From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (ուկրաիներեն՝ Василь Олександрович Сухомлинський, սեպտեմբերի 28, 1918[1][2], Վասիլևկա, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն - սեպտեմբերի 2, 1970[1][2], Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1968), մանկավարժական գիտությունների թեկնածու (1955), ՈւԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)։
Վասիլի Սուխոմլինսկի ուկրաիներեն՝ Василь Олександрович Сухомлинський | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1918[1][2] Վասիլևկա, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1970[1][2] (51 տարեկան) Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցիչ, գրող, լրագրող, մանկավարժ, հրապարակախոս և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն[3], հրապարակախոսություն[3], բելետրիստիկա[3] և պոեզիա[3] |
Պաշտոն(ներ) | Դասղեկ |
Ալմա մատեր | Պոլտավայի ազգային մանկավարժական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ուկրաիներեն[3] և ռուսերեն[3] |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Vasyl Sukhomlynsky Վիքիպահեստում |
Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ համակարգ, որի կենտրոնում երեխան է, և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված են նրա անձի զարգացմանը։
Սոխումլինսկին գրել է 400-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 44 գիրք, դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Զրույց դպրոցի երիտասարդ դիրեկտորի հետ», «Երեխաների աշխատանքային դաստիարակությունը գյուղական դպրոցում», «Դպրոցականների մեջ կոլեկտիվիզմի դաստիարակումը», «Դպրոցականի հոգևոր աշխարհը», «Միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը», «Աշխատանքը և բարոյական դաստիարակությունը», «Երիտասարդ սերնդի բարոյական իդեալը», «Հավատացե՛ք մարդուն», «Խոհեր մարդու մասին», «Դպրոցի դիրեկտորը՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի ղեկավար», «Մարդն անկրկնելի է», «Դեպի երեխայի սիրտը տանող ճամփան», «Երիտասարդ սերնդի մեջ աշխատանքի նկատմամբ բարոյական ազդակների դաստիարակումը», «Մանկության և պատանեկության բարոյական պատվիրանները», «Հայրենիքը սրտում», «Դժվար ճակատագրեր», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Քաղաքացու ծնունդը»։
Վ. Ա. Սուխոմլինսկու աշխատությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։ Նրա գաղափարներն արդիական են նաև այսօր և ամրագրված են շատ դպրոցների պրակտիկայում։ Ներկայում Սուխոմլինսկու ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվում են Վ. Ա. Սուխոմլինսկու միջազգային ասոցիացիան և Սուխոմլինսկու ժառանգության հետազոտողների միջազգային միությունը։
Վասիլի Սուխոմլինսկին ծնվել է 1918 թվականին, Վասիլևկա գյուղում (այժմ՝ Կիրովոգրադի մարզ), աղքատ ընտանիքում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։
Հայրը՝ Ալեքսանդր Սուխոմլինսկին, նախքան Հոկտեմբերյան հեղափոխությունը գյուղական տնտեսություններում աշխատել է որպես հյուսն։ Խորհրդային շրջանում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել. մասնակցել է սպառողական կոոպերացիայի և կոլտնտեսության ղեկավարմանը, եղել գյուղական թերթի թղթակից, կոլտնտեսության լաբորատորիայի պատասխանատու։
Սուխոմլինսկու մայրը՝ Օքսաննա Ավդեևան, տնային տնտեսուհի էր, կատարում էր դերձակի աշխատանք։ Նրանց ընտանիքում մեծանում էին ևս երեք երեխաներ՝ Իվանը, Սերգեյը և Մելանյան։ Նրանք բոլորն էլ հետագայում դարձան ուսուցիչներ, բոլորն էլ դասավանդում էին մայրենի ուկրաիներեն լեզուն և գրականությունը։
Սուխոմլինսկին սկզբնական կրթությունը ստացել է Վասիլևկա գյուղի յոթնամյա դպրոցում (1926-1933)։
