Տաճարականների միաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետներ կամ Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություն (լատին․՝ Pauperes commilitones Christi Templique Salomonici; ֆր.՝ Ordre du Temple կամ Templiers), նաև Տամպլիերներ (ֆր.՝ templiers «թեմփլ», տաճար, «տաճարականներ»[1]), կաթոլիկական ռազմավանական[1] (հոգևոր-ասպետական) միաբանություն է, որը հիմնվել է Սուրբ Երկրում Առաջին խաչակրաց արշավանքից հետո, 1119 թվականին, ասպետների սակավաթիվ խմբով՝ Հյուգո դը Պեյնի գլխավորությամբ[2]։ Հիվանդախնամների միաբանության հետ միասին համարվում է առաջին կրոնական ռազմական միաբանություններից մեկը։
12-13-րդ դարերում միաբանությունը բավականին հարուստ էր. նրան էին պատկանում ընդարձակ հողատարածքները ինչպես Պաղեստինի և Սիրիայի տարածքներում, այնպես էլ Եվրոպայում։ Միաբանությունն ուներ նաև եկեղեցական և իրավաբանական արտոնություններ` շնորհված Հռոմի պապի կողմից, ում անվերապահորեն ենթարկվում էր, ինչպես նաև միապետների կողմից, ում հողերում միաբանությունն ուներ հողեր և անշարժ գույք։ Միաբանությունը հաճախ իրականացնում էր Արևելքում խաչակիրների կողմից ստեղծված պետությունների ռազմական պաշտպանության գործառնություն, թեև միաբանության առաջնային նպատակը, ինչպես հռչակվել էր հիմնադրման պահին, համարվում էր ուխտագնացների պաշտպանությունը Սուրբ Հողում[1]։
Սակայն 1291 թվականին խաչակիրները վտարվեցին Պաղեստինից եգիպտական սուլթան Խալիլ ալ-Աշրաֆի կողմից, իսկ տամպլիերներն սկսեցին զբաղվել վաշխառությամբ և առևտրով, կուտակեցին զգալի հարստություն և հայտնվեցին դժվար գույքային հարաբերությունների մեջ պապի և եվրոպական պետությունների թագավորների հետ[1]։
1307-1314 թթ. միաբանության անդամները ենթարկվեցին ձերբակալությունների, կտտանքների և մահապատիժների ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV-ի, խոշոր ֆեոդալների և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից, ինչի հետևանքով միաբանությունը լուծարվեց Կլիմենտ V պապի կողմից 1312 թվականին[1]։
Միաբանության համբավի պատճառով պատմագրության մեջ առկա է նրանց հետևորդների թվաքանակի չափազանցության միտումը։ Վիլկեն համարում էր, որ միաբանությունում կար մոտավորապես 15 000 ասպետ (այս թիվը ներկայացված է նաև «Աթեիստական բառարանում»[1]), իսկ Ցեկլերը ներկայացնում է ասպետների 20 000 թվաքանակ, Մալյար դը Շամբյուրը՝ 30 000 ասպետ։ Այս բոլոր թվերն այնքան էլ մեծ չեն և չեն համապատասխանում ասպետների թվաքանակի հետ, որոնք մասնակցել են միաբանության դեմ Ֆիլիպ IV-ի պատերազմին։ Ֆրանսիայում ձերբակալվել է 538 ասպետ, Կիպրոսում` 75, Մայորկայում կռվել են 25 ասպետ, և բոլորը պարտության են մատնվել։ Թե' Կիպրոսը, թե' Մայորկան և թե' Ֆրանսիան եղել են միաբանության ուղղորդողները։ Ակնհայտ է, որ պատմաբանները Միաբանության աշխատողներին, ծառաներին և զինակիրներին ներառում են ասպետների թվաքանակի մեջ։