Ֆրանսերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբի լեզուներից է։ Ինչպես բոլոր ռոմանական լեզուները, այնպես էլ ֆրանսերենը սերում է Հռոմեական կայսրության ժողովրդախոսակցական լատիներենից։ Ֆրանսերենը զարգացել է գալլոռոմանական լեզվի հիմքի վրա (խոսակցական լատիներեն Գալլիայում, հատկապես Հյուսիսային Գալլիայում)։ Ֆրանսերենի վրա ազդեցություն են ունեցել նաև Հյուսիսային Ռոմանական Գալլիայի կելտական լեզուները, ինչպիսիք էին Գալլիա Բելգիկան և հին ֆրանկերենը՝ պոստռոմանական զավթիչներ ֆրանկների լեզուն։ Ֆրանսախոս ժողովուրդները և անձինք կոչվում են ֆրանկոֆոններ։
Ֆրանսերեն Français langue française | |
---|---|
Տեսակ | լեզու |
Ենթադաս | Օիլի լեզուներ և հարավեվրոպական լեզուներ |
Երկրներ | Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Կանադա, Բենին և այլ |
Խոսողների քանակ | 337,436,579 |
Վերահսկող կազմակերպություն | Ֆրանսիական ակադեմիա, Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա և Քվեբեկի ֆրաներենի վերահսկողություն |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[1][2] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | fr |
ԳՕՍՏ 7.75–97 | фра 745 |
ISO 639-1 | fr |
ISO 639-2 | fre և fra |
ISO 639-3 | fra |
French language Վիքիպահեստում |
Ֆրանսիայում ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1539 թվականին[3]։ Այն պետական լեզվի կարգավիճակ ունի 29 երկրներում՝ հինգ տարբեր մայրցամաքներում[4], որոնցից շատերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ են։ ՖՄԿ-ն 84 երկրներ միավորող կազմակերպություն է, որտեղ պաշտոնապես օգտագործում կամ ուսանում են ֆրանսերեն։ Ֆրանսերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև աշխատանքային 2 լեզուներից մեկը (անգլերենի հետ միասին)[5]։ Այն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական կամ աշխատանքային լեզուներից է։ Հնում լինելով արքունական լեզու Ռուսաստանի ցարերի, Անգլիայի, Իսպանիայի թագավորների, Գերմանիայի արքայազների համար՝ այն այսօր էլ անգլերենի հետ միասին միջազգային դիվանագիտության կարևոր լեզուներից է։
Իր լեզվակիրների քանակով՝ ֆրանսերենն առաջին լեզուն է Ֆրանսիայում, Կանադայի Քվեբեկ, Օնտարիո և Նյու Բրանսուիկ նահանգներում, ինչպես նաև Կանադայի այլ ֆրանկոֆոն տարածաշրջաններում, Բելգիայում (Վալոնիայում և Բրյուսելում), արևմտյան Շվեյցարիայում, Մոնակոյում, ԱՄՆի որոշ հատվածներում (Լուիզիանա, Մեն, Նյու Հեմփշիր և Վերմոնտ) և աշխարհի բազմաթիվ այլ համայնքներում[6]։ 2015 թվականի դրությամբ ֆրանկոֆոն բնակչության մոտ 40 %-ը (ներառյալ որպես երկրորդ լեզու կիրառողները և մասամբ տիրապետողները) ապրում էր Եվրոպայում, 35 %-ը` Սահարայից հարավ ընկած երկրներում, 15 %-ը` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, 8 %-ը` Ամերիկայում և 1 %-ը` Օվկիանիայում ու Ասիայում[7]։ Ֆրանսերենը, ըստ լեզվակիրների քանակի, Եվրոպական միությունում 4-րդ մայրենի լեզուն է[8]։ Այլ մայրենի լեզու ունեցող եվրոպացիների մոտավորապես մեկ ութերորդը կիրառում է ֆրանսերենը՝ որպես երկրորդ լեզու[9]։ Ֆրանսերենը երկրորդ ամենաուսուցանվող օտար լեզուն է ԵՄ-ում[10]։ Ֆրանսերենն իր լեզվակիրների թվով 6-րդ լեզուն է աշխարհում, 18-րդ լեզուն է՝ որպես մայրենի լեզու այն կիրառողների թվով և երկրորդ ամենաշատ ուսուցանվող լեզուն է (ներկայումս այն սովորում է մոտ 120 միլիոն մարդ)[11]։
Ֆրանսիայի և Բելգիայի գաղութատիրական քաղաքականության արդյունքում 16-րդ դարից ֆրանսերենը լայն տարածում է գտել Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Ներկայումս որպես երկրորդ լեզու՝ ֆրանսերենը տարածված է ֆրանկոֆոն Աֆրիկայում, մասնավորապես Գաբոնում, Ալժիրում, Թունիսում, Մավրիկիոսում, Սենեգալում և Կոտ դ'Իվուար[12]։
Ֆրանսերենը համարվում է մայրենի լեզու 76 միլիոն մարդու համար[13][14], մոտ 235 միլիոն մարդ այն կիրառում է առօրյա կյանքում և 77-ից 110 միլիոն մարդու համար այն երկրորդ լեզու է, որոնց մեծ մասն ապրում է Աֆրիկայում[15]։ Համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ մոտ 300 միլիոն մարդ «կարող է խոսել ֆրանսերեն», սակայն այդ վիճակագրության հիմքերը պարզաբանված չեն[16]։ Համաձայն Լավալի համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ժողովրդագրական նախագծի՝ ֆրանսերեն խոսողների թիվը 2025 թվականին կլինի 500 միլիոն, իսկ 2050 թվականին՝ 650 միլիոն[17]։
Ֆրանսերենն ակադեմիական լեզու է, այն անվանում են նաև «Մոլիերի լեզու»[18]։ Ֆրանսերենն աշխարհում ֆրանսիական մշակույթի և մտածողության հիմնական շարժիչն է։ Ֆրանսերենը ունի գրականության և գիտական ստանդարտների միջազգային լեզվի երկար պատմություն և այն շատ միջազգային կազմակերպությունների հիմնական կամ երկրորդական լեզուն է, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։ 2011 թվականին «Bloomberg Businessweek» ամերիկյան ամսագիրը ֆրանսերենը դասակարգեց որպես բիզնեսի համար օգտակար երրորդ լեզու՝ անգլերենից և չինարենից հետո[19]։ Ֆրանսերենը համացանցում ամենաշատ կիրառվող լեզուների շարքում չորրորդն է՝ իսպաներենից, չինարենից և անգլերենից հետո[20]։