From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Հայաստան (արմտ. հայ.՝ Արեւմտեան Հայաստան), հայտնի է նաև որպես Տաճկահայաստան կամ Թուրքահայաստան, պատմական Հայաստանի արևմտյան հատվածի պայմանական անվանումը, որն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել 387 թվականին։ Այդպես է կոչվել Մեծ Հայքի առաջին բաժանման արդյունքում առանձնացած ու Բյուզանդիային միացված տարածքը՝ Բարձր Հայքը, Ծոփքը և Աղձնիքի մի մասը միասին վերցված։ Բյուզանդիայի վերահսկողության տակ գտնվող տիրույթներում հայ ֆեոդալները զարգացած միջնադարում պահպանել են ժառանգական հողատիրույթները, ռազմական ուժերը, ավանդական իրավունքներն ու արտոնությունները։ 591 թվականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը, որի արդյունքում Բյուզանդիային են անցնում նաև Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։ Շուտով Արևմտյան Հայաստանի համար մղվող անզիջում պայքարում նախաձեռնությանը տիրում են օսմանյան թուրքերը, որոնք Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները ասպատակելուց և նվաճելուց հետո հաշտություն են կնքում Սեֆյան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։ Սահմանագիծը սկսվում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածից՝ հասնելով մինչև Եփրատ գետ։ Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում Ղասրե Շիրինում․ Տաճկահայաստանին միացվում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սեֆյան Պարսկաստանին՝ Արևելյան Հայաստանը։
Թուրքիայի կազմում Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևում են մինչև Առաջին աշխարհամարտը։ Իրադրությունը կտրուկ փոփոխություն է կրում 19-րդ դարում, երբ ազգային ինքնագիտակցության զարթոնքը վատթարացնում է արևմտահայության սոցիալ-քաղաքական կացությունը։ 1860 թվականին ընդունվում է արևմտահայերի ազգային սահմանադրությունը։ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը նոր իրավիճակ են ստեղծում Արևմտյան Հայաստանում։ 1894-1896 թվականին՝ Համիդյան վարչակարգի օրոք, տեղի են ունենում հայերի զանգվածային ջարդեր և արյունահեղություններ, որոնց զոհ են գնում շուրջ 300 հազար արևմտահայեր։ Այս պայմաններում սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային-ազատագրական պայքարի յուրատեսակ ձև։ 1914-1915 թվականներին երիտթուրքերն իրականացնում են հայերի ցեղասպանությունը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը հիմնահատակ հայաթափվում է։ Պատերազմի ավարտից հետո կնքվում է Սևրի պայմանագիրը, որով Թուրքիան Արևմտյան Հայաստանի մի մասը ճանաչում է միացյալ Հայաստանի կազմում։ ՀՀ սահմանը գծում է նախագահ Վուդրո Վիլսոնը։
Սակայն պայմանագիրը մնում է թղթի վրա, իսկ Արևմտյան Հայաստանը մինչ օրս շարունակում է մնալ Թուրքիայի Հանրապետության կազմում։ Ներկայումս Արևմտյան Հայաստանում շարունակում է պահպանվել բոլոր ժամանակների հայկական մշակույթի ազդեցությունը, որը ցայսօր բարբարոսական վերաբերմունքի է արժանանում։
Տարածաշրջանի անվանումն առաջացել է 387 թվականին՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության առաջին բաժանումից հետո։ «Արևմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մեջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք (Չորրորդ Հայք) և Աղձնիք նահանգները։ Ժամանակի ընթացքում Արևմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերվել Արաքս գետի ձախափնյակում ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին և Կիլիկիային։
Մինչև 1920 թվականը՝ Արևմտյան Հայաստանը հաճախ անվանվել է նաև Տաճկահայաստան կամ Թուրքահայաստան։ Այս տարածքը աշխարհագրական տեսանկյունից համընկնում է Արևելյան Անատոլիայի սահմանների հետ, որն էլ ինքնին հանդիսանում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության շրջաններից մեկը։
1555 թվականին Ամասիայի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ընկել է օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ։
1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը՝ նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասն ընդգրկող էլայեթը պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։
Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի Կոստանդնուպոլիս են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնումը (1461) և հայերին տրամադրվող առանձնաշնորհումները, որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա՝ ամիրայական դասը։
