![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/NASG_rocket_girl_photo.jpg/640px-NASG_rocket_girl_photo.jpg&w=640&q=50)
Հետծննդյան արյունահոսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հետծննդյան արյունահոսություն կամ հետծննդյան հեմոռագիա (ՀԾՀ), հաճախ սահմանվում է, որպես ծննդաբերությունից հետո 24 ժամվա ընթացքում 500 մլ-ից կամ 1000 մլ-ից ավել արյան կորուստ[1]։ Որոշ հեղինակներ սրան ավելացրել են նաև արյան ցածր ճնշման նշանների և ախտանիշների անհրաժեշտությունը՝ այս վիճակի առկայությունը հաստատելու համար[6]։ Սկզբնական շրջանում նշաններն ու ախտանիշներն են՝ սրտի զարկերի հաճախացում, կանգնելիս գլխապտույտի առաջացում և շնչառության հաճախականության մեծացում[2]։ Արյան կորստի ավելացման հետ մեկտեղ կինը կարող է զգալ սառնություն, արյան ճնշումը կարող է ընկնել և նա կարող է դառնալ անհանգիստ և անգիտակից[2]։ Այս վիճակը կարող է զարգանալ ծննդաբերությունից հետո 6 շաբաթների ընթացքում[6]։
Հետծննդյան արյունահոսություն | |
---|---|
![]() Ոչ պնևմատիկ հակաշոկային հագուստ | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Արգանդի կրճատման անբավարարություն, պլացենտան ամբողջովին իչ հեռացվել, արգանդի պատռվածք, արյան մակարդման հետ կապված խնդիրներ (կոագուլոպաթիաներ)[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ծննդաբերությունից հետո արյան առատ կորուստ, սրտի զարկերի հաճախականացում, շնչառության հաճախականացում[2][1] |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 666 |
ՀՄԴ-10 | O72 |
Հոմանիշներ | Հետծննդյան հեմոռագիա |
Ռիսկի գործոններ | Անեմիա, ասիականազգություն, մեկից ավելի երեխաներ, ճարպակալում, 40 տարեկանից մեծ հասակ[1] |
Բուժում | Ներերակային հեղուկներ, ոչ սպեցիֆիկ հակաշոկային հագուստ, արյան փոխներարկում, էրգոտամին, տրանեքսամաթթու[1][3] |
Կանխարգելում | Օքսիտոցին, միզոպրոստոլ[1] |
Կանխատեսում | մահվան ռիսկը կազմում է 3% (զարգացող աշխարհում)[1] |
Հանդիպման հաճախականություն | 8.7 միլիոն (ամբողջ աշխարհում)[4] / ծննդաբերություններ 1,2%-ը (զարգացող աշխարհում)[1] |
Մահերի քանակ | 83,100 (2015 թվականին)[5] |
![]() |
Ամենահաճախ հանդիպող պատճառը ծննդաբերությունից հետո արգանդի անբավարար կծկումն է[1]։ Այլ հնարավոր պատճառներից են ընկերքի ոչ լրիվ դուրս բերումը, արգանդի պատռվածքը կամ արյան մակարդելիության հետ կապված խնդիրները[1]։ Այն ավելի հաճախ հանդիպում է հետևյալ կանանց մոտ․ ովքեր ի սկզբանե ունեն արյան կարմիր բջիջների ցածր մակարդակ (անեմիա), ասիացիներ, խոշոր կամ մեկից ավելի պտղով հղիներ, ճարպակալումով կանայք, կամ 40 տարեկանից մեծ կանայք[1]։ Այն նաև ավելի հաճախ հանդիպում է կեսարյան հատումից հետո, նաև նրանց մոտ, ում մոտ օգտագործվել են դեղամիջոցներ՝ ծննդաբերությունը խթանելու համար, եթե կարիք է եղել վակուումի կամ աքցանադրման օգտագործման, և նրանց մոտ, ում մոտ իրականացվել է էպիզիոտոմիա[1][7]։
Կանխարգելումը ներառում է հայտնի ռիսկի գործոններից, այդ թվում նաև այս վիճակի հետ կապված միջամտություններից խուսափում (հնարավորության դեպքում), և երեխայի ծնվելուց անմիջապես հետո օքսիտոցին կոչվող դեղորայքի ներարկում՝ խթանելու համար արգանդի կծկումը[1]։ Օքսիտոցինի անհասանելիության դեպքում նրա փոխարեն կարելի է օգտագործել միզոպրոստոլ[1]։ Բուժումը ներառում է ներերակային հեղուկներ, արյան փոխներարկում և էրգոտամին կոչվող դեղամիջոց՝ արգանդի հետագա կծկումը ապահովելու համար[1]։ Եթե բուժման այլ մեթոդները չեն օգնում, կարելի է ձեռքերով սեղմել արգանդը՝ ինչը կարող է լինել արդյունավետ[1]։ Կարելի է նաև որովայնին սեղմելով՝ ճնշել աորտան[1]։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը խորհուրդ է տվել օգտագործել ոչ-պնևմատիկ հակաշոկային հագուստ՝ որպես առաջին օգնություն, մինչ հնարավոր կլինի իրականացնել բուժական այլ միջոցառումներ, օրինակ՝ վիրահատություն[1]։ 2017 թվականին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ տրանեքսամաթթուն նվազեցնում է կանանց մահացելիության ռիսկը[3]։
Զարգացող աշխարհում ծննդաբերությունների մոտ 1,2%-ը բարդանում են ՀԾՀ-ով, և երբ առաջանում է ՀԾՀ, ապա կանանց 3%-ը մահանում են[1]։ Ամբողջ աշխարհում այն տարեկան հանդիպում է մոտ 8,7 միլիոն անգամ և բերում է 44000-ից 86000 մահերի, ինչը ՀԾՀ-ն դարձնում է ծննդաբերության ժամանակ մահվան հիմնական պատճառ[1][4][8]։ Միացյալ Թագավորություններում 100 000 ծննդաբերություններից մոտավորապես 0,4 կին մահանում է ՀԾՀ-ից, մինչդեռ Ենթասահարական Աֆրիկայում ամեն 100 000 ծննդաբերությանը բաժին է ընկնում 150 մահ[1]։ Ուշ 1800-ականներից սկսած Միացյալ Թագավորություններում մահերի հաճախականությունը սկսել է էապես նվազել[1]։