From Wikipedia, the free encyclopedia
Մզկիթ (արաբ․՝ مسجد [ˈmæsdʒɪd]), մուսուլմանների աղոթքի համար նախատեսված կառույց։ Այն գմբեթով առանձին կառույց է, որ երբեմն կարող է ունենալ ներքին բակ (օր.՝ Ալ-Հարամ մզկիթ)։ Մզկիթին կից կառուցվում են աշտարակ-մինարեները՝ մեկից մինչև ինը (միանարեների թիվը չպետք է գերազանցի Ալ-Հարամ մզկիթի մինարեների քանակը)։ Աղոթարանի սրահներում չպետք է լինեն պատկերներ. պատերին կարող են լինել միայն արաբերեն Ղուրանից տողեր։ Մեքքային ուղղված պատի մոտ առանձնացված է որմնախորշ՝ միհրաբ, որտեղ աղոթում է մուսուլմանների հոգևոր առաջնորդը՝ իմամը։ Միհրաբից աջ տեղակայված է մինբարը, որտեղից իմամը կարդում է տոնական աղոթքը և քարոզները։ Որպես կանոն, մզկիթին կից գործում են դպրոց-մեդրեսեներ։
«Մզկիթ» բառը[1] ծագում է «մասջիդ» բառից, որը առաջացել է արաբերեն «սաջաբա» արմատից և նշանակում է խոնարհման, երկրպագության տեղ[2][3]։ Այն ցույց է տալիս տեղը, ուր հավատացյալը կարող է խոնարհվել աղոթքի ժամանակ, և չի առաջարկում ուրիշ ոչինչ՝ բացի հոգևոր տարածությունից։
Մզկիթը նախատեսված է մուսուլմանների ընդհանուր հավաքի համար աղոթելու նպատակով։ Բացի այդ՝ մզկիթը հավաքատեղի է, ուր կարող են ուսուցանել իսլամի հիմնական գաղափարները։
Առաջին մզկիթը եղել է Քաաբայի տաճարը։ Մուհամեդ մարգարեի վկայությամբ՝ Քաաբայից հետո կառուցվել է Երուսաղեմի ալ-Ակսա մզկիթը։ Այս երկու մզկիթները, ինչպես նաև Մարգարեի մզկիթը Մեդինայում, մուսուլմանական ուխտատեղիներ են։ Իսլամի ծագման առաջին տարիներին մուսուլմանները աղոթում էին Մեքքայի հեռավոր շրջաններում առանձնացված հատուկ տեղերում և շենքերում։ Մարգարեն ինքը աղոթել է նաև Քաաբայի մոտակայքում։ Հետագայում Մեքքայի մուսուլմանական համայնքի կենտրոն է դարձել ալ-Արկաման։
Մեքքայի առաջին մզկիթը համարվում է մարգարեի հետևորդ Ամար իբն Յասիրի տունը։ Մեքքայի երկրորդ մզկիթը հիմնել է Աբու Բաքրը։ Մուհամեդ մարգարեն Մեդինայի շրջանում որոշում է կառուցել տալ ալ-Կուբա մզկիթը, որի մասին Ղուրանում գրված է. «....Մզկիթը, որ հիմնադրվել է աստվածավախության առաջին օրից, արժանի է քո՝ այնտեղ լինելուն»։ Դրանից հետո կառուցվել է Մարգարեի մզկիթը Մեդինայում[4]։
Արդեն 7-րդ դարի վերջին տարբերություն կար մզկիթների նշանակության և գործառույթի մեջ։ Տարբերակվում էին հետևյալ տեսակները.
Տաճարային մզկիթը վերելք է ապրել Օմայանների օրոք, երբ մզկիթի ճարտարապետական ձևերը մատնանշում էին կառավարողների հզորությունը, նյութական բարեկեցությունը, մուսուլմանական համայնքի ծաղկումը։
Մուսուլմանական պաշտամունքային բոլոր շինությունները միավորված են մեկ ընդհանուր գծով. բոլորը ուղղված են Մեքքայի Քաաբային։ Քաաբա ուղղվածությունը կոչվում է կիբլա։ Այդ անունն է ստացել նաև ցանկացած աղոթատեղիի՝ Քաաբային ուղղված պատը։
Սովորաբար մզկիթները մեկ կամ երկու հարկ ունեցող շինություններ են՝ գմբեթով և մինարեներով։ Մզկիթի ներսում գտնվում են մինբարներն ու միհրաբները։ Մզկիթից ոչ հեռու գտնվում են հասարակական արտաքնոցներ և հատուկ սենյակներ՝ նախատեսված լվացման համար (վուդու)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.