From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական արվեստ, միջնադարում առաջ եկած արվեստ, որը ձևավորվել է իսլամի սկզբունքների հիման վրա[1]։
7-րդ դարում իսլամական ուսմունքը թշնամաբար էր վերաբերվում գեղանկարչությանը և քանդակագործությանը՝ արգելելով մարմնավորել Ալլահին որևէ տեսանելի ձևերում և պատկերել կենդանի էակներին[2]։
Տարածվելով Արաբիայից դեպի արևելք՝ մինչև Գանգեսի ափեր, և արևմուտք՝ մինչև Իսպանիա, իսլամական մշակույթը հանդիպել է քիչ թե շատ զարգացած արվեստին, յուրացրել և վերամշակել է դրա տարրերն ըստ իր ոգու և կարիքների։ Ամեն դեպքում այդպես է դասավորվել ճարտարապետության և զարդարվեստի մեջ. յուրահատուկ իսլամական ոճ, որը տարբեր երկրներում ունի իր առանձնահատկությունները։ Դրա հիմքում ընկած են եղել բյուզանդական, պարսկական և եգիպտական ձևերը[2]։
Ժամանակի ընթացքում որոշ երկրներում մարդու և կենդանիների պատկերման արգելքը դադարել է խիստ լինել (Իրանում այն երբեք չի եղել ընդհանրական[1]), և ինչ-որ չափով իրավունք են ստացել գոյություն ունենալ պլաստիկա և նկարչություն[2]։
Ավանդաբար առանձնացնում են մուսուլմանական մշակույթին վերաբերող հինգ ճարտարապետական դպրոցներ՝ սիրիա-եգիպտական, պարսկական, հնդկական, մաղրիբյան (մուսուլմանական Իսպանիայի և Մաղրիբի երկրների ճարտարապետությունը) և օսմանյան, մյուս դպրոցներ, ինչպիսիք են, օրինակ, իրաքյան կամ միջինասիական դպրոցները, համարվում են ածանցյալ[3]։
Առաջին տասնամյակներում հիջրա արաբներն իրենց նպատակների համար հարմարեցրել են այն շենքերը, որոնք գտնվել են նվաճված քաղաքներում։ Երբ խալիֆների պետությունը հզորացել է, մուսուլմաններն սկսել են մզկիթներ կառուցել։ Մզկիթ կառուցելու համար անհրաժեշտ էր.
Առաջին մզկիթը կառուցվել է Մադինայում հիջրայից անմիջապես հետո։ Այն իրենից ներկայացնում էր պարսպապատված լայն բակ, հյուսիսային կողմից (դեպի Երուսաղեմ) հավատացյալներին արևից պաշտպանելու համար այն ծածկված էր արմավենու կոճղերին ամրացված կտուրներով։ Երբ իսլամը ենթարկվեց Մեքքային, մզկիթներում ստեղծվել են որմնախորշ, որը մատնանշում էր Մեքքայի ուղղությունը[3]։
Իսլամական սկզբնական շրջանի ճարտարապետության կարևորագույն գործերից է այսպես կոչված Երուսաղեմի Օմար մզկիթը (տե՛ս Ժայռի գմբեթ), որը 688-692 թվականներին կառուցված սրբավայր է, որտեղ ժամանակին կանգնած է եղել Սողոմոնի տաճարը։ Շենքը գտնվում է ընդարձակ բակում՝ շրջապատված փակ պատշգամբաշարերով։ Ընդհանուր պլանում այն ներկայացնում է հավասարաչափ ութանկյուն[2]։
Արաբ-եգիպտական ճարտարապետության հաջողությունների մասին է վկայում Կահիրեի Իբն-Տուլունի (876-879) մզկիթը։ Կահիրեի մյուս մզկիթների թվում արժանի է հիշատակել Սուլթան Հասանի մզկիթը (14-րդ դար)։ Պատերի զարդաքանդակումները զարմանահրաշ արաբանախշերով, գրություններով և խճանկարներով, կիսագմբեթային կամարով շքամուտքը, որը հենվում է այսպես կոչված ստալակտիտների վրա, ինչպես նաև այդ մզկիթի տպավորիչ չափերը դարձնում են այն արաբական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը[2]։
