From Wikipedia, the free encyclopedia
Արտհա (սանսկրիտ՝ अर्थ), հնդկական փիլիսոփայության մեջ մարդկային կյանքի չորս նպատակներից մեկը[1]։ Արտհա բառի գրական թարգմանությունն է «նշանակություն, իմաստ, նպատակ, էություն»[4][5]։ Հինդուիզմի սուրբ գրություններում արտհան նաև շատ ավելի լայն հասկացություն է։ Որպես հասկացություն՝ այն ունի բազմակի նշանակություն, որոնք բոլորը ենթադրում են «կյանքի միջոցներ», գործողություններ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս անհատին գտնվել այն վիճակում, որում նա ցանկանում է[2]։
Արտհան վերաբերում է ինչպես անհատին, այնպես էլ կառավարությանը։ Անհատի համատեքստում այն ներառում է հարստությունը, կարիերան, ապրելու, ֆինանսական ապահովության և տնտեսական բարեկեցության ստեղծման գործունեությունը։ Արտհայի պատշաճ հետապնդումը Հինդուիզմում հանդիսանում է մարդկային կյանքի կարևոր նպատակ[1][6]։ Կառավարական տեսանկյունից արտհան ներառում է սոցիալական, իրավական, տնտեսական և միջազգային գործունեությունը։ Պատշաճ արտհասհաստրան համարվում է կառավարության կարևոր և անհրաժեշտ նպատակ[6][7]։
Հինդուիստական ավանդույթներում արտհան կապված է մարդկային կյանքի մյուս երեք նպատակների հետ՝ դհարմա (առաքինի, պատշաճ, բարոյական կյանք), կամա (հաճույք, զգայունություն, զգայական բավականություն) և մոկշա (ազատում, ազատագրում, ինքնաիրացում)[8][9][10][11]։ Միասին այս փոխադարձաբար ոչ բացառիկ չորս նպատակներն անվանվում են Պուրուշարտհա[10][12][13][14][15][16]։
Որպես հասկացություն արտհան ունի բազմաթիվ նշանակություններ։ Արտհայի, ինչպես նաև դրա հետ առնչվող այլ հասկացությունների՝ դհարմայի, կամայի, մոկշայի նշանակությունը դժվար է արտահայտել մեկ բառով[17]։
Ջոն Լոչտեֆելդը[1] արտհան նկարագրում է որպես կյանի միջոցներ, որը մեջ ներառվում է նաև նյութական բարեկեցությունը։ Կարլ Փոթթերի բացատրությամբ[18] այն վերաբերմունք և կարողություն է, որը թույլ է տալիս անձին ապրել, ողջ մնալ, բարգավաճել ինչպես ազատ էակ։ Դա ներառում է տնտեսական բարեկեցությունը, ապահովությունը և առողջությունը, որոնք համար անձը պատասխանատու է[3]։ Արտհան ներառում է այն ամենը, ինչ առկա է անձի միջավայրում և նրան թույլ է տալիս ապրել։ Այն ոչ անվերջ վիճակ, ոչ էլ փողի աննպատակ կուտակում է, հակառակը՝ այն մարդկային կյանքի դիրքորոշում է և անհրաժեշտ պայման է[18]։ Ջոն Կոլլերի տեսանկյունը տարբերվում է. ըստ նրա՝ արտհան դիրքորոշում չէ, այն մարդկային կյանքի անհրաժեշտություն է։ Ըստ նրա՝ հինդուիստական փիլիսոփայության կենտրոնական նախադրյալն այն է, որ յուրաքանչյուր անձ պետք է ապրի կենսախինդ և հաճելի կյանք. որը պահանջում է անձի կարիքների ու ցանկությունների գիտակցում և իրականացում։ Այս կարիքները կարող են բավարարվել միայն գործողությամբ և դրա համար անհրաժեշտ միջոցների գոյությամբ։ Արտհան այդ կերպ բացատրվում է որպես գործողությունների և միջոցների հետապնդում, որոնք անհրաժեշտ են կենսախինդ և հաճելի կյանքի համար[2]։
