Ռամ
From Wikipedia, the free encyclopedia
Ռամ կամ Ռամաչանդրա (սանսկրիտ՝ राम, rāma IAST), Վիշնուի ավատարը, հին հնդկական Այոդհյա քաղաքի լեգենդար թագավորը։ Ռամը հինդուիզմում համարվում է Վիշնուի յոթերորդ ավատարը, աշխարհ է եկել Տրետա յուգայի վերջին քառորդում՝ մոտ 1, 2 միլիոն տարի առաջ[1][2][3]։ Եթե Պարաշուրամը զբաղված էր ստեղծագործական աշխատանքով և խաղաղության պահպանմամբ, ապա Ռամը որպես իր ավատար «կոչված էր պաշտպանելու ամուսնական արժանապատվությունը՝ որպես ամուսնու և կնոջ միջև հավերժ և անբաժանելի կապ»[4]։ Բազմաթիվ հինդուիստներ Ռամին համարում են իրապես գոյություն ունեցած պատմական գործիչ, թագավոր, որը կառավարել է Հնդկաստանի մեծ մասը իր մայրաքաղաք Այոդհյայից։ Կրիշնայից հետո Ռամը հինդուիզմի աստծո ամենահայտնի ավատարներից մեկն է։ Ռամի պաշտամունքը հատկապես բնորոշ է վայշնավիզմին՝ հինդուիզմի գերակշիռ հետևորդներին[5]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Ռամի մանրամասն կենսագրությունը ներկայացված է «Ռամայանա»-ում՝ «Մահաբհարաթա»-ի հետ հին հնդկական էպոսներից մեկում[6]։ Ռամը եղել է կայսր Այոդհի Դաշարտհիի և նրա կին Կաուշալիի մեծ որդին։ Հինդուիզմի սովորույթի համաձայն՝ Ռամին կոչել են «Մարյադա Պուրուշոտամա»[7], որ սանսկրիտից բառացի թարգմանած նշանակում է «տղամարդկանց ամենաբարձր իդեալականը»[8]։ Ռամը Սիթայի ամուսինն է, որը հինդուիզմում Լաքշմիի ավատարն է և մարմնավորում է կատարյալ կնոջը[7][9]։
Ռամի կյանքը և գործունեությունը կատարյալ օրինակ է դհարմայի հավատարմության խիստ սկզբունքների համաձայն՝ չնայած կյանքի ծանր փորձություններին։ Հանուն իր հոր պատվի՝ Ռամը հրաժարվում է Կոշալայի թագավոր դառնալու հնարավորությունից և համաձայնում է ինքնակամ տարագրվել անտառ 14 տարի ժամկետով[10]։ Ինքնակամ աքսորում Ռամին ուղեկցում էին կինը՝ Սիթան և եղբայրը՝ Լաքշմանան, որոնք որոշում են միանալ նրան՝ չկարողանալով ապրել առանց նրա։ Երբ Սիթային առևանգում է Լանկայի հզոր դիվական կառավարիչ Ռավանան, Ռամը երկար ու դժվար փնտրտուքների է գնում կնոջ համար, որի ընթացքում փորձարկվում է նրա ուժն ու առաքինությունը։ Իմանալով Սիթայի տեղը՝ մեծ բախում է ունենում Ռավանայի մեծաթիվ բանակի դեմ։ Պատերազմում մասնակցում էին զորեղ կախարդական էակներ և գերբնական զենք էին օգտագործվում, որը հսկայական ավերիչ ուժ ուներ։ Եվ վերջիվերջո Ռամը սպանում է Ռավանային և նա ազատում է իր կնոջը նրա գերությունից։ Այդ ժամանակից հետո ավարտվում է աքսորի ժամկետը, և Ռամը վերադառնում է Այոդհյու և դառնում թագավոր, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի կայսր[10]։ Ռամի թագավորությունը տևում է 11 հազար տարի, որի ընթացքում ողջ աշխարհում տիրում է կատարյալ երջանկության, խաղաղության, բարօրության ու արդարության դարաշրջանը, որը հայտնի է որպես «Ռամա Ռաջյա»։
Սիթայի փնտրտուքների ժամանակ Ռամը ցուցաբերում է քաջություն ու արիություն՝ սարսափելի կռիվ մղելով հանուն նրա ազատագրման։ Սիթան իր հերթին լինում է առաքինի կնոջ մի կատարյալ օրինակ՝ ցույց տալով բացարձակ նվիրվածություն ամուսնուն և կատարյալ մաքրաբարոյություն՝ չնայած Ռավանայի գերության տակ գտնվելուն։ Ռամին նման նրա կրտսեր եղբայրները՝ Լաքշմանը, Շատրուգհնան և Բհարաթան նրա պես ցուցաբերում են խիզախություն, ուժ ու առաքինություն։ Ռամին աջակցում են այնպիսի հզոր հետևորդներ, ինչպիսիք են Հանումանը և Կաշքինդի կապիկները, որոնց օգնությամբ Ռամը ազատում է կնոջ Սիթային Ռավանայի գերությունից[10]։ Ռամի մասին լեգենդը մեծ ազդեցություն է ունեցել Հինդուստան թերակղզու և Հարավարևելյան Ասիայի բնակչության վրա։ Ռամը և նրա մասին պատմությունները շարունակում են վայելել մեծ ժողովրդականություն ժամանակակից հնդկական մշակույթում և հինդուիզմում։ Ռամը հինդուիստների համար անսահման կարեկցանքի, քաջության, նվիրվածության, կրոնական սկզբունքների հանդեպ պարտաճանաչության օրինակ է եղել[11]։