Remove ads
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Գավառ ( արտասանություն), քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Գավառ | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գավառ (համայնք) | Գավառ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 728 թ. | ||
Այլ անվանումներ | Գեղարքունի, Նոր Բայազետ, Կամո | ||
Տվյալ կարգավիճակում | 1850 թվականից | ||
Մակերես | 7 կմ² | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 19 900[2] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գավառցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (264) | ||
Փոստային դասիչ | 1201-1205 | ||
Ավտոմոբիլային կոդ | 02 | ||
| |||
Բնակավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ։
Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։
Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Գավառ քաղաքն ու իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը եղել է բնակեցված դեռևս մ.թ.ա. 2-1 հազարամյակից։ Քաղաքը բնակեցված է եղել նաև Արշակունիների թագավորության ժամանակահատվածում (66-428թթ.):
Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով քաղաքն ամայացել է և մնացել է չբնակեցված մինչև 19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետ քաղաքից Գավառ են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրն անվանում են Նոր Բայազետ։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում։ Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը[3]։ Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքների ժամանակ։
Ըստ Ավդալբեգյանի նկարագրության` շիրմաքարերի մոտով անցնելիս («Դարիգլուխ» բնակատեղին ժամանակի ընթացքում վերածվել է գերեզմանոցի) նրա որդին` Մարտիկը, մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար` ասելով, որ «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»։ Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ։ Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում, որտեղից էլ տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի գերեզմանաքարի[4]։
Ավդալբեգյանի կողմից հայտնաբերված սեպագիր արձանագրությունն իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը։ Առաջինը դրան անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ երեք տարի անց` 1930 թվականին, մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը» փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը, որում բանասիրական մանրակրկիտ քննությունից հետո ներկայացնում է սեպագիր արձանագրության թարգմանությունը։
Սեպագիրը փորագրված է խորանարդաձև բազալտի քարի վրա` երկու կողմերում, բաղկացած է 8 տողից։ Առաջին երեսին արձանագրված տողերը շարունակվում են երկրորդ երեսին։
(1) Աստված Խալդուն մեծին։ Ռուսան
(2) Սարդուրիի որդին ասում է. թագավորին Վելիքուխ
(3) նվաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն ու վայրը ենթարկեցի
(4) կառավարիչ այնտեղ կարգեցի, խալդական դռները
(5) պալատը խախտված վերակառուցեցի, հաստատեցի, անվանելով
(6) Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ
(7) երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի՝ Սարդուրիի որդու համար
(8) թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված[5]։
Արձանագրություից պարզ է դառնում, որ Ռուսա Ա-ն գրավում է Վելիքուխի երկիրը և կառուցում քաղաք՝ անվանելով այն Խալդի։
Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում։
Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ եւս կան բազմաթիվ հուշարձաններ։ Խալդ աստծո քաղաք-տաճարը տեղացիներին հայտնի է «Բերդի գլուխ» անունով։ Ամրոցի երկարությունը արեւելքից արեւմուտք շուրջ 400մ է։ «Բերդի գլխի» հարավարեւելյան կողմում Գավառագետի վրա կա սալաքարերից կառուցված մի կամուրջ, որին տեղացիները Քարե կամուրջ են ասում:
Գավառ քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցին։ XX դարի առաջին տասնամյակում 1905 թ-ին, քաղաքի կենտրոնում վեր խոյացավ ժողովրդի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն՝ եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգեւորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը։ Եկեղեցուց ոչ հեռու գնտվում է 1848 թ-ին կառուցված Սբ. Կարապետ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ այնուհետեւ անուշադրության էր մատնվել։ 2012 թ-ին վերանորոգվեց եւ վերաբացվեց որպես գործող եկեղեցի։ 1952թ. Գավառում բացվել է Գավառագիտական թանգարանը, ուր պահվում են տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական նյութեր։
Քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը շինված է փլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ։
Արծվաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ 19-րդ դար, ձեռակերտ շինվածք։ Գտնվում է Արծվաքար թաղամասի արեւմտյան եզրին։ Եռանավ բազիլիկ է, խորանի աջ եւ ձախ կողմերում երկու ավանդատներով։ Հարակից տարածքում 1999 թվականին արծվաքարցի բարերար Խաչիկ Սիմոնյանի կողմից կառուցվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Հացառատ թաղամասում պահպանվել են իրար կից Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով։ Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Թեեւ, եկեղեցու արեւելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով եւ հարդարանքի տարրերով Ս. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է նորոգման տարեթիվը լինել։ Եռախորան, գմբեթավոր կառույց է` արեւմտյան ուղղանկյուն խաչաթեւով։ Ունի երկու մուտք` արեւմտյան եւ հարավային։ Կառուցված է գորշ, սրբատաշ տուֆով։ Եկեղեցու արեւելյան ճակատին ագուցված է որմնախաչ։
«Զիարաթ» սրբատեղին գտնվում է Գավառքաղաքից 11 կմհեռավորությանվրա՝ դեպիհարավ- արեւմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2200-2300 մետր։ Տեղի հայերեն անվանումը կորսված է՝ դարեր առաջ հայբնակչության բնաջնջման հետեւանքով։ «Զիարաթ» նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։ Այդպես է կոչվել տեղի արոտավայրերում իրենցանասուններն արածեցնող թուրքերի` կովկասյան թաթարների կողմից։
Սբ. Գրիգոր եկեղեցին կից է Ս. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից։ Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա։ Եռանավ բազիլիկ է։ Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները։ Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով եւ տապանաքարերով։
Սբ. Խաչ մատուռը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթի վրա, 2460 մ բարձրության վրա։ Կառուցվել է 15-րդ դարում։ Մատուռը վերակառուցվել է 1969 եւ 1998 թվականներին։ Ներկայումս այն բարեկարգ վիճակում է։ Մատուը ուխտատեղի է Գավառի տարածաշրջանի բնակչության համար, ովքեր այստեղ են գալիս հիմնականում Խաչվերացի տոնին, ինչը մեծ շուքով է նշվում լեռան գագաթին՝ ուղեկցվելով մատաղի արարողությամբ, երգ ու պարով։ Մատուռ տանող ճանապարհը երկար է, մի քիչ դժվար, սակայն դա չի խանգարում ուխտագնացներին։
Դարագլուխ հնավայրը գտնվում է քաղաքի մոտ, ունի հնագույն մի շարք գերեզմանաթմբեր[6]։
Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 1831 | 1897 | 1974 | 1989 | 1991 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1346 | 8751 | 21382 | 31234 | 32300 | 26621 | 26000 | 19900 |
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի եւ արհեստագործության շրջանում։ Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը։
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[8]։
Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.