Մեկ այլ տեսակետի համաձայն[19] արտհան, և առհասարակ Պուրուշարտհան, առասպել է։ Տարբեր դպրոցներ և սանսկրիտերեն տեքստեր համաձայնություն արտահայտող որևէ կարծիք չեն ներկայացնում, հակառակը՝ ամենուր բանավեճ է, բազմակարծություն արտհայի և Պուրուշարտհայի նշանակության վերաբերյալ։ Իրար հակասող հատվածներ առկա են անգամ նույն ձեռագրում, ինչպիսին Մանուսմրիտին է։ Որոշ հնդկական տեքստերի համաձայն արտհան գործիքների համախումբ է, որոնք թույլ են տալիս բավարարել ցանկությունները. որոշները ներառում են հարստությունը, մյուսները՝ ուժը, այլք՝ սերն առ Աստված։ Թերևս արտհան կամայի և կարմայի ենթաբազմությունն է[19]։
Կամա Սուտրայի Վատսյայանան արտհան սահմանում է որպես արվեստների, հողի, անասունների, հարստության, սպառազինության և ընկերների ձեռքբերում։ Բացի այդ արտհան նաև արդեն իսկ ձեռքբերվածի պահպանում է և պահպանվածի ավելացումը[20]։
Արտհան նկարագրվում է նաև որպես «աշխարհիկ հաջողություն»՝ առանց դհարմային (բարոյական պատասխանատվության), կամայի (սեր) և դեպի մոկշա (հոգևոր ազատում) ճանապարհորդության խախտման։ Մարդկանց գոյատևումն ու բարգավաճումը պահանջում են արտհա՝ տնտեսական ակտիվություն, հարստություն, աշխարհիկ հաջողություն, շահույթ, քաղաքական հաջողություն, մարդու գոյության համար անհրաժեշտ ամեն բան[21]։
Արտհա բառը կարելի է հանդիպել Հնդկաստանի բազմաթիվ ձեռագրերում։ Այնուամենայնից, եզրույթի լրացուցիչ իմաստն է որևէ բանի «նպատակ», «նշանակետ», հաճախ ծիսական զոհաբերությունների նպատակ։ Ժամանակի ընթացքում, հատկապես Ուպանիշադների շրջանում, արտհան վերաճեց ավելի լայն հասկացության։ Սկզբում այն ներառվել է որպես Տրիվարգայի հայեցակարգի մի մաս՝ մարդու կյանքի 3 կատեգորիաներ՝ դհարմա, արտհա, կամա[22][23], որը ժամանակի ընթացքում ընդլայնվեց Կատուրվարգայի հայեցակարգին (Պուրուշարտհա)՝ չորս կատեգորիաներ՝ ներառյալ մոկշան[24]։
Հինդուիզմի միմամսա դպրոցն արտհան, դհարման և կաման բացատրել է Պուրուշարտհան և Կրատվարտհան հակադրելու միջոցով։ Պուրուշարտհան յաջնայի մարդկային նպատակն է, իսկ Կրատվարտհան զոհաբերական նպատակը։ Ըստ նրանց՝ մարդու գործողությունները բացատրվում են երկակի ազդեցությամբ. առաջին՝ յուրաքանչյուր գործողություն ազդեցություն է ունենում անկախ մասնակիցներից, երկրորդ՝ յուրաքանչյուր գործողություն ներառում է մարդկային իմաստ, հույս, ցանկություն և յուրաքանչյուրի վրա ազդում է յուրովի[24]։ Ջայնիզմում արտհայի բացատրության համաձայն մարդկային իմաստը չի կարող առանձնացվել մարդկային նպատակից։ Արտհայում զոհաբերության արդյունքը թաքնված է։ Որոշ դպրոցների տեսանկյունից զոհաբերությունը դրախտի արժանանալու միջոց է, իսկ այլ դպրոցներ գտնում են, որ դրանք միջոց են, ոչ թե ավարտ[24]։
