Remove ads
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Լիվ Ռանդգրեն Թայլեր (անգլ.՝ Liv Rundgren Tyler, հուլիսի 1, 1977[2][3][4], Արևելյան Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Իրական անունն է Լիվ Ռունդգրեն (անգլ.՝ Liv Rundgren)։ Նա Աերոսմիթ խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է։ Թայլերը մոդելի կարիերան սկսել է 14 տարեկանում, իսկ մի տարուց քիչ անց նա որոշեց զբաղվել դերասանությամբ։ «Լուռ աշուն» (1994) ֆիլմի դեբյուտից հետո նա նկարահանվեց ««Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում։
Հասակը | 178 սմ |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1977[2][3][4] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Crossroads School for Arts & Sciences?, York Preparatory School? և Waynflete School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի, Polish Americans?, գերմանական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, ուելսա-ամերիկացի, շոտլանդական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի և աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | Դերասանուհի, պրոդյուսեր, երգչուհի, մոդել |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Ակտիվ շրջան | 1991-այժմ |
Ծնողներ | հայր՝ Սթիվեն Թայլեր և Թոդ Ռանդգրեն, մայր՝ Բիբի Բյուել |
Ամուսին(ներ) | Ռոյսթոն (2003-2008) |
Համատեղ ապրող(ներ) | Հոակին Ֆենիքս |
livtylerwebsite.com | |
Լիվին մեծ ճանաչում բերեց Բեռնարդո Բերտոլուչիի «Գողացված գեղեցկություն» (1996) ֆիլմը, որտեղ նրա հերոսը պատանի աղջնակ էր, ով Իտալիայում այցելում էր իմ մահացած մոր նկարիչ ընկերներին։ Դրանից հետո նա տարբեր դերերով հանդես եկավ «Էբոթների մտացածին կյանքը» (1997) ֆիլմում և Ռոբերտ Ալտմանի «Ճակատագրի անիվը» (1999) սև կատակերգությունում։
Թայլերը միջազգային ճանաչում ստացավ «Մատանիների տիրակալը» (2001-2003) եռագրությունում էլֆուհի Արվենին մարմնավորելուց հետո։ Նա նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում, որոնցից են «Աղջիկը Ջերսիից» (2004), «Միայնակ Ջիմը» (2005), «Դատարկված քաղաքը» (2007) դրաման, հսկայաբյուջետ «Արմագեդոն» (1998), սարսափ ժանրի «Անծանոթները» (2008) և «Անհավանական Հալկ» (2008) ֆիլմերը։
2014 թվականին Թայլերն ունեցավ իր հեռուստատեսային դեբյուտը HBO ալիքի «Լքվածները» սերիալում։
2003 թվականին Լիվն ԱՄՆ-ում եղել է ՅՈՒՆԻՍԵՖի բարի կամքի դեսպան։ Լիվը հանդիսանում է Գիվենչի ֆիրմայի կոսմետիկայի և օծանելիքի ներկայացուցիչը։
Թայլերը (ի ծնե անունը՝ Լիվ Ռունդգրեն) ծնվել է Նյու Յորքի Արևմտյան Հառլեմի Մաունտ Սինայ հոսպիտալում[5]։ Նա մոդել, երգչուհի, Փլեյբոյի փլեյմեյթ (Միսս նոյեմբեր 1974) Բիբի Բյուելի և «Աերոսմիթ» խմբի գլխավոր վոկալիստ Սթիվեն Թայլերի դուստրն է[6][7]։ Լիվի մայրը իր դստերը Լիվ անունով կնքել է ի պատիվ Լիվ Ուլմանի, երբ վերջինիս տեսել էր TV Guide ամսագրի 1977 թվականի մարտի 5-ի համարի շապիկին[5][8]։ Լիվը հոր կողմից ունի իտալական, գերմանական, լեհական և անգլիական ծագում[9] և գերմանական ծագում մոր կողմից[10]։ Թայլերը հոր կողմից ունի երեք քույր ու եղբայր՝ Միա Թայլեր (ծնված 1978)[11], Չելսի Աննա Տալարիկո (ծնված 1989) և Թաջ Մոնրո Տալարիկո (ծնված 1992)[12]։ Լիվի մորական տատը՝ Դորոտեա Ջոնսոնը, հիմնել է Վաշինգտոնի Պրոտոկոլ դպրոցը[13]։
