Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբին Հուդ (անգլ.՝ Robin Hood — Ռոբին Վեղար), միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ։ Ըստ ավանդության, իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում՝ թալանում էր հարուստներին, ավարը հանձնելով աղքատներին։
Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը | |
Կերպար | ազնիվ ավազակ |
---|---|
Սեռ | արական |
Ամուսին | Մերիան |
Հակառակորդ | Նոթինգհեմի շերիֆ և ասպետ Գայ Գիզբորն |
Բարեկամներ | Փոքր Ջոն, Եղբայր Տուկ, Մաչ, Ալան |
Նախասիրություններ | նետաձգություն |
Այդ բալլադների և լեգենդների կերպարի նախատիպը հայտնի չէ։ Ենթադրաբար, նա ապրել է XIV դարի սկզբներին, Էդուարդ II արքայի կառավարման ժամանակ կամ նույնիսկ ավելի ուշ։ Բալլադներից մեկում գործում է թագուհի Կետրինը, որին երբեմն նույնացնում են Եկատերինա Արագոնացու (1485—1536 թվականներ) հետ։ Սակայն, այժմ առավել հանրաճանաչություն ունի Վալտեր Սքոթի գրական տարբերակը, համաձայն որի, Ռոբին Հուդը ապրել է XII դարի երկրորդ կեսին (այսինքն Ռիչարդ Առյուծասիրտի և Յոհան Անհողի ժամանակակիցն էր)։ Առաջին տարբերակի օգտին և Սքոթի տարբերակին ընդդեմ է խոսում մի շարք պատմական փաստեր։ Այսպես, նետաձգության մրցաշարեր Անգլիայում սկսել են անցկացվել XIII դարից ոչ շուտ։ Ռոբին Հուդի մասին բալլադները սկսվել են գրվել դեռևս XIV դարում, ինչն էլ պայմանավորում է սյուժեների համեմատաբար քիչ փոփոխականությունը։ Անգլիական բալլադների համեմատաբար լիարժեք հավաքածուներից մեկում, որը հրատարակվել է XIX դարում Ֆրենսիս Չայլդի կողմից, հաշվվում է Ռոբին Հուդի մասին մոտ 40 ստեղծագործություն։
Ըստ վարկածներից մեկի, Ռոբինը յոմեն էր, այսինքն ազատ հողատեր, մեկ այլ վարկածներով նա ներկայացվում է որպես անարդարացի ընչազրկված ազնվական, առավել հաճախ կոմս Հանտինգտոնցի։
Ռոբին Հուդի հայրենիքն է համարվում Լոքսլի բնակավայրը, որի անվանումով երբեմն անվանում են նաև Ռոբինին՝ Ռոբին Լոքսլի։ Նրա անտառային բանակը հաշվարկում էր մի քանի տասնյակ ազատ նետաձիգների։ Նրանք բոլորն էլ հրաշալի նետաձիգներ էին, խիզախ, հնարամիտ և յուրովի ազնվազարմ մարդիկ։
Ռոբին Հուդի հետ միասին էպոսի առավել հանրաճանաչ հերոսներ են հանդիսանում նրա օգնականները՝ Փոքր Ջոնը (նաև Փոքրիկ Ջոն, Պստիկ Ջոն, Մանուկ Ջոն), Եղբայր Տուկը՝ վանական կամ քահանա, Ուիլ Սկարլետը (նաև Սկարլոկ, Սկեդլոկ, Սկետլոկ), ջրաղացպանի որդի Մաչը, Ալանը Լոշինից (Ալան է Դեյլ) և Ռոբինի կինը (ընկերուհին)՝ կույս Մերիանը։ Ավազակների գլխավոր հակառակորդներն են հանդիսանում Նոթինգհեմի շերիֆը և ասպետ Գայ Գիզբորնը։
Ռոբին Հուդը քչերից մեկն է, Արթուր Արքայի հետ միասին, անգլիական բալլադների առասպելական հերոսներից, որոնք դուրս են եկել բանահյուսության շրջանակից և դարձել են կարևոր մշակութային իրականություն։ Նրա մասին բալլադների հիման վրա գրվում են գրական ստեղծագործություններ, բեմադրվում են ներկայացումներ, նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր և այլն։