Այնուհետև գալիս է արտհայի և մյուս նպատակների վերաբերյալ Շաստրայի գրականության ծաղկումը՝ Դհարմաշաստրա, Արտհաշաստրա, Կամաշաստրա (ներառյալ նաև Կամասուտրան)։ Հինդուիզմի տարբեր դպրոցներ առաջարկում են արտհայի, ինչպես նաև դհարմայի, կամայի և մոկշայի տարբեր պատկերներ։ Բազմաթիվ Ուպանիշադներ, ինչպես նաև հնդկական երկու դյուցազներգությունները՝ Ռամայանան և Մահաբհարաթան, այդ եզրույթները քննարկում են համապատասխան թեմաներում։ Անգամ 1-ին և 2-րդ հազարամյակների հնդկական գրականությունը միավորում է արտհան և մյուս երեք նպատակները[25]։
Հնագույն հնդկական գրականությունն ընդգծում է դհարմայի առաջնայնությունը։ Եթե դհարման արհամարհվում է, արտհան և կաման՝ շահույթն ու հաճույքը, հանգեցնում են սոցիալական քաոսի[26]։ Գաուտամա Դհարմաշաստրան, Ապաստամբա Դհարմասուտրան, օրինակ, գտնում են, որ դհարման առաջինն է, միայն նրանից հետո են գալիս արտհան և կաման[27][28][29][30]։
Կամասուտրայի հեղինակ Վաթսայանան երեք նպատակների արժեքը ներկայացնում է հետևյալ կերպ՝ դհարման շատ ավելի կարևոր է և պետք է գերակայի կամայի ու արտհայի նկատմամբ[11]։ Ըստ Արտհաշաստրայի՝ արտհան մյուս երկուսի հիմքն է. առանց հասարակության կամ անհատի բարեկեցության և ապահովության բարոյական կյանքն ու զգայունությունը բարդ են դառնում։ Աղքատությունը սնում է չարիքը և ատելությունը, մինչդեռ բարեկեցությունը ստնում է լավ արարքներ և սեր[31]։ Այս տեսակետի համաձայն երեքը հավասարապես կապված են, չպետք է վնասեն միմյանց[22][23]։
Հնագույն հնդկական գրականության մեջ արտհայի, կամայի և դհարմայի միջև հարաբերական գերակայումը բնականորեն տարբերվում են ըստ տարբեր մարդկանց և տարիքային խմբերի[32]։ Մանկության տարիներին կրթությունն ու կաման գերակայում են, պատանեկության տարիներին գերակայում են կաման և արտհան, իսկ տարեց հասակում առաջնայնությունը դհարմայինն է։
Դյուցազներգությունները, ինչպիսին Մահաբհարաթան է, վիճում են չորս նպատակների գերակայության հարցի շուրջ[33]։ Որոշ տեղերում գերակայում է դհարման, մեկ այլ տեղ հաճույքը (կաման), մեկ ուրիշ տեղ դրանց միջև հավասարակշռություն է[31]։
Ըստ Գավին Ֆլուդի՝ Պուրուշարտհայում ներդրված հասկացությունները, որոնք ներառում են նաև արտհան, արտացոլում են մարդկային բնության խորն ընկալումը և գաղափարները, ինչպես նաև ընդհարումնրեը, որոնց անխուսափելիորեն հանդիպում են բոլոր մարդկային էակները։ Այն քայլ է գիտակցելու և խրախուսելու անձին հասկանալ բազմազանությունը՝ մարդկանց միջև փախկապակցվածություն փնտրելու փոխարեն[34][35]։
Ըստ Դոնալդ Դեվիսի՝ արտհան, կաման և դհարման մարդկային խորը նպատակներ են, որոնք դուրս են գալիս հինդուիստական ուսումնասիրությունների շրջանակից։ Դրանք մարդկային կյանքի բնույթի հնդկական պատկերն են, պատկեր, որ բաժանված է ջայնական և բուդդայական գրականության մեջ[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.