգ արքաների ժամանակ՝ ընդհանում առմամբ ավելի քան երեք հարյուր տարի։ Առաջին իսկ մարտի ժամանակ Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց, սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է մինչ անվերջություն։
Ռուստամի գլխավոր հերոսությունները և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ ընկնում են Քեյ-Քահուսի թագավորության ժամանակ, որը որոշ դեպքերում հիշեցնում է ռուսական բիլինաների կամակոր հերոս կնյազ Վլադիմիրին։
Քեյ-Քահուսի որդի Սիավուշը՝ վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև ուժգնացող պատերազմի շարժիչ ուժը։ Լի պատահարներով և տարբեր դյուցազնական արկածներով պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը (Սիավուշի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախավ և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։
Խաղարկվում է գեղարվեստական ռոմանտիկ դրվագ հերոս Բիժենի և Աֆրասիաբի դուստր Մենիժեի միջև։ Դրվագ, որը, ըստ Ֆիրդուսիի խոսքերի, իր կողմից փոխ է առնված հատուկ գրքից։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է հանդիսանում նրա որդի Գոշտասպը (նրա սիրո պատմության դրվագը հռոմեական արքայի դստեր հետ զուգահեռներ ունի մ.թ.ա. III դարի հույն Հարես Միթիլինիացու հաղորդմամբ Զամադրայի՝ Գիստապսի որդու, և արքնայադուստր Օդատիսի միջև սիրո հետ)։
Գոշտասպի թագավորության ժամանակ հայտնվում է մարգարե Զրադաշտը (Զարատուստրա, Զերդեշտ)։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը («Շահնամե»-ի այդ հատվածը պատկանում է ոչ թե Ֆիրդուսիին, այլ Դաղիղին), սակայն թուրանյան արքա Արջասպը՝ Աֆրասիաբի թոռը և հետնորդը մերժում է այն, որի հետևանքով Իրանը նորից վերսկսում է դադար առած պատերազմը անբարիշտ Թուրանի հետ։ Զրադաշտության կրոնի գլխավոր մարտիկը՝ Գոշտասպի որդի Իսֆանդիարը, «Շահնամե»-ի համարյա նույն փառապանծ դյուցազն է, ինչպես Ռուստամը (Սպանդեդատ փահլևանական անունով նա հանդիսանում է հզոր հերոս նաև մեզ հասած փահլևանական պատմությունում, որը գրվել է 500 թվականից ոչ ուշ՝ «Այադգար Զարերան» (պարս. یادگار زریران [jɒːdeˈgɒːɾe zæɾiːɾˈɒːn]))։ Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան խոստանում է գահը, սակայն անընդհատ խուսափում է և վերջիվերջո նրան ուղարկում է Ռուստամի հետ մենամարտի։ Վերջինս, կախարդական ուժի օգնությամբ, սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապատումը այստեղ ավարտվում է։
Հաջորդ երկու արքաները՝ Գոշտասպի որդին և թոռը, պատմությանը քիչ են հայտնի։ Սակայն նրանցից երկրորդը՝ Բահմանը, նույնացվում է Արտաքսերքս II-ի հետ և բանաքաղների կողմից մտցվել է փահլևանական «Հոդայ-նամե»-ի մեջ, այդ պատճառով էլ Ֆիրդուսին նրան դնում է ծագումնաբանական կապի մեջ իրական պատմական դեմքի հետ՝ Աքեմենյան դինաստիայի վերջին արքա Դարեհ III-ի, որի մասին փահլևանական տոհմի բանաքաղները լսել էին ավանդազրույցներ, որ նա սպանվել է չար Ալեքսանդրի կողմից։ Քանի որ, ըստ ավանդույթի, պարզ է եղել, որ մինչ այդ Դարեհը թագավորել է ևս մեկ արքա նույն անունով, ապա «Հոդայ-նամե»-ն, իսկ նրանից հետո նաև «Շահնամե»-ն, վերջին Դարեհից անմիջապես առաջ դնում են Դարեհ I (Մեծ)-ին։ Տարբերակման համար նրանցից մեկը Ֆիրդուսիի մոտ անվանվում է Դարաբ, իսկ մյուսը՝ Դարա։ Ալեքսանդրի պատմությունը, որը տապալել է Դարեհին, հիմնված է կեղծ Կալիսֆենին։ Արշակունիների դինաստիայի մասին խոսվում է շատ քիչ, և նրանք բոլորը 50 իրանյան արքաների հաշվարկում դիտարկվում են որպես մեկը։ Սասանյան դինաստիայի հիմնադիր Արտաշիր I-ի մասին պատմվում է պատմականորեն, չնայած հանդիպում են նաև ռոմանտիկ և անեկդոտային դրվագներ, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ առասպելական։
Ֆիրդուսու սիրելի հերոսներից են հանդիսանում Վռամ V-ը (Վահրամ Գուր, 421-439) և Խոսրով I Անուշիրվանը (531-579)` արքայական իմաստության և արդարության իդեալը։ Հետաքրքիր ռոմանտիկ մանամասնություններով է հարուստ Վահրամ Չուբինի (590) ապստամբությունը և Կավադա Շիրուեի (Ֆարուհան Շահրվարազ, 628) արյունալի գահակալումը։ Իրանի գրավումը արաբների կողմից նկարագրվում է մեկ մարտով` Կադիսիի ճակատամարտով (մոտ 636)։ Այսպիսով, եթե անտեսենք որոշ արշավներ (օրինակ՝ դեպի Մազանդարան արքա Կավուսի արշավանքը), ամբողջ «Շահնամե»-ն պտտվում է Իրանի և Թուրանի միջև հավիտենական և անհաշտ պայքարի շուրջ՝ նախատիպը դառնալով Ահուրամազդայի և Ահրիմանի միջև վաղնջական պայքարի՝ բարու և չարի։ Ահուրամազդան և նրա երկնային ուժերը հովանավորում են Իրանին, իսկ Ահրիմանը և դևերը՝ Թուրանին։ Այդ պայքարի մասին պատումը ընդհատվում է զգայաշունչ քնարական ներդիրներով և երկար ռոմանտիկական դրվագներով, ինչպես Զալի և Ռուդաբեի, Բիժենի և Մենիժեի և այլոց սիրո պատմությունները։ Բազմաթիվ ձեռագրերում այդպիսի դրվագները տեղադրված են դպիրների կողմից, որոնք ցանկանում էին ունենալ 60000 երկտող՝ կլոր թիվ, չափազանցված նշված Ֆիրդուսիի կողմից։
Էպոսը բաժանված է տասնհինգ մասերի՝ թագավորությունների, որոնցից յուրաքանչյուրը, իր հերթին, բաժանվում է մի քանի գլուխների[3]։
Գրքի պատկերազարդ կրկնօրինակները հանդիսանում են պարսկական մանրանկարչության ամենահայտնի օրինակները։
«Շահնամե»-ի և նրա հեղինակի մասին ընդարձակ ցուցումներ պարունակում են.
Ֆիրդուսիի մասին կենսագրական տվյալները, որոնք նշված են այս ստեղծագործությունում շատ հետաքրքրաշարժ և գեղարվեստական, լայն տարածում ունեն ոչ միայն Ասիայում, այլ նաև Եվրոպայում։ Պատմական նշումներով նրանք մանրամասն ամփոփված են Մոլյայի «Շահնամե»-ի ֆրանսերեն թարգմանության նախաբանում և այլ եվրոպական թարգմանիչների մոտ։ Նրանք սյուժե են ծառայել նաև մի շարք եվրոպական գրական ստեղծագործությունների համար (Հեյնե)։ Այդ տարածված վաղեմի տեղեկությունները մեծ մասամբ հակասում են նրան, ինչ իր մասին ասում է Ֆիրդուսին «Շահնամե»-ի լիրակական մեկնաբանություններում և նրան, ինչ ասվում է XIX դարի վերջում բացված Ահմեդ Արուզիա Սամարղանդցու Ֆիրդուսիի մասին հնագույն աշխատությունում, որը Ֆիրդուսիի մահվանից մոտ հարյուր տարի անց (1116 թվականին) այցելել է հեղինակի հայրենի քաղաք Տուս և այնտեղ գտնվող նրա գերեզմանը և հայտնել է Ֆիրդուսիի մասին կենսագրական տվյալներ (հրատարակվել է պարսկերեն «Zeitschr. d. D. Morg. Ges.»