աստղ Հարավային Խաչ համաստեղությունում From Wikipedia, the free encyclopedia
Ակրուքս (անգլ.՝ Acrux) /ˈeɪkrʌks/, հայտնի նաև որպես α Crucis (լատիներեն Alpha Crucis, կրճատ՝ Alpha Cru, α Cru), բազմակի աստղային համակարգ, որը գտնվում է Հարավային Խաչ համաստեղությունում, Արեգակից 321 լուսային տարի հեռավորության վրա[2][3]։ +0.76 տեսանելի աստղային մեծությամբ հանդիսանում է Հարավային Խաչ համաստեղության ամենապայծառ աստղը և 13-րդ ամենապածառը գիշերային երկնքում։ Առաջին մեծության աստղերից ամենահարավայինն է և գտնվում է Կենտավրոսի ալֆայից 2.3 աստիճանով դեպի ավելի հարավ[4]։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | բազմակի աստղ և նավիգացիոն աստղ | ||
Կազմված է | Q76281848? և HR 4729? | ||
Հեռավորություն | 320 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 0,76[1] (V) | ||
Համաստեղություն | Հարավային Խաչ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −11,2 km/s | ||
Պարալաքս | 10,13 մավ | ||
Բացարձակ աստղային մեծություն | −3,77 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B0.5IV + B1V | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 4,76 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 25 000 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 120 km/s | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Անզեն աչքով Ակրուքսը մեկ աստղ է երևում, սակայն իրականում այն բազմակի աստղային համակարգ է՝ բաղկացած վեց աստղից։ Օպտիկական աստղադիտակով դիտելիս Ակրուքսը եռակի աստղ է, որի երկու ամենապայծառ աստղերը տեսանելիորեն հեռու են միմյանցից մոտավորապես 4 արքվայրկյանով և հայտնի են որպես Ակրուքս A և Ակրուքս B, α1 Կրուսիս և α2 Կրուսիս, կամ α Կրուսիս A և α Կրուսիս B։ Երկուսն էլ B-տիպի աստղեր են և Արեգակից բազմաթիվ անգամներ ավելի ծանր ու պայծառ։ α1 Կրուսիսը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի բաղադրիչները հայտնի են որպես α Կրուսիս Aa (պաշտոնապես՝ Ակրուքս, որն ամբողջ համակարգի պատմական անունն է)[5][6] և α Կրուսիս Ab։ Այս երկու բաղադրիչ աստղերը պտտվում են յուրաքանչյուր 76 օրը մեկ՝ միմյանցից մոտավորապես 1 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ HR 4729, որը նաև հայտնի է որպես Ակրուքս C, հանդիսանում է համակարգի ավելի հեռու գտնվող բաղադրիչը, որով կազմում է եռակի աստղ։ C-ն ինքը նույնպես սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որով այս համակարգի աստղերի թիվը հասնում է առնվազն հինգի։
α Կրուսիսը (որն առաջացել է լատիներեն Alpha Crucis-ից) համակարգի բայերյան աստղային անվանումն է․ α1 և α2 Կրուսիսը համակարգի գլխավոր աստղերն են։ Այս երկու բաղադրիչների՝ Ակրուքս A և Ակրուքս B, ինչպես նաև A-ի բաղադրիչներ Ակրուքս Aa և Ակրուքս Ab անվանումները ծագում են բազմակի աստղային համակարգերի՝ Միջազգային աստղագիտական միության (IAU)[7] կողմից ընդունված Վաշինգտոնի բազմակիության կատալոգի (WMC) համաձայնագրից։ α1 Կրուսիսի Ակրուքս պատմական անվանումն ընդհանուր կիրառություն է ձեռք բերել 20-րդ դարակեսին[8]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN)[9], համաձայն որի որոշման՝ բազմակի աստղերի պարագայում անունը պետք է վերագրվի տեսանելի ամենամեծ պայծառություն ունեցող բաղադրիչին[10]։ 2016 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային խումբը հավանության է արժանացրել Ակրուքս անվանումը Ակրուքս Aa աստղի համար, որով էլ այն գրանցվել է աստղերի անունների դասակարգման տեղեկամատյանում[6]։