Իրանի սահմաններից դուրս պարսկական ճարտարապետության ավանդույթների տարածման մասին է վկայում Բուխարայի Սամանիդների դինաստիայի դամբարանը, որը թվագրվում է 907 թվականին։ Այն իրենից ներկայացնում է գմբեթով քառակուսի շինություն։ Հագեցած լույսով, ինչպես նաև որմնանկարների ռելիեֆներում ստվերների խաղով՝ շենքը համարվում է Կենտրոնական Ասիայի ճարտարապետության դասական գործերից[4]։
Իսլամական արվեստը հատկապես ծաղկել է Իսպանիայում։ Այստեղ արաբական արվեստի ամենանշանակալից հուշարձանը Գրանադայի մերձակայքում գտնվող Ալ-Համբրա ամրոց-պալատն է[2](13-րդ դարի կեսից 14-րդ դարի վերջ[5]): Շքեղ շենքն ունի շուրջ 3,5 կմ պարագիծ և շրջապատված է բազմաթիվ աշտարակներով պարսպով։ Սյունաշարը շրջապատում է մեծ ուղղանկյուն բակը, որը կոչվում է Patio de los Arrayanes (Մրտենու բակ)։ Այս ուղղանկյան հյուսիսային նեղ կողմում գտնվում է Սուրհանդակների սրահի մուտքը՝ գմբեթով քառակուսի սենյակ, մոտ 20 մ բարձրությամբ։ Մրտենու բակից արևելք Առյուծի բակն է՝ 12 առյուծների վրա հենված աղբյուրով։ Այս բակի հարևանությամբ է գտնվում Երկու քույրերի դահլիճը, որն այդպես է անվանակոչվել երկու լայն, հավասար չափի մարմարե սալիկների պատճառով և Դատաստանի դահլիճը։ Բակերի շրջակայքում գտնվում են սյունասրահներ, զով հարկաբաժիններ, փոքրիկ այգիներ՝ հորդառատ աղբյուրներով և պատշգամբներով, որոնք բացվում են դեպի դուրս։ Հանգստարանների պատերը ծածկված են շքեղ խճանկարներով, կամարներն իրենց զարդերով հիշեցնում են փեթակի խցեր։ Այնուամենայնիվ, դրսից Ալ-Համբրան իրենից ներկայացնում է խիստ, նվազ սիմետրիկ և ավելի շատ նման է ամրոցի[6]։
Հնդկաստանում 17-րդ դարի երկրորդ կեսին մոգոլների դինաստիայի ներկայացուցիչ Շիհաբ ադ Դին շահ Ջիհան I-ը Ագրայի մոտ կառուցել է Թաջ Մահալի դամբարանը[7]։ Դամբարանը, որի անկյուններում գտնվում են մինարեթներ, կառուցված է մարմարի վրա դրված արհեստական հարթակի վրա,և իրենից ներկայացնում է կտրած անկյուններով քառակուսի։ Գծագրվելով արևադարձային կապույտ երկնքի ֆոնին, շրջապատված մուգ կանաչ նոճի ծառերով՝ Թաջ Մահալը զարմացնում է իր էֆեկտիվությամբ. սպիտակ, նուրբ մարմարը, որից կառուցված է այն, նրա գլխավոր գմբեթը, որը պատված է նույն մարմարով և վարդագույն ավազաքարով, գունավոր քարերից պատրաստված զարդերով, սև ֆոնի վրա ոսկյա գրություններով, այդ ամենը փայլում են և տարբեր գույներով խաղում արևի ճառագայթների մեջ։ Դամբարանի ներսում գտնվող միջին դահլիճը զարդարված է զարդանախշերով, որի համար օգտագործվել են ոսկի, արծաթ և թանկարժեք քարերից պատրաստված նուրբ խճանկարներ[2]։