-ում, հատոր 48, 1894 թվական)։ Տ. Հյալդեկի հետազոտություններում (հատկապես «Grundriss der iran. Philologie»-ի երկրորդ հատորում, Ստրասբուրգ, 1895 թվական; և Պ. Հորն, «Gesch. d. pers. Litter.», Լայպցիգ, 1901 թվական) էապես փոփոխության են ենթարկվել Ֆիրդուսիի մասին պատկերացումները։
Ֆիրդուսիի հայրենիք Թաբարանը Տուսայի բաղկացուցիչ մասերից մեկն է, Խորասանի գլխավոր քաղաքը։ Այնտեղ Ֆիրդուսին հող ուներ, որը նրան սկզբնապես թույլ էր տալիս բարեկեցիկ կյանք վարել։ Սակայն, երբ նա կնության տվեց աղջկան, հողակտորի եկամուտները չէին բավարարում հարուստ օժիտ տալուն և Ֆիրդուսին, ըստ Արուզիի խոսքերի, որոշեց ձեռնարկել հին իրանական տարեգրության չափածո մշակումը՝ հույս ունենալով իր ստեղծագործությունը՝ արժանի գովասանքով հանդերձ, մատուցել որևէ իշխանական անձի և ստանալ հարուստ նվիրատվություն։ Այդ պատճառով, երբ նա սկսեց «Շահնամե»-ի մշակումը, նա արդեն, իր խոսքերով, քառասուն տարեկանին մոտ էր, բայց նա, ակնհայտ է, նախկինւոմ նույնպես զբաղվել է վիպական պոեզիայով, իսկ հին իրանական ասքերի հանդեպ կարող էր զգալ առանձնահատուկ հետաքրքրություն այն պատճառով, որ երիտասարդ հասակում՝ 957 թվականին, նրա հայրենիք Տուսայի սամանյանական տիրակալներից մեկը հանձնաժողով էր ստեղծել, որպեսզի հին իրանական ասքերը փեհլեվաներեն լեզվից թարգմանվեին պարսկերեն։ Դյուցազնական վիպերգության գոյությունը Իրանում կարող ենք նշել (ըստ «Ավեստայի» և հույն գրողների ցուցումներով) դեռևս Աքեմենյան ժամանակներից, սակայն Արշակյանների ժամանակներում նրանք չէին մոռացվել։ Սասանյանների ժամանակաշրջանում որոշ դրվագներ սկսել էին մշակել ձեռագիր՝ փեհլեվաներեն լեզվով։ Այդ բնույթի մեզ հասած ամենահնագույն աշխատությունը կազմվել է 500 թվականից ոչ ուշ՝ «Զարիրի սխրագործությունների պատմական գիրք»[4]։ Խոսրով I Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ) հին իրանական արքաների մասին ասքերը՝ աասպելական շրջանից մինչ պատմական շրջանները, հավաքված են եղել մեկ պատմական պահոցում՝ «Հոդայ նամե»-ում (ավելի ճիշտ՝ փեհլեվաներեն «Հվատայ-նամակ» («Իշխանաց գիրք»), որը Սասանյան վերջին արքա Հազկերտի ժամանակ, ոչ ուշ 636 թվականից, նորից մշակման է ենթարկվել և հասել է Խոսրով II Փարվեզին՝ քուրմի և մի իշխանավորի միջոցով։