1972-1979 թվականներին Լիվի մայրը՝ Բիբին, ապրում էր ռոք երաժիշտ Թոդ Ռունդգրենի հետ։ 1976 թվականին Բիբին հանկարծակի հղիացավ Սթիվեն Թայլերի հետ ունեցած կարճ հարաբերություններից հետո։ 1977 թվականի հուլիսի 1-ին Բյուելն աղջիկ ունեցավ և նրան տվեց Լիվ Ռունդգրեն անունը։ Բիբին պնդում էր, որ աղջկա կենսաբանական հայրը Թոդ Ռունդգրենն է։ Ռունդգրենի և Բյուելի ռոմանտիկ հարաբերություններն ավարտվեցին[6]։ Ութ տարեկան հասակում Լիվն հանդիպեց Սթիվեն Թայլերի հետ և տեսավ, որ ինքը շատ նման է Սթիվենի աղջիկան՝ Միային[6][8][14]։ Երբ նա մորը հարցրեց նմանության համար, գաղտնիքը ջրի երես դուրս եկավ[6][14]։ Մոտ 6 տարի Թայլերի հայրությունը հասարակությունից մնաց գաղտնի, մինչև Լիվը 1991 թվականին իր ազգանունը Ռունդգրենից դարձրեց Թայլեր[6][7]։ Բյուլեն ասել է, որ եղելությունը թաքցրել է, քանի որ Լիվի ծնվելու ժամանակ Սթիվենը շատ էր տարված թմրանյութերով[7]։ Ճշմարտությունն իմանալուց հետո Լիվն ու Սթիվենը մտերմացան[6]։ Նրանք նույնիսկ սկսեցին համագործակցել աշխատանքում։ Այսպիսով 1993 թվականին Լիվը նկարահանվեց Աերոսմիթի Crazy երգի տեսահոլովակում։ Բացի այդ, Աերոսմիթի շատ երգեր օգտագործվում են «Արմագեդոն» ֆիլմում[6]։
Ըստ Լիվի, երբ ինքը ծնվել է, Թոդը որոշել է, որ երեխային հայր է պետք և ստորագրել է հայրության դիմաց։ Լիվն ասել է. «Նա գիտեր, որ կար հնարավորություն, որ ինքն իմ հայրը չլիներ, բայց... նա հոգ տարավ, որ ես գնամ մասնավոր դպրոց»։ Լիվը այցելում էր նրան տարեկան մի քանի անգամ[15]։
Թայլերը Ռունդգրենի հետ մտերմության համար ասել է. «Ես շատ շնորհակալ եմ նրան։ Ես նրան շատ եմ սիրում։ Երբ նա ինձ գրկում է, զգում եմ, որ հայրս է գրկում ինձ։ Նա շատ ուժեղ և պաշտպանող անձ է»[15]։
Թայլերը սովորել է Վիրջինիայի Բրիկուոթեր և Փորթլենդի Ուայնֆլեթ դպրոցներում[16][17][18]։ 12 տարեկանում Լիվն իր մոր հետ վերադարձել է Նյու Յորք[6][8]։ Նա հաճախել է Յորք Փրեպարատորի կրտսեր-ավագ և ավագ դպրոցները, մինչև մայրը նրան տեղափոխել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով երեխաների համար նախատեսված դպրոց[19]։ 1995 թվականին Լիվն ավարտեց դպրոցը և շարունակեց իր դերասանական կարիերան[6][8]։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես է անցկացրել մանկությունը, Թայլերն ասել է. «Ես մանկությունիցս բան չեմ հասկացել 10 տարվա ընթացքում, քանի որ ես հիմա 14 տարեկան եմ և աշխատում եմ։ Բայց այն ինձ փորձանքներից զերծ է պահել։ Երբ բոլորը ինչ-որ թթուներ էին սարքում կամ խելահեղ երեկույթների մասնակցում, ես Տոսկանայում ֆիլմում էի նկարահանվում... Ես ունեի իմ ուրախությունը, բայց այն ուրիշ էր։ Ես չեմ փոշմանել և ես հավանում եմ իմ անցած կյանքի ճանապարհը»[20]։
Թայլերն իր առաջին մոդելային աշխատանքը ստացավ 14 տարեկանում։ Նրա ղեկավարն էր Պաուլինա Պորիզկովան, որը Լիվի նկարները տեղադրում էր «Interview» ամսագրում[6][8]։ Այնուհետև Լիվը նկարահանվեց հեռուստատեսային գովազդներում[6][8]։ Լիվը մոդելի կարիերան ձանձրալի համարեց և այդ ոլորտում մեկ տարուց քիչ աշխատելով՝ թողեց այն, որպեսզի զբաղվի դերասանությամբ[8], չնայած նրան, որ նա դերասանական արվեստի ոչ մի դասերի չէր մասնակցել[7]։ Հանդիսատեսներին Թայլերն առաջին անգամ հայտնի դարձավ, երբ Ալիսիա Սիլվերսթոունի հետ 1993 թվականին նկարահանվեց Աերոսմիթի «Crazy» երգի տեսահոլովակում[6]։
