Ֆիլիպ Ռոթ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Միլթոն Ռոթ (անգլ.՝ Philip Milton Roth, մարտի 19, 1933(1933-03-19)[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 22, 2018(2018-05-22)[6][2][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][18]), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։
Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[19]։
Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[20]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[21], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի WH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք։ 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[22], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[23][24][25]։