From Wikipedia, the free encyclopedia
Ազգերի լիգա[2] (անգլ.՝ League of Nations, ֆր.՝ Société des Nations), առաջին միջազգային կազմակերպությունը, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը։
Ազգերի լիգա | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | LN, SDN, SdN, VB, SDN, 國聯, 国联, 國聯, Kok-liân, SDN, SDN, ΚτΕ, ОН և SDN |
Հիմնադրված | 1919[1] |
Լուծարված | ապրիլի 18, 1946 և ապրիլի 20, 1946 |
Գլխադասային գրասենյակ | Palais Wilson և Palace of Nations, Ժնև, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Eric Drummond, 16th Earl of Perth?, Joseph Louis Anne Avenol? և Seán Lester? |
Միջազգային համապարփակ կազմակերպության ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն այն մտցրեց 1918 թվականի հունվարին հռչակած իր «տասնչորս կետերի» մեջ։ Այդպիսի կազմակերպություն հանդիսացավ Ազգերի լիգան, որի կանոնադրությունը հաստատեց Փարիզի խորհրդաժողովը 1919 թվականի հունվարի 28-ին։ Ազգերի լիգայի կանոնադրությունն անմիջապես ստորագրեց 44 պետություն։
Ազգերի լիգայի գլխավոր մարմիններն էին Ասամբլեան, Ազգերի լիգայի Խորհուրդը և Քարտուղարությունը, որոնց մշտական նստավայրը Ժնևն էր։
Ազգերի լիգան կոչված էր լինելու խաղաղություն պահպանող, ագրեսիաները կանխող և միջազգային համագործակցությունն ապահովող կազմակերպություն։ Դրան էին նպատակաուղղված նրա կանոնադրության գլխավոր հոդվածները։ Այսպես, օրինակ, կանոնադրության 10-րդ հոդվածը հաստատում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ երաշխավորման սկզբունքը։ Այն պահանջում էր անդամ երկրների ջանքերի միավորում ընդդեմ ագրեսիայի։ Իսկ 16-րդ հոդվածը նախատեսում էր պատժամիջոցների կիրառում ագրեսոր պետության նկատմամբ։ Ընդ որում, կանոնադրությամբ թույլատրվում էր Ազգերի լիգայի միջամտությունը նաև ոչ անդամ երկրների վեճերին։ Սակայն Ազգերի լիգան չարդարացրեց իր վրա դրված հույսերը և դարձավ պայքարի թատերաբեմ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև՝ Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի համար։
Հայաստանը ակնկալում էր Ազգերի լիգայի օգնությունն իր կենսական խնդիրների լուծման գործում։ 1920 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմեց Ազգերի լիգայի խորհրդին՝ անդամակցելու խնդրանքով։ Սակայն Ազգերի լիգան մերժեց Հայաստանի խնդրանքը. բուն պատճառը Անգլիայի և Ֆրանսիայի կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունն էր։
Ազգերի լիգան Հայկական հարցին անդրադարձել էր նաև Հայաստանի մանդատի կապակցությամբ, որը քննարկվում էր 1919-1920 թվականների ընթացքում։ Մանդատը որպես կառավարման ձև հանդես եկավ Ազգերի լիգայի ստեղծման հետ։ Ազգերի լիգան կառավարման մանդատ կարող էր տալ արևմտյան որևէ զարգացած երկրի՝ Օսմանան կայսրության և Գերմանիայի նախկին գաղութները կամ ենթակա երկրները կառավարելու համար։ Հայաստանի մանդատի գլխավոր հավակնորդն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Սակայն այս հարցում ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը չցուցաբերեց հետևողականություն և ճկունություն։ Հայաստանի մանդատի ընդունումը կապակցվեց Անատոլիայի և Կ. Պոլսի մանդատի ընդունման հետ, որը նոր բարդություններ և խոչընդոտներ առաջացրեց։ Հարցի լուծումը ձգձգվեց, իսկ այդ ընթացքում փոխվեց քաղաքական իրադրությունը։ Եվ երբ Վուդրո Վիլսոնը Հայաստանի մանդատի հարցը ներկայացրեց ԱՄՆ-ի Սենատի քննակմանը, վերջինս 1920 թվականի հունիսի 1-ին մերժեց նրա խնդրանքը։
Հայկական հարցն Ազգերի լիգայի քննարկման առարկա դարձավ նաև 1920 թվականի աշնանը, երբ քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով համապատասխան օգնություն ընդդեմ թուրքական ագրեսիայի։ Սակայն վերջինս ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց։ Հայկական թեման Ազգերի լիգայում մեկ անգամ ևս հնչեց այսպես կոչված «հայկական օջախ» ստեղծելու կապակցությամբ։ Այդ հարցը երևան եկավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Սևրի պայմանագիրը չի իրագործվելու։ Հայերին ինչ-որ չափով «սիրաշահելու» նպատակով Մեծ Բրիտանիան հրապարակ նետեց «հայկական օջախի» հարցը։ Նախատեսվում էր այսպիսի օջախ ստեղծել Թուրքիայի տարածքում՝ Կիլիկիայի և Սիրիայի սահմանահատվածում։ Այստեղ պետք է տեղափոխվեր հայ գաղթականների մի ստվար զանգված։ Սակայն Թուրքիան Ազգերի լիգայի հետ «մենամարտում» դարձյալ «հաղթող» դուրս եկավ։ Ազգերի լիգան ձևականորեն չհրաժարվեց «հայկական օջախի» գաղափարից, այլ մտցրեց մի «փոքրիկ» ուղղում՝ առաջարկելով «հայկական օջախ» ստեղծել Խորհրդային Հայաստանի տարածքում։ Այս շրջանում սուր բնույթ էր ընդունել հայ գաղթականների հարցը։ Մեծ եղեռնի, ինչպես նաև 1918 թվականին և 1920 թվականին Հայաստանի վրա կատարված արշավանքների հետևանքով առաջացած հայ գաղթականների հոծ զանգվածը գտնվում էր նյութական և սոցիալ-տնտեսական ծանր վիճակում։ Ազգերի լիգան 1920-ական թվականներին փորձեց զբաղվել նրանց տեղավորման և նյութական ապահովման հարցերով, բայց ապարդյուն։ Այս խնդրի կարգավորման գործում մեծ դեր ունեցավ Ֆրիտյոֆ Նանսենը (1861-1930)։ Նա նորվեգացի հայտնի բևեռախույզ, գիտնական էր, որոշ ժամանակ եղել էր Ազգերի լիգայի գերագույն կոմիսար, զբաղվել գաղթականների և ռազմագերիների հարցերով։ Նանսենը քաջածանոթ էր հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես՝ սուլթան Աբդուլ Համիդի և երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությանը։
1925 թվականին նրա գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան և ծանոթացավ Հայաստանում հայ գաղթականներին տեղավորելու հնարավորությունների հետ։ Նանսենը, տեսնելով, որ Ազգերի լիգան առանձնակի եռանդ չի ցուցաբերում հայ գաղթականներին Հայաստանում տեղավորելու հարցում, իր անձնական նախաձեռնությամբ ձեռք բերեց անհրաժեշտ միջոցներ և կազմակերպեց 7000 հայ գաղթականների հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան։ Նրա անվան հետ է կապված այսպես կոչված «նանսենյան անձնագիրը», որը մտցվեց 1922 թվականին՝ Ազգերի լիգայի որոշմամբ։ Այն տրվում էր տարբեր ազգությունների պատկանող գաղթականներին։ «Նանսենյան անձնագիր» ունեցող գաղթականը կարող էր բնակություն հաստատել Ազգերի լիգայի 1922 թվականի՝ Ժնևի խորհրդաժողովի մասնակից որևէ երկրում և ազատորեն տեղաշարժվել։ Ազգերի լիգայի 1924 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ՝ մոտ 320 000 հայ գաղթականներ ստացել են այդ վկայականից։