Քանի որ Ակրուքսը գտնվում է −63° թեքման վրա և հանդիսանում է առաջին մեծության ամենահարավային աստղը, այն տեսանելի է միայն հյուսիսային 27° լայնությունից հարավ։ Այն հազիվ տեսանելի է ԱՄՆ Մայամի քաղաքից կամ Պակիստանի Կարաչի քաղաքից (երկուսն էլ գտնվում են հյուսիսային 25° լայնության վրա)։ Բոլորովին տեսանելի չէ ԱՄՆ-ի Նոր Օռլեան և Եգիպտոսի Կահիրե քաղաքներից (երկուսն էլ գտնվում են հյուսիսային 30° լայնության վրա)։ Երկրագնդի առանցքային շարժման պատճառով աստղը տեսանելի է եղել Հնդկաստանի հնագույն հինդու աստղագետներին, որոնք այն անվանել ենTri-shanku։ Աստղը տեսանելի է եղել նաև հին հռոմեացիներին ու հույներին, որոնք այն համարել են Կենտավրոս համաստեղության մաս[11]։
Չինարենում 十字架 ( Շի Զի Ջիա՝ «Խաչ») անունը վերաբերում է Ակրուքս, Միմոզա, Գակրուքս և Դեկրուքս աստղերից բաղկացած աստերիզմին[12]։ Հետևաբար Ակրուքսն ինքը հայտնի էր որպես 十字架二 ( Շի Զի Ջիա Էր, այսինքն՝ «Խաչի երկրորդ աստղ»)[13]։
Պորտուգալերենում աստղը հայտնի է որպես «Մագելլանի աստղ» (պորտ.՝ Estrela de Magalhães)[14]։
α1 և α2 Կրուսիս բաղադրիչները միմյանցից բաժանված են 4 արքվայրկյանով։ α1 ունի 1.40, իսկ α2 -ը՝ 2.09 մեծություն, երկուսն էլ B տիպի աստղեր են և համապատասխանաբար ունեն մոտավորապես 28,000 և 26,000 Կելվին մակերևութային ջերմաստիճան։ Նրանց լուսավորությունը հավասար է Արեգակի լուսավորության 25,000 և 16,000 անգամ բազմապատիկին։ α1 և α2 աստղերն ուղեծրային պտույտ կատարում են այնքան երկար ժամանակահատվածում, որ նրանց շարժումը հազիվ նկատելի է։ Եթե գտնվեն նվազագուն 430 աստղագիտական միավոր հեռավորության վրա, ապա պտույտի տևողությունը կկազմի մոտավորապես 1,500 տարի։
α1 աստղն ինքը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի բաղադրիչները ենթադրաբար ունեն Արեգակի զանգվածի 14 և 10 անգամ բազմապատիկ զանգվածներ ու ուղեծրային պտույտ կատարում են միայն 76 օրում՝ գտնվելով միմյանցից մոտավորապես 1 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ α2 և համեմատաբար ավելի պայծառ α1 աստղերի զանգվածները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք որևէ ժամանկահատվածում պայթյունով կձևավորեն գերնոր աստղեր։ Ab անունով աստղը գուցե գոյատևի ու վերածվի սպիտակ թզուկի[15]։
Ահարոն Ռիցուտոն և իր գործընկերները 2011 թվականին պարզել են, որ α Կրուսիս համակարգը 66% տոկոս հավանականությամբ հանդիսանում է Կարիճ-Կենտավրոսյան աստղախմբի Lower Centaurus-Crux ենթախմբի անդամ․ նախկինում այդ խմբի անդամ չի համարվել[16]։
Ավելի թույլ լուսատվությամբ HR 4729 (HD 108250) B տիպի աստղը գտնվում է α Կրուսիս եռակի աստղային համակրգից 90 արքվայրկյան հեռավորության վրա, սակայն շարժվում է նույն ուղղությամբ, այսպիսով հնարավոր համարելով դրա հետ ծանրության կենտրոնով կապված լինելու հանգամանքը[17][18]։ Աստղն ինքը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որը երբեմն անվանվում է Ակրուքս բազմակի աստղային համակարգի C բաղադրիչ (Ակրուքս C)։ Ավելի թույլ տեսանելի պայծառությամբ ևս մեկ բաղադրիչ կրում է Ակրուքս D կամ D բաղադրիչ անունը։ 2 արքրոպե հեռավորության վրա գտնվող ևս յոթ թույլ պայծառություն ունեցող աստղեր համարվում են համակարգի բաղադրիչներ[19]։
2008 թվականի հոկտեմբերի 2-ին Կասինի-Հոյգենս հեռազոտական տիեզերանավն ուսումնասիրել է համակարգի A, B և C երեք բաղադրիչները[20][21]։
Ակրուքսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի, Սամոայի դրոշի և Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ Ի թիվս 26 այլ աստղերի, որոնք ներկայացնում են առանձին նահանգ, Ակրուքսը պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա և խորհրդանշում է Սան Պաուլու նահանգը[22]։ Պատկերված է նաև 2015 թվականից գործող բրազիլական անձնագրերի կազմի վրա։
Բրազիլական օվկիանոսագիտական Ալֆա Կրուսիս հետազոտական նավն անվանվել է աստղի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.