From Wikipedia, the free encyclopedia
Պարսկերեն (պարսկերեն՝ پارسی،فارسی ֆարսի), պարսիկների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբի իրանական խմբի հարավարևմտյան ճյուղին։ Պաշտոնական լեզու է Իրանում, Աֆղանստանում (որտեղ կոչվում է «դարի») և Տաջիկստանում (որտեղ կոչվում է «տաջիկերեն»)։ Խոսողների ընդհանուր թիվը մոտ 110 միլիոն է, որոնցից 60 միլիոնի համար մայրենի լեզու է[3]։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Պարսկերեն پارسی , فارْسِى (fārsi) ,"(Pārsi)" | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու, մակրոլեզու, մասնագիտություն, հետազոտության թեմա, բարբառային կոնտինուում, լեզու, լեզվաընտանիք և բարբառախումբ |
Ենթադաս | նոր պարսկերեն |
Մասն է | Իրանի լեզուներ |
Երկրներ | Արևմտյան պարսկերեն՝ |
Պաշտոնական կարգավիճակ | Իրան Աֆղանստան (դարի) Տաջիկստան (տաջիկերեն) |
Խոսողների քանակ | 85 միլիոն |
Վերահսկող կազմակերպություն | Academy of Persian Language and Literature?, Academy of Sciences of Afghanistan? և Rudaki Institute of Language and Literature? |
Լեզվակիրների թիվը | Լեզվակիրների ընդհանուր թիվ առաջին լեզու, ավելի քան 60 մլն․ երկրորդ լեզու, մոտ 53 մլն․ նրանցից արևմտյան պարկս (Իրան)՝ ավելի քան 35 մլն, արևելյան պարսկերեն՝ (Աֆղանստան և Տաջիկստան) մոտ 25 մլն․ / մոտ 18 մլն․[1][2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | արաբապարսկական, կիրիլիցա (տաջիկական այբուբեն) |
IETF | fa |
ԳՕՍՏ 7.75–97 | պար 535 |
ISO 639-1 | fa |
ISO 639-2 | per (B); fas (T) |
ISO 639-3 | fas, prs, pes, tgk |
Պարսկերենի տարածվածությունը | |
Երկրներ, որտեղ պարսկերենը պաշտոնական լեզու է։ | |
Persian language Վիքիպահեստում |
Տարբերում են պարսկերենի պատմության երեք շրջան՝ հին պարսկերեն (մ․թ․ա․ 6-4-րդ դարեր), միջին պարսկերեն կամ պահլավերեն (մ․թ․ա․ 4 դարից մինչև մոտ մ․թ․ 10-րդ դար) և նոր պարսկերեն (մ․թ․ 10-րդ դարից)։ Միջին դարերից մինչև 19-րդ դար պարսկերենը որպես գրական և ազգամիջյան հաղորդակցության լեզու օգտագործվել է արևմտյան, հարավային և կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներում[4]։ Ունի մի շարք բարբառներ, որոնք բաժանված են երկու ընդհանուր խմբերի՝ արևմտյան և արևելյան։ Բարբառներից առավել ուսումնասիրվածը Թեհրանինն է։
Պարսկերենի բառապաշարի հիմքը բուն իրանական շերտն է։ Արաբական նվաճումից հետո պարսկերենը կրել է արաբերենի ուժեղ բառապաշարային, հնչյունաբանական և քերականական ազդեցությունը[4]։ Կան արաբաբանություններ և թուրքաբանություններ։ 19-րդ դարից մուտք են գործում ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն փոխառություններ։ Այբուբենը ստեղծված է արաբական գրի հիման վրա։
Պարսկերենով ստեղծվել է հարուստ գրականություն, որի մեջ է մտնում Ֆիրդուսիի «Շահնամեն», Օմար Խայամի ռուբայիները, Հաֆեզի «Դիվանը», Սաադիի բանաստեղծությունները և այլն։
Տարբեր երկրներում պարսկերենն ունի տարբեր անուններ.