Աբբասյան խալիֆաների ժամանակ, VIII դարի կեսերին, պարսիկ Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆան՝ «Քալիլա և Դիմնա»-ի հայտնի թարգմանիչը, «Հոդայ նամե»-ն փեհլեվաներան լեզվից թարգմանեց արաբերեն, որից հետո այն դարձավ հասանելի ամբողջ մուսուլմանական աշխարհին (մինչ մեզ ալ Մուկաֆֆաի թարգմանությունը չի հասել, բայց ընդարձակ քաղվածքներ նրանից արվել են արաբ պատմաբան Թաբարիի կողմից (մահացել է 923 թվականին))[5]։ Ալ Մուկաֆայի մահվանից հարյուր տարի անց, երբ Խորեզմով և Բուխարայով տիրակալում էին Սամանյանների դինաստիան, որը ցանկանում էր անկախ լինել Բաղդադյան խալիֆայությունից և ոգեշնչված ամբողջովին պարսկական ազգային ոգով, մի սամանյան իշխանավոր մտահոգվել էր Տուսի կառավարիչ Մուհամեդ Աբու Մանսուրի համար կազմել փեհլեվաներն լեզվից նորպարսկական (արձակ) թարգմանություն սասանյան «Իշխանաց գրքի» և այդ թարգմանությունը, կամ, ավելի շուտ, մշակումը՝ լրացված այլ փեհլեվաներեն գրքերից, Ֆիրդուսիի երիտասարդ տարիներին կատարվեց չորս զրադաշտականներից կազմված հանձնաժողովի կողմից 957-958 թվականներին՝ «Շահնամե» («Արքաների գիրք») անվանումով։ Սամանյանցիներին՝ քաղաքական և ազգային նպատակներից ելնելով, ցանկալի էր ունենալ այդ «Շահնամե»-ն նաև բանաստեղծական մշակմամբ։ Կրկին տիրակալության անցած սամանացի Նուխ II իբն Մանսուրի (976-997) հանձնարարությամբ այդ աշխատանքը հանձն առավ արքունական բանաստեղծ Դաղիղը՝ զրադաշտ ըստ կրոնի։ Նա հասցրեց կազմել մոտ հազար բանաստեղծություն ստեղծագործության միջնամասից (Գոշտասպի կողմից Իրանում զրադաշտականության ընդունման մասին), սակայն մահացավ այդ նույն տարոււմ և նրա հանձնարությունն էլ որոշեց իրագործել Ֆիրդուսին, ընդ որում, պահպանելով Դաղիղի պատրաստի հազար բանաստեղծությունները։ Ձեռք բերել նոր պարսկական արձակ բնօրինակը (որը, ըստ Ֆիրդուսիի ավելի ուշ կենսագիրների, մայրաքաղաքից հեռու շատ դժվար էր) թվում էր հեշտ գործ այն պատճառով, որ այն կազմվել էր հենց այդտեղ՝ Տուսայում, ընդամենը քսան տարի առաջ։
Սկզբնական շրջանում Ֆիրդուսին աշխատում էր մասերով՝ իր հայրենի Տուսայում, բայց, երբ նա դարձավ վաթսունն անց, նա փութաջանությամբ աշխատանքի անցավ՝ տեղափոխվեց սամանյան իշխանավոր Ահմեդի մոտ Խալենջան (Իսպահանից ոչ շատ հեռու) և այսպիսով, քսանհինգ տարի անց, 999 թվականին, չափածո «Շահնամե»-ն պատրաստ էր և մատուցվեց Ահմեդին։ Ֆիրդուսին նրանից առատաձեռն նվեր ստացավ և գտավ մի քանի այլ հովանավորներ սամանյան գործիչների մեջ, սակայն հենց նույն 999 թվականին Խորեզմը գրավվեց թուրք տիրակալ Մահմուդ Ղազնևիի կողմից և Ֆիրդուսիի նյութական վիճակը վատթարացավ։ Տասնմեկ տարի անց (1010 թվականին), նորից վերամշակելով իր «Շահնամե»-ն, Ֆիրդուսին նրանով ուղևորվեց Ղազնևի՝ Մահմուդի մոտ, որի արքունիքում բնակվում էին բազմաթիվ բանաստեղծ-ներբողագիրներ։ Որպես արդեն հայտնի բանաստեղծ, Ֆիրդուսին հույս ուներ Մահմուդին ձոնելով «Շահնամե»-ն ստանալ լավ պարգևատրություն։ Մահմուդը պարսկերեն գիտեր այնքան, որպեսզի հասկանար ներբողները (իսկ Ֆիրդուսին ոչինչ չխնայեց), բայց «Շահնամե»-ն նրա համար, բոլոր առումներով, անհետաքրքիր էր, նրա բանաստեղծական արժանիքները նա գնահատել ի վիճակի չէր, հարուստ հեթանոսները նրան՝ սունիտին, միայն կարող էին գարշելի լինել, գարշելի էր նաև հեղինակն ինքը՝ հերետիկոսը (Ֆիրդուսին շիա էր)։ Պարսկական ազգային ոգին, որը տարածվում էր «Շահնամե»-ից, թուրքի համար օտար էր, իսկ Իրանի գովերգված հաղթական պայքարը Թուրանի դեմ նրա մոտ կարող էին առաջացնել լրիվ թշնամական զգացմունքներ, այդ պատճառով Ֆիրդուսիի կողմից գովերգված Մահմուդի առատաձեռնությունը, որը Ֆիրդուսիի կողմից տեղադրվեցին «Շահնամե»-ում, չէին վերաբերվում Մահմուդին, իսկ երբ վերջինս Ֆիրդուսիին պարգևատրեց, ապա դա շատ փոքր գումար էր, որը 76-ամյա ծերունուն, որպես կյանքի միջոց, ոչ մի կերպ չէր կարող բավարարել։ Նախանձողների միջոցով Մահմուդին հասավ, որ Ֆիրդուսին գոհ չէ վարձատրությունից և նա սպառնաց նրան փղերով ոտնակոխ անել, դրա համար բավարար էր միայն այն, որ Ֆիրդուսին հերետիկոս էր։ Ֆիրդուսին Ղազնևից փախավ Հերաթ և, որպես նախաբան «Շահնամե»-ին, գրեց երգիծանք սուլթանի մասին, որում միապետին խորհուրդ էր տալիս վախենալ գրողի կայծակնային բանաստեղծությունից, հաստատապես պնդում էր, որ ընդմիշտ կմնա շիա, ծաղրում էր գումարը, որը ստացել էր Մահմուդից՝ իր 60000 երկտողի դիմաց («մեկ անգամ գարեջուր խմել» - ծաղրանքով նշում էր նա) և «ի՞նչ սպասել ստրուկի որդուց - ավելացնում էր նա - ծառայի որդին, եթե նույնիսկ արքա դառնա, միևնույն է ծառայի բնությունից չի բաժանվի»։ Սակայն այդ երգիծանքը «Շահնամե»-ի բաղկացուցիչ մաս չդարձավ, քանի որ թաբարիստանական իշխան Իսպեխբեդ Շահրիյարը (իրանական արքայական տոհմից), որի մոտ էր ուղևորվել Ֆիրդուսին կես տարի Հերաթում գտնվելուց հետո և որը ընդունում էր Մահմուդի գերագույն իշխանությունը, վախենում էր, որ երգիծանքի մասին լուրը կհասնի սուլթանին։ Նա Ֆիրդուսիին վճարեց (այդպես էին հայտնել Արուզիին) 00000 դիրհեմ՝ այսինքն 000 դիրհեմ երգիծանքի յուրաքանչյուր բանաստեղծության համար և հեղինակը նրանք հանեց։ Այսպիսով երգիծանքը Մահմուդին անհայտ մնաց, սակայն Իսպեխբեդը՝ հարգանք տածելով հանրահայտ բանաստեղծի տաղանդի նկատմամբ, ամաչեց նրան երկար պահել իր մոտ և Ֆիրդուսին ապաստան գտավ բուիդ Բախ ադ-Դավլեի, նրա որդու և ժառանգ (02 թվականից) Սուլթան ադ-Դավլեի մոտ, որոնք հանդիսանում էին անկախ իշխաններ Պարսկաստանի արևմտյան կեսի և չնայած դավանում էին շիա, լիակատար ենթակայության տակ էին պահում նույնիսկ սունիտների առաջնորդին՝ Բաղդադի խալիֆային։ Ֆիրդուսին բուիդյան սուլթանին նվիրեց ծավալուն ռոմանտիկ պոեմ՝ «Յուսուֆ և Զուլեյխա», որկ հիմնված էր Յուսուֆի (Իոսիֆ) մասին բիբլիական առասպելի վրա, որը, չնայած հեղինակի պատկառելի տարիքին, այնուամենայնիվ առանձնանում է ոգեշնչությամբ՝ գուցե այն սևագրվել էր նրա կողմից երիտասարդ տարիներին[6]։ Այս պոեմում բանաստեղծը հրաժարվում է իր անմահ «Շատնամե»-ից՝ նրա բոլոր առասպելները արքաների մասին անվանելով սուտ։