Թայլերի կինոդեբյուտը եղավ 1994 թվականին, երբ նա «Լուռ պայքար» ֆիլմում մարմնավորեց աուտիզմով տառապող տղայի ավագ քրոջը[21]։ 1995 թվականին նա նկարահանվեց ««Կայսրություն» անունով խանութը» կատակերգությունում[22]։ Ֆիլմի համար Թայլերն ասել է. «Դա եղել է իմ կյանքի լավագույն փորձերից մեկը»[23]։ Քիչ անց նա գլխավոր դեր ստանձնեց Ջեյմս Մանգոլդի 1996 թվականի «Ծանր» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր միամիտ մատուցողուհի Քելլիին։ Ֆիլմը քննադատների կողմից լավ գնահատականի արժանացավ[24]։ Քննադատ Ջանետ Մաշլինն ասել է. «Միսս Թեյլորի կերպարը հմայիչ է և պարզամիտ, և հերոսն իր լավ արտաքին տեսքի մասին մեծ կարծիք չունի»[25]։
Թայլերի առաջին նվաճումը համարվում է «Գողացված գեղեցկություն» (1996) ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Լյուսի Հարմոնին՝ անմեղ, ռոմանտիկ մի պատանի աղջնակի, ով ճանապարհորդում է Իտալիայի Տոսկանայով` մտադրվելով կորցնել իր կուսությունը։ Ֆիլմը հակասական գնահատականներ է ստացել[26], բայց Թեյլորի դերը քննադատների համար տպավորիչ էր։ «Variety» ամսագիրը գրել է. «Թայլերի դերը կատարյալ էր։ Երբեմն քաղցր անհարմարությամբ, երբեմն հանգիստ և խաղաղ դերասանուհին կարծես առանց ոչ մի ջանքի ինտուիտիվ ենթարկվում է տեսախցիկին` կերտելով Լյուսիի հարուստ կերպարը, որը հաճախ հասանելի չէ երկխոսությունների ժամանակ»[27]։ «Empire» ամսագիրը Լիվ Թայլերին համեմատել է երիտասարդ Ավա Գարդների հետ և գրել է. «Լիվ Թայլերը բացառիկ հնարավորություն ունի հմայելու իր մեծ ինքնատիրապետմամբ»[28]։ Ֆիլմի ռեժիսորն էր Բերնարդո Բերտոլուչին, ով Թայլերին ընտրեց Լոս Անջելեսում հանդիպած բազմաթիվ աղջիկների միջից, որոնց թվում էր նաև Աերոսմիթի տեսահոլովակում Թայլերի խաղընկերուհի Ալիսիա Սիլվերսթոունը։ Բերտոլուչին ասել է. «Ինչ-որ մի բան պակաս էր մյուսների մեջ»[29]։ Ավելի ուշ նա ասել է, որ Թայլերի մեջ զգացել է «Նյու Յորքի ոգին»[29]։ Ֆիլմն առաջ տանելու ժամանակ Թայլորն ասել է, որ ինքը նկարահանումների ժամանակ ուզում էր տարանջատել իրեն և իր հերոսին։ «Ես փորձում էի չմտածել իմ կարգավիճակի մասին։ Բայց մի պահ ես սկսեցի լացել և լացել։ Ես հիշեցի, թե ինչպես իմացա իմ հոր մասին, և ինչպես մենք սկսեցինք նայել միմյանց ոտքից մինչև գլուխ»,- ասել է Լիվը[29]։
Այնուհետև նա նկարահանվեց «Այն, ինչ դու անում ես» (1996) ֆիլմում, որը պատմում էր մտացածին «Հրաշքներ» ռոք խմբի մասին, որն արագորեն հասավ փառքի գագաթնակետին և նույն արագությամբ էլ վերադարձավ անհայտություն[30]։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը եղել է Թոմ Հենքսը[31]։ Համաշխարհային կինովարձույթում այն ձեռք բերեց 25 միլիոն դոլար[32], իսկ քննադատների կողմից լավ գնահատականների արժանացավ[33]։ Հաջորդ տարի նա նկարահավեց «Էբոթների մտացածին կյանքը» (1997) ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ուիլ Պաթոնի և Բարբարա Ուիլյամսի դստերը[34]։ Ֆիլմը հիմնված է Սյու Միլլերի նովելի վրա[35]։ «Entertainment Weekly» ամսագիրը Թայլերին նշել է որպես «հիասքանչ և ճկուն»[36]։ Նույն թվականին «People» ամսագիրը Թայլերին համարեց 50 ամենագեղեցիկ անձանցից մեկը[37]։
