From Wikipedia, the free encyclopedia
Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文, Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), Սինատիբեթյան լեզվաընտանիքին կամ Ալտայական լեզվաընտանիքին պատկանող լեզու կամ լեզվախումբ, ալտայական լեզու։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից[5][6]։ Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 2,3 միլիարդ խոսողներով[7]։
Չինարեն 中文, 汉语 | |
---|---|
Տեսակ | մակրոլեզու, կենդանի լեզու և լեզուների խումբ |
Ենթադաս | Սինատիբեթյան լեզուներ[1] |
Երկրներ | Չինաստան[2] և Թայվան[3] |
Պաշտոնական կարգավիճակ | Կախյալ տարածքներ՝ Կազմակերպություններ՝ |
Խոսողների քանակ | 1 299 877 520 մարդ[4] |
Լեզվակիրների թիվը | 1․213․000․000 |
Ռեյտինգ | 1 |
Գրերի համակարգ | Չինական այբուբեն |
IETF | zh |
ԳՕՍՏ 7.75–97 | 315 |
ISO 639-1 | zh |
ISO 639-2 | chi (B); zho (T) |
ISO 639-3 | zho և այլն։ |
Երկրներ, որտեղ չինարենը հիմնական կամ պաշտոնական լեզուն է
Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 5 միլիոն․ մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 1 միլիոն․ մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 500.000 մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 100.000 մարդ կա Զգալի թվով չինարեն խոսացող բնակչությամբ քաղաքներ | |
Chinese languages Վիքիպահեստում |
Չինարենը սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է։ Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է։ Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։
Չինարենն իրենից ներկայացնում է իրարից խիստ տարբերվող բարբառների ամբողջություն, այդ պատճառով էլ լեզվաբանների մեծ մասի կողմից համարվում է ինքնուրույն լեզվաճյուղ, որը կազմված է առանձին, չնայած և միմյանց ազգակից լեզուներից կամ բարբառային խմբերից[5]։
Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն։ Բազմավանկ բառերը քիչ են, և համանուն բառերը հասնում են հարյուրների, որոնք մի քանի հնչյունով չեն կարող արտահայտվել։ Չինարենը գրվում է ձախից աջ։
Չինարեն առաջին գիրքը, որ կոչվում է «Շիցզին» («Երգերի գիրք»), գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում։
Չինարենը ՉԺՀ-ի, Թայվանի և Սինգապուրի պաշտոնական լեզուն է։ Ամբողջ աշխարհում նրանով խոսում են ավելի քան 1,3 միլիարդ մարդ։
Չինարենը նաև ՄԱԿ-ի աշխատանքային 6 լեզուներից մեկն է։ Պատմականորեն այն խան ժողովրդի լեզուն է, որը գերիշխում է ՉԺՀ-ի ազգային կազմում (երկրի բնակչության ավելի քան 90 %-ը)։ Բացի այդ, իրենց լեզուն պահպանած տասնյակ միլիոն չինացիներ գործնականում բնակվում են Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրներում (Սինգապուրում կազմելով բնակչության 75%-ից ավելին), մեծաթիվ չինական սփյուռքը սփռված է ամբողջ աշխարհով։
Նյու Յորք նահանգում ընտրական օրենսդրության մեջ կատարված շտկման համաձայն՝ նահանգի բոլոր միլիոնից ավել բնակչությամբ քաղաքներում ընտրական գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն չինարեն լեզվի երեք բարբառներով[8]։
Բացի չինարենից ցուցակում ներառված են իսպաներեն, կորեերեն, ֆիլիպիներեն և ռուսաց լեզուները։