Օսմանյան ճարտարապետության գագաթնակետն են համարվում ճարտարապետ Միմար Սինանի աշխատանքները։ Նրա կողմից կառուցված բազմաթիվ շենքերի շարքում առանձնանում են առավել հաջող երեք աշխատանքներ՝ Շահ-Զադեի (1543-1548) և Սուլեյմանիեի (1549-1557) մզկիթները Ստամբուլում և Սելիմիեի (1566-1574) մզկիթը Էդիրնում։ Սինանի ճարտարապետության մեջ հզոր գմբեթի շրջակայքը, շեշտակի բարձրացած մինարեթները և մեծ թվով աղեղնավոր կամարներն իրենց համադրությամբ ստեղծում են նրա աշխատանքների համար բնորոշ երկրաչափական ռիթմ[8]։
Խոսելով իսլամի մեջ մարդու պատկերման արգելքի մասին, շատ հետազոտողներ նշում են, որ Ղուրանում, որը հանդիսանում է մուսուլմանների սուրբ գիրքը, այդ թեմայի վերաբերյալ կոնկրետ ցուցումներ չկան։ Ոչ միայն մարդկանց, այլև ցանկացած կենդանի էակների պատկերների խստիվ արգելքի գաղափարը արմատներ ունի որոշ հադիսներում` Մուհամեդ մարգարեի խոսքերի և գործերի մասին ավանդություններում։ Արգելքի համար կա երկու հիմնական պատճառ. մի կողմից՝ կուռքերի պատրաստումը, որոնք կարող են օգտագործվել որպես երկրպագության օբյեկտներ, խիստ դատապարտված է։ Այսպիսով, Մուհամեդը նախազգուշացնում է մուսուլմաններին բազմաստվածությունից և կռապաշտությունից հեռու մնալ, քանի որ դրանք հակասում են իսլամի հիմունքներին՝ հավատ առ միակ Ալլահին։ Դատապարտվում է, օրինակ, մարդու կամ կենդանու որևէ կերպարի ուղղությամբ նամազի (աղոթքի) կատարումը։ Որոշ աստվածաբաններ թույլ են տալիս կենդանի էակների պատկերը, եթե նկարիչը կամ քանդակագործը հաստատ մտադրություն չունեն պաշտամունքի օբյեկտ պատրաստելու։ Հատուկ զգուշությամբ են և՛ սուննիական, և՛ շիական ավանդույթները վերաբերում հենց Մուհամեդ մարգարեի պատկերին։
Արգելքի երկրորդ պատճառը «Արարչին նմանվելու» դատապարտումն է։ Այս փաստարկին դիմող հադիսները իսլամական ավանդույթի մեջ տարբեր կերպ են մեկնաբանվում։ Օրինակ, թույլատրվում է դեմքի աղոտ գծերով անձի պատկեր։ Որոշ աստվածաբաններ նաև տարբերակում են «խիստ» արգելված «ստեղծագործությունը» և «կերպարը», որը թույլատրվում է՝ ելնելով որոշակի պահանջներից։ Կարևոր է նշել, որ իսլամի ներսում այս հարցում հստակ սահմանված կանոններ չեն ձևավորվել։ Իսլամը, որպես կրոնական ավանդույթ, թույլ է տալիս որոշակի ազատություն սուրբ տեքստերի մեկնաբանության մեջ, ինչը հաճախ հանգեցնում է տարընթերցումների։ Այսպիսով, սուննի իսլամը, և հատկապես նրա ավանդապաշտ հոսանքները (օրինակ` սալաֆիտ), որպես կանոն հղում են տալիս են հադիսներից Մարգարեի հետևյալ մեջբերումներին։
«Հիրավի, նա, ով կպատկերի, տառապանքների կենթարկվի Դատաստանի օրը։ Նրանց կասվի. «Վերակենդանացրեք այն, ինչ դուք ստեղծել եք»։
«Ամենավատ տառապանքը դատաստանի օրը կտեսնեն նրանք, ովքեր իրենց արարելու ունակությամբ նմանեցրել են Աստծուն»։
