From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2017, Հայաստանի Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրություններ, որը կայացել է 2017 թվականի ապրիլի 2-ին[2]։ Այն 2015 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի և Ազգային ժողովի։ 2018 թվականին գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի այս ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը։ Նորընտիր նախագահը կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017) | ||||
---|---|---|---|---|
Ապրիլի 2, 2017 | ||||
Ընտրողների ներկայացում | 1 575 786[1] | |||
| ||||
Տեսակ | Հայաստանի խորհրդարանական ընտրություն | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր | |||
| ||||
Նախորդ | 2012 | |||
| ||||
Հաջորդ | 2018 |
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[3][4]։
Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու կարգախոսները[3].
Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները[3].
Ընտրական թերթիկի համարը | Անվանումը | Անդամներ | Համապետական ցանկը գլխավորող | Մանդատների քանակը նախորդ,
5-րդ գումարման ԱԺ-ում |
Եվրոպական կուսակցության անդամություն |
---|---|---|---|---|---|
1 | «Ելք» դաշինք |
|
Էդմոն Մարուքյան[5] | 2 | |
2 | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | Խաչատուր Քոքոբելյան | 2 | ||
3 | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | Արթուր Բաղդասարյան | 5 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
4 | Ծառուկյան դաշինք |
|
Գագիկ Ծառուկյան | 33 | Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք |
5 | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք |
|
Լևոն Տեր-Պետրոսյան[6] | 4 | ԱԼԴԵ |
6 | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Վիգեն Սարգսյան[7] | 69 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
7 | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | Տաճատ Սարգսյան | 0 | ||
8 | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք |
|
Սեյրան Օհանյան[8] | 4 | Եվրոպական ժողովրդական կուսակցության |
9 | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | Արմեն Ռուստամյան[9] | 5 | Եվրոպական սոցիալիստների կուսակցության | |
Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | ԱՓՆ1 | Ընդհանուր Մանդատ | +/- | ԱԺ-ում (%) | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Հայաստանի հանրապետական կուսակցություն | 770 441 | 49,15 % | 55 | 3* | 58 | 11 | 54,09 % | |
2. | Ծառուկյան դաշինք | 428 836 | 27,35 % | 30 | 1** | 31 | 6 | 30,10 % | |
3. | «Ելք» դաշինք | 122 065 | 7,78 % | 9 | 0 | 9 | 9 | 8,56 % | |
4. | Հայ Հեղափոխական Դաշնակցություն | 103 048 | 6,58 % | 7 | 0 | 7 | 2 | 7,24 % | |
5. | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | 58 265 | 3,72 % | 0 | - | 0 | 6 | 0 % | |
6. | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք | 32 508 | 2,07 % | 0 | - | 0 | 4 | 0 % | |
7. | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք | 25 950 | 1,65 % | 0 | - | 0 | 7 | 0 % | |
8. | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | 14 739 | 0,94 % | 0 | - | 0 | 2 | 0 % | |
9. | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | 11 741 | 0,75 % | 0 | - | 0 | 0 % | ||
Անվավեր | 6675 | 0,42 % | |||||||
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը | 2 588 468 / 1 574 268 | 60,93 % | |||||||
Ընդհանուր | 100% | ||||||||
Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով | Մշակված տեղամասերի քանակը՝ 2009 |
1 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ըստ խմբակցության
* եզդի, ասորի, քուրդ
** ռուս
Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀՅԴ) և կուսակցությունների 2 դաշինք (ԾԴ, Ելք)։ Իշխող հանրապետական կուսակցությունը ստացավ ընտրությանը մասնակից քաղաքացիների ձայների 49,15%-ը կամ 770'718 քվե։ Ծառուկյան դաշինքին քվեարկեց 428'892 քաղաքացի (27,35%)։ Ընդիմադիր «Ելք» դաշինքը ստացավ 121'997 (7,78%) ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 103'148 ձայն (6,58%)։
Չորս քաղաքական ուժերը խորհրդարանում ներկայացված են 101 պատգամավորով։ Եվս 4 պատգամավոր կներկայացնեն Հայաստանի ազգային փոքրամասնություններին՝ եզդիներին, ասորիներին, քրդերին և ռուսներին։ Առաջին երեքը կանդամակցեն հանրապետական խմբակցությանը, իսկ ռուս պատգամավորը՝ Ծառուկյան դաշինքին, որպես մեծությամբ երկրորդ խմբակցություն[10][11]։
