Քեմալական շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի ազգային շարժում (թուրքերեն՝ Türk Ulusal Hareketi), Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանրապետությունը[1]։ Իրականում Քեմալական շարժումը ազգայնամոլական ցեղապաշտական ուղղվածությամբ հետադիմական շարժում էր՝ ուղղված Թուրքիայի տիրապետության պահպանմանը ճնշված ենթակա ժողովուրդների և նրանց տարածքների նկատմամբ, իսկ նրանց դիմադրության դեպքում՝ ընդհուպ մինչև այդ ժողովուրդների մասնակի կամ ամբողջական բնաջնջումը։
Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին իրենց միջև բաժանել Օսմանյան կայսրության իրենց կողմից գրավված տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։
Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին։