հայ-իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Մաքսիմի Վայներ (եբրայերեն՝ ויליאם ויינר, անգլ.՝ William Weiner, նոյեմբերի 25, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ-իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2008)[1][2][3], Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ (2013)[4], Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ (1994)[1][2][5], Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն (2018)։
Վիլյամ Վայներ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1955 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան, Իսրայել և Ռուսաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ, մանկավարժ |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Գործունեություն | 1974-ից առ այսօր |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Վիլյամ Վայները ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում, հրեաների ընտանիքում։ Սովորել է շնորհալի երեխաների համար նախատեսված Չայկովսկու անվան տասնամյա դպրոցում (1963-1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցությամբ՝ սովորելով ջութակի դասարանում՝ պրոֆեսոր Ժան Տեր-Մերկերյանի (1974-1979) մոտ[1]։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է որպես ջութակահար, ապա մշտական հեղինակ-կոմպոզիտոր Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի հետ[1][2]։
Միաժամանակ Վիլյամ Վայներն ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ (1979-1992). վարել է ջութակի դասարան Երևանի մանկական երաժշտական դպրոցներում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։ Զուգահեռաբար ավելի քան 12 տարի (1977-1989) երգել է Երևանի օպերային թատրոնի Տղամարդկանց կամերային երգչախմբում, որի հետ ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Նրա անձնական համագործակցությամբ ու մասնակցությամբ հայկական երաժշտության պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել սկավառակ Կոմիտասի՝ տղամարդկանց երգչախմբի եռաձայն պատարագի օրիգինալ ձայնագրությամբ, որ թողարկվել է «Мелодия» ընկերության կողմից (1989)[6]։
Վիլյամ Վայները հեղինակ է սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների։ Նա ստեղծել է հրեական նվագախմբային ստեղծագործությունների շարք[7][8], որ ներկայացվել են երեք հեղինակային ալբոմներում («Exodus»[9], «Երազանք» և «Իմ ժողովուրդը») (1997-2009)[1][3][10]։ Նրա երաժշտությունը ներկայում կատարվում է հայտնի երաժիշտների կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում[7][11][12], Վրաստանում[8][13], Ռուսաստանում[14][15], Իսրայելում[16] և Գերմանիայում[17][18]։ Հայաստանի մշակույթի նախարարության պետպատվերով հրատարակվել է կոմպոզիտորի «Դաշնամուրային պիեսներ "in C"» (ISBN 978-9939-50-176-5, 2011) նոտաների ժողովածուն[12][19][20], որն արդեն դարձել է Եվրոպայի առաջատար երաժշտական ակադեմիաների գրադարանների մաս[21][22][23][24]։
Վիլյամ Վայները ծավալել է նաև նշանակալի հասարակական գործունեություն։ Նա եղել է հրեական շարժման առաջնորդներից մեկը 1970-ական թվականներից և մասնակցել Հայաստանի հրեական համայնքի հիմնադրմանը[4]։ Հայկական պետականության անկախության կայացման ամենածանր տարիներին (1992-1995) Վիլյամ Վայները եղել է համայնքի ղեկավարը[25]։ 1994 թվականին նրա կողմից հիմնադրվել է «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը[5]։ Մինչ օրս նրա գլխավորությամբ անցկացվում են բազմաթիվ փառատոններ, համերգներ ու մշակութային միջոցառումներ[25]։
