From Wikipedia, the free encyclopedia
Բրետտոն Վուդսի համաժողով, պաշտոնապես հայտնի որպես Միավորված ազգերի կազմակերպության Արժույթային և Ֆինանսական համաժողով, իրենից ներկայացնում է 44 դաշնակից երկրներից ներկայացված 730 պատվիրակների հավաք տեղի ունեցած Մաունթ Վաշինգտոն հյուրանոցում, որը տեղակայված է Բրետտոն Վուդսում՝ Նյու Հեմփշիրում, ԱՄՆ, ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տիրող միջազգային արժութային և ֆինանսական վիճակի կարգավորմանը[1]։
Համաժողովը տեղի է ունեցել 1944թ․ հուլիսի 1-22-ն ընկած հատվածում։ Ստորագրվեցին համաձայնագրեր, որոնց՝ անդամ կառավարությունների կողմից օրենսդրորեն ընդունվելուց հետո, հիմնադրվեցին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ շրջանում բրիտանական գանձապետարանից Ջոն Մեյնարդ Քեյնսն ու ԱՄՆ գանձապետական բաժնից Հարրի Դեքսթեր Ուայթը ազատորեն սկսեցին հետպատերազմյան աշխարհում տիրող ֆինանսական կարգի վերաբերյալ գաղափարներ զարգացնել (Տես ստորև՝ Քեյնսի առաջարկությունը Միջազգային քլիրինգային միության վերաբերյալ)։ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների միջև բանակցություններից և մի քանի այլ դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո 1944թ ապրիլի 21-ին մի քանի դաշնակից երկրներում միևնույն ժամանակ հրապարակվեց «Արժույթի միջազգային հիմնադրամի ձևավորման մասին փորձագետների համատեղ հայտարարությունը»[2]։ 1944թ․ մայիսի 25-ին ԱՄՆ կառավարությունը Դաշնակից երկրներին միջազգային արժութային համաժողովին մասնակցելու համար ներկայացուցիչներ ուղարկելու հրավերք արեց՝ «Արժույթի միջազգային հիմանդրամի և հավանաբար Վերակառուցման և զարգացման բանկի վերաբերյալ հստակ առաջարկներ ձևակերպելու նպատակով»[3]։ («Միջազգային» բառը բանկի անվանմանն ավելացավ ավելի ուշ Բրետտոն Վուդսի համաժողովի ժամանակ)։ ԱՄՆ-ը նաև երկրների մի փոքր խմբի էր Ատլանտիկ Սիթիում՝ Նյու Ջերսիում տեղի ունեցող նախնական համաժողովին Բրետտոն Վուդսի համաժողովի համար սևագրային առաջարկներ մշակելու համար փորձագետներ ուղարկելու մասնակցության հրավեր արել։ Ատլանտիկ Սիթիի համաժողովը կայացավ 1944թ․ հունիսի 15-30-ին։
Բրետտոն Վուդսի համաժողովը 3 հիմնական արդյունքներ ունեցավ․ (1) Համաձայնագրի հոդվածները Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ստեղծման մասին, որի նպատակը փոխարժեքի մակարդակի և ֆինանսական հոսքերի կայունության խթանումն էր։ (2) Համաձայնագրի հոդվածները Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ստեղծման մասին, որի նպատակն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերակառուցման արագացմանը ու տնտեսական զարգացմանը խթան հաղորդելն էր, հատկապես ենթակառուցվածքների կառուցման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու ուղով։ (3) Միջազգային տնտեսական համագործակցության համար այլ առաջարկություններ։ Համաժողովի վերջնական ակտը միաձուլեց նշված համաձայնագրերն ու առաջարկությունները։
Վերջնական ակտում համաժողովի մասնակիցների և համաշխարհային տնտեսության հետագա գործունեության համար ամենակարևոր մասը ԱՄՀ համաձայնագիրն էր։ Վերջինիս հիմնական դրույթներն էին․
