From Wikipedia, the free encyclopedia
Զգուշացիր ավտոմեքենայից (ռուս.՝ Берегись автомобиля), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1966 թվականին՝ Էլդար Ռյազանովի կողմից։
Զգուշացիր ավտոմեքենայից ռուս.՝ Берегись автомобиля | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1], տրագիկոմեդիա և դետեկտիվ ֆիլմ |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի, Օլեգ Եֆրեմով, Անատոլի Պապանով, Օլգա Արոսևա, Գեորգի Ժժենով, Դոնատաս Բանիոնիս, Անդրեյ Միրոնով, Եվգենի Եվստիգնեև, Լյուբով Սոկոլովա, Վյաչեսլավ Նևիննի, Գալինա Վոլչեկ, Ալեքսեյ Կորենև[2] և Անտոնինա Մաքսիմովա[2] |
Օպերատոր | Անատոլի Մուկասեյ և Վլադիմիր Նախաբցև |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
Beware of the Car movie Վիքիպահեստում |
Պարզվում է, որ համեստ ու ամաչկոտ ապահովագրական գործակալ, ինքնագործ թատերախմբի դերասան և նախկին վարորդ Յուրի Դետոչկինը արդարության համար պայքարող անհաշտ մարտիկ է։ Սակայն իրավապահ մարմինների համար, հանձին նույն թատրոնի դերասան և իրական քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկովի, այդ Ռոբին Հուդը պատկերանում է որպես վտանգավոր, խորամանկ և անորսալի հանցագործ։
Աշխատանքային պարտքը կատարելիս Յուրի Դետոչկինը հաճախ է լինում բավականաչափ ունևոր մարդկանց տներում և տեսնելով, որ շատերն են ապրում բացահայտ անաշխատ եկամուտով, նա փորձում է վերականգնել արդարությունը այնպես, ինչպես ինքն է դա հասկանում։ Դետոչկինը անձամբ քարտադարան է վարում ու գործ կազմում կաշառակերների, սպեկուլյանտների, չարաշահողների ու հափշտակողների վերաբերյալ, առևանգում է նրանց ավտոմեքենաները, վերավաճառում դրանք և ստացած գումարները փոխանցում մանկատներին։
Իր հաճախորդներից մեկը, կոմիսիոն խանութի երիտասարդ վաճառող Դիմա Սեմիցվետովը թանկարժեք ու չճարվող էլեկտրոնիկայի առևտուր էր անում «վաճառասեղանի տակից»։ Սեմիցվետովի ավտոմեքենան Դետոչկինին հաջողվում է առևանգել միայն երրորդ փորձից հետո։ Առաջին անգամ աշխատում է ավտոմեքենայի ահազանգման համակարգը, երկրորդ անգամ Դետոչկինը ընկնում է ավտոմեքենայի սրահում դրված թակարդի մեջ։ Երրորդ անգամ նա վարձում է ավտոկռունկ, որի միջոցով բարձրացնում է ավտոտնակը և առևանգում ավտոմեքենան։ Նշված ավտոմեքենայով նա մեկնում է Մերձբալթիկա։ Ճանապարհին ծանոթանում է մի միլիցիոների հետ, որին օգնում է գործի գցել խափանված մոտոցիկլետը։ Մոտակա բնակավայրում միլիցիոները առևանգված ավտոմեքենայի վերաբերյալ կողմնորոշում է ստանում և սկսում է հետապնդել Դետոչկինին։ Որոշ ժամանակ անց մոտոցիկլետը կրկին խափանվում է, և Դետոչկինը շարունակում է ճանապարհը։
Մինչ Մերձբալթիկայում Դետոչկինը վաճառում է ավտոմեքենան ինչ-որ կղերականի, ով հարստացել էր հավատացյալների մատուցած զոհողություններից, քննիչ Պոդբերյոզովիկովը դուրս է գալիս Դետոչկինի հետքի վրա։ Քննիչը պատահականորեն պարզում է, որ Դետոչկինը իր հաճախակի բացակայությունները տանը պատճառաբանում է «ծառայողական գործուղումներով», իսկ աշխատանքի վայրում՝ «բազմաթիվ հարազատների հիվանդություններով»։ Քննիչը հիշում է նաև Դետոչկինի տարօրինակ պահվածքը, հետաքրքրասիրությունը հետաքննության վերաբերյալ, և հօդս են ցնդում բոլոր կասկածները։