Աֆղանստանում «դարի» անունը պաշտոնապես հաստատվել է 1964 թ. քաղաքական նկատառումներով և հակադրելով Իրանում ընդունված «ֆարսի» անվան։
Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբի իրանական խմբի արևմտյան ճյուղին, որի մեջ մտնում են նաև քրդերեն, թալիշերեն, մազանդարանի, գիլաքի և բալուչի լեզուները։ Մասնավորապես, պատկանում է իրանական լեզուների հարավարևմտյան ճյուղին, որին պատկանում է նաև թաթերենը (երբեմն դասակարգվում է իբրև պարսկերենի բարբառ) և մի շարք այլ լեզուներ։
Պարսկերենը գրվում է արաբական գրի հիման վրա ստեղծված այբուբենով։ Արաբական գրերին ավելացվել են չորս տառեր պարսկերենի այն հնչյունների համար, որոնք գոյություն չունեն արաբերենում[5]՝
Հնչյունը | Տեսքը | Անունը |
[փ] | پ | փէ |
[չ] | چ | չէ |
[ժ] | ژ | ժէ |
[գ] | گ | գաֆ |
Պարսկերենի այբուբենում պահպանվել են արաբական գրի այն տառերը, որոնք արտահայտում են պարսկերենում գոյություն չունեցող հնչյուններ։ Այդ պատճառով պարսկերենում կան մի շարք հնչյուններ, որոնք գրության մեջ կարող են արտահայտվել տարբեր տառերով[6]։ Սրանք են /թ/ (ت ,ط), /ս/ (س ,ص ,ث), /զ/ (ز ,ظ ,ض ,ذ), /հ/ (ح ,ه) և [ɢ]~[ɣ] (ق ,غ, դարիում ու տաջիկերենում տարբեր հնչյուններ են արտահայտում) հնչյունները[6]։
Պարսկերենի այբուբենը բաղաձայնական այբուբեն է, այսինքն՝ գրվում են միայն բաղաձայնները և երկար ձայնավորները։ Երեք երկար ձայնավորները գրվում են արտասանությամբ մոտիկ բաղաձայն տառով։ Այսպիսով, ی/y («յե») տառը արտահայտում է և՛ /ի/ ձայնավոր հնչյունը (արևելյան բարբառներում նաև /է/), և՛ /յ/ բաղաձայն հնչյունը․ و/v («վավ») տառը արտահայտում է և՛ /ու/ ձայնավոր հնչյունը, և՛ /վ/ բաղաձայն հնչյունը․ ا տառը («ալեֆ») արտահայտում է և՛ հագագային աղեղը, և՛ երկար /ա/ ձայնավոր հնչյունը։ Կարճ ձայնավորները կարելի է նշել հատուկ նիշերով, որոնք դրվում են բաղաձայն տառերի վրա (ـَ , ـِ , ◌ُ)։ Այդ նիշերը սովորաբար չեն օգտագործվում։ Ի տարբերություն արաբերենի, բառավերջում ձայնավոր հնչյունները միշտ գրվում են՝ բառավերջիկ /օ/ ձայնը و/v տառով և /է/ և կարճ /ա̈/ ձայները ه/h տառով[7][6]։
Տաջիկստանում արաբատառ այբուբենը փոխարինվել է լատինատառ այբուբենով 1928 թվականին, իսկ 1939 ընդունվել է կիրիլիցայի հիման վրա ստեղծված այբուբենը, որը գործածվում է մինչև օրս։
Պարսկերենի հնչյունական համակարգում առկա է 6 միաբարբառ, 2 երկբարբառ և 23 բաղաձայն հնչյուն։ Բնորոշ են քմալեզվային և ետըմպանային (կամ կոկորդային) բաղաձայնական շարքերը։
Պարսկերենի (մասնավորապես՝ Թեհրանի բարբառի) միաբարբառներն են [æ], [e], [օ], [ɒ], [u], [i] (տառադարձված՝ ա̈, է, օ, ա, ու, ի)[8]։ Առաջնալեզվային ձայնավորներն են՝ [i], [e], [æ] (ի, է, ա̈), ետնալեզվային ձայնավորներն են՝ [u], [օ], [ɒ] (ու, օ, ա)[8]։ Ձայնավորները լինում են երկար և կարճ։ Երկար ձայնավորներն են՝ [i], [u], [ɒ], կարճ ձայնավորներն են՝ [e], [օ], [æ] (է, օ, ա̈)[8]:
Պարսկերենն ունի հետևյալ խուլ և ձայնեղ հնչյունները․
Ձայնեղ՝ [b], [d], [g], [ʒ], [v], [z], [ɣ~ɢ], [d͡ʒ], [h], [j]։
Խուլ՝ [p], [t], [k], [t͡ʃ ], [f], [s], [x], [ʃ][9]։
Եզակի | Հոգնակի | |
---|---|---|
1-ին դեմք | من մա̈ն ես | ما մա մենք |
2-րդ դեմք | تو թո դու | شما շոմա դուք |
3-րդ դեմք | او ու նա | آنها անհա նրանք |
Անձնական դերանուններին զուգահեռ գործածվում են կցական անձնական դերանունները։ Սրանք արտահայտում են անձնական դերանունների միայն թեք հոլովների իմաստներ։ Օրինակ՝ پدرِ من /պեդա̈ր-է մա̈ն/ («իմ հայրը») ձևի փոխարեն կարելի է ասել پدرم /պեդա̈ր-ա̈մ/։
