Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա (ԱՀԱ) (անգլ.՝ American Psychological Association, APA), պրոֆեսիոնալ հոգեբանների առավել ազդեցիկ միավորումներից մեկն է աշխարհում, որում ընդգրկված են մասնագետներ ԱՄՆ-ից,Կանադայից և այլ երկրներից։ Առաքելությունն է «Զարգացնել հոգեբանությունը որպես գիտություն, մասնագիտություն և մարդկանց բարեկեցության, հոգեկան առողջության և կրթության կատարելագործման միջոց»։
Ասոցիացիան հիմնադրվել է 1892 թվականի հուլիսին 26 հոգեբանների կողմից Կլարկի համալսարանում։ Առաջին նախագահը դարձել է Սթենլի Հոլլը։ 1929 թվականի օգոստոսի 29-ին Կարլ Մյուրչիսոնը հրատարակեց Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամների առաջին կատալոգը՝ «Հոգեբանական գրանցամատյանը» (անգլ.՝ Psychological Register)։
1945 թվականին՝ ԱՀԱ-ի վերակազմավորման ժամանակ ստեղծվեց բաժանմունքների (անգլ.՝ divisions) համակարգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր համարը։ Սակայն ԱՀԱ-ում չկա 4-րդ և 11-րդ բաժանմունք։ 4-րդ բաժանմունքը նախատեսված է եղել փսիխոմետրիկ համայնքի համար, որը հրաժարվեց ընդգրկվել ԱՀԱ-ի մեջ, իսկ 11-րդ բաժանմունքը միացվել է 12-րդին՝ Բժշկական հոգեբանությանը։
Ներկայումս ասոցիացիան բաղկացած է գիտության և պրակտիկայի ոլորտի 54 բաժանմունքից և 58 տարածքային բաժանմունքից ԱՄՆ-ում և Կանադայում։ Ունի շուրջ 150 հազար անդամ, բյուջեն կազմում է մոտ 70 միլիոն դոլլար։
1969 թվականի օգոստոսի 29-ին Չիկագոյում Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հերթական համագումարը տեղի չունեցավ։ 1968 թվականին Վիետնամի պատերազմի դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ Չիկագոյի ոստիկանության դրսևորած դաժանության պատճառով ԱՀԱ-ն տեղափոխեց իր ամենամյա համագումարը Վաշինգտոն, որտեղ այն սկսվեց օգոստոսի 31-ին։
2007 թվականին ասոցիացիան մասնակցեց հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված առաջին «Հոգեբանության օրվան»։
20–րդ դարի ընթացքում ԱՀԱ-ում մշտական բախումներ էին տեղի ունենում նրա անդամների հակամարտ խմբերի միջև։ Ամենազանգվածային բախումներից մեկը տեղի ունեցավ տեսաբանների ու փորձարարների և կիրառական հոգեբանների միջև։ 1957 թվականին փորձարարական հոգեբանության բաժանմունքում անցկացված հարցումը ցույց տվեց, որ անդամների միայն 55%-ն է հավանություն տալիս ԱՀԱ-ին, իսկ 30%-ը դեմ է արտահայտվել կազմակերպությանը, և մեծանում էր փորձարարների ցանկությունը լքել այն։ Պրակտիկների և ակադեմիկների միջև տասնամյակներ շարունակ պահպանվող լարվածությունը կտրուկ սրվեց 1980-ական թվականներին, երբ պրակտիկները մեծամասնություն էին կազմում։ Եթե 1940 թվականին ակադեմիական հոգեբանությամբ զբաղվում էր ԱՀԱ-ի անդամների շուրջ 70%-ը, ապա 1985 թվականին՝ ընդամենը 33%-ը[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին մի քանի անգամ փորձ արվեց լուծել այդ հակամարտությունները ԱՀԱ-ի վերակազմավորման միջոցով։ Սակայն ժամանակի ընթացքում ակադեմիկների համար ավելի դժվար էր դառնում հասնել իրենց ուզած որոշումների ընդունմանը, ուստի նրանցից շատերը լքեցին ԱՀԱ-ն։ Վերակազմավորման վերջին փորձն արվեց 1987 թվականին։ Նախագծի քննարկումն ընթացավ հուզականության և կոնֆլիկտների, փոխադարձ վիրավորանքների ու անվստահության մթնոլորտում։ Հոգեբան Ստենլի Գրեմը, ով 1990 թվականին դարձավ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ, սկզբում ստորագրեց վերակազմավորման մասին փաստաթուղթը, սակայն շուտով փոխեց իր դիրքորոշումը և սկսեց հանդես գալ դրա վավերացման դեմ։ Արդյունքում շատ ակադեմիկներ ԱՀԱ-ի նախկին նախագահ Լոգան Ռայտի խոսքերով եզրակացրին.
«ԱՀԱ-ն դարձել է գիլդիա, որը ղեկավարվում է փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից»։ - Լոգան Ռայտ |
Ակադեմիական հոգեբանության կողմնակիցները ստեղծեցին իրենց սեփական կազմակերպությունը՝ Ամերիկյան հոգեբանական հանրությունը (անգլ.՝ American Psychological Society, APS), որը հետագայում վերանվանվեց Հոգեբանական գիտության ասոցիացիա (անգլ.՝ Association for Psychological Science)։ Այդ կազմակերպությունների միջև հաստատվեցին թշնամական փոխհարաբերություններ։ ԱՀԱ-ի խորհուրդը փորձում էր մրցակից կազմակերպության անդամներին հեռացնել ասոցիացիայի ղեկավար պաշտոններից։ Թեպետ փորձերն անհաջող ավարտվեցին, սակայն Ամերիկյան հոգեբանական հանրության անդամների մեծ մասն ինքնակամ հեռացավ ԱՀԱ-ից։ Ինչպես նշում է Թոմաս Լիխին.
«Սեփական մասնագիտական հանրությունն ունենալու հոգեբան-պրակտիկների ձգտումը անհամատեղելի էր գիտական հանրություն ունենալու ակադեմիական գիտնականների ձգտման հետ»։ - Թոմաս Լիխի |
Դա բացատրվում է նրանով, որ հոգեբանությունը չափազանց ընդարձակ և բազմազան է ունիֆիկացիայի ենթարկվելու համար[2]։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահի ընտրությունն անցկացվում է ամեն տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.