Ազգերի լիգայի ուշադրությունը 1920-ական թվականներին հիմնականում կենտրոնացած էր Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում պետությունների միջև սահմանային և տարածքային վեճերի լուծման, ագրեսիայի կանխման և այլ սուր հարցերի վրա։ Նա կարևոր դեր խաղաց Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ծագած վեճը կարգավորելու խնդրում։ Ազգերի լիգայի Խորհրդի 1921 թվականի հունիսի որոշմամբ Ֆինլանդիան պահպանեց իր ինքնիշխանությունը Ալանդյան կղզիների վրա, սակայն կղզիներին տրվեց ինքնավարության յուրահատուկ կարգավիճակ։
Ազգերի լիգան ակտիվ դեր խաղաց նաև Ալբանիայի, Հարավսլավիայի և Հունաստանի միջև սահմանների հստակեցման գործում։
1923 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Իտալիան և Հունաստանը հայտնվեցին պատերազմական վիճակում։ Ցանկանալով ուժեղացնել իր դիրքերը Ադրիատիկ ծովում և այն վերածել իտալական ծովի՝ Իտալիան գրավեց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Կորֆու կղզին։ Հունաստանը դիմեց Ազգերի լիգայի խորհրդին, և վերջինիս ճնշման ներքո Իտալիան ստիպված էր զորքերը դուրս բերել կղզուց։ 1926 թվականին Գերմանիան դարձավ Ազգերի լիգայի անդամ։ Այդ քայլով Անգլիան և Ֆրանսիան ցանկանում էին մի կողմից՝ Գերմանիային օգտագործել իրենց նպատակների համար, մյուս կողմից՝ ընդդեմ Խորհրդային Միության։ 1930-ական թվականներին Ազգերի լիգան բախվեց լուրջ խնդիրների հետ։ 1931 թվականին Ճապոնիան ներխուժեց Չինաստան և գրավեց լուրջ տարածքներ։ Մոտ երկու տարի ձգձգելուց հետո միայն Ազգերի լիգան, առանց պատժամիջոցների կիրառման, կոչ արեց ագրեսորին իր զորքերը դուրս բերել Չինաստանից։ Համաձայն չլինելով անգամ նման մեղմ որոշման հետ՝ Ճապոնիան 1933 թվականի մարտին դուրս եկավ Ազգերի լիգայի կազմից։ Ճապոնիայի օրինակին հետևեց նաև Գերմանիան, որը ձգտում էր Ազգերի լիգայի օգնությամբ ձերբազատվել վերսալյան կապանքներից, մասնավորապես՝ Վերսալի պայմանագրի ռազմական հոդվածներից։ Չհասնելով իր նպատակին՝ Գերմանիան 1933 թվականի հոկտեմբերի 14-ին նույնպես լքեց Ազգերի լիգան։ Ստեղծված պայմաններում Ազգերի լիգան 1934 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախաձեռնությամբ իր շարքերն ընդունեց Խորհրդային Միությանը, որը տեղ գրավեց Խորհրդի մշտական անդամների կազմում։ Ֆրանսիայի նախաձեռնությունը բացատրվում էր հզորացող Գերմանիայի հանդեպ նրա աճող վախով և Խորհրդային Միությանը ապագայում հնարավոր դաշնակից տեսնելու միտումով։