Թափառականը այդ ժամանակ կորցրեց իր միակ որդուն։ Ֆիրդուսին դժգոհ մնաց բուիդական ընդունելիությունից թե ուղղակի թախծեց անսովոր կլիմատի և Իրաքի միջավայրից, բայց նա վերադարձավ հայրենի Տուսա։ Շուտով, 1020 թվականի հետո, նա մահանում է և, քանի որ հոգևորականությունը հրաժարվում է նրան հուղարկավորել ընդհանուր մուսուլմանական գերեզմանոցում, ապա նրան հուղարկավորում են քաղաքի մոտ[7]։ Ավանդությունը, որը կա նաև Արուզիայի մոտ, հայտնում է, որ Ֆիրդուսիի մահվանից քիչ առաջ սուլթան Մահմուդը պատահականորեն՝ պալատականներից մեկից, լսում է «Շահնամե»-ի արտահայտիչ բանաստեղծություններից մեկը և հետաքրքրվում է հեղինակի մասին, իմանում է, որ այդ բանաստեղծությունը Մահմուդին նվիրված հանրահայտ Ֆիրդուսիի «Արքաների գրքից» է, որը այժմ Տուսայում է և ապրում է աղքատության մեջ։ Մահմուդը, որը իր մասին երգիծանքի մասին ոչինչ չգիտեր, կարող էր ենթադրել, որ «Արքաների գիրք»-ով հանրահայտ է ամբողջ Իրանում և նրա անունը, այդ պատճառով կարելի է հավատալ ավանդույթին, որ նա անմիջապես կարգադրել է Ֆիրդուսիին Տուս ուղարկել հարուստ պարգև (60000 արծաթե դիրհեմ՝ ըստ Արուզիի, 60000 ոսկեդրամ՝ ըստ ավելի ուշ տեղեկությունների)։ Իսկ Ֆիրդուսին, որոշ ժամանակ առաջ, քայլելով շուկայում, լսում է թե ինչպես է մի երեխա երգում նրա երգիծական բանաստեղծություններից մեկը. «Եթե Մահմուդը լիներ արքայական տոհմից, ապա նա իմ գլուխը կզարդարեր արքայական թագով»։ Ծերունին բացականչում է և անզգա ընկնում, նրան տուն են տանում և նա մահանում է։ Այդ նույն ժամանակ, երբ քաղաքի դարպասներից մեկով թաղման համար դուրս էին հանում նրա դին, քաղաքի մյուս դարպասներից մեկով քաղաք էին մտնում Մահմուդի ընծաներով բեռնված ուղտերը։ «Դժվար թե իրականում այդ ամենը տեղի էր ունենում նույն կերպ», - ասում է Նյոլդեկը («Grundriss», II հատոր, 58 էջ), «սակայն առասպելը այնքան պոետիկ է, որ ցանկալի չէ այն կասկածանքի ենթարկել», - նշում է Պ. Հորնը («Gesch. d. pers. Litt»., 85 էջ)։
«Շահնամե»-ի պատմական վերլուծությունը և նրա համեմատությունը «Ավեստա»-ի հետ կատարվել են Ֆրիդրիխ Շպիգելի կողմից[8]։ Ընդ որում պազվում է, որ նույնիսկ «Շահնամե»-ի երկրորդական առասպելական կերպարները և մանրամասնությունները համընկնում են ոչ միայն «Ավեստա»-ին, այլ նաև հնդկական «Ռիգվեդա»-ին[9]։ Խտացված, բայց բազմակողմանիորեն արված «Շահնամե»-ի վերլուծությունը պատմական, գեղարվեստական, փիլիսոփայական և հնագիտական կողմերից, նշելով թե ինչ է արվել նախկինում, կատարել է Թեոդոր Նյոլդեկը «Persische Studien»-ում[10] և վերջնականապես՝ «Das iranische Nationalepos»-ում[11]։
Պարսկական գրականությանը[12] Ֆիրդուսիի պոեմը մեծ առաջընթաց տվեց։ Այն ծնունդ տվեց այլ էպիկական ստեղծագործությունների անվերջանալի շարքի, ազդեցություն ունեցավ ոչ միայն հերոսական էպոսի այլ նաև ռոմանտիկականի (Նիզամի Գյանջևի, Ջամի և այլ հետնորդներ ոչ միայն Պարսկաստանում, այլ նաև Թուրքիայում և այլ երկրներում), իր լիրիկական մասերով նախագուշակ է հանդիսացել դերվիշյան սուֆիստական պոեզիայի և պարսիկների մոտ դարերով մնացել է կատարյալ, անհասանելի բանաստեղծական նմուշ։