Բրետտոն Վուդսի համաժողովի հիմքում ընկած կառուցողական գաղափարը բաց շուկաների հասկացողությունն էր։ Իր եզրափակիչ դիտարկումների ժամանակ համաժողովի նախագահը՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Հենրի Մորգենթհաուն, նշեց, որ ԱՄՀ-ի և ՎԶՄԲ-ի ստեղծումը նշանավորում է տնտեսական նացիոնալիզմի ավարտը։ Սա նշանակում էր, որ երկրները պահպանելու էին իրենց ազգային շահերը, բայց առևտրային բլոկներն ու ազդեցության տնտեսական ոլորտներն այլևս իրենց միջոց չէին ծառայելու։ Բրետտոն Վուդսի համաժողովի հիմքում ընկած երկրորդ գաղափարը Արևմտյան քաղաքատնտեսական կարգի համատեղ կառավարումն էր, որը նշանակում էր, որ ամենաառաջընթաց արդյունաբերական ժողովրդավարական պետությունները, ի հավելում համակարգը կառավարելու իրենց պատասխանատվությանը, պետք է կրճատեն առևտրին ու կապիտալի շարժին խոչընդոտող հանգամանքները։
Բրետտոն Վուդսի համաժողովի բարձրագույն մարմինը լիագումար նիստն էր, որը կայանում էր համաժողովի միայն առաջին և վերջին օրերին և հիմնականում գոյություն ուներ ավելի ցածր մարմինների կողմից ստացված որոշումներն ընդունելու համար[7]։
Համաժողովն իր գլխավոր աշխատանքը կազմակերպել էր երեք հանձնաժողովների միջոցով։ Հանձնաժողով I գործ ուներ ԱՄՀ-ի հետ և նախագահվում էր Հարրի Դեքսթեր Ուայթի կողմից, ով ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնականն ու Համաժողովի ամերիկյան կողմի գլխավոր բանակցողն էր։ Հանձնաժողով II գործունեություն առնչվում էր ՎԶՄԲ-ի հետ և նախագահվում էր Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից, ով էլ Բրիտանական Գանձատան կանցլերի տնտեսական գծով խորհրդատուն և Համաժողովի բրիտանական կողմի գլխավոր բանակցողն էր։ Հանձնաժողով III էլ առնչվում էր «միջազգային ֆինանսական համագործակցության այլ միջոցների հետ» և նախագահվում էր Էդուարդո Սուարեսի կողմից, ով Մեքսիկայի Ֆինանսների նախարարն ու մեքսիկական պատվիրակության առաջնորդն էր։ Այն այնպիսի գաղափարների վայր էր, որոնք չէին ընկնում մյուս երկու հանձնաժողովների իրավասության տակ։
Յուրաքանչյուր հանձնաժողով ուներ կոմիտեներ և որոշ կոմիտեներ էլ իրենց հերթին՝ ենթակոմիտեներ։ Համաժողովի յուրաքանչյուր երկիր հանձնաժողովի և մշտական կոմիտեների բոլոր հանդիպումներին պատվիրակներ էր ուղարկելու, իսկ մյուս կոմիտեներն ու ենթակոմիտեները սահմանափակել էին անդամակացությունը՝ նրանց առավել արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ Բացի առաջարկների վերջնական ընդունումը կամ մերժումը գրանցելուց, համաժողովի գործունեությունը ընդհանուր առմամբ ավելի շատ ընթանում էր բանակցության և ոչ ֆորմալ կոնսենսուսի, քան թե ֆորմալ քվեարկության ճանապարհով։ Երբ քվեարկություն էր տեղի ունենում, ամեն մի երկիր ուներ մի ձայն։
Համաժողովի գլխավոր նպատակը ԱՄՀ-ի շուրջ համաձայնության գալն էր։ Առկա էր բավարար կոնսենսուս, որպեսզի համաժողովը ունակ լիներ համաձայնության գալ նաև ՎԶՄԲ-ի շուրջ։ Սա պահանջում էր երկարացնել համաժողովի տևողությունը՝ դրա սկզբնական փակման ամսաթիվը 1944թ․ հուլիսի 19-ից 22-ը տեղափոխելով։