Չինարենում առանձնանում են 10 խմբի բարբառներ՝ հյուսիսային գերխումբ (北 բեյ, ամենաբազմամարդ խումբը՝ ավելի քան 800 միլիոն խոսող), ցզին (晉/晋), խոյ (徽), ու (吳/吴), սյան (湘), գան (贛/赣), խակկա (客家), յուե (粵/粤), պինխուա (平話/平话) խմբեր և մին գերխումբ (閩/闽)։ Բարբառները տարբերվում են հնչյունակազմությամբ (ինչն էլ դժվարեցնում է միջբարբառային շփումը, չնայած որ դրանք կապված են հնչյունական համապատասխանությամբ), բառապաշարով և որոշ չափով նաև քերականությամբ՝ չնայած դրանց միասնական քերականական հիմքին և բառային կազմին։ Տարբեր բարբառների կրողների շփման միջոց է նորմատիվ չինարենը, որը Չինաստանում կոչվում է պուտուխուա (普通話/普通话), Սինգապուրում խուայույ (華語/华语), Հոնգկոնգում և Թայվանում՝ գոյույ (國語/国语)։ Սրանք ունեն աննշան հնչյունակազմական տարբերություններ. պոտուհուայի և խուայույի գիրը պարզեցված հիերոգլիֆներով է, իսկ գոյույի գիրը՝ ավանդական։
Գրական լեզուն հիմնված է հյուսիսային բարբառների վրա։ Ժամանակակից հնչյունակազմական չափանիշի հիմքը պեկինյան արտասանությունն է։ Սակայն անցյալում գոյություն են ունեցել այլ արտասանական չափանիշեր, երբեմն խստորեն տարբերվող պեկինյանից. օրինակ՝ Տան դինաստիայի դարաշրջանում, երբ ստեղծվել են չինական դասական տեքստերի մեծամասնությունը, չափանիշ էր հարավչինական արտասանությունը, որը մոտ էր ներկայիս բարբառային խակկա խմբի առանձնահատկություններին։
Որոշ արևմտյան լեզվաբանների կարծիքով, չինարենը միասնական լեզու չէ, այլ լեզվաընտանիք։ Իսկ նրանք, որոնց ավանդականներն անվանում են չինարենի բարբառներ, իրականում տարբեր լեզուներ են։
Չինական գրի մեջ յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում է առանձին վանկ և առանձին ձևույթ (մորֆեմ)։ Հիերոգլիֆների ընդհանուր թիվն անցնում է 80 հազարից, բայց դրանցից մեծ մասին կարելի է հանդիպել միայն չինական դասական գրականության հուշարձաններում։
Չինական հիերոգլիֆները կազմված են գրույթներից (գրաֆեմաներից), ընդամենը գրաֆեմաների թիվը 316-ն է, իսկ գրաֆեմաներն իրենց հերթին կազմված են 1-24 գծերից։
Ներկայումս չինական հիերոգլիֆները գոյություն ունեն 2 եղանակներով՝ մայրցամաքային Չինաստանում ընդունված պարզեցված եղանակը և Թայվանում, Հոնգկոնգում և որոշ այլ երկրներում ընդունված ավանդական եղանակը։
Ավանդաբար չինացիները գրել են վերևից ներքև, իսկ սյունակները իրար հաջորդում էին աջից ձախ։ Ներկայումս ՉԺՀ-ում առավելապես գրում են հորիզոնական, ձախից աջ՝ եվրոպական լեզուների օրինակով. ուղղահայաց գիրը շարունակում է գործածվել Թայվանում հորիզոնականի հետ միասին։ Սակայն մայրցամաքային Չինաստանում ուղղահայաց գիրը և նախառեֆորմյան հիերոգլիֆիկան մշակույթների պատմության հրատարակություններում, արտ-պարբերական մամուլում և այլուր նախկինի պես գործածվում է որպես իմաստաբանական հղում ավանդական չինական մշակույթին։
2004 թվականի մայիսի սկզբին Թայվանի պառլամենտը գրության մասին նոր օրենք ընդունեց։ Այժմ բոլոր պաշտոնական փաստաթղթերը պետք է գրվեն միայն հորիզոնական տողերով։ Ըստ խոսնակի՝ փոփոխությունը կապված է նրա հետ, որ փաստաթղթերթում գրված թվերն ու անգլերեն բառերը քաոս են առաջացնում։ Նորամուծությունը չի վերաբերում գեղարվեստական գրականությանը։
