From Wikipedia, the free encyclopedia
Աուտոիմուն հիվանդություն, վիճակ, երբ ախտահարված իմուն պատասխանն ուղղված է նորմալ մարմնի մասի դեմ[1]։ Գոյություն ունի առնվազն 80 տեսակի աուտոիմուն հիվանդություն[1]։ Այն կարող է ընդգրկել մարմնի ցանկացած մաս[2]։ Հաճախ հանդիպող ախտանշաններն են՝ թույլ արտահայտված տենդ և հոգնածության զգացում[1]։ Հաճախ ախտանշաններն առաջանում ու անհետանում են[1]։
Աուտոիմուն հիվանդություն | |
---|---|
Գայլախտով հիվանդ երիտասարդ կին, ում մոտ առկա է թիթեռնիկի տիպի ցան | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | type II hypersensitivity? |
Հիվանդության ախտանշաններ | Կախված է հիվանդությունից։ Հաճախ դիտվում է թույլ արտահայտված տենդ, հոգնածության զգացում |
Հետևանք | nodding disease?, Համակարգային կարմիր գայլախտ և Ռևմատոիդ արթրիտ |
Վնասում է | իմուն համակարգ |
Բժշկական մասնագիտություն | Ռևմատոլոգիա, Իմունոլոգիա, Գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-10 | D84.9 և M35.9 |
Բուժում | Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, իմունաճնշիչներ, ներերակային իմունոգլոբուլին |
Հաճախություն | 24 միլիոն / ԱՄՆ-ի 7 %-ը |
Autoimmune diseases and disorders Վիքիպահեստում |
Պատճառը սովորաբար անհայտ է[2]։ Որոշ աուտոիմուն հիվանդություններ, ինչպես օրինակ՝ գայլախտը, առաջանում են ընտանիքներում, և այսպիսի դեպքերում, դրդող գործոն կարող են լինել վարակները կամ այլ միջավայրային գործոններ[1]։ Որոշ հայտնի հիվանդություններից աուտոիմուն համարվում են՝ ցելիակիա, տիպ 1 շաքարային դիաբետ, Գրեյվսի հիվանդություն, աղիների բորբոքային հիվանդություն, ցրված սկլերոզ, պսորիազ, ռևմատոիդ արթրիտ և համակարգային կարմիր գայլախտ[1][3]։ Ախտորոշման հաստատումը կարող է դժվար լինել[1]։
Բուժումը կախված է հիվանդության տեսակից և ծանրությունից[1]։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԴ) և իմունաճնշիչները հաճախ են կիրառվում բուժման համար[1]։ Երբեմն ներերակային իմունոգլոբուլինը նույնպես կիրառվում[4]։ Չնայած բուժական միջոցները լավացնում են ախտանշանները, նրանք սովորաբար չեն բուժում հիվանդությունը[1]։
ԱՄՆ-ում մոտ 24 մլն (7%) մարդ ունի աուտոիմուն հիվանդություն[1][2]։ Կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[1]։ Հաճախ հիվանդությունը սկսվում է մեծահասակ տարիքից[1]։ Առաջին անգամ աուտոիմուն հիվանդությունները նկարարգվել են վաղ 1900-ականներին[5]։
Որպեսզի հիվանդությունը համարվի աուտոիմուն, այն պետք է համապատասխանի Վիտեբսկու չափանիշներին (առաջին անգամ ձևավորվել է Էրնեստ Վիտեբսկու և աշխատակիցների կողմից 1957թ-ին, ձևափոխվել է 1994թ-ին)[6][7]։
Աուտոիմուն հիվանդություններն ունեն բազմաթիվ ազդեցություններ։ Նրանք պետք է ունենան աուտոիմուն հիվանդություններին բնութագրական 3 ախտաբանական ազդեցություններից մեկը[8]։
Հայտնի է, որ ԱՄՆ-ում մինչև 65 տարեկան կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը աուտոիմուն հիվանդություններն են[9]։
Այս հիվանդությունները համարվում են քրոնիկական, հյուծող և կյանքին վտանգ սպառնացող։