Ընդ որում, շիա իսլամն ի սկզբանե մարդու պատկերման արգելքին վերաբերում էր ավելի քիչ խստությամբ։ Օրինակ՝ շիաների մեծամասնություն ունեցող Իրանում, մանրանկարչությունը լայն տարածում է գտել։ Այնուամենայնիվ, Մուհամեդի, նրա ընտանիքի անդամների և իմամների դեմքերի պատկերումը, որոնց շիական ավանդույթը ընկալում է որպես «սրբեր», չի թույլատրվում։ Որպեսզի այդ կերպարներին կարողանան ներառել կրոնական առարկաների կազմում և չխախտել արգելքը, նկարիչները նրանց պատկերում են վարագուրված դեմքերով։ Այսպիսի «թուլացումը» կարելի է գտնել իսլամական միստիցիզմի՝ սուֆիզմի ավանդույթի մեջ, որն ընդհանուր առմամբ առանձնանում է բազմաթիվ արգելքների ազատ մեկնաբանմամբ։
Չնայած այս թեմայի նկատմամբ իսլամական ուսմունքների ոչ միանշանակ վերաբերմունքին՝ ավանդույթը կտրականապես չի ընդունում բոլոր այն ոլորտներում պատկերները, որոնք անմիջական առնչություն ունեն երկրպագության հետ։ Ղուրանը երբեք չի նկարազարդվում և մզկիթներում բացակայում են Ղուրանի իրադարձությունների մասնակիցների պատկերները։ Շատերը սրա հետ են կապում գեղագրական և խճանկարային արվեստների ծաղկումը, որոնք իսլամի պատմության ողջ պատմության ընթացքում մուսուլմանական աշխարհի բոլոր անկյուններում մշտապես օգտագործվել են մզկիթների ձևավորման համար։
Բոլորովին այլ իրավիճակ է կենցաղային ոլորտում, որտեղ դեկորատիվ-կիրառական արվեստը, բացի գեղագրությունից, լայնորեն օգտագործում է մանրանկարչությունը։ Պարսկական մանրանկարչության ավանդույթը, այսպիսով, հաճախ պատկերելով մարդկային կերպարներ, լայն տարածում է գտել ամբողջ իսլամական միջավայրում և ազդել բազմաթիվ ազգային ավանդույթների վրա։ Այդ ազդեցության արդյունքը ամուր արմատավորվել է իսլամական արվեստի պատմության մեջ։
Մուսուլմանական գեղագրությունը արվեստի ճյուղ է, իսլամի կարևոր պաշտամունքային և մշակութային հատկանիշ, որն իր մեջ ներառում է նախաիսլամական ժառանգության տարրեր[9]։ Արաբական գեղագրությունը ձևավորվել է Ղուրանը պատճենելու հիման վրա[1]։ Իսլամական աշխարհի այն երկրներում, որտեղ կերպարվեստը սահմանափակ էր, գեղագրությունը դարձել է ամենահարուստ դեկորատիվ և ռիթմիկ կոմպոզիցիաների աղբյուր, որոնք հաճախ զուգորդվել են երկրաչափական կամ ծաղկային նախշերով[10]
Մանրանկարչությունը ձևավորվել է Պարսկաստանում։ Այն հիմնված էր որմնանկարչության ավանդույթների և սկզբունքների վրա[11]։ Իրանից բացի, մանրանկարչության արվեստը տարածվել է առաջին հերթին Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում, որտեղ երբևէ լիակատար արգելք չի եղել կենդանի արարածների պատկերման համար[12]։
Միջին Ասիայում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում, արաբական երկրներում զարգացել է ճարտարապետական կերամիկան` նախշազարդ աղյուսե շարվածքներ, փորագրված թրծակավ, մայոլիկի բազմագույն երեսպատում։ Այսպիսի զարդարանքը բնորոշ է 14-15-րդ դարերի Սամարղանդի և Բուխարայի շենքերին։ Այլ կերամիկական իրերի շարքում առանձնացվել են կավազարդ անոթներ ֆայանսից (Իրան, Ռեյ քաղաք, 13-րդ դար) և իսպանական-մավրիտանական մայոլիկայից (13-15-րդ դարեր)[13]։
Հատկապես հայտնի են պարսկական, ադրբեջանական, թուրքմենական և թուրքական գորգերը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.