Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Խոցային կոլիտ (ԽԿ) խրոնիկական վիճակ է, որի դեպքում լինում է ուղիղ աղու և հաստ աղու բորբոքում և խոցեր[1][5]։ Ակտիվ հիվանդության հիմնական ախտանիշներից են որովայնային ցավը և արյունախառը լուծը[1]։ Կարող է նաև դիտվել քաշի կորուստ, տենդ և անեմիա[1]։ Երբեմն ախտանիշները զարգանում են դանդաղ և ծանրության աստիճանը կարող է տատանվել՝ մեղմ արտահայտվածից մինչև ծանր[1]։ Ախտանիշներն արտահայտվում են ինտերմիտացվող տիպով, այսինքն լինում են ժամանակաշրջաններ, երբ ախտանիշները բացակայում են[1]։ Բարդություններից են մեգակոլոնը, աչքի, հոդերի և լյարդի բորբոքումը և հաստ աղու քաղցկեղը[1][3]։
Խոցային կոլիտ Ulcerative colitis | |
---|---|
![]() Խոցային կոլիտով ախտահարված հաստ աղիքի էնդոսկոպիկ (կոլոնոսկոպիա) պատկեր։ Աղիքի ներքին մակերեսը իր վրա պարունակում է հետքեր և վնասված է որոշ տեղերում։ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Անհայտ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, արյունախառը լուծ, քաշի կորուստ, տենդ, անեմիա[1] |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
Ախտորոշում | Կոլոնոսկոպիա՝ հյուսվածքի բիոպսիայով[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Դիզենտերիա, Կրոնի համախտանիշ, իշեմիկ կոլիտ[2] |
Բուժում | Սննդակարգի փոփոխույուն, դեղորայք, վիրահատություն[1] |
Բարդություններ | Մեգակոլոն, աչքի, հոդերի և լյարդի բորբոքում, հաստ աղու քաղցկեղ[1][3] |
Հաճախություն | Ամեն 5-ը 1000 մարդու հաշվարկով[4] |
Սկիզբը | 15–30 տարեկան կամ 60-ից մեծ[1] |
Տևողություն | Երկար տևողությամբ[1] |
Ulcerative colitis Վիքիպահեստում |
Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի պատճառն անհայտ է[1]։ Թեորիաներից են աուտոիմուն ախտահարումը, ժառանգականությունը, աղիքային ֆլորայի փոփոխությունն ու միջավայրի գործոնները[1][6]։ Հիվանդության հաճախականությունն ավելի շատ է զարգացած երկրներում, ինչը բացատրում են հիգիենայով (աղիքային վարակների հարուցիչների հետ քիչ շփում), արևմտյան սննդակարգով և ապրելակերպով[5][7]։ Կույր աղիքի որդանման ելունի հեռացումը մանկական տարիքում կարող է պաշտպանող լինել[7]։ Ախտորոշումը հաստատվում է կոլոնոսկոպիայով և հյուսվածքային բիոպսիայով[1]։ Սա աղիքների բորբոքային հիվանդությունների տեսակ է՝ կրոնի հիվանդության և միկրոսկոպիկ կոլիտի հետ միասին[1]։
Սննդակարգի փոփոխությունները, օրինակ՝ բարձր կալորիական դիետան կամ լակտոզի բացառելը սննդի մեջ կարող են լավացնել ախտանիշների ընթացքը[1]։ Որոշ դեղորայքներ են օգտագործվում՝ ախտանիշների ընթացքը թեթևացնելու և կայուն ախտադադարի հասնելու համար, որոնցից են ամինոսալիցիլատները (մեսալազին, սուլֆասալազին), կորտիկոստերոիդները, իմունաճնշիչները (ազատիոպրին), կենսաբանական թերապիան (հակամարմնային բուժում)[1]։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, որը չի թուլանում դեղորայքային միջոցներով, հաստ աղու քաղցկեղի զարգանալու դեպքում անհրաժեշություն է առաջանում կատարելու վիրահատություն՝ կոլէկտոմիա (հաստ աղու և հեռացում)[1]։ Պրոկտոկոլէկտոմիան (հաստ և ուղիղ աղիքների հեռացում) կարող է լրիվ բուժել հիվանդությունը[1][7]։
Կրոնի հիվանդության հետ միասին մոտ 11,2 միլիոն մարդիկ են ախտահարվել 2015 թվականին[8]։ 100,000 մարդու հաշվարկով ամեն 5-ից մինչև 500 մարդը տառապում է այս հիվանդությամբ, իսկ ամեն տարի լինում է 1-ից մինչև 20 նոր դեպք 100,000 մարդու հաշվարկով[5][7]։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում[7]։ Հաճախ ախտահարվում են 15-ից մինչև 30 տարեկան մարդիկ, կամ 60-ից մեծ տարիքի մարդիկ[1]։ Տղամարդկանց և կանանց մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ[5]։ 1950-ականներից հետո այս հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում[5][7]։ Կրոնի հիվանդությունը և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը միասին ախտահարում են շուրջ մեկ միլիոն մորդկանց ԱՄՆ-ում[9]։ Համապատասխան բուժման դեպքում մահվան ռիսկը լինում է այնպիսին, ինչպիսին առողջ բնակչության մոտ է[3]։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի առաջին նկարագրությունը եղել է մոտ 1850-ականներին[7]։
Նշաններ և ախտանիշներ
Ստամոքսաղիքային
Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի կլինիկական պատկերը կախված է հիվանդության փուլից[10]։ Հիվանդները նշում են լորձով և արյունով լուծ, որը սկսվել է աստիճանաբար և պահպանվել է երկար (շաբաթներ)։ Կարող են նշել նաև քաշի կորուստ, իսկ ռեկտալ հետազոտությամբ հայտնաբերվի արյուն։ Քրոնիկ բորբոքումը, որը ուղեկցվում է քրոնիկ արյան կորստի հետ, կարող է բերել անեմիայի։ Հիվանդությունը կարող է ուղեկցվել որովայնային ցավով, թեթև անհարմարության զգացումից մինչև աղիների ցավոտ շարժումները կամ ցավոտ սպազմը։
Խոցային կոլիտը կապված է տարածուն բորբոքման հետ, ինչը կարող է ախտահարել մարմնի տարբեր մասեր։ Երբեմն այս արտաաղիքային ախտանիշները հիվանդության սկսվելու նշաններից են, որոնցից է ծնկան հոդի արթրիտային (հոդաբորբային) ցավը։ Համենայնդեպս ՈԽԿ չի ախտորոշվում մինչև սպեցիֆիկ նշանների առաջանալը։
Ընդգրկում