Թայլերն այնուհետև հանդես եկավ «Արմագեդոն» (1998) ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Բրյուս Ուիլիսի աղջկան, ով սիրում էր Բեն Աֆլեքի հերոսին։ Այս ֆիլմը ևս հակասական գնահատականների արժանացավ քննադատների կողմից[38], բայց միջազգային վարձույթում այն մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով 553 միլիոն դոլար[32]։ Ֆիլմում օգտագործվել է Աերոսմիթի "I Don't Want to Miss a Thing" և "What Kind of Love Are You On" երգերը[39]։ «The Guardian» թերթի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ սկզբում հրաժարվել էր Արմագեդոն ֆիլմի դերից։ «Սկզբում ես իսկապես չէի ուզում խաղալ այդ ֆիլմում։ Մի քանի անգամ հրաժարվել եմ առաջարկից, քանի որ վախենում էի։ Ու ամենագլխավոր պատճառը, որ փոխեցի իմ որոշումը, վախը հաղթահարելու ցանկությունս էր։ Ես իսկապես զարմանահրաշ բաներ չեմ անում իմ կարիերայում։ Պարզապես, երբ ես նկարահանվում եմ ֆիլմում, ուզում եմ իմ խաղը լինի յուրահատուկ»[17]։
Այնուհետև նա նկարահանվեց «Օնեգին» ֆիլմում, որի սցենարը գրվել էր Ալեքսանդր Պուշկինի Եվգենի Օնեգին վեպի հիման վրա։ Ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներից էր Ռեյֆ Ֆայնսը, Լիվը մարմնավորում էր Տատյանա Լարինային[40]։ Ֆիլմում նկարահանվելու համար Լիվը պետք է սովորեր խոսել անգլերեն ակցենտով, չնայած որ Նյու Յորք Թայմս թերթի քննադատ Ստեֆեն Հոլդենի կարծիքով ֆիլմում անգլերենի ակցենտը «իներտ» բնույթ էր կրում[41]։ Ֆիլմը ձախողվեց և՛ ֆինասական, և՛ քննադատական առումներով[32][42]։ Նույն թվականին Լիվը նաև նկարահանվեց «Պլանկետ և Մաքլեյն» պատմական կատակերգությունում[43][44]։
Թայլերն այնուհետև նկարահանվեց ռեժիսոր Ռոբերտ Ալտմանի «Ճակատագրի անիվը» (1998) և «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք» (2000) ֆիլմերում[6][40]։ «Ճակատագրի անիվը» ֆիլմում մի ամբողջ աստղաբույլ էր մասնակցում՝ Գլեն Կլոս, Ջուլիանա Մուր, Քրիս Օ'Դոնել և Պատրիսիա Նիլ[45]։ Լիվի դերակատարումը լավ գնահատականների արժանացավ քննադատների կողմից։ «Salon.com»-ը գրեց. «Առաջին անգամն է, որ Թայլերն իր դերում փայլում է իր ողջ գեղեցկությամբ (մյուս ֆիլմերում նրա հերոսները մի քիչ խղճուկ էին)։ Ալտմանը նրան օգնեց ինչ-որ կենդանություն գտնել, հանգստացնող և թեթև կենդանություն, ինչպես մուլտհերոսի ձայնն է բարձրանում, երբ նա իր կեսօրյա բուրբոնն է խմում։ Ֆիլմի հանճարեղությունը ձևավորվում է Էմմա (Թայլերի հերոսուհին) կերպարի հաշվին, երբ նա ման է գալիս կամ երբ կովբոյական գլխարկով լողում է բուրբոնը ձեռքին։»[46] «Entertainment Weekly»-ն նշեց որ Թայլերը «քաղցրիկ կոպիտ էր` տղայի հիշեցնող չարաճճի աղջկա նման»[47]։ «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք» ռոմանտիկ կատակերգությունում Լիվի հերոսուհին Մերելինն էր։ Մերելինը լեսբուհի էր և սիրում էր Քեյթ Հադսոնի հերոսուհուն, որի հայրը գինեկոլոգ բժիշկ էր։ Մերելինը հանդիսանում էր բժշկի, որին մարմանվորում էր Ռիչարդ Գիրը, այցելուներից մեկը[48]։