«Հուդ» (անգլ. «hood») բառը անգլերենից թագմանաբար նշանակում է «թիկնոց» (ռուս. капюшон) և ցույց է տալիս Ռոբին Հուդի հագուստի տարրերից մեկը և ըստ սխալ ռուսերեն ծագումնաբանության, անգլ. «good»՝ «լավ», կապված է միայն նման հնչեղությամբ։ Ընդհանրապես «hood»-ը ոչ միայն թիկնոց է, այլ նաև մի շարք նման գլխի պարագաներ՝ գլխաշոր, գլխարկ, վանական վեղար, մարդու կամ ձիու սաղավարտ (կարևորը, որ այն ծածկի կամ պաշտպանի գլուխը)։ Ռոբին Հուդը և նրա մրցակից Գայ Գիզբորնը կրում են գլխի պարագաներ, որոնք անվանվում են միևնույն ձևով՝ թիկնոց և ասպետական սաղավարտ։ Նաև «hood» բառը ունի փոխաբերական նշանակություն՝ «թաքցնել (ծածկել թիկնոցով)»։
«Ռոբին» (անգլ. «robin») բառը թարգմանվում է որպես «շիկահավ», բայց հավանական է, որ հերոսի անունը «Rob in hood» (Ռոբը (Ռոբերտը) («rob», «robber» նաև նշանակում է «ավազակ», «թալանիչ») թիկնոցով) արտահայտության վերաիմաստավորման արդյունք է։ Այդպես Ռոբինին անվանում է Մերիանը, երբ նա հաղթում է նետաձիգների մրցաշարում և նրան հայտարարում մրցաշարի թագուհի։
Երկու նշված նշանակությունն էլ՝ hood-թիկնոց և robin-շիկահավ, խաղարկվում են «Ռոբինը Շերվուդից» («Robin of Sherwood», Մեծ Բրիտանիա, 1984—1986 թվականներ) հանրաճանաչ հեռուստասերիալում, որտեղ գլխավոր հերոսը հաճախ անվանվում է «Թիկնոցով Ռոբինը»։
Հայտնի է նաև Ռոբին Հուդի զուգորդումը Փոքրիկ Բարի Ռոբինի (Պակի) հետ։
Նաև, համաձայն Սթիվեն Ռ. Լոուհեդի «Ռոբին Հուդ» գրքի, «հուդ» բառը կելտերեն լեզվով նշանակում է «կախարդ»։
«Ռոբին Հուդ»-ը ածական է դարձել այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք կողպտում էին հարուստներին և ավարը տալիս էին աղքատներին և այդ կապակցությամբ մեծ հեղինակություն էին վայելում ժողովուրդի մոտ։ Պատմության մեջ գոյություն ունեն մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում արժանացել են նմանատիպ փառքի.
Խուան Չաո - չինացի, աղի առևտրականի որդի, որը ծառայում էր չինական բանակում և 874 թվականին ապստամբություն է բարձրացնում Տան դինաստիայի դեմ։ Ժամանակավորապես դառնում է կայսր, սակայն պարտություն կրելով իր կողմից նախկինում արտաքսված կայսր զորքից, ինքնասպան է լինում։
Հոն Գիլդոն — կորեական յանբանի (կորեացի ազնվական) արտամուսնական որդի, որը XVI-XVII դարերի վերջին փախստականների ավազակախմբի հետ հեռանում է անտառ և պայքարում աղքատների իրավունքների համար։ Դարձել է Հո Գյունի կորեական դասական միջնադարյան «Ասք Հոն Գիլդոնի մասին» վեպի կերպար։
Իսիկավա Գոեմոն — Ադզուտի Մոմոյամայի (1568-1603 թվականներ) դարաշրջանի ճապոնացի ավազակ, որն իբր թե թալանում են սամուրայներին և ավարը բաժանում գյուղացիներին։ Կառավարիչ (սիկեն) Տոյոտոմի Հիդայոսիի վրա հերթական անհաջող մահափորձից հետո նրան կենդանի այրում են 1594 թվականի օգոստոսի 10-ին։ Չնայած, որ ոչ մի հավաստի պատմական փաստեր չեն պահպանվել նրա կյանքի մասին, այնուամենայնիվ նա դարձել է ժողովրդական ավանդազրույցների հերոս։
Միխայել Կոլհաս (Միխել Կոլհաուզե) — գերմանացի բյուրգեր (ձիերի առևտրական), XVI դարի կեսերին պայքարում էր Դրեզդենի շրջակայքում ասպետների բռնությունների և ծանր հարկերի դեմ և, հանրահայտ անգլիացու նմանությամբ, նույնպես թաքնվում էր անտառում։
Դարդո Բարտոլի — լոմբարդացի հանրահայտ ապստամբ, որը XII դարում պայքարում էր գերմանացի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի նշանակած նահանգապետի դեմ։
