From Wikipedia, the free encyclopedia
Գրենվիլ Սթենլի Հոլլ (անգլ.՝ Granville Stanley Hall, փետրվարի 1, 1846[1][2] կամ փետրվարի 1, 1844[3], Էշֆիլդ, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 24, 1924[4][1][2], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան հոգեբանության ռահվիրա և մանկավարժ։ Նրա հետաքրքրությունները կենտրոնացած են երեխաների զարգացման[7] (մանկաբանություն) և էվոլյուցիոն տեսության վրա։ Հոլլը եղել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Քլարկի համալսարանի առաջին նախագահը։ Վիլյամ Ջեյմսի հետ հավասար նա միակն է, որ երկու անգամ դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը (կրկին 1924 թվականին)։
Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Էշֆիլդ բնակավայրում։ 1867 թվականին ավարտել է Ուիլյամսի քոլեջը, այնուհետև ուսանել է միացյալ աստվածաբանական ճեմարանում։ Մի քանի տարի աշխատել է Լայպցիգում գտնվող Վունդտի լաբորատորիայում։ Ոգեշնչվելով Վիլհելմ Վունդտի «Principles Physiological Psychology» աշխատությամբ` նա, Ուիլյամ Ջեյմսի ղեկավարությամբ, Հարվարդի համալսարանում ստացել է հոգեբանության դոկտորի կոչում։ Լայպցիգում Հոլլն արդյունավետ կերպով զբաղվել է ընդհանուր հոգեբանության խնդիրներով՝ հետազոտելով պրոպրիորեցեպցիան։ Այն տարածության մեջ մկանային զգայունության ընկալումն է, որը բացահայտվել է Ի. Մ. Սեչենովի կողմից։ Թեև պրոպրիորեցեպցիայի հետազոտման համար Նոբելյան մրցանակ է ստացել Շերինգթոնը, նրա հետազոտությունը հիմնականում հիմնված է եղել Սեչենովի աշխատությունների վրա։ Հոլլը հայտնի է որպես մանկաբանության հիմնադիր։ Հոլլը նաև տարիքային հոգեբանության խնդիրներին նվիրված առաջին ամսագրերի հիմնադիրն էր։ 1891 թվականից սկսել է հրատարակվել նրա խմբագրած «Մանկավարժական սեմինար և գենետիկական հոգեբանության ամսագիրը», իսկ 1910 թվականից՝ «Մանկավարժական հոգեբանության ամսագիրը»։
Հոլլն իր գործունեությունը որպես անգլերենի ուսուցիչ սկսել է Օհայոյի «Yellow Springs» գյուղի «Antioch» քոլեջում։ 1882 թվականին (մինչև 1888 թվականը) Ջոն Հոփքինսի համալսարանում նշանակվել է հոգեբանության և մանկավարժության պրոֆեսոր և ստեղծել է Միացյալ Նահանգների առաջին հոգեբանական լաբորատորիան[8]։ Այնտեղ Հոլլը խիստ դեմ էր, որ ավագ դպրոցում հատուկ ուշադրություն դարձվի ավանդական առարկաների ուսուցմանը, ինչպիսիք են լատիներենը, մաթեմատիկան, գիտությունը և պատմությունը՝ ասելով, որ դպրոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն դեռահասների դաստիարակությանը, քան քոլեջի ուսանողների պատրաստմանը։
Հոլլը հանգել է այն եզրակացության, որ երեխայի հոգեկան զարգացման հիմքում բիոգենետիկական օրենքն է։ Հոլլը տարածել է կենսագենետիկական օրենքի ազդեցությունը սաղմի զարգացումից մինչև մարդու հոգեբանություն՝ ապացուցելով, որ երեխայի հոգեբանության զարգացումը համառոտ կրկնում է Homo Sapiens տեսակի հոգեկանի ֆիլոգենետիկական զարգացման բոլոր փուլերը։ Հոլլի վերակապիտուլյացիայի տեսությունը պնդում է, որ հաջորդականությունը և բովանդակությունը այդ փուլերում տրված են գենետիկորեն, այդ պատճառով երեխան իր զարգացման որևէ փուլից չի կարող ոչ խուսափել, ոչ էլ ազատվել[9]։
1887 թվականին հիմնադրել է «American Journal of Psychology»-ը և 1892 թվականին նշանակվել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի առաջին նախագահ[8]։ 1889 թվականին նշանակվել է Քլարկի համալսարանի առաջին նախագահ, այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1920 թվականը։ Նախագահության 31 տարիների ընթացքում Հոլլն ինտելեկտուալ առումով մնացել է ակտիվ։ Նա կարևոր դեր է խաղացել մանկավարժական հոգեբանության զարգացման գործում, ինչպես նաև փորձել է պարզել կրթության ազդեցությունը դեռահասների վրա։ Նա նաև պատասխանել է Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Յունգի հրավերին՝ այցելելու նրանց և կարդալու դասախոսությունների դասընթացը (1909)։
Հոլլը հոգեբանության պատմությունում մնացել է մարդ, որը մեծ ներդրում է ունեցել հոգեբանական գիտության և կիրառական հոգեբանության վրա։ Նրա ղեկավարությամբ հոգեբանության դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ հայտնի հոգեբաններ, ինչպես նաև առաջին աֆրոամերիկացին, որը երբևէ ստացել է հոգեբանության դոկտորի աստիճան՝ Ֆրենսիս Սեսիլ Սամները (1920)[10]։
Կարևոր ներդրում ունենալով ուսումնական գրականության մեջ, ինչպես նաև լինելով առաջատար հեղինակություն այս ոլորտում՝ նա հիմնադրել և եղել է «American Journal of Psychology»-ի խմբագիրը, ինչպես նաև խմբագրել է «Pedagogical Seminary»-y (1892 թվականից սկսած), «American Journal of Religious Psychology and Education»-ը (1904 թվականից սկսած), «Journal of Race Development» (1910 թվականից սկսած)։ Նրա գրքերի թվում են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.