Օգոստինոս Երանելի
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Օգոստինոս Երանելի (նոյեմբերի 13, 354, Թագաստե, Numidia Cirtensis, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 28, 430[1], Հիպո Ռեգուիս, Numidia Cirtensis, Արևմտյան Հռոմեական կայսրություն)[6], լատին․՝ Aurelius Augustinus Hipponensis, աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական աստվածաբան և փիլիսոփա Նումիդիայից, ում գրվածքները ազդել են արևմտյան քրիստոնեության և արևմտյան փիլիսոփայության զարգացման վրա։ Նա եղել է եպիսկոպոս հյուսիսային Աֆրիկայում և համարվել արևմտյան քրիստոնեական եկեղեցու ամենաազդեցիկ հայրերից՝ շնորհիվ իր պատրիարքիական շրջանում գրված աշխատությունների։ Դրանցից առավել արժեքավոր գործեր են Աստծու քաղաքը, Քրիստոնեական ուսմունքի մասին և Խոստովանությունները։
Օգոստինոս Երանելի Augustinus Sanctus | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 354 |
Ծննդավայր | Թագաստե, Numidia Cirtensis, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 28, 430[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հիպո Ռեգուիս, Numidia Cirtensis, Արևմտյան Հռոմեական կայսրություն |
Գերեզման | San Pietro in Ciel d'Oro |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և Մանիքեություն[3] |
Ազդվել է | Ամբրոսիոս Մեդիոլանցի |
Երկեր | Խոստովանություններ, Աստծո քաղաքը և Երրորդության մասին |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, ինքնակենսագիր, երաժշտության տեսաբան, քարոզիչ, պատմաբան, բանաստեղծ, քրիստոնյա քահանա, գրող, կաթոլիկ քահանա, տիտղոսավոր եպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնողներ | հայր՝ Պատրիսիուս[4], մայր՝ Մոնիկա[5] |
Զբաղեցրած պաշտոններ | թեմի հովվապետ |
Երեխաներ | Ադեոդատուս |
Augustinus Վիքիպահեստում |
Ըստ իր ժամանակակից Հիերոնիմոսի՝ Օգոստինոսը նորովի հաստատեց հին հավատքը[7]։ Երիտասարդ տարիքում նա հարել է մանիքեականությանը, իսկ ավելի ուշ՝ նեոպլատոնիզմին։ 386թ․-ին, երբ Օգոստինոսը կնքվում է որպես քրիստոնյա, հանձն է առնում մշակել և զարգացնել իր սեփական մոտեցումը փիլիսոփայության և աստվածաբանության մեջ՝ տարբեր մեթոդների և հեռանկարների տեսքով[8]։ Հավատալով, որ Քրիստոսի շնորհը անհրաժեշտ է մարդկային ազատությանը՝ նա օգնում է ձևակերպել ադամական մեղքի մասին ուսմունքը և կատարել ներդրումներ արդարացի պատերազմի տեսության զարգացման մեջ։ Երբ Արևմտյան Հռոմեական կայսրությունը սկսեց անկում ապրել, Օգոստինոսը պատկերացրեց եկեղեցին որպես Աստծու հոգևոր քաղաք՝ տարբեր նյութական երկրային քաղաքից[9]։ Նրա մտքերը խորապես ազդել են միջնադարյան աշխարհայացքի վրա։ Եկեղեցու՝ Երրորդությանը հավատարիմ լինելը, որը սահմանվել է Նիկեայի և Կոստանդնոպոլսի ժողովներին[10], հստակ արտացոլված է Օգոստինոսի Երրորդության մասին գրքում։
Օգոստինոսը որպես սուրբ է ընդունվում Կաթոլիկ եկեղեցում, Արևելյան քրիստոնեական եկեղեցում և Անգլիկան համայնքում, ինչպես նաև համարվում է եկեղեցու նշանավոր վարդապետ։ Նա նաև Օգոստինյանների հովանավորն է։ Նրա հիշատակի օրը նշվում է օգոստոսի 28-ին՝ իր մահվան օրը։ Համարվում է գարեջրագործների, տպագրիչների, աստվածաբանների, տարբեր քաղաքների և թեմերի սուրբ հովանավորը[11]։ Շատ բողոքականներ, հատկապես կալվինականները և լյութերականները, նրան համարում են բողոքական բարենորոգչության աստվածաբան հայրերից մեկը` շնորհիվ իր՝ փրկության և աստվածային շնորհի մասին ուսմունքների[12][13][14]։ Բողոքական ռեֆորմիստները գլխավորապես և Մարտին Լյութերը մասնավորապես, համարում էին Օգոստինոսին վաղ եկեղեցու նշանավոր հայրերից։ Լյութերն ինքը 1505-1521թթ․ եղել է Օգոստինյան ճգնավորների ուխտի անդամ։
Արևելքում նրա ուսմունքը առավել վիճելի է․ հատկապես քննադատվել է Ջոն Ռոմանիդեսի կողմից[15]։ Բայց Արևելյան Ուղղափառ եկեղեցու մյուս աստվածաբանները և ներկայացուցիչները՝ հատկապես Գեորգի Ֆլորովսկին[16], ցույց են տվել նրա աշխատությունների նշանակալից լինելը։ Նրա անվան հետ ասոցացվող ամենավիճահարույց վարդապետությունը՝ ֆիլիոքվեն[17], մերժվեց Ուղղափառ եկեղեցու կողմից[18]։ Մյուս վիճելի ուսմունքները ներառում են նրա՝ ադամական մեղքի, շնորհի վարդապետության և նախասահմանության վերաբերյալ մոտեցումները[17]։ Այնուամենայնիվ, չնայած նրան համարում են սխալ որոշ հարցերում, նա դեռ համարվում է սուրբ և նույնիսկ ունեցել է ազդեցություն Արևելյան եկեղեցու որոշ հայրերի վրա՝ գլխավորապես սուրբ Գրեգորի Պալամասի[19]։ Ուղղափառ եկեղեցում նրա օրը տոնվում է հունիսի 15-ին[17][20]։ Պատմաբան Դ․ ՄաքՔուլոխը գրել է․ «Օգոստինոսի ազդեցությունը Արևմտյան քրիստոնեական մտածողության վրա դժվար թե գերագնահատված լինի․ միայն իր սիրելի օրինակը Տարսոնցի Պողոսի մասին եղել է այնքան ազդեցիկ, որ արևմուտքում Պողոսին տեսնում են գլխավորապես Օգոստինոսի աչքերով»[21]։