Քանի որ ԱՄՆ-ը այդ ժամանակ աշխարհի ամենամեծ տնտեսությունն էր և ԱՄՀ-ի ու ՎԶՄԲ-ի ֆոնդերի հիմնական հեռանկարային աղբյուրը, ԱՄՆ-ի պատվիրակությունը ամենամեծ ազդեցությունն ուներ Բրետտոն Վուդսում ընդունված առաջարկների վրա։
Միջազգային հաշվարկների բանկը (ՄՀԲ) դարձավ քննարկման առարկա այն ժամանակ, երբ Նորվեգիայի պատվիրակությունը ապացույց առաջ քաշեց առ այն, որ ՄՀԲ-ն ներգրավված էր պատերազմական հանցագործությունների մեջ։
ՄՀԲ-ն, որը հիմնադրվել է 1930թ․, նախապես հիմնականում կոչված էր ապահովել Առաջին համաշխարհային պատերազմը եզրափակող հաշտության պայմանագրերից բխող ֆինանսական պարտավորությունների կատարման հեշտացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այն գերմանացիներին հնարավորություն տվեց զավթած երկրներից տեղափոխել իրենց ակտիվները։ Դեռ ավելին, երբ ԱՄՀ-ն մոտ էր հիմնադրվելուն, ՄՀԲ-ն կարծես ավելորդ էր։ Բրետտոն Վուդսի համաժողովի Հանձնաժողով III հետևաբար քննարկման ընդունեց «ավելի վաղ հնարավոր ժամկետներում Միջազգային հաշվարկների բանկը լուծարելու» շուրջ արված Նորվեգիայի առաջարկությունը[8]։ Վերջինս Հանձնաժողով III ընդունեց առանց որևէ առարկության[9] և այն ընդունվեց որպես Համաժողովի Վերջնական ակտի բաղկացուցիչ մաս։
ՄՀԲ-ի լուծարման շարժիչ ուժը ցնդեց այն ժամանակ, երբ 1945թ․ մահացավ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Նրան հաջորդող Հարրի Ս․ Թրումանի ղեկավարության ներքո ՄՀԲ-ի համար վճռորոշիչ դեր ունեցող ԱՄՆ բարձրագույն պաշտոնյաները լքեցին իրենց պաշտոնները, և 1948թ․ լուծարման գործընթացը մի կողմ դրվեց[10]։
Հետպատերազմյան Արևմտյան տնտեսական կարգի անհրաժեշտության հարցը լուծվեց 1944թ․ Բրետտոն Վուդսի համաժողովի ժամանակ արժութային կարգի ու առևտրի բաց համակարգի վերաբերյալ կնքված համաձայնագրերով։ Դրանք թույլ տվեցին սինթեզել Բրիտանիայի լրիվ զբաղվածություն և տնտեսական կայունություն ունենալու ցանկությունը, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ ազատ առևտրի ցանկությունը։ Բրետտոն Վուդսի ֆիքսված փոխարժեքի համակարգը գոյատևեց մինչև վաղ 1970-ական թթ․։
Բրետտոն Վուդսի համաժողովը մասնակից կառավարություններին առաջարկեց համաձայնության գալ միջազգային առևտրին խոչընդոտող գործոնների կրճատման շուրջ[11]։ Այդ առաջարկությունն ավելի ուշ իր մարմնավորումը գտավ Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեջ, որի նպատակը միջազգային առևտրի կանոնների ու կարգավորումների ձևակերպումն էր։ ԱՄԿ-ն պիտի փոխլրացներ ԱՄՀ-ին և ՎԶՄԲ-ին։ ԱՄԿ -ի կանոնադրությունը ընդունվեց Առևտրի և Զբաղվածության ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ (տեղի է ունեցել Հավանայում՝ Կուբայում՝ 1948թ․ մարտին), բայց այն ԱՄՆ Սենատի կողմից վավերացված չէր։ Արդյունքում՝ ԱՄԿ-ն երբեք էլ երևան չեկավ։ Իր հերթին ավելի քիչ ամբիցիոզ Սակագների և առևտրի վերաբերյալ գլխավոր համաձայնագիրն (ՍԱԳՀ) ընդունվեց։ Այնուամենայնիվ 1955թ․ ՍԱԳՀ բանակցությունների Ուրուգվայում տեղի ունեցած շրջանը ստեղծեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ որպես ՍԱԳՀ-ին փոխարինող մարմին։ ՍԱԳՀ-ի սկզբունքներն ու համաձայնագրերը որդեգրվեցին ԱՀԿ-ի կողմից, որն էլ ստանձնեց դրանց ղեկավարումն ու ընդլայնումը։