Սալվատորե Ջուլիանո (Գիլյանո) (իտալ. Salvatore Giuliano) — XX դարի կեսերի սիցիլիացի ավազակ և անջատողական, Իտալիայից Սիցիլիայի անկախության պայքարի հանրահայտ մարտիկ։ Սիցիլիայում հսկայական ճանաչում է ձեռք բերել թալանված ավարը, սննդամթերքը և դրամը բնակչությանը բաժանելու համար։ Մարիո Պյուզոյի «Սիցիլիացին» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։
Նեդ Կելլի — ավստրալիացի ավազակ, հայտնի է բանկերի հանդուգն կողոպուտներով և ոստիկանների սպանություններով։ Նեդ Կելլիի «հերոսությունների» մասին ավանդույթները և բալլադները, որտեղ նա ներկայանում է որպես «ազնիվ ավազակ», հայտնվել են դեռ նրա կենդանության օրոք և դարձել են ավստրալիական բանահյուսության անքակտելի մասը։ Երկրում Նեդ Կելիի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ավստրալիացիների մի մասը նրան համարում են անխիղճ մարդասպան, իսկ մյուս մասը՝ գաղութարար կառավարության դեմ դիմադրության պայքարի խորհրդանիշ և ազգային բնավորության մարմնացում։
Սմիթ Սքոթի — շոտլանդացի կողոպտիչ Հարավային Աֆրիկայից, մարտաֆիլմերի հերոս։ Ինչպես նշվում է ազգային կենսագրությունների հարավաֆրիկյան բառարանում, «խառնվածքով հիշեցնում էր Ռոբին Հուդին»։
Մաշեկա — բելառուսական ավանդությունների հերոս։ Ըստ լեգենդի, ապրում էր այնտեղ, որտեղ այժմ տեղակայված է Մոգիլյով քաղաքը։ Սկզբնապես համարվում էր բացասական կերպար, սակայն աստիճանաբար գրականությունում ձեռք է բերում «ազնիվ ավազակի» հատկանիշներ։ Դարձել է Յանկա Կուպալայի «Առյուծի գերեզմանը» պոեմի և համանուն ֆիլմի հերոսը։
Յուրայ Յանոշիկ — սլովակ ավազակ, գործել է XVIII դարի սկզբին Տատրայում, որը, համաձայն լեգենդի, «հարուստներից խլում էր, աղքատներին տալիս»
Պինտյա Խիզախ (Գրիգոր Պինտյա) — Անդրկարպատներում օպրիշյան շարժման լեգենդար առաջնորդ՝ ռումինական ծագումով, գործել է այժմյան Ուկրաինայի և Ռումինիայի տարածքում XVII դարի վերջերին և XVIII դարի սկզբներին։
Օլեկսա Դովբուշ (1700—1745 թվականներ) — օպրիշկ-գուցուլների իրական պատմական առաջնորդ, որը պայքարել է լեհական և հունգարական ֆեոդալների դեմ Մերձկարպատներում, Բուկովինայում և Կոլոմոյշինայում։
Ուստիմ Կարմելյուկ — Պոդալյեում 1813-1835 թվականների ուկրաինական հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման առաջնորդ։
Գրիգորի Իվանովիչ Կոտովսկի — Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, ճանաչում է ձեռք բերել նրանում, որ XX դարի սկզբին հրկիզել է կալվածատիրական կալվածքներ Բեսարաբիայում և օգտվում էր գյուղացիների աջակցությունից, որոնք նրան թաքցնում էին ժանդարմներից։ «Արգելված թմբկահարներ» խմբի երգում Կոտովսկուն համեմատում են Ռոբին Հուդի հետ։
Վասիլի Ֆյոդորով կամ Մանչաարի (1805 թվականի հունիս - 1870 թվականի նոյեմբերի 8) — յակուտական ազգային հերոս, որը հանդես էր գալիս տեղական ֆեոդալների լուծի դեմ։ Լայնորեն հայտնի հեքիաթասաց և երգիչ, իմպրովիզացիայի վարպետ։ Մանչաարի կերպարը բազմակի անգամներ լուսաբանվել է ռուսական, յակուտական և խորհրդային գրականությունում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Հուդ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.