Ամասիայի պայմանագրի կնքումից քիչ անց վերսկսված ռազմական գործողությունները երկու բռնապետությունների միջև փոփոխական հաջողություններով շարունակվել են մինչև Կասր–Շիրինի պայմանագիրը (1639), Որը նրանց միջև սահմանագիծ է հաստատել Ջավախքի լեռները, Ախուրյան գետը (մինչև Արաքսի հետ միացման վայրը), Հայկական Պարը, Վասպուրականի լեռները և Զագրոսի լեռնաշղթան։ Արևմտյան Հայաստանի տարածքը բաշխվել է Էրզրումի, Կարսի, Վանի, Բայազետի, Չըլդըլրի, Դիարբեքիրի և Սեբաստիայի փաշայությունների միջև, որտեղ իրենց գոյությունը կարողացել էին պահպանել Սասունի, Սավուրի, Ճապաղջուրի, Մանազկերտի, Իսյանի, Խնուսի, Տուժկի կիսաանկախ հայկական համայնքները։ Չնայած երկարատև պատերազմներին, բռնի և կամավոր արտագաղթերին, քրդական աշիրեթների վերաբնակեցմանը՝ ընդհուպ մինչև 19–րդ դար Արևմտյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։
1897 թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։
Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-1829 թվականներին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։
1820-1830-ական թվականներին Օսմանյան կայսրությունում ստեղծված ծանր կացությունը կառավարող վերանախավի առաջադիմականորեն տրամադրված տարրերին հարկադրել է քայլեր ձեռնարկել վարչակարգի եվրոպականացման ուղղությամբ։ 1839 թվականին Թանզիմաթի առաջին ակտով (Գյուլհանեի հաթթը շերիֆ) նախատեսվել է, անկախ կրոնական պատկանելիությունից, բոլոր հպատակների անձի, ունեցվածքի, պատվի անձեռնմխելիություն, հարկերի գանձման կապալային համակարգի վերացում և հարկերի կարգավորւմ, ֆինանսների վարչության, դատավարության բարելավում և այլն։ Սակայն, հանդիպելով մուսուլմանական հետադիմական շրջանների կատաղի դիմադրությանը, այդ բարեփոխումները մնացել են թղթի վրա։ Ղրիմի պատերազմի ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամային նոր կացությունը, Անգլիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի գործադրած ճնշումը սուլթանական կառավարությանը ստիպել են 1856 թվականին փետրվարի 18–ին հրապարակել Հաթթը հումայունը, որը, կրկնելով հանդերձ Հաթթը շերիֆը, լրացուցիչ իրավունքեր էր վերապահում քրիստոնյաներին։ Սակայն հետագա հողային, վարչական և մյուս օրենքերը ոչ մի փոփոխություն չեն մտցրել Արևմտյան Հայաստանի հասարակական–տնտեսական վիճակի մեջ։
Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր Ազգային սահմանադրության (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։
1877-78 թվականների ռուս–թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի պայմանագիրը (1878) նոր իրավիճակ են ստեղծել Արևմտյան Հայաստանում։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրի 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։ Այս հանգամանքը՝ մի կողմից, Բուլղարիայի ազատագրումը և Եվրոպայից Օսմանյան կայսրության փաստական դուրս մղումը՝ մյուս կողմից, օսմանայան թուրքերի առջև ծառացրել են սեփական հայրենիք ստեղծելու միտումը և նրանց հայացքը դարձրել դեպի կայսրության արևելյան ծայրերը, հատկապես՝ Արևմտյան Հայաստան։ Օգտվելով եվրոպական մեծ տերությունների միջև գոյություն ունեցող քաղաքական հակասություններից՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ը վիժեցրել է բարեփոխումների անցկացումը զանազան ստապատիր պատրվակներով և իբր թե ամբողջ կայսրությունում բարեփոխումներ անցկացնելու մտադրությամբ։ Իրականում սանձազերծվել է հակահայկական հիստերիա, մշակվել Հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական հեռագնա ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղել է քրդական համիդիե հեծելագնդերի ստեղծումը (1891), այնուհետև ծավալվել են հայկական կոտորածները (1894-1896 թվականներին), որոնց զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր։
Ի հակադրության սուլթանական կառավարության՝ արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում։ 1890 – ական թվականներից արևմտահայության ազգային–ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ ազգային-քաղաքական կուսակցությունները (Արմենական, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն)։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մուսուլմանների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային–ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։
Թվում էր, թե 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց ազատություն, հավասարություն, եղբայրություն նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909) վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911 թվականին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։