1933 թվականին Սուխոմլինսկին դիմել է Կրեմենչուգի բժշկական տեխնիկում, բայց շուտով թողնելով այն՝ ընդունվել բանֆակ[Ն 1], ժամկետից շուտ այն ավարտելուց հետո՝ մանկավարժական ինստիտուտ։ Ինստիտուտի ցերեկային բաժնում Սուխոմլինսկին սովորել է ընդամենը երկու տարի։
1935 թվականին, երբ 17 տարեկան էր, դարձավ հայրենի գյուղից ոչ հեռու մի տարրական դպրոցի ուսուցիչ։ Այնուհետև փոխադրվեց Պոլտավայի մանկավարժական ինստիտուտ՝ որպես հեռակայող, և այն ավարտեց 1939 թվականին[4]։
1941 թվականին Սուխոմլինսկին՝ որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ։ Կինը՝ Վերա Պետրովնան, ում հետ ամուսանցել էր 1939 թվականին, մնում է ծնողների հետ։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ խորհրդային զինվորներին թաքցնելու, նրանց զենք ու զինամթերք տրամադրելու համար ձերբակալում են նրան և տանջամահ անում։
1942 թվականի հունվարին, Սուխոմլինսկին ծանր վիրավորվել է և միայն հրաշքով փրկվել։ Ուվայի (Ուդմուրտիա) զինվորական հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա խնդրում է իրեն նորից ռազմաճակատ ուղարկել, բայց հանձնաժողովը մերժում է զինվորական ծառայությանը պիտանի ճանաչել։ Ուվայում Սուխոմլինսկուն նշանակում են միջնակարգ դպրոցի տնօրեն։
Իմ այցելության ժամանակ ես հաճախեցի բոլոր դասարանների դասերին, դիտեցի սովորողների աշխատանքը արհեստանոցներում, զրուցեցի դիրեկտորի, ուսուցիչների և դպրոցի այլ աշխատողների, ինչպես նաև աշակերտների հետ։ Դրանից հետո ինձ համար կասկածից վեր է, որ Պավլիշի դպրոցը օրինակ կարող է լինել Լեհաստանի գյուղական դպրոցների համար...[5]:
Պատերազմի ավարտից հետո Սուխոմլիսնկին վերադառնում է հայրենիք և նշանակվում շրջանային ժողկրթբաժնի վարիչ, ապա` 1947 թվականին, Պավլիշի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում մնում մինչև կյանքի վերջը։ Այն ժամանակ դա սովորական, շարքային դպրոց էր, այն էլ համարյա ավերված՝ պատերազմի տարիներին, այն հռչակավոր դարձրեց Սուխոմլինսկին։
Սուխոմլինսկու մանկավարժական փորձը Պավլիշի միջնակարգ դպրոցում զգալի ներդրում էր 20-րդ դարի գյուղական դպրոցի զարգացման գործում։
Շատ հեղինակներ (Մ. Ի. Մուխին, Ե. Յ. Տիտովա և այլք), ուսումնասիրելով Սուխոմլինսկու մանկավարժական ժառանգությունը, ուշադրությունը կենտրոնացնում են նրա մարդասիրական գաղափարների և համընդհանուր մանկավարժական խորհուրդների վրա (մարդասիրական վերաբերմունք աշակերտների նկատմամբ, հետաքրքրասիրության դաստիարակում, ուսումնական և աշխատանքային գործունեության զուգորդում, գեղագիտական և աշխատանքային դաստիարակության միասնություն, անհատական մոտեցում սովորողներին և ուսուցիչներին, մանկավարժական կոլեկտիվի ձևավորում և այլն), բայց ինքը՝ Սուխոմլինսկին, 33 տարի աշխատելով Պավլիշի դպրոցում, իր գլխավոր առաքելությունը համարում էր գյուղական միջավայրում կրթության զարգացումը[6]։
Պավլիշի միջնակարգ դպրոցը պետք է վերանվանվի համալսարան։ Մենք դա ասում ենք ամենայն պատասխանատվությամբ. զարմանքի ու հիացմունքի զգացումն այստեղ համակում է յուրաքանչյուրին, ով գոնե մի քիչ սիրում է երեխաներին, դպրոցը։
Ամենաուժեղ տպավորությունը թողնում է ինքը՝ դպրոցի տնօրեն Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին։
Մեզ դեռ չէր վիճակվել հանդիպելու այդքան հիանալի մանկավարժի՝ բառիս ամենաբարձր և ազնիվ իմաստով ...[7]:
Պավլիշի դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի բազմամյա փորձը շարադրված է հեղինակի «Պավլիշի միջնակարգ դպրոցը» գրքում, որը նա բնութագրում էր որպես «Գյուղական միջնակարգ դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի փորձի ընդհանրացում»։ Այստեղ մանրամասն քննարկվում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը, մանկավարժական կոլեկտիվին, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններին, ինչպես նաև սովորողների ֆիզիկական, բարոյական, մտավոր, աշխատանքային, գեղագիտական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր։
