քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պրեդնիզոլոն, ստերոիդային դեղամիջոց, որն օգտագործվում է տարբեր տեսակի ալերգիաների, բորբոքային վիճակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղների բուժման մեջ[3][4]։ Այդ վիճակներից են մակերիկամի կեղևի անբավարարությունը, արյան մեջ կալցիումի բարձր քանակը, ռևմատոիդ արթրիտը, մաշկաբորբերը, աչքի բորբոքումը, ասթման և ցրված սկլերոզը[4]։ Այն կիրառվում է բերանացի, ներերակային ներարկման ձևով, ինչպես նաև տեղային կրեմի և աչքի կաթիլների ձևով[5]։
Պրեդնիզոլոն | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₁H₂₆O₅ |
Մոլային զանգված | 5,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 237 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 53-03-2 |
PubChem | 5865 |
EINECS համար | 200-160-3 |
SMILES | CC12CC(=O)C3C(C1CCC2(C(=O)CO)O)CCC4=CC(=O)C=CC34C |
ЕС | 200-160-3 |
ChEBI | 5656 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կարճատև օգտագործման պարագայում կողմնակի երևույթներից են սրտխառնոցն ու հոգնածության զգացումը[3]։ Ավելի ծանր կողմնակի երևույթներից են հոգեբուժական խնդիրները, որոնք դիտվում են մարդկանց մոտ 5 %-ի մոտ[6]։ Երկարատև օգտագործման պարագայում հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ոսկրային զանգվածի կորուստը, թուլությունը, սնկային վարակները և հեշտությամբ առաջացող կապտուկները[4]։ Չնայած հղիության վերջում կարճատև կիրառումը անվտանգ է, երկարատև օգտագործումը կամ վաղ փուլերում կիրառումը կարող է վնասել պտղին[7]։ Այն գլյուկոկորտիկոիդ է, որը ստեղծվել է հիդրոկորտիզոնի (կորտիզոլ) հիման վրա[8]։
Պրեդնիզոլոնը ստեղծվել և բժշկական օգտագործման համար հաստատվել է 1955 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[9]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[4]։ Զարգացող երկրներում դեղի 5 մգ դեղահատն արժե 0,01 ԱՄՆ դոլար[10]։
Պրեդնիզոլոնը կորտիկոստերոիդ է, գերազանցապես գլյուկոկորտիկոիդային և ավելի քիչ միներալոկորտիկոիդային ակտիվությամբ, ինչը դարձնում է այն արդյունավետ միջոց տարբեր տեսակի բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների բուժման պարագայում[11], ինպես օրինակ՝ ասթման[12], ուվեիտը, նեխային թարախամաշկությունը (գանգրենոզ պիոդերմիա), ռևմատոիդ արթրիտը, եղնջացանը[13], անոթային այտուցը[13], խոցային կոլիտը, սրտակրանքաբորբը, քունքային զարկերակաբորբը և Կրոնի հիվանդությունը, Բելի պարալիչը, ցրված սկլերոզը[14], կլաստերային գլխացավերը, անոթաբորբերը, սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և աուտոիմուն հեպատիտը[15], համակարգային կարմիր գայլախտը, Կավասակիի հիվանդությունը[16], դերմատոմիոզիտը[17] և սարկոիդոզը[18]։
Պրեդնիզոլոն ացետատի ակնային սուսպենզիան (աչքի կաթիլներ) կորտիկոստերոիդային պատրաստուկ է, պատրաստված ստերիլ ակնային սուսպենզիայի ձևով, և օգտագործվում է աչքերի կարմրության, այտուցի, քորի և ալերգիկ ռեակցիաների նվազման համար[19][20]։ Այժմ այն կիրառվում է նաև բակտերիալ կերատիտի բուժման մեջ[21]։
Պրեդնիզոլոնը կիրառվում է նաև ալերգիկ տարբեր ռեակցիաների պարագայում՝ սկսած սեզոնային ալերգիաներից մինչև դեղորայքային ալերգիկ ռեակցիաներ[22]։
Պրեդնիզոլոնը կիրառվում է որպես իմունաճնշիչ դեղամիջոց օրգանների փոխպատվաստման ժամանակ[17][23]։