Եզակի | Հոգնակի | |
---|---|---|
1ին դեմք | م -ա̈մ իմ | مان -էման մեր |
2րդ դեմք | ت -ա̈թ քո | تان -էթան ձեր |
3րդ դեմք | ش -ա̈շ նրա | شان -էշան նրանց |
Գրերի պատմության վերաբերյալ կան բազմաթիվ տեսակետներ։ Գիտնականների նախկինում արտահայտած որոշ տեսակետներ այսօր կասկածի տակ են առնվում։ Ժամանակակից շատ արևելագետներ և հետազոտողներ կարծում են, որ քուֆիական կամ արաբական գիրը ծագել է նաբաթեական գրից, որը տարածված է եղել Սինայի թերակղզում։
Իրանցիները իսլամական դարաշրջանի առաջին մի քանի դարերում գրում էին արամեերեն և պահլավերեն, մինչդեռ մուսուլման իրանցիները փորձում էին կատարելագործել Ղուրանի գիրը, որում նաբաթեական ազդեցություններ ու շատ անորոշություններ կային։ Սիրիական կամ քուֆիական գրելաձևում տառերն առանց կետերի էին գրվում, և կարճ ձայնավորները, նաև որոշ երկար ձայնավորներ (ինչպես օրինակ «ا»-ն) չէին գրվում։ Քանի որ Ղուրանը գրված էր արաբերեն, արաբներն այն ընթերցելիս դժվարությունների չէին հանդիպում, բայց պարսկախոսները չէին կարողանում ընթերցել, ուստի նրանք իրենց նախընտրությամբ օգտագործում էին Ավեստայի կամ պահլավական գիրը, Ղուրանի կամ արաբական գիրը[10]։
Թեև ժամանակակից պարսկական գիրը փոխառություններ ունի արաբերենից, բայց վստահորեն կարելի է պնդել, որ իսլամական գրի ձևավորման գործում մեծ դեր ունեն իրանցիները։ Ավելին, իրանցիները ստեղծեցին պարսկերենի այբուբենը՝ իրենց լեզվի պահանջներին համապատասխան, որը հիջրայի երրորդ դարից աստիճանաբար փոխարինեց պահլավական ու արամեական գրին։
Արաբական գիրն օգտագործում էին Խորասանում։ Պատճառն այն էր, որ Ֆարսում և Իրանի արևմտյան շրջաններում զորոաստրիականների և զրադաշտականների մեծ խմբեր էին բնակվում, որոնք միջին պարսկերեն՝ պահլավերեն էին գրում. պահլավական գիրը դեռևս մրցունակ էր և դիմակայում էր նոր գրելաձևին։ Իրանի ամենահարավային շրջաններում տեղական խոսակցական լեզուն պարսկերենն էր, որը, որպես խոսակցական լեզու, հարավից աստիճանաբար տարածվել էր դեպի հյուսիս ու արևելք և Իրանի հյուսիսարևելյան ամենահեռավոր շրջաններում վերածվել գրական լեզվի, ապա հասել արևմուտք ու հարավ և արմատավորվել Ասիայի մեծ հատվածում։
Պարսկերենի այբուբենի տառերը սկզբում դասավորված էին ըստ աբջադի (արաբական այբուբենի տառերի դասավորությունը), և շատ այլ տառեր, օրինակ՝ լատինական կամ հին սեմական, դեռևս պահպանում էին իրենց դիրքերն այդ շարքում։ Այժմյան այբուբենի կազմավորումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իրանցի ազգայնականները այբուբենը հեշտ սովորելու համար նման հնչողություն ու գրելաձև ունեցող տառերը շարեցին կողք կողքի և անունը դրեցին «փիրամուզ»։ Առաջին մարդը, որ քուֆիական գիրը փոխարինեց կետավոր, նասխ գրով, իբն Մողլա Շիրազին էր։
Նոր պարսկերենի մեզ հասած ամենահին գրավոր նյութը եբրայական գրով է գրված։ Պահպանվել են նաև պարսկախոս հրեաների գրավոր տեքստերի շատ այլ նմուշներ, որոնք իրենց առանձնահատկություններն ունեն։ Հիշատակվում են Սենդիի գրի մի քանի օրինակներ, որոնք հավանաբար պատկանում են հիջրայի 5-րդ դարին։ Նախ եբրայական գիրը փոխարինվում է պարսկականով, ապա համապատասխանեցվում ժամանակակից այբուբենին:
Պարսկերենն ունի զանազան գրատեսակներ, որոնց մի մասը սկիզբ է առել իսլամական այլ երկրներից, մի մասն էլ զուտ իրանական են։ Ամենահայտնի գրատեսակները հետևյալն են՝ թալիղ, նասթալիղ և շեքասթե –ե նասթալիղ։ Այլ երկրներում առավել սիրված է նասթալիղ գրատեսակը և նրբագեղության համար անվանվում է «իսլամական գրերի հարս»։
Գեղագրությունը վաղեմի պատմություն ունի։ Այն առավել տարածված էր արաբերենում, սակայն հետագայում ի հայտ եկան նոր գրատեսակներ, որոնք ավելի շատ օգտագործվում են պարսից լեզվում։ Օրինակ՝ Սեֆյանների դարաշրջանում առաջացավ թալիղ գրատեսակը, որի գրելաձևն աստիճանաբար փոխվեց (գծերը «ավելի ջարդվեցին»)։
Հիջրայի հինգերորդ դարից նասխի գրելաձևն աստիճանաբար փոխվեց, և յոթերորդ դարի կեսերից իրանական գրչի կատարելագործման արդյունքում ստեղծվեց նոր
գիր, որն անվանվեց թալիղ և մեծ տարածում գտավ։ Այն կիրառվում էր գրքեր ու բանաստեղծական ժողովածուներ գրելիս։ Թալիղ գրատեսակը շարունակեց կատարելագործվել մինչև 8-րդ դարի վերջը։ Արագ գրելը պատճառ դարձավ, որ թույլատրվի տառերի ու բառերի կապակցված գրելաձևը, և առաջ եկավ նոր գրատեսակ՝ շեքասթե թալիղը։ Այդ գրատեսակը, որը հիմնականում կիրառում էին գրագիրներն ու դպիրները, կոչվում էր նաև թարասոլ։
Ժամանակակից իրանցի գեղագիրները քիչ են ծանոթ թալիղ գրատեսակին, փոխարենը եգիպտացիներն ու օսմաններն իրենց համար նախընտրելի փոփոխություններ են կատարել թալիղ գրատեսակում և այն անվանել դիվանի։
Իսլամական դարաշրջանի սկզբից առ այսօր առաջացած գրատեսակներից ամենագեղեցիկը [ըստ ու՞մ] նասթալիղն է, որը համարվում է նաև «իսլամական գրատեսակների հարս»։ Այդ գրատեսակը, որ երկու թալիղների խառնուրդ կամ նասթալիղ էր անվանվում, կատարելագործվեց Միր Ալի Թավրիզիի միջոցով։ Նասթալիղ գրատեսակը համապատասխանում է գեղեցկության բոլոր չափանիշներին՝ չափավորություն, համաչափություն, կայունություն, ներդաշնակություն, վայելչագրություն։ Բացի արտաքին գեղեցկությունից, գրելու արագությունն ու դյուրինությունը, նաև բառերն ու նախադասությունները հեշտ ընթերցելն են նպաստել այդ գրատեսակի տարածմանը։ Վերջին երեսուն-քառասուն տարիների ընթացքում հետաքրքրությունը նասթալիղի հանդեպ աճել է, և այդ գրատեսակով գրող շատ գեղագիրներ են հայտնվել։ Ժամանակակից արվեստագետներից կարելի է նշել Ամադ օլ Քոթաբի, Հոսեյն Միրխանիի, Հասան Միրխանիի, Ալի Աքբար Քավեի անունները, որոնք մեծ ջանք են թափել, որ գեղագրության այդ ճյուղը զարգանա ու տարածվի։ Այսօրվա նասթալիղի հիմնադիրը Միր Էբադին է։ 13-րդ դարի արվեստագետ Մոհամմադ Ռեզա Քարոլը որոշակի փոփոխություններ մտցրեց Միր Էբադիի ոճում, որն ավելի գեղեցկացրեց և տպագրության հետ համադրվելու հարցում մեծ դեր խաղաց։ Միրզա Ղոլամ Ռեզա Էսֆահանին նույնպես այդ ժամանակաշրջանի արվեստագետներից է, որը շատ արհեստավարժ գրում էր այդ գրատեսակով։ Այնուամենայնիվ, նասթալիղի ամենակարևոր առանձնահատկությունը նրա գեղեցկությունն է:
Իրանական գեղագրության տեսակներից մեկն էլ շեքասթե-ե նասթալիղն է, որի կորություններն ու անցումները շատ գեղեցիկ են։ Նրա ամենացայտուն առանձնահատկությունը գրելու սահունությունն ու արագությունն է։ Այն իրանական ծագում ունի և անմիջականորեն կապված է թալիղի ու նասթալիղի հետ։ Այն ի հայտ եկավ 11-րդ դարի սկզբին և Սեֆյանների դարաշրջանի վերջին։
Գեղագրության այդ ոճում տառերն ու բառերը զանազան գեղեցիկ ձևերով են ներկայացվում։ Այստեղ շարժումն ավելի ազատ է, քան նասթալիղում։ Շեքասթե-ե նասթալիղը լայնորեն կիրառվում է նաև գծանկարչության ու գրաֆիկայի ասպարեզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.