Մինչ օրս իրանցիները «Շահնամե»-ն դիտում են որպես իրենց մեծագույն ազգային ստեղծագործություն։ Հաճախ լրիվ անգրագետ պարսիկը անգիր գիտի «Շահնամե»-ից հատվածներ (ընդ որում նրա բոլոր հաղորդագրությունները ընդունվում են ոչ որպես առասպել, այլ պատմական իրականություն նույնիսկ գրագետ մարդկանց կողմից)։ Բացի հետաքրքրաշարժությունը, գեղարվեստական և ազգային բովանդակությունը, բոլորին դյութում է նաև Ֆիրդուսիի լեզուն՝ համարյա զուրկ արաբությունից, որով ողողված է հետագա պարսկական խոսքը։ Բացի այդ, «Շահնամե»-ին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են հին ռուսական գրագրության և բիլինաների պոեզիայի հետազոտողները։ Ռուսական սիրելի պարզաճաշակ «Երուսլան Լազարևիչ» հեքիաթը փոխ է առնված «Շահնամե»-ից՝ Երուսլանը Ռուստամն է, Լազարը՝ Զալ Զարը, Կիրկոուսը՝ Քեյ Քավուսը։ Մանրամասն համամատությունը կատարել է Վ. Վ. Ստասովը (Երկերի հավաքածու, III հատոր, 948 էջ, 894 թվական), հնագույն տեքստը (XVII դար) հրատարակվել է Ն. Ի. Կոստոմարովի կողմից «Հնավույն ռուսական գրականության հուշառձանները» աշխատության II հատորում (Սանկտ Պետերբուրգ, 1860 թվական, էջ 325-339), իսկ XVIII դարի ձեռագրի հիման վրա՝ Ն. Ս. Տիխոմիրովի նրա «Ռուսական գրականության տարեգրությունը»(1859 թվական, II հատոր, IV գիրք, II բաժին, էջ 0-28) աշխատությունում։ «Շահնամե»-ին մոտ է նաև «Արքա Շախաիշի տասներկու երազները» ասքը, որի ծագումը բացահայտված չէ[13]։ Վ. Ֆ. Միլլերը իր «Էքսկուրս ռուսական էպոսի շրջան» ում (Մոսկվա, 1892 թվական, «Русская мысль» и «Этнографическое обозрение») փորձում է ապացուցել, որ իրանական ավանդույթների Կովկասի միջով բանավոր ճանապարհով փոխանցումը մեծ ազդեցություն են ունեցել ռուսական բիլինաների վրա և, որ Իլյա Մուրոմեցը նույն ինքը Ռուստամն է։ Ակադեմիական գրախոսականը (պրոֆեսոր Ն. Պ. Դաշկևիչ, 1895 թվական) այդ տեսությանը բացասական վերաբերմունք ունեցավ և ինքը՝ հեղինակն էլ, շուտով, չպնդեց և «Ռուսական ազգային գրականության ակնարկներ»-ում (Մոսկվա, 897 թվական) համեմատական ֆոլկլորային հետազոտությունները անվանեց «դաշտում քամու որս»։ Թվում է միայն Իլյաի և որդու մարտում նա դեռևս հակված է նկատել Ռուստամի մասին ասքին։ Սակայն ակադեմիկ Ի. Վ. Յագիչը («Arch. f. slavische Philologie», XIX հատոր, էջ 305) գտնում է, որ Դաշկևիչի առարկումներից հետո էլ չի կարելի լիովին բացառել Արևելքի ազդեցությունը ռուսական բիլինաների վրա։ Նույնպես «Շահնամե»-ն արձագանք է գտնում Կովկասի ժողովուրդների ազգային ֆոլկլորի ավանդույթների վրա։
Իրանական առասպելական ու վիպական զրույցների որոշ արձագանքներ գրի են առնված հայ մատենագրության վաղ հուշարձաններում։ Արտաշիր Պապականի վեպի հայկական պատումը շարադրել է Ագաթանգեղոսը (պահպանվել է նրա պատմության հունարեն թարգմանության Լավրենտյան տարբերակում), Ռոստոմի, Բյուրասպի, Աժդահակի և Հրուդենի առասպելի մասին պատմել է Մովսես Խորենացին, իրանական հավատալիքների մասին արժեքավոր հաղորդումներ ունի Եզնիկ Կողբացին, Խոսրով և Շիրինի առասպելը հիշատակել է Սեբեոսը, Ռոստամի, Սպանդիարի և Աժդահակի վիպական զրույցներից հատվածներ է արձանագրել Գրիգոր Մագիստրոսը։ Հայ գրականության մեջ չափածո «Շահնամե»-ի մասին առաջին անգամ հիշատակել է Կոստանդին Երզնկացին և դրա մոթաքարեբ չափով մի ոտանավոր է գրել։ 18-րդ դարից սկսած արդեն Ֆիրդուսիի «Շահնամե»-ի մասին հիշատակություններ կան հայ արևելագիտական ու գեղարվեստական գրականության մեջ։