Միջազգային քլիրինգային միություն (ՄՔՄ) հիմնադրելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից 1941թ․՝ որպես առևտրային հաշվեկշռի կարգավորման ուղի։ Նրա մտահոգությունն այն էր, որ առևտրի պակասուրդ ունեցող երկրները անկարող էին լինելու դրանից դուրս գալ` իրենց երբևէ առավել մեծ պարտքի սպասարկման գծով ավելի շատ տոկոսներ վճարելով, և հետևաբար գլոբալ աճը զսպելով։ ՄՔՄ-ն կարող էր արդյունավետ կերպով բանկ լինել իր իսկ սեփական արժույթով (բանքոր), որը ֆիքսված դրույքով փոխարկելի էր լինելու ազգային արժույթների հետ։ Այն պետությունների միջև հաշվարկման միավոր էր հանդիսանալու, և նրանց առևտրի պակասուրդներն ու հավելուրդները չափվելու էին դրանով։
Այս ամենից զատ, յուրաքանչյուր երկիր ՄՔՄ «բանքորային» հաշիվների վրա օվերդրաֆթի գիծ էր ունենալու։ Քեյնսն առաջարկեց հինգ տարիների համախառն առևտրի միջին ծավալի կեսի չափով օվերդրաֆթի մաքսիմում գիծն սահմանել։ Եթե երկիրը դրանից վերև բարձրանար, ապա նրա նկատմամբ տոկոսներ կկիրառվեին, որն էլ երկրին կպարտավորեցներ նվազեցնել իր արժույթի արժեքը և խոչընդոտել կապիտալի արտահանումը։ Բայց առևտրի հավելուրդ ունեցող երկրները նույնպես 10%-ի չափով տոկոսներ էին վճարելու, եթե նրանց հավելուրդը լիներ ավելին քան թույլատրված օվերդրաֆթի ծավալի կեսից ավելին, և պարտավորվելու էին բարձրացնել իրենց արժույթի արժեքը և ավելի շատ կապիտալ արտահանել։ Եթե տարվա վերջում նրանց վարկի գումարը գերազանցում էր առավելագույն սահմանը (հավելուրդի գծով օվերդրաֆթի ծավալի կեսը), հավելուրդը պիտի առգրավվեր։
Լիոնել Ռոբբինսը հաղորդում էր, որ «դժվար կլիներ կառավարչական համապատասխան ողջ ապարատի մտածողության վրա չափազանցնել էլեկտրացնող ազդեցությունը ․․․ նման մտացածին և ամբիցիոզ բան երբևէ չէր քննարկվել»։ Այնուամենայնիվ Հարրի Դեքսթեր Ուայթը, ով ներկայացնում էր ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենամեծ վարկատուին, ասում էր, որ․ «Մենք բացարձակապես անդրդվելի էինք այդ առումով։ Մենք բռնել էինք բացարձակ ոչի դիրքը»։
Փոխարենն Ուայթն առաջարկեց ձևավորել Միջազգային կայունացման հիմնադրամը, որն առևտրային հաշվեկշռի հավասարակշռությունը պահպանելու բեռը կգցեր պակասուրդ ունեցող երկրների վրա և ոչ մի սահմանափակում չէր կիրառի այն հավելուրդի նկատմամբ, որը հարուստ երկրները կարող էին կուտակել։ Ուայթը նաև առաջարկում էր ստեղծել ՎԶՄԲ (ներկայումս Համաշխարհային բանկի մաս), որը պատերազմից հետո տնտեսական վերակառուցման համար կապիտալ էր մատակարարելու։ ԱՄՀ-ը, ինչպես համաձայնեցվել էր Բրետտոն Վուդսում, ավելի մոտ էր Ուայթի, քան Քեյնսի առաջարկին։
Պետություն |
Պատվիրակության անդամներ |
---|---|
Ավստրալիա | Լեսլի Մելվիլլ, Ֆրեդերիկ Վիլլեր, Արթուր Տանգ |
Բելգիա | Կամիլ Գաթ, Ջորջ Թյունիս, Ռենե Բյոլ |
Բոլիվիա | Ռենե Բալիվիան Կալդերոն |
Բրազիլիա | Արթուր սե Սուզա Կոստա, Ֆրանսիսկո Ալվես դոս Սանտոս Ֆիլո, Ռոբերտո դե Օլիվիերա Կամպոս |