Առաջնային մակերիկամային անբավարարության (Ադիսոնի հիվանդություն) ժամանակ կիրառվում են պրեդնիզոլոնի ցածր դեղաչափերը[24][25]։
Կորտիկոստերոիդները ընկճում են տարբեր պրովոկացիոն գործոնների նկատմամբ առաջացող բորբոքային պատասխանը, բերելով ուշացած, դանդաղ լավացման[26]։ Նրանք ընկճում են բորբոքային այտուցի առաջացումը, ֆիբրինի կուտակումը, մազանոթների լայնացումը, լեյկոցիտների միգրացիան, մազանոթների պրոլիֆերացիան, ֆիբրոբլաստների պրոլիֆերացիան, կոլագենի կուտակումը և սպիագոյացումը[27]։
Պրեդնիզոլոնի օգտագործման կողմնակի երևույթներից են․
Քթի միջնապատի ծակումը և աղիների ծակումը երբեմն հանդիպող կողմնակի երևույթներ են, ինչը սահմանափակում է վերջինիս կիրառումը որոշակի ախտաբանական իրավիճակներում[29][30]։
Պրեդնիզոլոնի երկարատև կամ բարձր դեղաչափերով կիրառման հետևանքով կարող է առաջանալ մակերիկամային անբավարարություն[28]։
Չնայած հղիների մոտ պրեդնիզոլոնի օգտագործման խոշոր հետազոտությունների բացակայությանը, որոշ կենդանիների մոտ վերջինիս օգտագործումը բերել է պտղի վրա բացասական ազդեցության, մասնավորապես՝ հնարավոր քիմքի ճեղքվածքի առաջացման։ Հղիների մոտ պրեդնիզոլոնի կիրառման որոշումը կայացվում է կախված վնաս/օգուտ հարաբերությունից, և այս հղիների երեխաները պետք է գտնվեն հսկողության տակ՝ հնարավոր մակերիկամի ֆունկցիայի ընկճման վաղ հայտնաբերման համար։
Պրեդնիզոլոնը անցնում է կրծքի կաթով[28]։
Որպես գլյուկոկորտիկոիդ, պրեդնիզոլոնի ճարպալույծ կառուցվածքը թույլ է տալիս հեշտությամբ անցնել բջջաթաղանթով, որտեղ այն կապվում է համապատասխան ցիտոպլազմային գլյուկոկորտիկոիդային ընկալչին։ Կապվելուց բացի, ԳԿ/ԳԿԸ կոմպլեքսի ձևավորումը բերում է ընկալչի հետ կապված շապերոնային սպիտակուցների անջատման, որը թույլ է տալիս կոմպլեքսին անցնել կորիզ։ Այս գործընթացը տևում է 20 րոպե։ Կորիզի ներսում ԳԿ/ԳԿԸ հոմոդիմեր կոմպլեքսը կապվում է ԴՆԹ-ի սպեցիֆիկ հատվածներին, որոնք կոչվում են գլյուկոկորտիկոիդային պատասխանի մասնիկներ (ԳՊՄ), ինչի արդյունքում տեղի է ունենում համապատասխան գեների էքսպրեսիա կամ ընկճում։ Կոպլեքսի կապումը դրական ԳՊՄ-ներին բերում է հակաբորբոքային սպիտակուցների սինթեզի, իսկ բացասական ԳՊՄ-ներին կապումը՝ բորբոքային գեների տրանսկրիպցիայի ընկճման[31]։
Պրեդնիզոլոնը սինթետիկ պրեգնանային կորտիկոստերոիդ և կորտիզոլի (հիդրոկորտիզոն) ածանցյալ է, որը կոչվում է նաև δ1-կորտիզոլ, δ1-հիդրոկորտիզոն, 1,2-դեհիդրոկորտիզոլ, ինչպես նաև 11β,17α,21-տրիհիդրօքսիպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[32][33]։
ԱՄՆ-ում առկա են հետևյալ դեղաձևերը․
Որպես գլյուկոկորտիկոիդ, չգրանցված կամ հատուկ նպատակներով բերանացի, ներերակային կամ միջմկանային ներարկումների կամ ուղիղ աղիքային ճանապարհով պրեդնիզոլոնի օգտագործումը մրցույթների ժամանակ անթույլատրելի է, և մարզիկը որակազրկվում է համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից[36]։ Դեղամիջոցը որոշ դեպքերում թույլատրվում է կիրառել բժշկական ցուցումներով, եթե համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը թույլատրել է վերջինիս կիրառումը։ Դեղի տեղային օգտագործումը մրցույթների ժամանակ, ինչպես նաև մրցույթից դուրս վերջինիս ցանկացած օգտագործում հնարավոր չէ հսկել[36]։
Պրեդնիզոլոնը կիրառվում է կատուների, շների և կզաքիսների բորբոքային և ալերգիկ հիվանդությունների բուժման մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.