Ապրիլի 4֊ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակեց ընտրություններին մասնակից քաղաքացիների ստորագրած մատյանները[12]։
Այս ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[13]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի՝ ընդհանուր 2'564'334 ընտրողներով[14]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[15]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[16]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Քվեարկության կարգը քվեարկության խցիկում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության կարգ |
Ընտրող անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո ստանում է հատուկ կտրոն, որը պետք է հետը պահի մինչև քվեարկության ավարտը։ Ընտրական հանձնաժողովից ստանում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական թերթիկները։ Ընտրախցիկում ընտրում է այն կուսակցության թերթիկը, որին կողմ է, իսկ մյուս թերթիկները գցում է առանձին արկղի մեջ։ Ընտրած թերթիկի վրա կատարում է նշումը և այն առանց ծալելու տեղադրում ծրարի մեջ և մոտենում քվեատուփին։ Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարը վերցնելու նրա վրա ամրացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ընտրողը հանձնաժողովի անդամին է տրամադրում հատուկ կտրոնը, իսկ ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։
Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, խորհրդարանական այս ընտրությունները տարբերվեցին ընտրակաշառքների գումարային թվի աճով։ Ընտրակաշառքի հիմնական տեսակը դրամականն է, որի միջին արժեքը 20.000 դրամ է։ Դրամական ընտրակաշառք բաժանող հիմնական ուժերը ՀՀԿ֊ն և Ծառուկյան դաշինքն են։ Խոսվում է նաև Հայկական վերածննդի, ՀՅԴ֊ի և ՕՐՕ դաշինքի մասին[17][18][19][20][21][22][23]։
Գրանցվել են նաև ճանապարհներն ասֆալտապատելու և առողջապահական ծառայություններ խոստանալու դեպքեր։ Փետրվարի 15֊ին ՀՀԿ֊ական թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ գյուղում քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ պատրաստ է գյուղի ճանապարհն ասֆալտապատել[24]։ Մարտի 30-ին ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Մելիքյանը քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի Պառավաքար համայնքում գյուղացուն խոստացավ վիրահատության համար 154'000 դրամ փոխանցել[25]։
Մարտի 31-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ընտրակաշառքը պետք է դիտել որպես նվիրատվություն[26][27]։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչները Քանաքեռ Զեյթուն համայնքի առանձնատների բնակիչներին վառելափայտ են բաժանում՝ ասելով, որ այն ուղարկել է Մ.Պողոսյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն վերջինս պատրաստվում է մինչև 30.000 դրամ ընտրակաշառք բաժանի բնակիչներին[28][29][30]։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով մասնակցող Հայաստանի նախկին Արատքին գործերի նախարար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին՝ 33-ամյա Արա Օսկանյանը, և հորաքրոջ որդին՝ 25-ամյա Հրանտ Սերադարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիք կատարելու կասկածանքով ձերբակալվել են[31][32][33]։ Այս քայլը որոշ լրատվամիջոցներ և առանձին քաղաքական գործիչներ և մեկնաբաններ ներկայացրեցին որպես նախընտրական ճնշում պատգամավորության թեկնածու Վ.Օսկանյանի նկատմամբ[34][35][36][37]։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իր դեմ հետապնդումներ է սկսվել։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ զինվորական դատախազությունը իրենց Արցախի գործընկերների հետ համատեղ զբաղվում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Ս.Օհանյանի գործունեության բազմաթիվ չարաշահումների ու յուրացումների մասին տեղեկությունները հավաքագրելով։ Մասնավորապես նշվում է, որ արդեն հավաքագրվել են Ս.Օհանյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ զինված ուժերում բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների փաստեր[38][39]։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Քանաքեռ Զեյթուն համայնքում (Երևանի թիվ 1 ընտրատարածք) ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը համայնքի բնակիչներին բջջային հեռախոսներ է բաժանում և պատվիրում, որ հեռախոսով լուսանկարեն քվեարկած քվեաթերթիկը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ եթե ընտրատեղամասից դուրս գալուց հետո բնակիչը լուսանկարով ապացուցի, որ ընտրել է Մ.Պողոսյանին, ապա հեռախոսը կմնա իրեն[40][41][42]։