2001 թվականին Լիվը «Մի գիշեր ՄաքԿուլա բառում» կատակերգությունում մարմանավորում էր մի հերոսուհու, որին սիրահետում էին 3 տղամարդ (Մեթ Դիլոն, Ջոն Գուդման և Պոլ Ռայզեր)[49]։ Դերի մասին քննարկումներում Լիվն ասել է. «Անկասկած, նախ և առաջ ես պետք է գրավիչ լինեի, որ կարողանայի գրավել տղամարդկանց ուշադրությունը։ Գուցե դա դժվար չէր մեկ ուրիշի համար, բայց ինձ համար մի քիչ դժվար էր։ Ես սիրում եմ իմ մարմինը և ինձ հարմարավետ եմ զգում իմ մաշկի տակ, բայց դերն ինձ համար քիչ դժվար էր»[50]։ «Rolling Stone» ամսագրի քննադատներից Փիթեր Տրևերսը գրում էր. «Թայլերն իրական գեղեցկուհի է։ Նա համարձակ փորձ արեց դերը ստանձնելու համար, բայց Լիվի խաղացանկը շատ սահմանափակ է, որպեսզի նա կարողանար մարմնավորել կանացի կատարելության խառնվածքով հերոսուհուն»[51]։
2001 թվականին նա նկարահանվեց ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմում։ Նրա հերոսուհին էլֆուհի Արվենն էր[50][52]։ Ֆիլմի սցենարը գրվել էր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։ Ֆիլմ արտադրողները Թայլերին դեր են առաջարկել «Պլանկետ և Մաքլեյն» ֆիլմում նրա խաղը տեսնելուց անմիջապես հետո[53]։ Լիվը սովորեց խոսել գոյություն չունեցող էլֆերեն լեզվով, որը ստեղծվել էր Թոլկինի կողմից[54]։ «San Francisco Chronicle» թերթում քննադատ Միկ ԼաՍալլեն նշել էր, որ Թայլերի դերը «գեղեցիկ էր և արժեքավոր»[55]։
Մի տարի անց Թայլերը կրկին Արվենի դերով հանդես եկավ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմում։ Քննադատների կողմից ֆիլմը դրական արձագանքներ ստացավ[56]։ Լիվը մի քանի ամիս սովորեց թրերով մենամարտել, որը նրան պետք էր «Երկու ամրոց» ֆիլմի եզրափակիչ տեսարանում մարտի նկարահանման համար[57], բայց այդ մասը սցենարի փոփոխության պատճառով հեռացվեց[57]։ Ֆիլմը միջազգային կինովարձույթում մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով 926 միլիոն դոլար[58], ի տարբերություն նախորդ ֆիլմի, որը վաստակել էր ընդամենը 871 միլիոն դոլար[32]։ 2013 թվականին Թայլերը Արվենի դերով հանդես եկավ նաև «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմում[59]։
«Մատանիների տիրակալը» ֆիլմերի հաջողություններից հետո Թայլերը Բեն Աֆլեքի հետ նկարահանվեց Քևին Սմիթի «Աղջիկը Ջերսիից» ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ նրա հերոսուհին կարողանում է գտնել Բեն Աֆլեքի հերոսի սրտի բանալին, որը վերջինս կորցել էր իր կնոջ մահից հետո[60]։ «MTV News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիվը խոստովանել է, որ ինքն իրեն «վախեցած և խոցելի» է զգացել և ավելացրել է. «Ինձ համար սովորական էր դարձել «Մատանիների տիրակալի» Արվենի կերպարը։ Այդ ֆիլմում ավելի շատ աշխատանքներ տարվում էին նկարահանումներից հետո։ Սակայն «Աղջիկը Ջերսիից» ֆիլմում ես և Բենը իրար կողք-կողքի նստած երկար երկխոսություններ էինք ասում։»[61] Այնուամենայնիվ Լիվը կրկին հաստատեց, որ «Աղջիկը Ջերսիից» ֆիլմը այն ֆիլմն էր, որտեղ ինքն ուզում էր նկարահանվել[61]։
2005 թվականին նա հանդես եկավ Սթիվ Բուշեմիի «Միայնակ Ջիմը» դրամայում, որտեղ նրա խաղընկերն էր Քեյսի Աֆլեքը։ Ֆիլմում Լիվը մարմնավորում էր միայանակ մոր և բուժքրոջ կերպար, որը վերադառնում է իր հայրենի Ինդիանայի փոքրիկ քաղաքը, երբ գրական գործունեությունը տապալվում է Նյու Յորքում[61]։ Ֆիլմը հատուկ կերպով ներակայացվեց 2005 թվականի Սանդանս կինոփառատոնին և առաջադրվեց Գրանդ ժյուրի մրցանակի[62]։ Նրա հաջորդ ֆիլմը «Դատարկված քաղաքն» (2007) էր, որտեղ Լիվի հերոսուհին խորաթափանց թերապևտ էր և փորձում էր օգնել մի ատամնաբույժի (Ադամ Սենդլեր), որը կորցրել էր իր ընտանիքին ահաբեկչության ժամանակ[63][64]։