Ըստ Սուխոմլինսկու՝ աշակերտական կոլեկտիվների հաջող ձևավորման, կոլեկտիվների ստեղծագործական գործունեության զարգացման և կատարելագործման, ուսուցիչ-աշակերտ համակարգում ավագ և կրտսեր սերունդների բարեկամության հաստատման, ստեղծագործական ինքնավարության զարգացման վճռական պայման է ծառայում համերաշխ ուսուցչական կոլեկտիվը։ Այն հարցի պատասխանը, թե նա որտեղից էր գտել այնպիսի ուսուցիչներ, որպիսիք Պավլիշի դպրոցում էին, հետևյալն է. Սուխոմլինսկին նրանց տեսնում էր սովորական ուսուցիչների մեջ, աճեցնում ու դաստիարակում նրանց։ Միևնույն ժամանակ՝ ուսուցիչներն իրենք էին Սուխոմլինսկու լավագույն աջակիցն ու հենարանը։ Պավլիշի դպրոցի բոլոր նվաճումները նրա լավագույն ուսուցիչների համատեղ ջանքերի արդյունքն էին, և Սուխոմլինսկու շատ գրքեր նվիրված են նրանց փորձի լուսաբանմանը։
Մեր մանկավարժական կոլեկտիվը համախոհների մի ստեղծագործական ընկերակցություն է, որտեղ յուրաքանչյուրն իր անհատական ավանդն է բերում, յուրաքանչյուրը, հոգեպես հարստանալով կոլեկտիվի ստեղծագործականության շնորհիվ, միևնույն ժամանակ՝ հոգեպես հարստացնում է իր ընկերներին[8]։ |
Ես կարդացել եմ Վ. Ա. Սուխոմլինսկու գրքերը և հիմա իմ աչքերով տեսա այն, ինչ ինձ դուր էր եկել գրքերում։ Եվ դա ինձ ավելի է ոգևորում...[7]:
Պավլիշի դպրոցի կոլեկտիվը ստեղծվել էր ոչ թե առանձնապես օժտված դաստիարակների ու մանկավարժների հատուկ ընտրությամբ, այլ Սուխոմլինսկու ջանքերով, իր աշխատակիցներին համախմբելու ու ոգևորելու նրա կարողությամբ։
Սոխոմլինսկին իր դպրոցում մեծ ուշադրություն էր դարձնում սովորողների և ուսուցիչների փոխհարաբերություններին վերաբերող հարցերին, նա այն համարում էր ուսումնադաստիարակչական գործընթացի հիմքը։
Ուսուցչին ու աշակերտին հոգեպես կապող տասնյակ հարյուրավոր թելերն այն շավիղներն են, որ տանում են դեպի մարդկային սիրտը, դա ուսուցչի ու աշակերտների մտերմության, ընկերության կարևորագույն պայմանն է։ Մենք ձգտում ենք այն բանին, որ ուսուցչին և աշակերտներին համախմբի հոգևոր ընդհանրությունը, որի ժամանակ մոռացվում է, թե մանկավարժը ղեկավար է ու դաստիարակ[9]։ |
Պավլիշի դպրոցում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվում նաև սովորողների հետաքրքրությունների բացահայտմանն ու դրանց հաշվառմանը։ Սուխոմլինսկին երեխաների՝ իրենց համար հետաքրքիր աշխատանքներով զբաղվածությունը համարում էր դպրոցական կարգապահության հիմքը։
Նա կարևորում էր նաև աշակերտների մասնակցությունը դպրոցի ամբողջ կյանքին։ Դպրոցական ինքնավարությունը նախատեսում էր աշակերտների մասնակցություն դպրոցի մանկավարժական խորհուրդներին, տարբեր ակումբների, գիտական և մարզական խմբակների, ցուցահանդեսների, ներկայացումների։
Արտադասարանային աշխատանքը ինքնանպատակ չէ՝ աշակերտը պետք է ինչ-որ բանում հետաքրքրություն գտնի, որպեսզի բոցավառվի հոգևոր գործունեության կրակը, որպեսզի ամրապնդվի սեփական արժանապատվության զգացումը, և այն ժամանակ նա կսկսի լավ սովորել...Երեխային պետք է տալ հպարտության, արժանապատվության զգացում, արթնացնել նրա մեջ խիղճ, նրբազգացություն ուսուցչի ասածի հանդեպ։ Իսկ դրա համար երեխային պետք է բերել հեքիաթների սենյակ, երաժշտության սենյակ, գրադարան, արհեստանոց...[10] |
Սուխոմլինսկին կարևոր նշանակություն էր տալիս արտադասարանական պարապմունքներին, նշելով, որ դրանք պետք է հետաքրքրություն առաջացնեն երեխաների մեջ․ «Դաստիարակել միայն դասերի ընթացքում անհնար է։ Դաստիարակը պետք է հանդիպի աշակերտին նաև դասարանից դուրս»։ Պավլիշի դպրոցում առանձնահատուկ նշանակություն էր տրվում արշավներին, դպրոցական երեկոներին, ուսուցչի և աշակերտների համատեղ աշխատանքին։