Ժառանգություն կուսակցության խորհրդի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցներով հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ նա դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից՝ որպես պատճառ ակնարկելով իր անհամաձայնությունը առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին իր կուսակցության մասնակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով[43]։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ներգրավել 2015 թվականին Նորք Մարաշում կատարված ձերբակալությունների գործում։ Ըստ նույն աղբյուրների՝ Ս.Օհանյանի նկատմամբ հավանական հետապնդումը կապված է նրա՝ երկար տարիներ գործող իշխանության մաս կազմելուց հետո ընդդիմադիր կեցվածք որդեգրելու հետ[44][45]։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընտրություններում պայքարը լինելու է նյութական սպասելիքներ ունենալու և բիզնեսները պահելու համար[46]։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ ԱԺ գործող նախագահ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ընտանիքը արդեն սկսել է նախընտրական քարոզչությունը։ Մասնավորապես, ձայնագրություն հրապարակվեց, թե ինչպես է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ա.Սահակյանի կինը՝ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգում իր ենթակայության ներքո աշխատողներին իրենց բարեկամներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որպեսզի կարողանան քվեարկել ամուսնու օգտին[47][48]։
Ըստ նույն հրապարակումների՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ՍԱՍ խանութների ցանցի տնօրեն Արտակ Սարգսյանը իր աշխատողներին նույնպես վերագրանցում է այն ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է։ Ա.Սարգսյանը հերքել է այս լուրը[47][49]։
Ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2017 թվականի մարտի 5-ին[50]։
Մարտի 7-ին «Ելք» դաշինքը հայտարարություն տարածեց, որ Վանաձորում վնասել են իրենց նախընտրական պաստառները[51][52]։ Ոստիկանությունը բացահայտեց, որ Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառները խաղալու ժամանակ վնասել են երկու անչափահաս երեխաներ[53]։
Մարտի 12-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին[54]։
Մարտի 14-ին նույն Ջրառատում «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ զինված ընդհարում տեղի ունեցավ ՀՀԿ-ի և «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջև, որի արդյունքում 3 անձ տեղափոխվեց հիվանդանոց[55][56]։
Մարտի 24֊ին www.sut.am կայքը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքում ստացված հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություներ, որտեղ 84 դպրոցի և 34 մանկապարտեզի տնօրեններ հայտնում են Հայաստանի հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրելու և այն թաղապետարաններ ու ՀՀԿ-ի շտաբներ ներկայացնելու մասին[57][58]։ Ցուցակների ծավալները տարբեր են։ Դպրոցներում միջին ցուցակը 240 անձի տվյալներ է պարունակում, մանկապարտեզներում՝ 150։ Որոշ տնօրեններ ներկայացրել են մինչև 1700-հոգանոց ցուցակ։ Ցուցակներում հիմնականում կրթական հաստատությունների երեխաների ծնողներն են և նրանց հարազատները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ, թե՛ ուսուցիչների, իսկ մանկապարտեզներում՝ նաև դայակների միջոցով[59][60]։ Ձայնագրությունների հրապարակումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տնօրեններին հանձնարարել է պարզաբանում ներկայացնել[61]։
Ապրիլի 1-ից մինչև ընտրության ավարտը (ապրիլի 2, 20:00) Հայաստանում լռության օր էր։ Արգելված էր ընտրությանը մասնակից ուժերի կողմից ցանկացած քաղաքական գովազդը և ընտրարշավը[62]։
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում տեղակայված 18/07 և 18/08 ընտրատեղամասերում Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր եղբայրների հետ մտել են ընտրատեղամասեր և վստահված անձանց դուրս են հանել և պոկել նրանց բեյջերը։ Այդ ամենից հետո, Բյուրականի գյուղապետը կանգնել է քվեախցի մոտ և ընտրողներին պարտադրել, որ ընտրողները ցույց տան, թե արդյոք նրանք քվեարկել են Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի օգտին։ Դրանից հետո նոր թույլատրել է քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ։ Ընտրողները այդ մասին տեղեկացրել են ընտրատեղամասի մոտ կանգնած ոստիկաններին, իսկ վերջիններիս ասել են, որ ոչինչ անել չեն կարող[63]։