Աուտոիմուն հիվանդությունների թիվը գերազանցում է 80-ը[10]։
Մարդու իմուն համակարգում սովորաբար առաջանում են և' T, և՛ B լիմֆոցիտներ, որոնք կարող են լինել աուտոռեակտիվ սեփական հակածինների նկատմամբ, բայց այս աուտոռեակտիվ բջիջները սովորաբար կամ ոչնչացվում են մինչև ակտիվ դառնալը՝ դառնալով անէրգիկ (լուռ հեռացվում է իմուն համակարգից), կամ հեռացվում է իմուն համակարգից կարգավորիչ բջիջների կողմից։ Եթե այս մեխանիզմներից թեկուզ մեկը խանգարվեց, առաջանում է աուտոռեակտիվ բջիջների պահեստ, որոնք կարող են ակտիվանալ իմուն համակարգի ներսում։ Այս աուտոռեակտիվ T բջիջների մեխանիզմների կանխարգելման համար ուրցագեղձում T բջիջների հասունացման ընթացքում կատարվում է բացասական ընտրություն։
Որոշ բակտերիաներ, ինչպիսին Campylobacter jejuni-ն է, ունեն հակածիններ, որոնք իրենց կառուցվածքով նման են մարդու սեփական անտիգեններին։ Այս դեպքում C. jejuni-ի նկատմամբ նորմալ իմուն պատասխանը կարող է բերել հակամարմինների առաջացման, որոնք քիչ քանակությամբ կապվում են նաև կմախքային մկանների ընկալիչներին (օրինակ՝ միասթենիա գրավիսի ժամանակ)։ Աուտոիմուն հիվանդությունների ախտաֆիզիոլոգիայի պատկերացման համար շատ մեծ դեր ունեցավ գենոմային լայն ասոցիացիաների հետազոտությունը, որով որոշվում է աուտոիմուն հիվանդության գենետիկորեն փոխանցման աստիճանը[11]։
Աուտոիմունիտետը, մյուս կողմից դիտարկելիս, համարվում է աուտոռեակտիվ իմուն պատասխանի (աուտոհակամարմին, աուտոռեակտիվ T բջիջ) առկայություն վնասման կամ ախտաբանության առաջացմամբ կամ առանց առաջացման[12]։ Այն կարող է սահմանափակված լինել ինչ-որ օրգանում (օրինակ՝ աուտոիմուն թիրոիդիտ) կամ ունենալ լայն տարածում տարբեր օրգաններում և հյուսվածքներում (օրինակ՝ Գուդպասչերի համախտանիշը, որի դեպքում կարող է ախտահարվել և՛ թոքերի․ և՛ երիկամների հիմային թաղանթները)։
Տարբերում են աուտոիմուն հիվանդության զարգացման մի քանի տեսություններ։ Դրանցից հիմնականները հետևյալներն են․.
Չնայած պոտենցիալ աուտոհակածինը կարող է քայքայվել մարմնի իմուն-անկախ հատվածներում (օրինակ՝ աչքում), գոյություն ունեն մեխանիզմներ նույնիսկ այդ հակածիններին տոլերոգեն ձևով ներկայացնելու իմուն համակարգին։ Սակայն, անհնար է խթանել աուտոհակածնի բոլոր հատվածների նկատմամբ հանդուրժողականություն։ Պատճառն այն է, որ նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում սեփական հակածնի որոշ հատվածներ էքսպրեսվում են իմուն հանդուրժողականություն առաջացնելու համար անբավարար մակարդակով։ Հակածնի այս վատ էքսպրեսվող հատվածները կոչվում են անհայտ դետերմինանտներ։ Իմուն համակարգը պահպանում է բարձր խնամակցություն այս հատվածների նկատմամբ, քանի որ այս դետերմինանտների ներկայացումը անբավարար է ամուր հանդուրժողականություն առաջացնելու համար[13]։
Մոլեկուլյար միմիկրիայի տեսության համաձայն օտար հակածինը առաջացնում է իմուն պատասխան, որի ընթացքում T և B բջիջները խաչաձև փոխազդում են սեփական հակածնի հետ։ Աուտոիմուն հիվանդության հիմքում ընկած է խաչաձև փոխազդեցությամբ իմուն պատասխանը[14]։ Խաչաձև փոխազդեցությունը սեփական հակածնի դեմ առաջին անգամ նկարագրվել է հակամարմինների համար։
Այս տեսության համաձայն իմուն պատասխանի էֆեկտոր ֆունկցիան միջնորդված է գլիկաններով (բազմաշաքարներ), որոնք ներկայացված են բջիջների և իմուն համակարգի հումորալ բաղադրիչի կողմից։ Աուտոիմունիտետով հիվանդների մոտ դիտվում է գլիկոզիլացման պրոֆիլի խանգարումներ, ինչպես պրոբորբոքային իմուն պատասխանի ժամանակ է։ Ավելի ուշ պարզվել է, որ առանձին աուտոիմուն հիվանդությունների համար գոյություն ունեն հատուկ գլիկանային կառուցվածքներ[15]։
Հիգիենայի տեսության համաձայն, այն երեխաները, ովքեր ապրում են խիստ հիգիենիկ պայմաններում և քիչ են հանդիպում օտար հակածինների, ունեն գերակտիվ իմուն համակարգ և մեծ է հավանականությունը, որ սեփական հյուսվածքները կճանաչեն որպես օտար և կբերեն աուտոիմուն վիճակի առաջացման, ինչպես ասթմայի դեպքում[16]։
Առաջին անգամ աուտոիմուն հիվանդությունների տարածվածությունը ԱՄՆ-ում գնահատվել է 1997-ին Ջեկոբսոնի կողմից։ Ըստ այդ հետազոտության ԱՄՆ-ում աուտոիմուն հիվանդությունների տարածվածությունը մոտ 9 մլն է, գնահատված 24 հիվանդությունների և 279 մլն բնակչի հաշվով[17]։ Ջեկոբսոնի աշխատանքը թարմացվեց Հայթերի և Քուքի կողմից 2012թ-ին[18]։ Այս հետազոտության ընթացքում կիրառվել է Վիտեբսկու չափանիշները, որպեսզի լրացվի հիվանդությունների թիվը հասցնելով այն 81-ի և այդ 81 աուտոիմուն հիվանդությունների գումարային տարածվածությունը ԱՄՆ-ում կազմել է 5 %՝ տղամարդկանց 3%-ը և կանանց 7․1%-ը[19]։ Հասարակության մոտ մեկից ավելի աուտոիմուն հիվանդության առկայության տարածվածությունը կազմել է 4․5 %` տղամարդկանց 2․7%-ը և կանանց 6․4%[18]։
Եվ՛ աուտոիմուն, և՛ բորբոքային հիվանդությունների դեպքում հիվանդությունը առաջանում է մարդու բնածին և ձեռքբերովի իմուն համակարգի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ Աուտոիմունիտետի դեպքում մարդու իմուն համակարգը ակտիվանում է ընդդեմ սեփական սպիտակուցների։ Քրոնիկական բորբոքային հիվանդությունների դեպքում ցիտոկինների և քեմոկինների ազդեցությամբ նեյտրոֆիլները և մյուս լեյկոցիտները մշտապես առկա են բարձր քանակով, բերելով հյուսվածքի վնասման։
Բորբոքման մեղմացումը իմուն բջիջներում հակաբորբոքային գեների ակտիվացման և բորբոքային գեների ընկճման հետևանքով բուժման խոստումնալից ուղղություն է[20][21][22]։ Կան փաստեր, որ այն պահից սկսած, երբ աուտոհակամարմինները սկսում են արտադրվել, վերջիններս սկսում են ապահովել իրենց սեփական արտադրությունը[23]։
Հետազոտվել է նաև ցողունային բջիջների փոխպատվաստումը և հետագայում այն կարող է խոստումնալից լինել որոշ դեպքերում[24]։
Նախկինում ընդունված էր, որ մարդու իմուն համակարգը չի կարող ազդել սեփական հյուսվածքների վրա։ Այս տեսությունը նկարագրվել էր գերմանացի իմունաբան Պոլ Էրլիխի կողմից որպես «սարսափելի ինքնաթոքսիկություն»։ 1904թ-ին այս տեսությունը մերժվեց, քանի որ նոպայաձև ցրտային հեմոգլոբինուրիայով հիվանդի արյան մեջ հայտնաբերվեց մի նյութ, որը փոխազդում էր արյան կարմիր բջիջների հետ[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.