Թատրոնում հերթական փորձի ժամանակ Պոդբերյոզովիկովը «մերկացնում է» Դետոչկինին, բայց ցանկանալով ի վերջո հասկանալ, թե ինչն է նրան դրդել հանցագործության, ձերբակալելուց առաջ նրան հրավիրում է գարեջրատուն։ Դետոչկինը Պոդբերյոզովիկովին ներկայացնում է բոլոր առկա փաստաթղթերը, գումարների փոխանցման անդորրագրերը և այլն։ Քննիչը, իմանալով, որ Դետոչկինը ավտոմեքենաները առևանգել է ազնիվ մղումներից ելնելով, որոշում է իր պաշտոնական դիրքը չարաշահելու գնով բաց թողնել Դետոչկինին` պահանջելով, որ նա խոստանա այլևս չառևանգել ավտոմեքենաներ նույնիսկ կաշառակերներից։
Այնուամենայնիվ, սպասելով մոտալուտ ձերբակալությանը` Դետոչկինը ամեն բան պատմում է իր հարսնացուին՝ Լյուբային։ Նա ազնվորեն ցանկանում է հրաժեշտ տալ իր անցյալին, գետն է նետում իր քարտադարանը, սակայն այդ պահին նկատում է կայանված «Վոլգա» ավտոմեքենան՝ ծանոթ համարանիշներով։ Ջրից հանելով քարտադարանը` նա պարզում է, որ մեքենան պատկանում է կաշառակերի, և առևանգում է այն։ Սակայն այս անգամ ավտոմեքենան բերում է միլիցիայի բաժնի մոտ, որտեղ աշխատում էր Պոդբերյոզովիկովը։ Ճանապարհին նրան նկատում է Լյուբան և տրոլեյբուսով փորձում է հետապնդել Դետոչկինին, որպեսզի խոչընդոտի նրա հերթական հանցագործությանը։ Արդյունքում պարզվում է, որ Դետոչկինի քարտադարանում սխալմունք է եղել, ավտոմեքենան պատկանում էր ազնիվ աշխատանքով ապրող մարդու։ Պոդբերյոզովիկովը ստիպված էր ձերբակալել ընկերոջը։ Այդ ժամանակ թատրոնում պետք է կայանար նաև «Համլետ»-ի առաջին ներկայացումը, և Դետոչկինին թատրոն են բերում պահակազորի ուղեկցությամբ։ Ներկայացումն անցնում է մեծ հաջողությամբ։
Դատարանում Պոդբերյոզովիկովն ու մյուս ծանոթները ելույթ են ունենում ի պաշտպանություն Դետոչկինի։ Թե ինչ դատավճիռ է կայացվում, ֆիլմում չի հաղորդվում։ Սակայն ֆիլմի վերջում Դետոչկինը դուրս է ելնում Լյուբայի տրոլեյբուսի դիմաց, մոտենում է դիմապակուն և ասում է. «Ես վերադարձել եմ»։
Դերակատար | Կերպար |
---|---|
Ինոկենտի Սմոկտունովսկի | Յուրի Դետոչկին |
Օլեգ Եֆրեմով | Մաքսիմ Պոդբերյոզովիկով |
Լյուբով Դոբրժանսկայա | Դետոչկինի մայրը |
Օլգա Արոսևա | Լյուբա |
Անդրեյ Միրոնով | Դիմա Սեմիցվետով |
Անատոլի Պապանով | Սեմյոն Սոկոլ-Կրուժկին |
Տատյանա Գավրիլովա | Իննա |
Գեորգի Ժժենով | ավտոտեսուչ |
Եվգենի Եվստիգնեև | Եվգենի Եվստիգնեև, ռեժիսոր |
Սերգեյ Կուլագին | Ֆիլիպ Կարտուզով |
Դոնատաս Բանիոնիս | պաստոր |
Յուրի Յակովլև | կարդում է տեքստը |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով | սցենարիստ |
Էլդար Ռյազանով | ռեժիսոր |
Անատոլի Մուկասեյ, Վլադիմիր Նախաբցև | օպերատոր |
Անդրեյ Պետրով | կոմպոզիտոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.