Դերասան Հայկ Մարությանը 9/47 ընտրատեղամասում, որտեղ վերջինս դիտորդություն է իրականացնում, հայտնաբերել է մի շարք ընտրախախտումներ։ Դերասանը արձանագրել է կահավորման խախտումներ՝ թվով 2։ Բացի այդ նա նկատել է քվեախցիկի անմիջապես վերևում տեսախցիկի առկայություն, իսկ քվեախցիկներից մեկի հետևում՝ թափանցիկ ապակիներով դուռ։ Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ինքը չի կարող վերացնել տեսախցիկը, քանի որ գույքը պատկանում է դպրոցին։ Այնուամենայնիվ խոստացել է թղթով փակել այն[64]։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու ընտրատեղամասերում (7/37 և 7/38) ընտրությունները ընթացել են լարված մթնոլորտում։ Մասնավորապես, 7/37 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» ներկայացուցչի և Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձի միջև։ Վստահված անձը փորձել է խլել ներկայացուցչի տեսախցիկը և կոտրել այն։ Նույն ընտրատեղամասում մեկ այլ դեպք էլ է ունեցել։ Ընտրողներից մեկը ունեցել է օգնության կարիք։ Հանձնաժողովի նախագահը թույլատրել է անձանցից մեկին մոտենալու կնոջը։ Պարզվել է, որ այս մարդն էլ է ունեցել տեսողության խնդիր։ Նախագահը ևս մեկ մարդու թույլատրել է մոտենալ նրանց։ Արդյունքում, երեք մարդ հայտնվել է քվեախցիկում, ինչը ՀՀ ԸՕ-ի խախտում է համարվում[65][66]։
Կոնդում հարձակման է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը։ Հարձակումը տեղի է ունեցել Կոնդի ՀՀԿ շտաբում։ Շտաբի ղեկավարը եղել է պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանը։ Ազատության լրագրողը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտել են շտաբ։ Դուրս գալուց թղթակիցը նրանցից մի քանիսի ձեռքում գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ։ Շտաբի աշխատակիցները նշել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ։ Դրանից հետո շտաբում գտնվող մի քանի անձինք հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, որի արդյունքում սկսվել է քաշքշոց, ինչի արդյունքում «Ազատության» լրագրողը աչքի շրջանում թեթև վնասվածք է ստացել։ Դեպքի առիթով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ[67]։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքում տեղակայված 7/42 ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել։ Քաշքշուկը տեղի է ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանի և ազատ դիտորդ Լյովա Գյուլնազարյանի միջև։ Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ «Ելքի» վստահված անձը խախտումներ է արձանագրել։ Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին հրահանգել է, որպեսզի «Ելքի» վստահված անձին դուրս հանեն ընտրատեղամասից[68]։
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղակայված 21/28 ընտրատեղամասում խախտվել է ընտրության գաղտնիությունը։ Քվեախցիկներն իրար մոտ են դրված եղել և կենտրոնում տեղադրված քվեախցին հասնելու համար պետք է շրջանցվեին մյուս քվեախցերը, ինչը հնարավորություն է տվել մյուս ընտրողներին տեսնել, թե ինչպես են այլ մարդիկ ընտրություն կատարում։ Բացի այդ, գրանցվել են միևնույն քվեախցում մի քանի անձնանց կողմից միևնույն ժամանակ ընտրության դեպքեր։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Արփինե Սարգսյանը ասել է, որ ընտրատեղամասում մթնոլորտը լարված է եղել։ Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանի գալուց հետո ընտրատեղամասում սկսվել են քաշքշոցներ և հայհոյանքներ։ Բացի այդ, ընտրատեղամասում սպառնացել են դիտորդներից մեկին։ Ըստ նրա, երբ ինքը նկատել է, որ 5-6 մարդ մոտեցել են քվեախցին, երիտասարդը դիտողություն է արել։ Վերջիններս սպառնացել են դիտորդին, նշելով թե վաղը «կլուծեն նրա հարցերը», ապա հրելով և հարվածելով ընտրատեղամասից դուրս են հանել։ Հանձնաժողովի նախագահ Ալավերդի Նամալյանին երբ հարցրել են խախտումների վերաբերյալ, նա հուսահատորեն պատասխանել է, թե ինչ կարող է անել[69]։
Գյումրու թիվ 3 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ։ Դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու օգնության կարգով ուրիշի փոխարեն քվեարկել։ Դրանից հետո, տղամարդը դանակով սպառնացել է դիտորդ Նաիրա Գրիգորյանին։ Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը նշել է, որ դիտորդ Նաիրա Գրիգորյանն է խախտել ընտրական կարգը. առանց հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու քաղաքացուն դուրս է հրավիրել։ Դիտորդ Գրիգորյանն էլ հավելել է, որ քաղաքացին իրավունք չունի թերթիկը ձեռքին շրջելու ընտրատեղամասում[70]։