1955 թվականին Կիևի համալսարանի գիտական խորհուրդը Սուխոմլինսկուն շնորհում է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1957 թվականին գիտնականն ընտրվում է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
1958 թվականին ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդը նրան շնորհել է դպրոցի վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։
1968 թվականին նա ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
1968 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Վ. Ա. Սուխոմլինսկուն շնորհել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
Հայրենական մեծ պատերազմին մասնկացելու և ժողովրդական կրթությանը մատուցած ծառայությունների համար Վ. Ա. Սուխոմլինսկին պարգևատրվել է ութ մեդալով, Վ. Ի. Լենինի երկու շքանշանով, Ա. Ս. Մակարենկոյի մեդալով։
Սուխոմլինսկու առաջին մեծ գիրքը՝ «Կոլեկտիվիզմի դաստիարակումը դպրոցականների մեջ» լույս է տեսել 1956 թվականին։ Այնուհետև լույս են տեսնում «Միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը», «Աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի դաստիարակումը»։ Այդ գրքերում ոչ միայն պավլիշյան դպրոցի նկարագրությունն էր, այլև Սուխոմլինսկու մանկավարժական առաջին հայտնագործումները։
1961 թվականին Մոսկվայում լույս է տեսնում Սուխոմլինսկու «Դպրոցականի հոգևոր աշխարհը» գիրքը։ Այստեղ առաջին անգամ ձևակերպված են Սուխոմլինսկու ընդհանուր հայացքները դաստիարակության վերաբերյալ։ Այս գրքից հետո լույս են տեսնում «Երիտասարդ սերնդի բարոյական իդեալը» (1963), «Անհատի դաստիարակումը սովետական դպրոցում» (1965) գրքերը։
1969 թվականին Մոսկվայում լույս է տեսնում Սուխոմլինսկու «Պավլիշի միջնակարգ դպրոցը» մենագրությունը։ Նույն տարում հրատարակվում է նրա առավել նշանավոր գրքերից մեկը՝ «Սիրտս նվիրում եմ երեխաներին»[Ն 2] և դրանից հետո դրա շարունակությունը՝ «Քաղաքացու ծնունդը» (1970):
Մահվանից առաջ «Ժողովրդական կրթություն» ամսագրին ուղարկած իր նամակում Սուխոմլինսկին գրում է.
Այնուամենայնիվ վիրահատությունն արվեց՝ այլ ելք չկար։ Սուխոմլինսկին մահացավ 1970 թվականի սեպտեմբերի 2-ին՝ գիտակցության չգալով։
Կիրովոգրադի պատվավոր քաղաքացի (1998)
Իմ մանկավարժական դավանանքի ալֆան և օմեգան խոր հավատն է նրանում, որ մարդն այնպիսին է, ինչպիսին նրա պատկերացումն է երջանկության մասին[11]։
Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ համակարգ, որի կենտրոնում երեխան է[12]։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր երեխայի երջանիկ ապրելու բանալին նրա անձի և իրավունքների նկատմամաբ հարգանքն է[13]։
Մանկությունը մարդկային կյանքի կարևորագույն ժամանակաշրջանն է. ոչ թե ապագա կյանքի նախապատրաստություն, այլ իսկական, պայծառ, յուրօրինակ, անկրկնելի կյանքը։ Եվ այն բանից, թե ինչպես է անցել այդ մանկությունը, ով է նրան ձեռքից բռնած տարել մանկական տարիներին, ինչ է ստացել նրա բանականությունն ու սիրտը շրջապատի աշխարհից, այդ ամենից է որոշակիորեն կախված, թե ինչպիսի մարդ կդառնա այսօրվա մանուկը[14]։ |
Երեխային պետք է այնպես սովորեցնել, որ նրա մեջ ինքնակրթությամբ զբաղվելու ցանկություն առաջանա. նրան պետք է այնպես դաստիարակել, որ նրա մեջ ինքնադաստիարակման նկատմամբ ձգտում առաջանա։
Սուխոմլինսկու մանկավարժական գործունեության հիմքում ընկած էր անհատականությունների դաստիարակությունը։ Նա երեխաների մեջ դաստիարակում էր անհատական վերաբերմունք շրջապատող իրականության, իրենց արած գործի հանդեպ, նաև՝ պատասխանատվություն հարազատների, ընկերների, հասարակության և, որ ամենակարևորն է՝ սեփական խղճի հանդեպ։
Երեխայի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը նշանակում է ուսուցչի կողմից այն պարզ ու իմաստուն ճշմարտության ըմբռնումը, որ առանց երեխայի ներքին հոգևոր ջանքերի, առանց նրա լավը լինելու ցանկության, անիմաստ է դպրոցը, անիմաստ է դաստիարակությունը[15]։
