Glee (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Glee, ամերիկյան երաժշտական դրամա-կատակերգական ժանրի հեռուստասերիալ, որը առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2009 թ. մայիսի 19-ին։ Այն կենտրոնանում է Ուիլյամ Մաքքինլիի ավագ դպրոցի երաժշտական ակումբի շուրջ, որը հաճախ մասնակցում է երաժշտական մրցույթներին, և որի ամենատարբեր անդամները պայքարում են սոցիալական հիմնախնդիրների դեմ և այդպիսով սովորում դառնալ ամուր և արդյունավետ թիմ։ Սկզբնական 12 անդամից բաղկացած թիմը ներառում է ակումբի տնօրեն և իսպաներենի ուսուցիչ Ուիլ Շուսթըրին (Մեթյու Մորիսոն), երկրպագուների գլխավոր մարզիչ Սյու Սիվեսթերին (Ջեյն Լինչ), ղեկավարության խորհրդատու Էմմա Փիլսբրիին ( Ջայմա Մայս), Ուիլի կին Թերրիին ( Ջեսլին Գիլսինգ) և ակումբի 8 անդամներին (Դայանա Էգրոն, Քրիս Քոլֆեր, Քեվին ՄքՀեյլ, Լիա Միշել, Քորի Մոնիֆ, Ամբեր Ռիլի, Մարկ Սալինգ, Ջեննա Աշկովիթս)։ Հաջորդ սեզոններում ակումբի հիմնական կազմը ընդարձակվում է մինչև 14-15 անդամի։
Այս հեռուստասերիալը ստեղծվել է Ռայան Մըրֆիի, Բրեդ Ֆալչուկի և Յան Բրենանի կողմից։ Այս երեք անձինք գրում էին առաջին 2 սեզոնների բոլոր էպիզոդների սցենարները, Ռայանն ու Բրեդը ներկայանում էին նաև որպես շոուի գլխավոր ռեժիսորներ։ Առաջին էպիզոդը հեռարձակվել է 2009 թ. մայիսի 19-ին, իսկ առաջին սեզոնը՝ 2009 թ. սեպտեմբերի 19-ից 2010 թ. հունիսի 8-ը։ Հետագա սեզոնները հեռարձակվել են սեպտեմբերից մինչև մայիս ամիսներին։ Վերջին 6-րդ սեզոնը հեռարձակվել է 2015 թ. հունվարից մարտը։ Glee-ն հիմնված է երաժշտական ներկայացում-համարների վրա, որոնք ընտրում է Ռայանը։ Glee-ի երաժշտությունը առևտրական մեծ հաջողությունների է հասել, 2011 թ. հոկտեմբերին ողջ աշխարհում վաճառվել է ալբոմի 11 միլիոն օրինակ։ Երաժիշտ-դերասանները նաև կենդանի համերգներով են ներկայացել։
Առաջին սեզոնի ընթացքում Glee-ն մեծ ուշադրության արժանացավ և բնականաբար չխուսափեց նաև քննադատական հայացքներից։ Այն առաջադրվել է 19 Emmy մրցանակի, 4 Ոսկե գլոբուս մրցանակի, 6 Satellite մրցանակի և 5-7 այլ մրցանակների ևս՝ հաղթելով 2010 թ. Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ որպես լավագույն հեռուստասերիալ, նույն մրցանակին է արժանացել նաև 2011 թ-ին։ 2013 թ. հոկտեմբերի 17-ին Քորի Մոնիֆի մահվանից հետո Ռայանը որոշեց, որ 6-րդ սեզոնը կլինի վերջինը[4]։ 728 երաժշտական ներկայացումներից և 121 էպիզոդներից հետո 6-րդ սեզոնը և հետևապես ողջ Glee սերիալը ավարտվեց 2015 թ. մարտի 20-ին[5]։