«Շահնամե»-ի թարգմանություններն առկա են համարյա բոլոր մուսուլմանական և մասամբ այլ արևելյան լեզուներով (օրինակ հայերեն, վրացերեն)։ Գիտական տեսանկյունից առավել հետաքրքիր է պարսկերեն տեքստի ալ-Բանդարի Իսպահանցու արաբերեն թարգմանությունը (218-227 թվականներ, ձեռագիրը պահվում է Փարիզում և Բեռլինում)։ Աբդուլ Կադիր Բաղդատցու «Շահնամե»-ի պարսկա-թուրքական հատուկ բառարանը հրատարակվել է XIX դարի վերջին՝ ակադեմիկոս Կարլ Հենրիխի Զալեմանի կողմից Սանկտ Պետերբուրգում։ Անգլերեն կրճատ թարգմանությունը՝ արձակ և չափածո, կատարվել է Ջեյմս Աթկինսոնի կողմից (Լոնդոն, 1832 թվական)։ Ֆրանսերեն արձակ թարգմանությունը՝ Ժ. Մոլի կողմից (Փարիզ, 1838-1878 թվականներ)։ Գերմաներեն հատընտիր բանաստեղծական թարգմանություը կատարվել է Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի կողմից «Heldensagen v. F.» (Բեռլին, 1865 թվական) և գեղարվեստական և ճշգրիտ թարգմանությունը Ֆրիդրիխ Ռյուկերտի՝ «Königsbuch» (հետմահու, Բեռլին, 1890 թվական), բայց սահմանափակված միայն հերոսական դարաշրջանով և «Rustem und Sohrab» (Էրլանգեն, 1838 թվական)՝ ոչ թե թարգմանություն այլ ազատ վերափոխում։ Իտալերեն ազատ բանաստեղծական թարգմանությունը՝ Ի. Պիցցի (Թուրին, 1886-1888 թվականներ)։
Վ. Ա. Ժուկովսկին XIX դարում ստեղծեց Ռյուկերտի ազատ վերափոխման «ազատ նմանակումը»՝ «Ռուստեմ և Զորաբ» անվանումով։ Ռուստեմի (Ռուստամ) վրա Ժուկովսկին տեղափոխեց ռուս դյուցազուն Սվյատոգորի հատկանիշները, որը թաղված է գետնի մեջ, քանի որ նա «ծանր է ուժից, ինչպես ծանր բեռից»։ Նաև փոքրիկ հատված «Շահնամե»-ից՝ «Իրեջի մահը», և առանձին հատվածներ պոեմից ռուսերեն լեզվով թարգմանվել են կնյազ Դ. Ցերտելևի կողմից, որոնք հրատարակվել են «Ռուսսկի վեստնիկ»-ում (1885 թվական, № 2)։ XX դարում պոեմը ռուսերեն լեզվով թարգմանել է Ս. Ի. Սոկոլովը (1905 թվական)։
Անհամար քանակի ձեռագրերից (հիմնականում նրանք հագեցած են մանրանկարչություններով) ամենահինը թվագրված է XIII և XIV դարերով։ Բնօրինակի դասական հրատարակություններն են.
Ռուսերենով Ֆիրդուսիի և «Շահնամե»-ի մասին սկզբում հայտնվեցին փոքրիկ ակնարկներ՝ հիմնված արտասահմանյան (համարյա բացառապես ֆրանսիական) հոդվածների և գրքերի վրա։ Ինքնուրույն աշխատանքներ.
«Շահնամե»-ի առաջին գիտական հրատարակությունը՝ հիմնված ժամանակակից տեքստային մեթոդներին, մշակված Բերտելսի կողմից, հնագույն ձեռագրերի (XIII-XIV դարեր) ներգրագմամբ, իրականացվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության Ինստիտուտի կողմից (9 հատոր, 1960-1971 թվականներ)։ 1971 թվականին նույն տեքստը՝ նոր խմբագրմամբ, վերահրատարակվել է Թեհրանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.