Գոյություն ունեն չինարենի այբբենական գրության տառադարձության բազմաթիվ համակարգեր։ Նրանցից առավել լայն տարածում ունի ՉԺՀ-ում և ՄԱԿ-ում պաշտոնական կարգավիճակ ունեցող խանյույ պինին կոչվող համակարգը։ Հակառակ գործընթացը՝ այլ լեզուներով բառերի թարգմանությունը հիերոգլիֆների այնքան էլ արագ չի կարգավորվում, այդ պատճառով էլ մեկ օտար լեզվով բառը կարող է հիերոգլիֆով գրության մի քանի տարբերակ ունենալ։
Չինարենը հանդիսանում է աշխարհի հնագույն և ներկայումս գոյություն ունեցող լեզուներից։ Այն նաև ներկայումս գործածվողներից հնագույն գիրն ունի։ Չինարեն լեզվի հիերոգլիֆիկան, իր սեփական այբուբենների հետ միասին (կանա, խանգըլ) օգտագործում են ճապոներենը և կորեերենը. վերջինս ներկայումս կիրառվում է միայն Կորեայի Հանրապետությունում։
Չինական լեզվի գոյության մասին վկայող գրավոր փաստաթղթերի հնագույն ժողովածուները զոհաբերված կենդանիների ոսկորների կամ կրիաների պատյանների վրա արված գուշակությունների գրառումներ էին (մ.թ.ա.14-11-րդ դարեր)։ Դրանք վկայում են արդեն Շան-Ինի ժամանակաշրջանում կազմավորված լեզվական համակարգի գոյության մասին։ Սակայն դրանց բացահայտումը վերաբերում է 20-րդ դարի սկզբներին, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս և հեռու են ավարտին հասնելուց։
Չինական լեզվական ավանդույթն ամրապնդող հիմնական բաղադրիչը գրավոր վինյան լեզուն է։ Գերիշխող միասնական գրավոր համակարգը յուրահատուկ երևույթ է, որի շնորհիվ որոշ ժամանակ անկախ պետությունների սահմաններում զարգացող տարատեսակ բարբառներ պահպանեցին իրենց գոյությունը։
Քաղաքական դրդապատճառներով չինարենում գերիշխող դիրք զբաղեցրին մեծ հարավային բարբառների համեմատությամբ նմանությունների մեծ քանակով առանձնացող հյուսիսային բարբառները։ Դրանց հիմքի վրա ձևավորվեց «աստիճանավորների լեզուն»՝ գուանխուան, որը ձեռք բերեց կայսրության պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Նրա հետ մեկտեղ զարգացավ նաև բայխուան՝ հասարակ ասգաբնակչության խոսակցական լեզուն։
Չինական մշակույթի պատմության մեջ արմատական շրջադարձ էր խոսակցական լեզվի գրավոր գործածությունը. համարվում է, որ դրանում առաջատարի դերը կատարել է Ցզին Շենտանյուն (ավանդ. չին. 金聖歎, պարզ. 金圣叹, 1610?-1661)։ 20-րդ դարի սկզբի գրագիտության դեմոկրատացման կողմնակից շարժումը նշանավորվեց բայխուայի՝ որպես գրավոր շփման հիմնական լեզվի հեղափոխական անցմամբ և չինական բարբառների միասնականացման սկզբնավորմամբ։
Չինարենի բառաֆոնդը անցել է վերակազմավորման երկու փուլ՝ I դարում բուդդիզմի՝ Չինաստան ներթափանցմամբ պայմանավորված նոր իմաստային շերտի ադապտացիա և Նոր ժամանակաշրջանի համաշխարհային բառաֆոնդի հետ միաձուլում, որի առավել մատչելի կրողը դարձավ ճապոներենը. 20-րդ դարի սկզբից սկսվում է բազմաթիվ արևմտյան հասկացությունների ներթափանցումը, որոնք և ադապտացված են երբեմնի փոխառված հենց չինական հիերոգլիֆների միջոցով, սակայն կազմավորվել են արդեն Ճապոնիայում, և արդյունքում չինարենի համար հանդիսանում են փոխառություններ։
Վիճակագրության համաձայն, մինչև 1911 թվականը Չինաստանում հրապարակված է 4813 աշխատություն և 12 067 հրատարակություն՝ նվիրված չինարենին[9]։