1930-ական թվականների կեսերից ավելի ցայտունորեն դրսևորվեց Անգլիայի և Ֆրանսիայի այն քաղաքականությունը, որը ստացավ «ագրեսիայի թույլտվություն, չմիջամտելու, «խաղաղարարության» քաղաքականություն» անվանումը։ Ազգերի լիգան, հետևելով այս քաղաքականությանը, ի վերջո հեղինակազրկվեց և փաստորեն դադարեցրեց իր գործունեությունը։ 1946 թվականի ապրիլին այն պաշտոնապես լուծարվեց։
Վերսալ-վաշինգտոնյան համակարգի փլուզումը նաև Ազգերի լիգայի ձախողման արդյունք էր։ Լիգան չկարողացավ զսպել ագրեսոր երկրներին։ Ագրեսիայի զոհ դարձան նույնսիկ Լիգայի անդամ երկրները՝ Չեխոսլովակիան, Չինաստանը և այլն։ Արդյունքում, հիասթափություն ապրելով՝ տասնյակ երկրներ դուրս եկան Ազգերի լիգայի կազմից։ Ավելին, իրենց նվաճողական քաղաքականությունն ավելի ազատ վարելու նպատակով այդ կազմակերպությունն առաջիններից մեկը լքեցին հենց ագրեսոր երկրները՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան։ Իտալա-եթովպական պատերազմն ու Իսպանիայի իրադարձություններին միջամտելու ընթացքում նացիստական Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի միջև համագործակցությունն արագացրին երկու երկրների միջև դաշինքի կնքման գործընթացը։
1936 թվականի հոկտեմբերի 25-ին Գերմանիան և Իտալիան Բեռլինում ստորագրեցին համաձայնագիր Բալկաններում ու Դանուբի ավազանում իրենց տնտեսական էքսպանսիայի ոլորտները սահմանագծելու մասին։ Նրանք միաժամանակ պայմանավորվեցին Իսպանիայում պատերազմի հետագա վարման և Իտալիայի կողմից Եթովպիայի զավթումը Գերմանիայի կողմից ճանաչելու մասին։ Այսպես ձևավորվեց գերմանա-իտալական բլոկը, որը պատմության մեջ մտավ որպես Բեռլին-Հռոմ առանցք։ Դրան զուգահեռ տեղի ունեցավ նացիստական Գերմանիայի մերձեցումը ծավալապաշտական ծրագրեր մշակող միլիտարիստական Ճապոնիայի հետ։ 1936 թվականի նոյեմբերի 25-ին Բեռլինում Գերմանիան և Ճապոնիան ստորագրեցին այսպես կոչված Հակակոմինտերնյան պակտը։ Խոսքը վերաբերում էր կոմունիստական ինտերնացիոնալի դեմ մղվող պայքարում երկու տերությունների համագործակցությանը։ Պակտի գաղտնի հավելվածում կողմերը պարտավորվում էին ԽՍՀՄ-ի հետ չկնքել պակտին հակասող քաղաքական համաձայնագիր։ 1937 թվականին Հակակոմինտերնյան պակտին միացավ նաև ֆաշիստական Իտալիան։
Աստիճանաբար իրողություն էր դառնում Բեռլին-Հռոմ-Տոկիո առանցքը, որի նպատակն աշխարհի նոր վերաբաժանման իրագործումն էր։ Այդ առանցքով ոգևորվելով՝ կողմերը 1937-1939 թվականների ընթացքում Վերսալ-վաշինգտոնյան համակարգի պայմանագրերը ոտնահարող ագրեսիվ նոր գործողությունների դիմեցին Եվրոպայում և Հեռավոր Արևելքում։ 1939 թվականի մայիսի 22-ին Գերմանիայի և Իտալիայի միջև ռազմաքաղաքական նոր դաշինքի՝ «պողպատե պակտի» ստորագրումով կողմերն իրենց համարգործակցությունը դարձրին անշրջելի։ Նրանք պարտավորվում էին պատերազմի դեպքում միմյանց պաշտպանել «ցամաքում, ծովում և օդում»։ Այսպիսով, Բեռլին-Հռոմ-Տոկիո առանցքը հիմնականում ձևավորվեց դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Մինչդեռ հակաֆաշիստական խմբավորումը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ, ԱՄՆ) ձևավորվեց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.