...Չի կարելի փոքրիկ մարդու հոգևոր աշխարհը հանգեցնել միայն ուսման։ Եթե մենք ձգտենք այն բանին, որ երեխայի բոլոր ուժերը կլանվեն դասերով, կյանքը նրա համար կդառնա անտանելի։ Նա պետք է լինի ոչ միայն դպրոցական, այլև ամենից առաջ մարդ՝ իր բազմակողմանի հետաքրքրություններով, պահանջմունքներով, ձգտումներով[16]։
Ա. Ս. Մակարենկոյի այն հայտնի միտքը, որ դաստիարակության մեջ չի կարող լինել մեկուսացված միջոց, այսինքն, որ չի կարելի դաստիարակության բոլոր խնդիրները լուծել մեկ միջոցով, Սուխոմլինսկին զարգացնում է, ցույց տալով, որ ոչ միայն չի կարելի գործադրել մեկ միջոցը, այլև չի կարելի անտեսել դաստիարակության համակարգի թեկուզ որևէ կողմը։ Բաց թողնելով որևէ մեկը՝ համոզմունքների դաստիարակումը, մարդկայնության դաստիարակումը, հնարավոր չէ լուծել որևէ այլ խնդիր։
Ըստ Սուխոմլինսկու՝ դաստիարակության նպատակն անձի բազմակողմանի զարգացումն ու բարոյական կատարելությունն է։ Սուխոմլինսկին հավատում էր, որ յուրաքնաչյուր երեխայի մեջ կա լավը, և դաստիարակության գործընթացը պետք է կառուցել դրականի վրա հենվելու սկզբունքի հիման վրա։
Դժվար երեխայի հանդեպ դաստիարակի և նույնիսկ կոլեկտիվի անզորության պատճառը թաքնված է ոչ թե այն բանում, որ այդ սանը անուղղելի է, այլ նրանում, որ դաստիարակության գործընթացը կեղծ ճանապարհով է գնում, դաստիարակը ձգտում է միայն արմատախիլ անել արատները, լավագույն դեպքում կանխել դրանց առաջացումը։ Փորձը ցույց է տալիս, որ այդ ճանապարհով չի կարելի դաստիարակել կայուն բարոյական համոզմունքներ։ Դպրոցում գտնվելու առաջին օրվանից պետք է կարողանալ տեսնել և անդուլ կերպով զարգացնել, ամրացնել երեխայի մեջ եղած ամեն լավը[17]։ |
Սուխոմլինսկու մանկավարժական համակարգում աշխատանքային դաստիարակությունը դիտարկվում է որպես երիտասարդ սերնդին հասարակական արտադրությանը մասնակից դարձնելու գործնական նախապատրաստում, միևնույն ժամանակ բարոյական, մտավոր և գեղագիտական դաստիարակության կարևորագույն տարր։ Սուխոմլինսկին ձգտում էր աշխատանքային դաստիարակության այնպիսի համակարգ ստեղծել, որում աշխատանքը ձևավորում է անձնավորության բարոյական և ինտելեկտուալ կերպարը։
Սուխոմլիսնկու համար աշխատանքային դաստիարակությունն ամենից առաջ սիրո դաստիարակությունն է աշխատանքի նկատմամբ[18]։
Սուխոմլինսկին առանձնացնում է աշխատանքային դաստիարակության հետևյալ սկզբունքները.
Աշխատանքը միայն այն ժամանակ է դառնում դաստիարակող ուժ, երբ անհատի և կոլեկտիվի ինտելեկտուալ կյանքը հարստացնում, ստեղծագործական հետաքրքրությունները հագեցնում է բազմակողմանի բովանդակությամբ։
Աշխատանքը կարող է դառնալ բերկրանքի աղբյուր միայն այն ժամանակ, երբ մարդը նրանում տեսնում է ինչ-որ նշանակալից բան, ավելին քան միջոցների ստացում նյութական պահանջմունքների բավարարման համար. հոգևոր ստեղծագործություն, իր ընդունակությունների, տաղանդի բացահայտում։
Աշխատանքային դաստիարակության մեր իդեալը կայանում է նրանում, որ յուրաքնաչյուր մարդ պատանեկության և վաղ երիտասարդության տարիներին գտնի այն աշխատանքը, որում առավել լրիվ և վառ կերպով կբացահայտվեն նրա բնատուր ընդունակությունները, որը նրան կբերի հոգևոր ստեղծագործության երջանկություն[19]։ |
Նախքան աշխատանքի հասարակական նշակությունը հասկանալը, երեխան պետք է զգա, որ առանց աշխատանքի հնարավոր չէ ապրել, որ աշխատանքն է պարգևում հոգևոր կյանքի ուրախությունը, լիակատարությունը։ Աշխատանքը երեխայի հոգևոր կյանքի մեջ պետք է մտնի դեռևս կրտսեր հասակում։ Երեխային պետք է ցույց տալ աշխատանքի հասարակական և ստեղծագործական կարևորությունը, նրանց համոզել, որ նրանք մասնակցում են հասարակության համար նյութական արժեքներ ստեղծելուն։