Չինարենի բաղաձայններն ու ձայնավորները կազմված են ֆիքսված կազմի սահմանափակ քանակությամբ հնչող վանկերով։ Պուտունխուայում հաշվված է 414 վանկ[10], հնչող տարբերակների թվով հանդերձ՝ 1332 (պուտունխուայում կան 4 իմաստատարբերիչ ձայնաստիճաններ, յուրաքանչյուր վանկ կարող է ունենալ 1-4 հնչյունային տարբերակ+չեզոք ձայնաստիճան)[11]։ Վանկատումը կազմաբանորեն ունի իմաստ, այսինքն՝ յուրաքանչյուր վանկ հենց հնչույթի կամ պարզ բառի ձայնային ձևն է։ Ձայնաստիճանային համակարգը ունի ընթերցման կանոններ. ձայնաստիճանները կարող են փոփոխվել կամ չեզոքանալ։
Ժամանակակաից աղյուսակները, որոնք գործածվում են պետական թեստի եղանակի հետ միասին պուտունհուայի տիրապետման մակարդակով («Պուտունհուա շույպին ցեշի»), ներառում է 400 վանկեր առանց ձայնաստիճանային տարբերությունների հաշվելու։ Աղյուսակների հիմքում ժամանակակից հնչյունաբանական «Սինխուա ցզըդյան» (Պեկին, 1987) բառարանն է, որի վանկերի ցանկից հանված են 18 ձայնարկություններ և հիերոգլիֆների բարբառային կամ հնացած գրքային համարվող հազվադեպ ընթերցումների եղանակներ[12]։
Հնչույթը, որպես կանոն միակազմ է։ Հնագույն միակազմ բառերի մի մասը շարահյուսորեն ինքնուրույն չեն, դրանք գործածվում են միայն որպես բարդ և ածանցավոր բառերի բաղադրիչներ։ Գերիշխում են երկկազմ (երկմորֆեմ) բառեր[11]։
Տերմինոլոգիայի զարգացման չափով մեծանում է երկկազմ բառերի թիվը։
Բառակազմությունն իրականացվում է բառաբարդության եղանակներով, ածանցմամբ և կոնվերսիայով։
Ավանդաբար, չինարենը գրեթե չի ունեցել ուղղակի փոխառություններ, սակայն լայնորեն օգտվում էր իմաստաբանական բառապատճեններից. օրինակ՝ 电 - էլեկտրականություն (տառացի՝ կայծակ), 电脑 - համակարգիչ (տառացի՝ էլեկտրական ուղեղ), 笔记本电脑 - դյուրակիր համակարգիչ (տառացի՝ տետր-համակարգիչ)։ Մեր օրերում հնչյունաբանական փոխառություններն ավելի սովորական են դառնում. օրինակ՝ 克隆 (kelong-կլոն)։ Որոշ նոր փոխառություններ սկսում են դուրս մղել գոյություն ունեցող բառապատճեններ. օրինակ՝巴士 (bāshì-ավտոբուս (անգլերեն bus-ից) դուրս է մղում 公共汽车-ին, որը տառացիորեն նշանակում է գազով սայլ։
Չինարենում շատ դեպքերում անհնար է տարանջատել բարդ բառը բառակապակցությունից։ Բառակազմությունը գլխավորապես հատուկ է բայական տեսակի ածանցներով։ Հոգնակի թվի կամընտրական ձևը, որը կազմվում է 们 (men) ածանցով, հատուկ է դեմք արտահայտող գոյականներին և անձնական դերանուններին։
Մեկ մասնիկը կարող է օգտագործվել «խմբային» ձևավորման համար, այսինքն՝ կարող է վերաբերվել մի շարք ինքնուրույն խոսքի մասերի։ Մասնիկները մեծաքանակ չեն, երբեմն կամընտրական, ունեն կցական բնույթ։ Կցականությունը չինարենում բառերի միջև հարաբերություններ չի արտահայտում և լեզվի կառուցվածքը հիմնականում մնում է մեկուսացնող։
Չինական շարահյուսությանը բնորոշ է անվանական կառուցվածքը՝ բառերի համեմատաբար ֆիքսված հերթականությամբ. որոշիչը, ինչով էլ որ արտահայտվի՝ մեկ բառով, թե մինչև մեկ ամբողջ արտահայտությամբ, միշտ նախորդում է որոշյալին։ Մակբայներով արտահայտված պարագաները դրվում են բայից առաջ։ Այսպես կոչված «լրացումները» (ժամանակի, արդյունքի) սովորաբար հաջորդում են բային։