2008 թվականին Թայլերը նկարահանվեց «Անծանոթները» սարսափ ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Սքոթ Սպիդմենը։ Ֆիլմը երիտասարդ զույգի մասին էր, որոնք մի գիշեր ահաբեկման են ենթարկվում երեք դիմակավոր անձանց կողմից[65][66]։ Չնայած քննադատների խառը արձագանքներին[67]՝ 9 միլիոնանոց բյուջեով ֆիլմը հաջողություն ունեցավ կինովարձույթում՝ վաստակելով 80 միլիոն դոլար[32]։ «Entertainment Weekly»-ի հետ հարցազրույցում Թայլերը նշել է. «Անծանոթները ֆիլմում իմ կարիերայի ամենաբարդ դերն է եղել։ Ես այնտեղ ինձ պետք է դրսևորեի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ էմոցիոնալ առումներով»[23]։
2008 թվականին Բեթի Ռոսի կերպարով Լիվը հանդես եկավ «Անհավանական Հալկը» ֆիլմում, որտեղ նրա հերոսուհին սիրում էր Բրյուս Բաններին՝ Հալկին, որին մարմնավորում էր Էդվարդ Նորթոնը[68]։ Թայլերն աշխատել է ֆիլմի սցենարի սիրային պատմության դրվագի վրա և հանդիսացել է 1978 թվականի «Անհավանական Հալկը» հեռուստաշոուի ֆանատներից մեկը[69]։ Ֆիլմի համար Լիվն ասել է, որ այն ավելի շատ ֆիզիկական էր, որը զվարճալի էր[70]։ «Անհավանական Հալկը» մեծ հաջողություններ ունեցավ միջազգային կինովարձույթում՝ վաստակելով 262 միլիոն դոլար[32]։ Վաշինգտոն Փոստ օրաթերթը ֆիլմի համար գրել է. «Թայլերը Բեթիին տվել է հրեշտակային, եթերային փափկություն, որ կարող էր Հրեշին հնազանդեցնել... հանդիպումների ժամանակ»[71]։
2011 թվականին Թայլերը նկարահանվել է «Սուպեր» և «Կրքի գինը» ֆիլմերում։
2014 թվականին Լիվը նկարահանվեց Ջեք Պլոտնիկի «Տիեզերական կայան 76» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Մեթ Բոմերը և Պատրիկ Ուիլսոնը[72]։ 2014 թվականի հունիսին Թայլերը սկսեց նկարահանվել HBO հեռոուստաընկերության «Լքվածները» սերիալում[73]։
1998 թվականին Թայլերն սկսեց հանդիպել «Spacehog» խմբի բրիտանացի երաժիշտ Ռոյսոն Լանգդոնի հետ[6]։ Լիվը և Լանգդոնը նշանադրվեցին 2001 թվականի փետրվարին[74] և ամուսնացան 2003 թվականի մարտի 25-ին Բարբադոսում[75]։ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին զույգը որդի ունեցավ, որին կնքեցին Միլո Ուիլյամ Լանգդոն անունով[76]։ 2008 թվականի մայիսի 8-ին զույգն ամուսնալուծվեց, բայց նրանք ընկերներ մնացին[77]։ Ավստրալիական «Daily Telegraph»-ի հետ հարցազրույցում Լիվն ասել է, որ Լանգդոնից բաժանվելուց հետո նա գնացել է Լոս Անջելես, քանի որ իրեն դժվար էր մնալ Մանհեթենի տանը Լանգդոնի հետ[78]։
2010 թվականի հունիսին Թայլերը նշեց, որ ինքը «շատ զգայուն» է պատահական հանդիպումների համար և ավելացրեց. «Ես սիրահարվում եմ միայն կապույտ լուսնի ժամանակ»[79]։ 2014 թվականի սեպտեմբերին Թայլերը հաստատեց, որ նա հղի է, և իր երկրորդ երեխայի հայրը սպորտային զվարճանքների մենեջեր Դևիդ Գարդներն է[80]։ 2015 թվականի փետրվարին՝ իր ժամանակից 6 շաբաթ շուտ, ծնվեց Թայլերի որդին՝ Սեյլոր Գեն Գարդները[80]։
