From Wikipedia, the free encyclopedia
1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860 թվականի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը և այլն) այն վավերացրել է միայն 1863 թվականի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853 թվականին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857 թվականին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։
1860 թվականի ազգային սահմանադրություն արմտ. հայ.՝ Ազգային Սահմանադրութիւն հայոց | |
---|---|
Հեղինակ | Նիկողայոս Բալյան, Գրիգոր Օտյան, Նահապետ Ռուսինյան և Սերովբե Վիչենյան |
Տեսակ | տեքստ և օրենսդրություն |
Բնօրինակ լեզու | հայերեն և օսմաներեն |
Ստեղծման տարեթիվ | մարտի 17, 1863 |
Armenian National Constitution Վիքիպահեստում |
«Սահմանադրություն» է կոչվել Նահապետ Ռուսինյանի առաջարկով, քանի որ գրվել էր բելգիական սահմանադրության գլխավոր սկզբունքների հիման վրա՝ միաժամանակ կրելով 1848-ի Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությունը։ Կազմված էր ներածությունից («Հիմնական սկզբունք»), 5 գլուխներից, որոնք իրենց հերթին բաժանվում էին առանձին ենթագլուխների, և 99 հոդվածներից (նախնական տարբերակում՝ 150)։ Որպես հիմնական սկզբունք Կ. Պոլսի հայոց պատրիարքը հայտարարվում էր «ազգի ղեկավար», իսկ «մասնաւոր պարագաներու մէջ»` միջնորդ օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերություններում։ Նշված էր նաև, որ յուրաքանչյուր հայ անհատ որոշակի պարտականություններ ունի ազգի հանդեպ, ինչպես և ազգը` ամեն մի անհատի։ Հետևաբար, ազգն ու անհատը կապված են «փոխադարձ պարտեօք»։ Առանձնակի կարևորություն էր տրվում Հայ առաքելական եկեղեցու դավանանքն ու ավանդույթներն անաղարտ պահելու, առանց սեռի խտրության հայ մանուկներին անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու, հասարակական կարիքների համար նախատեսված դրամական միջոցներն ըստ անհրաժեշտության օգտագործելու հարցերին և այլն։
Ազգային սահմանադրությունը կարգավորում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքի գործունեությունը՝ զգալիորեն սահմանափակելով վերջինիս իրավունքները և նշելով պարտականությունները։ Պատրիարքը պարտավոր էր հավատարիմ մնալ Ազգային սահմանադրության սկզբունքներին, հետևել դրանց ճիշտ և ժամանակին կիրառմանը, որոշումներն ընդունել միայն իրեն կից ստեղծված ազգային, կրոնական և քաղաքական ժողովների անդամներից կազմված ընդհանուր ժողովի հետ համատեղ և այլն։ Պատրիարքն իրավունք չուներ ինքնակամ փոփոխել Ազգային սահմանադրության դրույթները, լուծարել վերոհիշյալ մարմինները։ Նշված սկզբունքները խախտելու համար նա կարող էր ենթարկվել պատասխանատվության, իսկ ծայրահեղ դեպքում՝ պաշտոնանկ արվել։
Նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը գտնվում էր ազգային․ կրոնական և քաղաքական ժողովների հաստատած տեղապահի իրավասության ներքո։ Պատրիարք կարող էր ընտրվել 35 տարին լրացած, Օսմանյան կայսրության տարածքում Հայ առաքելական եկեղեցու թեմերի «համազգային» հեղինակություն վայելած յուրաքանչյուր եպիսկոպոս։ Պատրիարքին կից գործելու էին ազգային կրոնական (կազմված 14 հոգևորականներից) և քաղաքական (կազմված 20 աշխարհիկ անձանցից) ժողովներ։ Ազգային կրոնական ժողովի իրավասությանն էին հանձնված եկեղեցական տարաբնույթ հարցերի քննությունն ու լուծումը։
Քաղաքական ժողովը տնօրինելու էր աշխարհիկ բնույթի գործերը։ Նրա գերատեսչության ներքո ստեղծվելու էին ուսումնական, տնտեսական, դատաստանական և վանորեից խորհուրդներ, ինչպես նաև՝ 3 հոգաբարձություններ (ելևմտից, կտակաց, հիվանդանոցների, բոլորն էլ ենթարկվելու էին տնտեսական խորհրդին)։ Ինչպես ազգային կրոնական, այնպես էլ քաղաքական ժողովների անդամները վերընտրվելու էին 2 տարին մեկ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ա գլխի 3-րդ մասը վերաբերում էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին։ Տեղի պատրիարքն ընտրվելու էր Ս. Հակոբյանց վանքի միաբանության անդամ, 35 տարին լրացած եպիսկոպոսներից, ցմահ՝ ազգային կրոնական և քաղաքական ժողովների համատեղ նիստում։
Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին կից գործելու էին Ազգային ընդհանուր ժողովը (բարձրագույն օրենսդիր մարմին) և Ազգային կենտրոնական վարչությունը (գործադիր մարմին)։ Արևմտահայության բոլոր խավերի շահերն արտահայտելու նպատակով Ազգային ընդհանուր ժողովը պետք է լիներ ներկայացուցչական։ Պատգամավորները (երեսփոխանները) ընտրվելու էին ըստ Կ.Պոլսի թաղերի և առանձին գավառների՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, այլ ոչ թե նախկին կարգով՝ ըստ արհեստավորական միությունների (էսնաֆությունների)։ Ընտրելու իրավունք ունեին 25, իսկ ընտրվելու՝ 30 տարին լրացած, նախկինում չդատված անձինք։ Ազգային ընդհանուր ժողովի պատգամավորների թիվը սահմանված էր 140 (20-ը՝ հոգևորական, 120-ը՝ աշխարհիկ, որից 80-ը՝ պոլսահայ, 40-ը՝ գավառների ներկայացուցիչներ)։ Պատգամավորներն ընտրվում էին 10 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր 2 տարին Ազգային ընդհանուր ժողովի կազմի 1/5-ը նորացվելու պայմանով։ Ժողովը հսկելու էր Ազգային սահմանադրության «անխախտ» կատարումը, ինչպես նաև պատրիարքի (Ազգային ընդհանուր ժողովի նախագահը), ազգային կրոնական և քաղաքական ժողովների գործունեությունը։ Ազգային ընդհանուր ժողովն էր ընտրելու Կ. Պոլսի հայոց պատրիարքին, ազգային կրոնական ու քաղաքական ժողովների անդամներին, երեսփոխանները մասնակցելու էին Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններին։
Ազգային ընդհանուր ժողովի նիստերը գումարվելու էին 2 տարին մեկ (նախնական տարբերակում՝ ամեն տարի)։ Տեղական բնույթի այլևայլ հարցեր լուծելու և դրանց իրագործումը վերահսկելու համար Կ. Պոլսում ստեղծվելու էին թաղային խորհուրդներ՝ վերը նշված սկզբունքներով։ Գավառների գործերը տնօրինելու էին ազգային գավառական վարչությունները՝ տվյալ եկեղեցական թեմի առաջնորդի նախագահությամբ։ Վերջինս գործավարելու էր տեղական ազգային և քաղաքական ժողովների հետ համատեղ։ Գավառներում ևս ընտրվելու էին թաղային խորհուրդներ և այլն։
Ազգային սահմանադրությունը պարտադիր պայման էր համարում աշխատանք և համապատասխան շահույթ ունեցող յուրաքանչյուր հայ անհատի կողմից ամենամյա «ազգային տուրքի» մուծումը։ Ազգային սահմանադրության հիմնական սկզբունքները հայտարարվում էին անփոփոխելի։ Սակայն անհրաժեշտության դեպքում և որոշակի պայմանով (Ազգային սահմանադրության հաստատումից 5 տարի անց) հատուկ հանձնաժողովին («վերաքննութեան յանձնաժողով») թույլատրվում էր վերանայել առանձին դրույթներ կամ ձևակերպումներ (փոփոխված հոդվածները կիրառվելու էին Բարձր դռան հաստատելուց հետո միայն)։
Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869-1873), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։
Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ազգային սահմանադրության կիրառումը, իսկ 1896 թվականին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908 թվականին, կրկին արտոնվելով, Ազգային սահմանադրությունը գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914-1818), երբ Կ. Պոլսի ազգային մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916 թվական օգոստոսի 10-ին երիտթուրքական կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ազգային սահմանադրությունը, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։
Այնուամենայնիվ, Ազգային սահմանադրությունը զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմնական սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա և այլն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992 թվականին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ազգային սահմանադրությունն է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։
Ունենալով հսկայական իրավագիտական և սահմանադրական պատմական ժառանգություն Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը 2004 թվականին որոշում կայացրեց մշակել Արևմտյան Հայաստանի հայության համար սահմանադրություն։ Արևմտյան Հայաստանի սահմանդրություն ունենալու հարցը հասունացավ երբ 2011 թվականի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության գործունեության մասին։ Ստեղծվեց Սահմանադրական Հանձնաժողով, որը կարողացավ կազմել ապա և 2015 թվականին հրատարակել Արևմտյան Հայաստան Պետության Սահմանդրությունը[1]։ Սահմանադրությունը կազմեցին Ա․Ս․Մկրտչյանը,Կ․Պ․Հայրապետյանը,Գ․Գ․Մարգարյանը, Ա․Է․Խաչիկյանը,Ս․Բ․Ղազարյանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.