Սալահ ադ-Դին
From Wikipedia, the free encyclopedia
Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/, 1138[4], Թիքրիթ, Իրաք[5][6] - մարտի 4, 1193[7], Դամասկոս, Սելջուկյան սուլթանություն[8]), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[9] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[10][11][12] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքները։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։
Սալահ ադ-Դին Յուսուֆ արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب | |
---|---|
Ալ-մալիք ան-Նասիր | |
Իշխանություն | 1174 թվական-մարտի 4, 1193 թվական |
Թագադրում | 1174 թվական, Կահիրե |
Լրիվ անուն | Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ |
Ծնվել է՝ | 1137 թվական |
Ծննդավայր | Թիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն |
Մահացել է՝ | Մարտի 4, 1193 թվական |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն |
Թաղվել է՝ | Օմայանների մզկիթ, Դամասկոս |
Օմայանների մզկիթ | |
Ազգություն | քուրդ |
Հաջորդող |
|
Ուղեկից | Իսմաթ ադ-Դին խաթուն |
Տոհմ | Այյուբյան սուլթանություն |
ռազմական գործիչ և ռազմական հրամանատար | |
Հայր | Նաջմ ադ-Դին Այյուբ |
Մայր | Սիթ ալ-Մուլկ-Խաթուն |
Երեխաներ | ալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի |
Հավատք | Սուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3] |
1164 թվականին Սալադինը սկզբնապես իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին՝ դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրքուհի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։
Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[13]։
Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[14], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[15][16][17][18]։