Թայլերը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ բարեգործական կազմակերպության ակտիվ կողմնակից։ 2003 թվականին Թայլերը հայտարարվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան ԱՄՆ-ում[81][82]։ 2004 թվականի նոյեմբերին Թայլերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին լուսաբանեց Նյու Յորքում։ 2004 թվականին Թայլերը Գիվենչիում եղել է մայրերի օրվա սատարման համար մամլո խոսնակ։ Այդ ծրագիրը նույնպես աջակցում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Maternal & Neonatal Tetanus» ընկերությունը։
2004 թվականից սկսած Լիվը սկսեց սատարել «Կանացի քաղցկեղի հետազոտման ֆոնդ»-ին, որպեսզի խթանի նորագույն հայտնագործությունների հետազոտմանը, որոնք թույլ կտան ախտորոշել քաղցկեղը ավելի վաղ և կանխել բոլոր կանանց մոտ[83]։ 2007 թվականի օգոստոսին Թայլերը իր մոր՝ Բիբի Բյուելի, և տատի՝ Դորոտեա Ջոնսոնի հետ օգնեցին ստեղծել Emergen-C էներգետիկ խմիչքը ի պատիվ կաթնագեղծի քաղկեղի դեմ պայքարի միամսյակի[84]։
Լիվի ընկերներն են դիզայներ Ստելլա ՄակՔարթնին[11], մոդել Հելենա Քրիստենսենը և դերասանուհիներ Քեյթ Հադսոնը, Քլոե Սևինին և Գվինեթ Փելթրոուն[11][23]։ Լիվը բուսակեր էր, բայց հետո սկսեց նաև միս ուտել[85]։
2003 թվականին Գիվենչիում Լիվը ներկայացրեց օծանելիք և կոսմետիկա[86][87]։ 2005 թվականին Լիվի ներկայացրած ապարանքները ստացան «rose» անվանումը[88]։ 2009 թվականին Թայլերը Գիվենչիի հետ իր պայմանագիրը երկարացրեց ևս 2 տարով[78]։ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին Գիվինչին հայտարարեց, որ ինքը համագործակցում է «Sony Music Entertainment» ընկերության հետ[89]։ 2012 թվականին Թայլերը հանդես եկավ INXS-ի «Need You Tonight» տեսահոլովակում[90]։
Թայլերը Նյու Յորքում սովորել է տրանսցենդենտալ բժշկական տեխնիկա[91]։ 2012 թվականին Լիվը մասնակցեց «Դևիդ Լինչ ֆոնդի» բարեգործական գալա համերգին, որի նպատակն էր հնարավոր դարձնել տրանսցենդենտալ բժշկությունը անապահով հասարակության համար[92]։ Միջոցառման համար Լիվն ասել է. «Այն օգնեց ինձ ավելի հիմնավոր որոշումներ կայացնել և լինել ավելի լավ մայր, գործ ունենալ ամենօրյա սթրեսի հետ այն ժամանակակից աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։ Այն ինձ օգնեց ամեն ինչում»[91]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1994 | Լուռ պայքար | Silent Fall | Սիլվի Վարդեն | Դրամա | Բրյուս Բերեսֆորդ | |
1994 | Աերոսմիթ։ Դուք դեռ նման բան չեք տեսել | Aerosmith: Big Ones You Can Look at | պատանի աղջիկ | Փաստագրական, Երաժշտական | ||
1995 | Ծանր | Heavy | Քելլի | Դրամա | Ջեյմս Մենգոլդ | |
1995 | «Կայսրություն» անունով խանութը | Empire Records | Կորի Մեյսոն | Երաժշտական, Կատակերգություն | Ալան Մոլյե | Ռենե Զելվեգեր |
1996 | Գողացված գեղեցկություն | Stealing Beauty | Լյուսի Հարմոն | Դրամա, Մելոդրամա | Բերնարդո Բերտոլուչի | Ջերեմի Այրոնս, Կարլո Չեքի, Շինեդ Քյուսակ, Ջոզեֆ Ֆայնս, Ջեյսոն Ֆլեմինգ |
1996 | Այն, ինչ դու անում ես | That Thing You Do! | Ֆեյ Դոլան | Դրամա, Կատակերգություն | Թոմ Հենքս | Սթիվ Զան, Թոմ Հենքս, Շարլիզ Թերոն |
1997 | Էբոթների մտացածին կյանքը | Inventing the Abbotts | Պամելա Էբոթ | Դրամա, Մելոդրամա | Պետ Օ'Կոնոր | Հոակին Ֆենիքս, Ջենիֆեր Քոնելի |