Երեխայի էությանը հատուկ է աշխատանքային գործունեության երկու, երեք տեսակներ փոխելու ձգտումը, զուգակցումը, համատեղումը։ Գործունեության բազմազանության, գործի նորության մեջ երեխան բավականություն է գտնում։ Միաժամանակ զբաղվելով աշխատանքի երկու կամ երեք տեսակով՝ յուրաքանչյուր աշակերտ ձեռք է բերում տարբեր հմտություններ և կարողություններ։
Ֆիզիկական աշխատանք կատարելու ամենաուժեղ մղումներից մեկն այդ աշխատանքի մտահղացման նշանակությունն է, բանականության և ձեռքերի ջանքերի զուգակցումը։ Որքան ավելի նշանակալի է մտահղացումը, այնքան ավելի մեծ հետաքրքրությամբ է կատարվում աշխատանքը[20]։
Սուխոմլինսկին մշակել է «դաստիարակությունը գեղեցկությամբ» համալիր գեղագիտական ծրագիրը։ Ըստ նրա՝ գեղագիտական դաստիարակության կարևորագույն խնդիրն է երեխային սովորեցնել շրջակա աշխարհի մեջ տեսնելու հոգևոր հարստություն, բարություն, սրտացավություն և դրա հիման վրա իր մեջ արմատավորելու գեղեցիկը։
Գեղագիտական պահանջմունքների, զգացմունքների, ապրումների հարստության կարևոր պայմաններից մեկը մարդու ինտելեկտուալ խոր զարգացումն է։ Այդ պատճառով էլ գեղագիտական դաստիարակությունը ենթադրում է երեխայի ծանոթացումը համաշխարհային մշակույթի նվաճումներին, մարդկության մշակութային արժեքներին։
Սուխոմլինսկու դպրուցում հենց առաջին օրերից երեխաներին սովորեցնում էին հասկանալ շրջակա աշխարհի, բնության գեղեցկությունը։ «Գեղեցկության ըմբռնումը, իմաստավորումը գեղագիտական կրթության հիմքն է, առանցքը,-գրում է Սուխոմլինսկին,-գեղեցիկի ընկալումից և ճանաչումից է սկսվում գեղագիտական մշակույթի դաստիարակումը, զգացմունքների դաստիարակությունը»։
Մենք ձգտում ենք, որ երեխայի հագևոր կյանքի բոլոր ոլորտների՝ մտավոր և ֆիզիկական աշխատանքի, ստեղծագործության, հասարակական գործունեության, բարոյագեղագիտական հարաբերությունների, բարեկամության, սիրո միջով կարմիր թելի նման անցնի միտքը, թե գեղեցկությունը հարկավոր է գնահատել և պահպանել[21]։ |
Գեղագիտական դաստիարակության համակարգում կարևոր դեր են խաղում ճանապարհորդությունները դեպի գեղեցիկի աշխարհը՝ էքսկուրսիաներն ու արշավները, դիտումները, բնության երևույթների վերլուծումը։ Այդ կերպ՝ երեխաները տեսնում են թե ինչպես է ծնվում գեղեցկությունը, լսում բնության երաժշտությունը։
Բարոյական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատաքներում Սուխոմլինսկին գլխավորը համարում էր անձնավորության գաղափարական հիմքի՝ քաղաքացիական հայացքների, համոզմունքների, զգացմունքների, վարքի, արարքների, խոսքի ու գործի միասնության ձևավորումը։
Բարոյական դաստիարակության մեջ, ըստ Սուխոմլինսկու՝ մեծ դեր են խաղում էթիկական զրույցները և էթիկական պատմությունները։ Բայց միայն դրանք բավարար չեն, կարևոր է, որ խոսքը վերածվի գործի, աշխատանքի, արարքի, միայն այդ դեպքում է երեխան ձեռք բերում բարոյական փորձ և օրինակելի վարքագիծ։
Կարևոր է կիսել մանկական հոգու վիշտը, չվիրավորել, չխոցել նրա զգայուն սիրտը, թույլ չտալ, որ երեխան անտարբեր դառնա։ Կիսելով երեխայի վրդովմունքը, զայրույթը, վշտակցելով նրան, մենք երեխայի մեջ զարգացնում ենք բարոյական զգացմունքի ակտիվություն։ Մենք նրան սովորեցնում ենք գործուն ելք գտնել այդ զգացմունքներից՝ ոչ միայն վրդովվել չարիքից, այլև պայքարել դրա դեմ, ոչ միայն դիմել որևէ մեկին ճշմարտության հասնելու համար, այլև իքնուրույնաբար հաստատել ճշմարտությունը[22]։
Վեհ գաղափարները դաստիարակչական տեսակետից նրանով են արժեքավոր, որ դրանց շնորհիվ ստեղծվում է կոլեկտիվի և անհատականի, հասարակականի ու անձնականի միասնություն։ Այդ միասնությունը ընդհանրապես բարոյական դաստիարակության կարևոր պայմանն է[23]։ |
Բարոյական դաստիարակության վերջնարդյունքը Սուխոմլինսկին համարում էր անձնական բարոյական համոզմունքների ձևավորումը։ Ըստ նրա՝ դրանք բնութագրում են մարդու հոգևոր կերպարը, մտքի և արարքի, խոսքի և գործի միասնությունը վարքի մեջ։ Բարոյական համոզմունքի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ճշմարտության հասկացության իմացումը խոր կերպով արտացոլվում է մարդու անձնական հոգևոր աշխարհում, դառնում նրա անձնական հայացքը, արթնացնում խոր զգացմունք, միանում նրա կամքին և դրսևորվում նրա գործունեության մեջ, վարքագծում, արարքներում՝ ուրիշ մարդկանց և իր իսկ նկատմամբ։