Երկրի մշակույթի բնագավառում ունեցած իր բազմամյա ներդրումների համար կոմպոզիտորին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2008)[3]։ Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առթիվ երկրի դասական երաժշտական մշակույթում ունցած ներդրման, ինչպես նաև հանդուրժողականության սկզբունքների քարոզման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Վայներին շնորհվել է պատվոգիր Հայաստանի մշակույթի նախարարության կողմից (2011)[12]։ 2013 թվականից Վիլյամ Վայներն Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է[4]։ Երկրի դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ասպարեզներում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ մաեստրո Վիլլի Վայները պարգևատրվել է ՀՀ Մաշակույթի նախարարության Ոսկե մեդալով (2015)։
1927 թվականին Վիլյամ Վայների հոր՝ Մաքսիմ Զեյլիկի Վայների ընտանիքը հայրենի Ումանից տեղափոխվել է Ամերիկա, սակայն ավելի ուշ բնակություն է հաստատել Հոլանդիայում՝ Ռոտերդամի մոտ գտնվող Շխիդամ քաղաքում, որտեղ նրանք ապրել են տասներեք տարի։ Գերմանական օկուպացիայի տարիներին (1941—1945) հրեաների ճակատագրին նվիրված «Ստվերներ Շխիդամի վրա 2» («Schaduwen over Schiedam 2» ISBN 9070450259, 1996) գրքում, որ հրատարակվել է հոլանդական մունիցիպալ արխիվների նյութերի հիման վրա, կա մի ամբողջ գլուխ «Վայներ ընտանիքը», որում մանրամասն նկարագրվում է նրանց արտաքսման ողբերգական պատմությունը։ Վայներները առաջին անգամ Հայաստանում հայտնվել են 1941 թվականին։ Բեռլինի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարից խորհրդային անձնագրերի շնորհիվ նրանք, հայտնի «Հատուկ էշելոնով» անցնելով ողջ Եվրոպայի տարածքով, հասել են Լենինական (ներկայում՝ Գյումրի)։ Լենինականը եղել է վերջին կետը, որտեղ Արևմտյան Եվրոպայում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին փոխանակել են Խորհրդային Միությունում աշխատած գերմանացի դիվանագետների հետ։ Այդ փոխանակման հրեշավոր դեպքերը նկարագրվել են Վալենտին Բերեժկովի «Դիվանագիտական առաքելությամբ դեպի Բեռլին 1940-1941» (1966) գրքում։ Երկու ամիս Երևանի հավաքատեղում մնալուն հաջորդել է «քաղաքական տեսանկյունից անվստահելի» անձանց արտաքսումը Հյուսիսային Ղազախստան (1941-1946)։ Ընտանիքը Հայաստանից հեռացել է առանց հոր (կոմպոզիտորի պապի՝ Զեյլիկ Վայների), որն շտապ տեղավորվել է հիվանդանոցում ստամոքսի խոցի ծակվելու պատճառով։ 1946 թվականի աշնանը Վիլյամ Վայների տատը՝ Միրիամ Այզիկի Վայները (Չերվոնայա) չորս երեխաների հետ (Մաքսիմ, Կլարա, Բրոնյա և Լիդա) մեկնելու իրավունք է ստացել և վերադարձել Երևան՝ հույս ունենալով գտնել ամուսնուն, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել չի հաջողվել։
Վիլյամ Վայների մայրը՝ Իդա Երուսալիմսկայան, ծնողների՝ Միրիամ Երուսալիմսկայայի (Վյազովսկայա) և Մարկ Երուսալիմսկու (Մորդխա-Մոյշե Վոլկովիչ) հետ 1941 թվականին հայրենի Չերկասիից տարհանվել է Կիրգիզիա, և միայն 1944 թվականին են նրանք վերադարձել տուն։ 1953 թվականին Իդա Մարկովնան ավարտել է Կիևի պետական համալսարանը և ընկերների հրավերով մեկնել Երևան, որտեղ էլ ծանոթացել է Մաքսիմ Վայների հետ։ Երկու տարի անց ծնվել է նրանց որդին՝ Վիլյամը։
Մաքսիմ և Իդա Վայներներն իրենց երեխաների՝ Վիլյամի, Զինաիդայի ու Մարինայի հետ ապրել են Երևանում ավելի քան 40 տարի։ 1993 թվականի նոյեմբերին նրանք բոլորը թոռների հետ միասին տեղափոխվել են Իսրայել, որտեղ բնակություն են հաստատել Աքքա քաղաքում։ Հետագայում Վիլյամ Վայները շարունակել է ապրել ու աշխատել Երևանում։
Դաշնամուրային պիեսներ "in C" (2009-2011)
CD
DVD
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.