1912-13 թվականներին Բալկանյան պատերազմների ընթացքը և արևմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ին հարկադրեց դիմել ռուսական կառավարությանը և վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Ռուսական կառավարության ներկայացրած բարենորգումների ծրագիրը դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա։ 1914 թվականին հունվարի 26–ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, մյուսը՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը։
Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի կողմից կառավարվող օսմանյան Թուրքիան միացել է գերմանական բլոկին՝ ընդդեմ Անտանտի երկրների։ Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերը ձեռնամուխ են եղել արևմտահայության զանգվածային բնաջնջմանը և նրանց բուն հայրենիքի յուրացմանը։ Սարիղամիշի մոտ թուրքական բանակի կրած ջախջախիչ պարտությունը (1914 թվականի դեկտեմբեր 14) ամրապնդել է նրանց հրեշավոր մտադրությունը։ Օսմանյան հայրենիքը պաշտպանելու պատրվակով բանակ զորակոչված 18–ից մինչև 60 տարեկան զենք կրելու ընդունակ հայ տղամարդկանց զինաթափել են իբր աշխատանքային գումարտակներում օգտագործելու համար և կոտորել։ 1915 թվականի ապրիլի 24–ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականության ներկայացուցիչներին ուղարկել են Անատոլիայի խորքերը և գազանաբար ոչնչացրել։ Երիտթուրքական բարբարոսներն այնուհետև տեղահանության պատրվակով սկսել են բնակավայրերից հանել կանանց, երեխաներին ու ծերունիներին և աներևակայելի խոշտանգումների ենթարկելով ոչնչացրել։ Եվ եթե հայության փոքրաթիվ բեկորներ, այնուամենայնիվ, հասցվել են Միջագետքի ավազուտներ, ապա սոսկ ցույց տալու համար, որ եղել է տեղահանություն և ոչ թե կոտորած։ Բայց երբ, չնայած բոլոր հնարքներին, եվրոպական և ամերիկյան հասարակայնությունը իրազեկ է դարձել կատարվածին, որպես արդարացուցիչ հանգամանք պատրվակ է բերվել առաջին հերթին 1915 թվականին Վանի հերոսամարտը, որը մատուցվել է որպես դավաճանական ապստամբություն օսմանյան բանակի դեմ։
Ամենուր և միշտ չէ, որ երիտթուրքական վանդալներին հաջողվել է հեշտությամբ ի կատար ածել իրենց դժոխային ծրագիրը։ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան Վանի, Շատախի, Հայոց Ձորի, Արճեշի, Թիմարի, Սասունի, Մուշի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Ուրֆայի հերոսամարտերը։
1915-16 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր Ռուսաստանի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Երաշխիքներ էին համարվում ռուսական զորքերի դուրսբերումը և հայ ժողովրդական միլիցիայի կազմակերպումը, տարբեր երկրներում գտնվող գաղթական և վտարանդի, պատերազմի ժամանակ բռնի արտաքսված հայերի անարգել վերադարձը։ Սակայն այս դեկրետը հազիվ թե իրական հիմքեր ուներ, որովհետև ռուսական զորքերի դուրսբերումը ինքնըստինքյան հարցականի տակ էր դնում դեկրետի հիմնադրույթների կենսագործումը։ 1918 թվականին Բրեստի հաշտության պայմանագրի 4–րդ հոդվածում ասված էր. Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային։ Պայմանագրում Թուրքահայաստանը վերածվել է Արևելյան Անատոլիայի, որի նահանգները պետք է վերադարձվեին Թուրքիային՝ լիովին անտեսելով Թուրքահայաստանի մասին դեկրետը։ Ավելին՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեին նաև 1877-78 թվականներին ռուս–թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ։ Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական–մենշևիկյան բլոկի հակահայկական վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում Հարավային Կովկաս, Բաքվում ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։
Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։
1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն՝ հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Սակայն Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ՝ ծպտված համաշխարհային հեղափոխոխության առաջամարտիկի դիմակով։
1945 թվականին նոյեմբերի 27–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ–ն դիմեց Ի. Ստալինին, Հ. Տրումենին և Կ. Էտիլին՝ խնդրելով օգնել վերացնելու պատմական անարդարությունը և Արևմտյան Հայաստանը միացնելու Խորհրդային Հայաստանին, հնարավորություն ընձեռնել աշխարհասփյուռ հայերին՝ վերադառնալ մայր հայրենիք։ Այդ հարցը բարձրացվել է նաև 1947 թվականին ապրիլին Նյու–Յորքում գումարված Հայկական համազգային կոնգրեսում, բայց՝ ապարդյուն։
Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական տիրապետության տակ, սակայն հայ ժողովուրդը երբեք չհաշտվեց իր հայրենիքի մեծագույն մասի կորստի հետ 1989 թվականին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը դատապարտեց հայերի ցեղասպանությունը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում։ 1987 թվականին համապատասխան որոշում ընդունեց Եվրոպական խորհրդարանը։ 20-րդ դարում մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործությունը պետք է ճանաչեն բոլոր պետությունները և միջազագային ատյանները։ Արևմտյան Հայաստանը պետք է վերադարձվի օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին[1]։ 1894-1923 թվականների Ցեղասպանությունից հետո գրեթե ամբողջությամբ դատարկվել է հայ բնակչությունից։
Արևմտյան Հայաստանի նորագույն շրջանը սկսվում է Հայ Դատի Հանձնախմբի գործունեությամաբ, որը ունեցավ լուրջ գաղափարական և քաղաքական հաջողություններ աշխարհի քսանհինգ երկրներում։ 2000 թ․ Արևմտյան Հայաստանի խնդիրը մտավ նոր՝ հայրենատիրության փուլ։ Ձևավորվեցին նոր անկախ և անկուսակցական կառույցներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արևմտյան Հայաստանի խնդիրը Ռուսաստանում սկսեց ակտիվորեն քննարկվել 2000 թ․, Կ․ Միքաելյանի և մի խումբ հայ մտավորականների կողմից առաջարկվեց 2001 թ․ Շվեյցարիայի Լոզան կամ Ֆրանսիայի Սևր քաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար, սակայն հանգամանքների բերումով այն տեղի չունեցավ "Юсисапайл", Новейшая Хронология вопроса Западной Армении в России։ 2004 թ․ Շուշիում մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին։ 2007 թ-ից այդ կառույցը ղեկավարում է Ա․ Աբրահամյանը Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ։ 2005 թ․ ԱՄՆ-ում Մ․ Սոսիկյանը ստեղծեց Արևմտյան Հայաստանի Պաշտպանության կոմիտե [2], 2011 թ փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հանդես եկավ Հռչակագրով[3]։ 2013-2016 թթ․ ձևավորվեց Արեւմտահայերու Ազգային Համագումարը[4] որը գրանցված է Ֆրանսիայում։ 2016-2017 թթ․ Արևմտահայերու Ազգային Համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեյցարիա)[5],։ Այս բոլոր կառույցներից որոշակի հաջողությունների է հասել Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, որը գործում է 2011 թվականից,առաջին վարչապետ Տ․Փաշաբեզյան,երկրորդ և գործող վարչապետ, Արամ Մկրտչյանը,(Գերմանիա)։ Վտարանդի Կառավարությունը[6],ունի Սահմանադրություն[7],Ազգային Ժողով[8] Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան[9], Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա։ Ներկայումս հիմնականում քրդերով բնակեցված Արևմտյան Հայաստանում ընթանում են լայն թափով շինարարական աշխատանքներ, կառուցվում են տարատեսակ ենթակառուցվածքներ, ինչը նպաստում է քրդերի ավելի հիմնովին այս տարածքները յուրացնելուն։ Ինչպես նաև տարածքները ակտիվ ադրբեջանցիներով են բնակեցվում։
Ունենալով հսկայական իրավագիտական և սահմանադրական պատմական ժառանգություն Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը 2004 թ․ որոշում կայացրեց մշակել Արևմտյան Հայաստանի հայության համար սահմանադրություն։ Արևմտյան Հայաստանի սահմանդրությունու ունենալու հարցը հասունացավ երբ 2011 թ-ի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն գործունեության մասին։ Ստեղծվեց Սահմանադրական Հանձնաժողով որը կարողացավ կազմել ապա և 2015 թ․ հրատարակել Արևմտյան Հայաստան Պետության Սահմանդրություն ։ Սահմանադրությունը կազմեցին Ա․Ս․Մկրտչյանը, Կ․Պ․Հայրապետյանը, Գ․Գ․Մարգարյանը, Ա․Է․Խաչիկյանը, Ս․Բ․Ղազարյանը[10]։ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավրության հայցադիմումը Ռուսաստանի Դաշնության Սահմանդիր Դատարան 17․12․2015 թ․ ռուս թուրքական պայմանագրերի դենոնսացման նպատակով։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադիր Դատարանի պատասխանը հայցադիմումի վերաբերյալ։ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավրության և Համահայկական վերնախորհրդի հայցադիմումը ընդեմ Հայաստանի Հանրապետության պահանջով՝, ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության Մասին Ակտը հրապարակված 1919 թ․ մայիսի 28-ին և վերաճանաչել ՀՀ ԱԺ արևմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը[11]։ «Օրեր» ամսիագիր,ԵՄ, 2021 թ․ հունիսի 19-ը։
2023թ․ նոյեմբերին ՀՀ ԳԱ,«Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվեց՝ «1919-1920թթ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու»-ն, որի մեջ առաջին անգամ, 103 տարի անց տպագրված է Ազգերի լիգայի 1920թ․դեկտեմբերի 10-ի փաստաթուղթը որով Հայաստանի Հանրապետության տարածքը ներառյալ Վ․Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 214 000 կմ քառ․[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.