Սպարտակի ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Սպարտակի ապստամբություն (լատին․՝ Bellum Spartacium կամ լատին․՝ Tertium Bellum Servile, «Երրորդ պատերազմ ստրուկների հետ»), ստրուկների ապստամբություն, որ եղել է խոշորագույնը հին աշխարհում[1][2] և թվով երրորդը առաջին ու երկրորդ Սիցիլիական ապստամբություններից հետո։ Հռոմեական հանրապետությունում տեղի ունեցած ստրուկների վերջին ապստամբությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 74 (կամ 73)-71 թվականներով[3]։ Սպարտակի ապստամբությունը եղել է ստրուկների միակ ապստամբությունը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել կենտրոնական Իտալիայի համար։ Վերջնականապես ճնշվել է զորավար Մարկոս Կրասոսի ջանքերի շնորհիվ։ Հետագա տարիներին այն շարունակել է անուղղակի ազդեցություն ունենալ Հռոմի քաղաքականության վրա։
Թվական | մ․թ․ա․ 73-71 թվականներ |
---|---|
Մասն է | Servile Wars? |
Վայր | Իտալիա |
Արդյունք | հռոմեացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Ստրուկներ |
Հրամանատարներ | |
Գայոս Կլավդիոս Գլաբեր †, Գնեոս Կառնելիոս Լենտուլոս Կլոդիանոս, Մարկոս Կրասոս, Գնեոս Պոմպեոս Մեծ | Սպարտակ † (?), Կրիկս †, Կաստոս †, Էնեմայոս †, Գայոս Գանիկոս † |
Կողմերի ուժեր | |
3 հազ. մարդ աշխարհազոր, 8 լեգեոն (40-50 հազ. մարդ) | 120 հազ. մարդ (ներառյալ ոչ կոմբատանտները) |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մ․թ․ա․ 73-71 թվականներին փախստական ստրուկների ոչ մեծ խումբը, որ սկզբում կազմված էր մոտավորապես 78 փախստական գլադիատորներից, վերաճել է ավելի քան 120 հազարանոց համայնքի[4]՝ կազմված տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից, որոնք հարաբերականորեն անպատիժ կերպով տեղաշարժվում էին Իտալիայում մի քանի առաջնորդների գլխավորությամբ, որոնց թվում էր հայտնի գլադիատոր Սպարտակը։ Այդ խմբի՝ կռվելու ունակ տղամարդիկ կազմել են զարմանալիորեն արդյունավետ ռազմական ջոկատ, որը բազմիցս ցույց է տվել, որ կարող է դիմադրել հռոմեական ռազմական ուժերին՝ ինչպես տեղական պարեկախմբերին ու աշխարհազորայիններին, այնպես էլ կոնսուլի հրամանատարության տակ գործող հռոմեական լեգեոններին։ Պլուտարքոսն ստրուկների գործողությունները նկարագրել է որպես իրենց տերերից փախչելու և Գալլիայի տարածքով հեռանալու փորձ, այնինչ Ապպիանոսն ու Լուցիուս Աննեուս Ֆլորուսն ապստամբությունը ներկայացրել են որպես քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ ստրուկները ցանկացել են գրավել Հռոմը։
Սպարտակի բանակի ռազմական հաջողությունների շարունակման պատճառով հռոմեական սենատի աճող անհանգստությունը, ինչպես նաև հռոմեական քաղաքներում ու գյուղական վայրերում կատարվող թալանները վերջնական արդյունքում հանգեցրել են նրան, որ հանրապետությունում գործի է դրվել ութ լեգեոններից կազմված բանակը Մարկոս Կրասոսի դաժան, բայց արդյունավետ ղեկավարությամբ։ Պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 71 թվականին, երբ Սպարտակի բանակը, երկարատև ու արյունահեղ մարտերից հետո նահանջելով Կրասոսի, Պոմպեոսի ու Լուկուլլոսի լեգեոնների ճնշման ներքո, ամբողջովին ոչնչացվել է՝ միաժամանակ ցույց տալով կատաղի դիմադրություն։
Ստրուկների երրորդ ապստամբությունը կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի հետագա պատմության վրա՝ մասնավորապես իրենց ազդեցությունը թողնելով Պոմպեոսի ու Կրասոսի կարիերաների վրա։ Այդ երկու զորավարներն ապստամբության ճնշման ժամանակ ունեցած իրենց հաջողությունները հետագայում օգտագործել են իրենց հետագա քաղաքական կարիերայում՝ հասարակական գնահատությունն ու իրենց լեգեոնների սպառնալիքն օգտագործելով մ․թ․ա․ 70 թվականի կոնսուլների ընտրությունների վրա ազդելու համար։ Նրանց գործողությունները զգալի կերպով նպաստել են հռոմեական քաղաքական ինստիտուտների քայքայմանը և վերջնական արդյունքում Հռոմեական հանրապետության վերածմանը Հռոմեական կայսրության[3]։