Բրիտանական Հնդկաստան | Ջերեմի Ռայսման, Ս․ Դ․ Դեշմուք, Ռ․ Կ․ Շանմուքամ Չեթթի |
Կանադա | Ջեյմս Լորիմեր Իլսլի, Լուիս Սանտ Լոուրենտ, Դուգլաս Աբբոթթ և Լիոնել Չեվրիեր |
Չիլի | Լուիս Ալամոս Բարրոս |
Թայվան | Հ․ Հ․ Կունգ, Ցիանգ Տինգֆու, Կուո Պինգ-Վեն |
Կոլումբիա | Կառլոս Լլերաս Ռեստրեպո, Միգել Լոպես Պումարեյո |
Կոստա Ռիկա | Ֆրանսիսկո դե Պաուլա Գուտիերեշ Ռոս |
Կուբա | Էդուարդո Ի․ Մոնթելյու |
Չեխոսլովակիա | Լադիսլավ Ֆեյերաբենդ (cs) |
Դոմինիկյան Հանրապետություն | Անսելմո Կոպելլո |
Էկվադոր | Էստեբան Ֆ․ Կարբո |
Եգիպտոս | Սանի Լաքանի Բեյ |
Սալվադոր | Ագուստին Ալֆարո Մորան |
Եթովպիա | Էֆռեմ Թիվելդե Մեդհեն |
Ֆրանսիա | Պիեռ Մենդես Ֆրանս |
Հունաստան | Կիրիակոս Վարվարեսսոս |
Գվատեմալա | Մանուել Նորիեգա Մորալես |
Հայիթի | Անդրե Լիոթաուդ |
Հոնդուրաս | Ջուլիան Ռ․ Կասերես |
Իսլանդիա | Մագնուս Սիգուրոսսոն |
Իրան | Աբուլ Հասսան Էբտեհաջ |
Իրաք | Իբրահիմ Կամալ |
Լիբերիա | Վիլյամ Ե․ Դենիս, Սըր |
Լյուքսեմբուրգ | Հյուգոս լե Գալեյս |
Մեքսիկա | Էդուարդո Սուարես, Վիկտոր Ուրքուիդի |
Նիդերլանդներ | Ջոհան Վիլլեմ Բեյեն |
Նոր Զելանդիա | Վալտեր Նեշ, Էդվարդ Կոլդհամ Ֆյուսել |
Նիկարագուա | Գիլլերմո Սեվիլլա Սակասա |
Նորվեգիա | Վիլհելմ Քեյլհաու |
Պանամա | Աուգուստո Գիլլերմո Արանգո |
Պարագվայ | Չելսո Ռ․ Վելասկես |
Պերու | Պեդրո Բելտրան Էսպանտոսո |
Ֆիլիպիններ | Անդրես Սորիանո |
Լեհաստան | Լյուդվիկ Գրոսֆելդ |
Հարավային Աֆրիկա | Ս․ Ֆրանկ Ն․ Ջի |
ԽՍՀՄ | Միխայիլ Ստեփանովիչ Ստեփանով |
Միացյալ Թագավորություն | Ջոն Մեյնարդ Քեյնս |
ԱՄՆ | Հենրի Մորգենթհաու Ջունիոր, Ֆրեդ Վինսոն, Դին Աչեսոն, Հարրի Դեքսթեր Ուայթ |
Ուրուգվայ | Մարիո լա Գամմա Աչեվեդո |
Վենեսուելա | Ռոդոլֆո Ռոխաս |
Հարավսլավիա | Վլադիմիր Ռիբար |
Բրետտոն Վուդսում ԱՄՀ-ի և ՎԶՄԲ-ի շուրջ կնքված Համաձայնագրի հոդվածները ուժի մեջ չմտան մինչև որ դրանք չվավերացվեցին առնվազն 80 % կապիտալ մասնակցություն ունեցող (քվոտաներ) երկրների կողմից։ Շեմը հաղթահարվեց 1945թ․ դեկտեմբերի 27-ին։
Այդ կառույցները պաշտոնապես սկզբնավորվեցին 1946թ․ մարտի 8-18-ը Սավաննայում՝ Ջորջիայում, տեղի ունեցած բացման արարողության ժամանակ[13]։ Հատկանշապես Սավաննայում բացակա էր ԽՍՀՄ-ը, որը չնայած ստորագրել էր Բրետտոն Վուդսի Վերջնական ակտը, սակայն չէր վավերացրել։ ԽՍՀՄ-ը երբեք չմիացավ ԱՄՀ-ին և ՎԶՄԲ-ին, սակայն նրան հաջորդող Ռուսաստանի Դաշնությունը դա արեց 1992թ․-ին։ Նմանապես Ավստրալիան և Նոր Զելանդիան էլ էին պաշտոնապես բացակա Սավաննայի համաժողովից (Ավստրալիան դիտորդներ էր ուղարկել), սակայն ավելի ուշ նրանք միացան ԱՄՀ-ին և ՎԶՄԲ-ին։
Երկու միջազգային կազմակերպությունների հիմնադրման հաջողության շնորհիվ, որոնք երկար ու ազդեցիկ կյանք ունեցան, Բրետտոն Վուդսի համաժողովը երբեմն մեջբերվում է որպես կրկնօրինակման արժանի օրինակ։ Մասնավորապես՝ վաղ 1970-ական թթ․ Բրետտոն Վուդսում համաձայնեցված ֆիքսված փոխարժեքի համակարգի ոչնչացումից ի վեր մի շարք կոչեր են արվել «Նոր Բրետտոն Վուդս» ունենալու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.