Ըստ Սուխոմլիսնկու՝ բարոյական համոզմուքների ամուր, անխախտ հիմքը դրվում է մանկության և վաղ պատանեկության տարիներին, երբ բարին ու չարը, պատիվն ու անպատվությունը, արդարացիությունն ու անարդարացիությունը երեխայի ըմբռնմանը մատչելի են միայն այն բանի բարոյական իմաստի վառ ակներևության դեպքում, ինչը նա տեսնում է, անում, դիտում։ Բարությունը, պատվասիրությունը և արդարացիությունը երեխային պետք է անձնական ուրախություն պատճառեն, իսկ չարիքը, անպատվությունը, անարդարությունը՝ դառնություն, տագնապ, նույնիսկ անձնական վիշտ[24]։
Մտավոր դաստիարակությունն ընդգրկում է գիտելիքների ձեռքբերում և գիտական աշխարհայացքի ձևավորում, իմացական և ստեղծագործական ընդունակությունների զարգացում, մտավոր աշխատանքի մշակույթի ձևավորում, հետաքրքրության և պահանջմունքի դաստիարակում մտավոր գործունեության, գիտական գիտելիքների անընդհատ հարստացման, դրանք կյանքում կիրառելու ընթացքում։
Մատվոր դաստիարակություն տեղի է ունենում գիտական գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, բայց չի հանգում միայն դրանք որոշակի ծավալով կուտակելուն։ Գիտելիքների ձեռքբերման գործընթացը և դրանց որակական խորացումը կդառնան մտավոր դաստիարակության գործոն միայն այն ժամանակ, երբ գիտելիքները դառնան անձնական համոզմունքներ, մարդու հոգևոր հարստություն, որոնք անդրադառնում են նրա կյանքի նպատակասլացության, նրա աշխատանքի, հասարակական ակտիվության, հետաքրքրությունների վրա։ Աշխարհայացքի ձևավորումը մտավոր դաստիարակության միջուկն է։
Ուսուցումը մտավոր դաստիարակության կարևորագույն միջոցն է։ Ուսուցման գործընթացում մտավոր դաստիարակության հաջողությունը բնորոշվում է այնպիսի գործոններով, ինչպիսին են՝ դպրոցի ամբողջ հոգևոր կյանքի հարստությունը, ուսուցչի հոգևոր հարստությունը, նրա լայն մտահորիզոնը, նրա կոմպետենտությունը, ուսումնական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման մեթոդների բնույթը, սովորողների մտավոր աշխատանքի կազմակերպումը դասին և տանը։
Ուսուցման գործընթացում իրականացվում է մտավոր դաստիարակության գլխավոր նպատակը՝ մտավոր զարգացումը։
Ուսուցչի վարպետությունն աշակերտներին մտածել սովորեցնելու հմտության մեջ է[25]։
Ուսուցման գործընթացում մտավոր դաստիարակությունն իրականցվում է միայն այն ժամանակ, երբ գիտելիքների կուտակումը, գիտելիքների ծավալի ընդարձակումը ուսուցիչը դիտում է ոչ թե որպես ուսուցման գործընթացի վերջնական նպատակ, այլ միայն որպես իմացական և ստեղծագործական ուժերի և ճկուն, քննախույզ մտքի զարգացման միջոցներից մեկը։
Սուխոմլինսկին ուսուցման գործընթացը դիտարկում էր որպես ուրախ աշխատանք, մեծ ուշադրություն դարձնում աշակերտների աշխարհայացքի ձևավորմանը, կարևոր մեծ նշանակաություն էր տալիս ուսուցչի խոսքին, ներկայացնելու գեղարվեստական ոճին, երեխաների հետ հեքիաթների և գեղարվեստական ստեղծագործությունների շարադրմանը։
Երեխաները պետք է ապրեն գեղեցկության, խաղի, հեքիաթի, երաժշտության, նկարների, երևակայության, ստեղծագործության աշխարհում։ Այդ աշխարհը երեխային պետք է շրջապատի նաև այն դեպքում, երբ մենք ցանկանում ենք նրան գրել ու կարդալ սովորեցնել։ Այո՛, թե երեխան ինչպես կզգա իրեն, բարձրանալով իմացության սանդուղքի առաջին աստիճանին, ինչպիսի ապրումներ կունենա նա, դրանից է կախված դեպի գիտելիքներ տանող նրա հետագա ամբողջ ճանապարհը[26]։ |
Սուխոմլինսկու դիդկտիկական համակարգում կարելի է առանձնացնել սկզբունքների հետևյալ խմբերը․
Սուխոմլինսկին ուսուցման մեթոդները բաժանում էր երկու խմբի.