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացը ընթացել է ընտրական օրենսգրքի խախտումներով։ Առկա տվյալների համաձայն, քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա են մարդկային կուտակումներ, թե ընտրատեղամասի ներսում, և թե դրսում։ Այդ մասին բարձրաձայնել է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը։ Վերջինս նշել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի միջից քաղաքացիներին ընտրաթերթիկներ են բաժանում։ Ականատեսների վկայությամբ քաղաքացիներին ուղղորդել է ավտոկայանի թաղամասում բնակվող, «Չոռնի» Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը։ Վերջինս չհերքեց այն տեղեկատվությունը, որ իր թաղամասի բնակիչներին հորդորում է գնալ ընտրությունների՝ նշելով որ «լավ է անում, ինչ անում, հիմա էլ գնալու է ուրիշներին բերի», սակայն հերքեց այն փաստը, որ քվեաթերթիկ է բաժանում[71]։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, որ թիվ 14/20 ընտրական տեղամասում զինծառայողների ուղղորդված քվեարկություն է տեղի ունենում։ Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ արձանագրել էին, որ նույն գործընթացը տեղի է ունենում նաև թիվ 34/38 ընտրական տեղամասում։ Այդ ընտրատեղամասում նաև զինվորականների կուտակումներ են արձանագրվել։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ թիվ 14/20 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ընտրողների ցուցակում զինծառայողի անվան դիմաց այլ անձի կողմից դրված գրառման հետ։ Կատարվել է ճշտում, որից հետո զինծառայողին թույլատրվել է ընտրել[72][73]։
Ժամը 15:20-ին Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 17/5 ընտրատեղամասը հոսանքազրկվել է։ Արդյունքում, մատնահետքերի սարքի հիշողությունը ջնջվել է։ 2 րոպե անց էլեկտրաէներգիան վերականգնվել է։ Բացի այդ, ընտրախցիկից ընտրողների մեծ մասը դուրս է եկել քվեաթերթիկները ձեռքներին։ Մեկ այլ դեպքում էլ, օգնողները գրանցվել են միայն դիտորդի զգուշացումից հետո[74]։
Աշտարակի թիվ 17/2 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգերի միջոցով ճշտումներ է կատարել և նշումներ արել իր մոտ առկա ցուցակներում։ Լրագրողի հարցին նա պատասխանել է, որ իր մոտ ՀՀԿ-ի ցուցակն է՝ ուզում են ճշտել թե «ով է գալու, ով չի գալու»։ Վստահված անձը ցույց չի տվել ցուցակը՝ նշելով, թե դա իր սեփականությունն է։ ՀԱԿ-ի վստահված անձն էլ նշել է, որ չի տեսել այդ ցուցակը, տեսնելու դեպքում ՀՀԿ-ականի «թեւից կվերցներ, կշպրտեր»[75]։
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո Ավան վարչական շրջանի թիվ 51 մանկապարտեզի շենքում տեղակայված 52/1 ընտրատեղամասում անջատել են էլեկտրամատակարարումը։ «Ելք» դաշինքի վստահված անձ Արփինե Ջաղացպանյանը հաղորդել է, որ ինքը հսկում է քվեատուփը[76]։
Քրեակատարողական հիմնարկներում ընտրող բանտարկյալներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր 9 քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ։ Ազատազրկված անձանց կտրոն տրամադրելու պահանջը հաշվի չի առնվել և նրանց ստիպել են քվեաթերթիկը գցել տուփի մեջ և լքել տարածքը։ Ըստ ահազանգողի նման քայլի հիմնական պատճառը այն է, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկները, իսկ մյուսները դեն նետեն։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ իրենք նման ահազանգ չունեն[77]։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդներն ահազանգել են, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում նկատվում են կուտակումներ, իսկ հանձնաժողովի նախագահը որևէ քայլ չի ձեռնարկում դրանք վերացնելու համար։ Այս գործընթացը տևել է մինչև 17:30[78]։
Երևանի 10/10 ընտրատեղամասում« Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդը բացահայտ ուղղորդել է ընտրողներին՝ ընտրելու 6-րդ համարը։ Խախտման վերաբերյալ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրանցամատյանում, ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով որ բացահայտվել է իր օրինախախտումները, լքել է ընտրատեղամասը։ Նույն գործողությունները նա իրականացրել է նաև 10/9 ընտրատեղամասում[79]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.