Նախադասությունը կարող է ունենալ ակտիվ կամ պասիվ կոնստրուկցիայի ձև. հնարավոր է բառերի տեղաշարժ (որոշակի սահմաններում), որը չի փոխի դրանց շարահյուսական դերը։ Չինարենն ունի շաղկապով և առանց շաղկապի համադասությամբ կամ ստորադասությամբ կազմվող բարդ նախադասությունների զարգացած համակարգ։
Ինքնուրույն խոսքի մասերը պայմանականորեն բաժանվում են «անունների» և «ստորոգելիների»։ Վերջինների թվին են պատկանում նաև ածականները։ Շատ բառերի համար հնարավոր է բազմաֆունկցիոնալ գործածություն։ Ժամանակակից չինարենում տարբերվում են ներկա-ապագա և անցյալ ժամանակներ, գոյություն ունի կերպային ցուցանիշների ցանկ և մոդալ մասնիկների բարդ համակարգ։
Չինարենն ունի օժանդակ (սպասարկու) բառերի զարգացած համակարգ։ Դրանցից հիմնական են հանդիսանում՝ նախադրությունները, հետադրությունները, կապերը, մասնիկները, թվական բառերը, նախադասության անդամների ցուցանիշները, ստորոգելիության չեզոքացուցիչները։
Սուբյեկտի և օբյեկտի հարաբերակցության տեսանկյունից չինարենը դասվում է ակտիվ լեզուների շարքին, սակայն ակտիվ և ստատիվ բայերը արտահայտվում են ոչ թե ձևաբանորեն, այլ շարահյուսորեն։
Սովորաբար չինացիներն ունեն անուններ, որոնք կազմված են մեկ կամ երկու վանկից և գրվում են ազգանուններից հետո։ Գոյություն ունի կանոն, որի համաձայն, չինական անունը պետք է ենթարկվի պունուհուայով թարգմանության։ Այս կանոնի հետ է կապված հայտնի դեպքը, երբ համակարգչամոլ հորը մերժեցին որդու անունը «@» գրանցել[13]։
Հին ժամանակներում չինացիներն իրենց կյանքի ընթացքում մի քանի անուն ունեին՝ մանկության տարիներին՝ «կաթնային» կամ մանկական անուն (սյաո-մին, չին. պարզ. 小名, պինյին՝ xiǎo míng), մեծերն ստանում էին պաշտոնական անուն (մին, չին. պարզ. 名, պինյին՝ míng), ծառայողները հարազատների շրջանում ունեին երկրորդ անուն (ցզը, չին. պարզ. 字, պինյին՝ zì), ոմանք նույնիսկ կեղծանուն էին ընտրում (խաո, չին. պարզ. 号, պինյին՝ hào)։ Սակայն 1980-ականների կեսերին ավագների համար ընդունելի դարձավ մեկ պաշտոնական մին անունը, չնայած «կաթնային» անունները մանկական տարիքում դեռևս տարածված էին[14]։
Ռուսաց լեզվում չինական ազգանվան և անվան մեջտեղում սովորաբար դրվում է բացատ. Ազգանուն Անուն, ընդ որում անունը գրվում է միացված[14] Հնագույն աղբյուրներում չինական անունները գրվել են գծիկով (Фэн Юй-сян), սակայն ավելի ուշ ընդունելի դարձավ միացված գրելը (ճիշտ է՝ Фэн Юйсян)։ Առավել տարածված չինական ազգանուններն են ԼԻ(չին. պարզ. 李, պինյին՝ Lǐ), Վան(չին. պարզ. 王, պինյին՝ Wáng), Չժան (չին. պարզ. 张, պինյին՝ Zhāng)[14]։
Չինուհի կանայք ամուսնանալով, որպես կանոն, պահպանում են իրենց օրիորդական ազգանունները և չեն ընդունում ամուսնու ազգանունը (Չինական Ժողովրդական հանրապետությունում գրեթե ամենուր), սակայն երեխաները, որպես կանոն, ժառանգում են հոր ազգանունը։
Ներկայումս չինական դարձվածաբանության մեջ առավել տարածված է չինացի լեզվաբան Մա Գոֆանեի (马国凡) կողմից առաջարկված հինգ խմբերից բաղկացած դասակարգումը.
Չինարեն լեզուն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը[15]։ Այն ընդգրկված է չիպպևա, հայդա, տաբասարաներեն և էսկիմոսերեն լեզուների ռեկորդային ցուցակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.