Կախված առարկայի և նյութի բովանդակության առանձնահատկությունից՝ յուրաքանչյուր մեթոդ ունի յուրահատուկ առանձնահատկություններ։ Դասախոսությունը գրականության դասին ունի մի առանձնահատկություն, մաթեմատիկայի դասին՝ մեկ այլ։
Սուխոմլինսկին նշում է, որ մտավոր դաստիարակության հաջողությունը կախված է ուսուցման մեթոդների ստեղծագործական կիրառումից, այն մանրամասնությունների բազմազանությունից, որոնք պայմանավորվում են կոնկրետ իրադրությամբ և նախօրոք չեն կարող նախատեսվել ուսուցման տեսությամբ։ Լիարժեք մտավոր դաստիարակության շատ կարևոր պայման է ուսուցման մեթոդների, դասի կառուցվածքի և ընդհանրապես դրա կազմակերպման և մանկավարժական բոլոր տարրերի համապատասխանությունը նյութի ուսումնական և դաստիարարակչական, ինչպես նաև սովորողների համակողմանի զարգացման նպատակներին. «Գիտելիքները ձեռք են բերվում՝ որպեսզի ինչ-որ ձևով կիրառվեն կյանքում, որպեսզի ուսուցման գործընթացում ձևավորված համոզմունքներով մարդ ղեկավարվի մարդկանց հետ բարոյական, աշխատանքային, հասարակական, գեղագիտական հարաբերություններում»,- գրում է Սուխոմլինսկին։
Աշակերտներին գիտելիքների փոքրիկ կայծ տալու համար ուսուցիչը պետք է իր մեջ լույսի մի ամբողջ ծով կուտակի[29]։
Սուխոմլիսնկին երեխայի ուսուցման ու դաստիարակության գործում առանձնահատուկ նշանակություն էր տալիս ուսուցչի կերպարին, սովորողների հետ ունեցած հարաբերություններին. «Դժվար է գերագնահատել ուսուցչի անձնավորության, նրա հոգևոր կերպարի դերն աշակերտի ընդունակությունների, հակումների, տաղանդի արթնացման և զարգացման գործում»։ Սրանով պայմանավորոված նա խիստ պահանջներ է ներկայացնում ուսուցչի անձին, մասնագիտական պատրաստվածությանը։
Եթե ուսուցիչը դարձել է երեխայի ընկերը, եթե այդ ընկերությունը լուսավորված է ազնիվ հրապուրանքով, ձգտումով դեպի պայծառը, բանականը, երեխայի հոգում երբեք չարություն երևան չի գա։ Եվ եթե դպրոցներում կան չարամիտ երեխաների, ապա միայն այն
պատճառով, որ ուսուցիչները չեն ճանաչել նրանց, չեն կարողացել դառնալ նրանց ընկերները։ Դաստիարակությունն առանց երեխայի հետ բարեկամության, առանց հոգևոր ընդհանրության կարելի է համեմատել մթության մեջ խարխափելու հետ[30]։ |
Պատահում է, որ երեխան ինչ-որ դատարկ բանից (մեծի տեսակետից) նեղացել է...Սակայն չպետք է մոռանալ, որ երեխան ունի իր ուրախություններն ու դառնությունները, բարին ու չարը չափելու իր մասշտաբները։ Մարդասեր ուսուցիչը երբեք չի մոռանում, որ ինքն էլ երեխա է եղել։ Պետք է մտնել երեխայի դրության մեջ, նրա հետ միասին կիսել նրա վիշտը, օգնության գալ նրան։ Սակավ չի պատահում, երբ երեխայի համար ամենացանկալի ու թանկարժեք օգնությունը հենց այդ համակրությունն է, կարեկցությունը, սրտալիությունը, մինչդեռ անտարբերությունը ցնցում է երեխային...[31]
Սուխոմլինսկու պատվին է անվանակոչվել.
Պոլտավայի մանկավարժական համալսարանի 1-ին մասնաշենքում, տեղադրվել է Սուխոմլինսկու հուշատախտակ։ Այդ նույն համալսարանում գտնվում է նաև Վ. Ա. Սուխոմլինսկու թանգարանը։
2003 թվականին Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է «Վասիլի Սուխոմլինսկի» հուշադրամը՝ նվիրված մանկավարժի 85-ամյա հոբելյանին[35][36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.