1997 | Շրջադարձ | U Turn | ավտոբուսի կանգառի աղջիկը | Դրամա | Օլիվեր Սթոուն | Շոն Փեն, Ջենիֆեր Լոպեզ, Նիկ Նոլթի, Բիլի Բոբ Տորնթոն, Ջոն Վոյթ, Հոակին Ֆենիքս |
1998 | Արմագեդոն | Armageddon | Գրեյս Սթամփեր | Ֆանտաստիկ, Մարտական | Մայքլ Բեյ | Բրյուս Ուիլիս, Բեն Աֆլեք, Բիլի Բոբ Տորնթոն, Սթիվ Բուշեմի, Ուիլյամ Ֆիխտներ, Օուեն Ուիլսոն, Մայքլ Կլարկ Դունկան, Փիթեր Սթորմարե |
1998 | Ճակատագրի անիվը | Cookie's Fortune | Էմմա Դյուվալ | Դրամա | Ռոբերտ Օլթմեն | Ջուլիանա Մուր |
1998 | Օնեգին | Onegin | Տատյանա | Դրամա, Մելոդրամա | Մարտա Ֆայն | Ռեյֆ Ֆայնս |
1999 | Պլանկետ և Մաքլեյն | Plunkett & Macleane | լեդի Ռեբեկա Գիբսոն | Մարտական | Ջեյք Սքոթ | |
2000 | Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք | Dr T and the Women | Մերիլին | Դրամա | Ռոբերտ Օլթմեն | Ռիչարդ Գիր, Հելեն Հանտ, Թարա Ռիդ, Քեյթ Հադսոն |
2001 | Մի գիշեր ՄաքԿուլա բառում | One Night at McCool's | Ջեվել Վալենտին | Կատակերգություն, Քրեական | Հարոլդ Ցվարտ | Մայքլ Դուգլաս, Ջոն Գուդմեն |
2001 | Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն | The Lord of the Rings: The Fellowship of the Ring | Արվեն | Ֆենտեզի | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Յան Մաքկելեն, Վիգո Մորտենսեն, Օրլանդո Բլում, Քեյթ Բլանշետ, Ջոն Ռիս-Դևիս, Շոն Բին |
2002 | Մատանիների տիրակալը. Երկու ամրոց | The Lord of the Rings: The Two Towers | Արվեն | Ֆենտեզի | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Յան Մաքկելեն, Վիգո Մորտենսեն, Օրլանդո Բլում, Քեյթ Բլանշետ, Ջոն Ռիս-Դևիս, Շոն Բին, Դևիդ Ուենեմ, Քրիստոֆեր Լի |
2003 | Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը | The Lord of the Rings: The Return of the King | Արվեն | Ֆենտեզի | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Յան Մաքկելեն, Վիգո Մորտենսեն, Օրլանդո Բլում, Քեյթ Բլանշետ, Ջոն Ռիս-Դևիս, Շոն Բին, Դևիդ Ուենեմ, Քրիստոֆեր Լի |
2004 | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Մայա | Դրամա, Մելոդրամա | Քևին Սմիթ | Բեն Աֆլեք, Ջենիֆեր Լոպես, Ջեյսոն Լի, Մեթ Դեյմոն, Ուիլ Սմիթ |
2005 | Միայնակ Ջիմը | Lonesome Jim | Անիկա | Դրամա, Կատակերգություն | Սթիվ Բուշեմի | Կեյսի Աֆլեք |
2007 | Դատարկված քաղաքը | Reign Over Me | Անժելա Օահերթ | Դրամա | Մարկ Բայնդեր | Ադամ Սենդլեր, Դոնալդ Սազերլենդ |
2008 | Մայրիկը | Smother | Քլեր Կուպեր | Դրամա, Կատակերգություն | Վինս դի Մեգլիո | Դայան Քիթոն |
2008 | Անծանոթները | The Strangers | Քրիստեն Մաքկեյ | Սարսափ | Բրայան Բերտինո | Սքոթ Սպիդմեն |
2008 | Անհավանական Հալկը | The Incredible Hulk | Բեթի Ռոս | Ֆանտաստիկ | Լուի Լետերյե | Էդվարդ Նորթոն, Թիմ Ռոթ |
2010 | Սուպեր | Super | Սարա | Մարտական | Ջեյմս Գան | Ռեյն Ուիլսոն, Էլեն Փեյջ, Քևին Բեյքոն |
2011 | Կրքի գինը | The Ledge | Շանա Հարիս | Դրամա, Թրիլեր | Մեթյու Չեպմեն | |
2012 | Ռոբոտը և Ֆրենկը | Robot & Frank | Մեդիսոն | Ֆանտաստիկ | Ջեյքոբ Սթրեյսի-Շրեիր | Սյուզան Սարանդոն |
2013 | Տիեզերական կայարան 76 | Space Station 76 | Ջեսիկա | Կատակերգություն, Դրամա, Ֆանտաստիկ | Ջեքոբ Փլոթնիք | Պատրիկ Ուիլսոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.