Խոցային կոլիտը սովորաբար ընդգրկում է ուղիղ աղիքից մինչև ամբողջ հաստ աղիքը։ Հիվանդությունը դասակարգվում է ըստ ընդգրկման չափի, կախված նրանից, թե ինչքան է տարածվել հիվանդությունը։
- Դիստալ կոլիտ, որը կարող է բուժվել հոգնաներով[11]
- Պրոկտիտ՝ ընդգրկումը սահմանափակվում է ուղիղ աղիքով
- Պրոկտոսիգմոիդիտ՝ ընդգրկվում են ուղիղ և սիգմայաձև աղիքները
- Ձախակողմյան կոլիտ՝ վայրէջ հաստ աղու ընդգրկում
- Տարածուն կոլիտ՝ բորբոքումը անցնում է հոգնայի հասնելու սահմանից
- Պանկոլիտ՝ Ողջ հաստ աղու ընդգրկում, ուղիղ աղուց մինչև կույր աղիք
Հիվանդության ծանրություն

Հիվանդների առանձին խմբեր կարող են բնորոշվել նաև ըստ հիվանդության ծանրության աստիճանի[11]։
- Հիվանդության թեթև ձևի դեպքում կղազատում լինում է օրական 4-ից քիչ անգամ, արյունով կամ առանց, առանց համակարգային թունավորման նշանների, էրիտրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) կամ C-ռեակտիվ սպիտակուցի անգլ.՝ C-Reactive protein (CRP) քանակի նորմալ ցուցանիշներով։ Կարող է լինել թեթև որովայնային ցավ և սպազմ։ Հիվանդները կարող են կարծել, թե ունեն փորկապություն, բայց իրականում դրանք կեղծ կանչեր են (տենեզմներ)։ Ռեկտալ ցավը բնորոշ չէ։
- Հիվանդության չափավոր աստիճանի դեպքում կղազատումը լինում է օրական 4 անգամից շատ, բայց թունավորման նվազագույն նշաններով։ Կարող է դիտվել անեմիա (առանց տրանսֆուզիայի անհրաժեշտության), չափավոր որովայնային ցավ, թեթև տենդ, 38 °C-ից մինչև 39 °C։
- Ծանր աստիճանի դեպքում լինում է օրական 6 անգամից ավել արյունային կղանք, ավելի ծանր թունավորումով, ինչի մասին վկայում է տենդը, տախիկարդիան, անեմիան կամ ԷՆԱ-ի և Ց-ռեակտիվ սպիտակուցի բարձր ցուցանիշները։
- Կայծակնային ձևի դեպքում կղազատում լինում է ավելի քան 10 անգամ օրական, շարունակական արյունահոսությամբ։ Այս ծանրության աստիճանը բնարոշվում է թունավորումով, որովայնային ցավով և փքվածությամբ, արյան փոխներարկման անհրաժեշտությամբ, աղիների լայնացումով։ Եթե ախտահարվում է նաև շճային թաղանթը, ապա կարող է լինել թափածակում (պերֆորացիա)։ Չբուժելու դեպքում շատ արագ բերում է մահվան։
Արտաաղիքային դրսևորումներ

Քանզի խոցային կոլիտը ունի աուտոիմուն ծագում, հիվանդների մոտ լինում են նաև հիվանդության արտաաղիքային դրսևորումներ։ Այս դրսևորումների հաճախականությունը տատանվում է 6%-47%-ի միջև[12] և ներառում են՝
- Բերանի աֆթոզ խոցերը
- Ակնային դրսևորումներ՝
- Ծիածանաթաղանթի բորբոքում (Իրիտիտ) կամ ուվեիտ
- Էպիսկլերիտ
- Հենաշարժիչ համակարգի ախտահարում՝
- Շճաբացասական հոդաբորբ, որը կարող է ախտահարել 1-2 մեծ հոդ կամ բազմաթիվ փոքր հոդեր
- Անկիլոիզացնող սպոնդիլիտ՝ ողնաշարի հոդաբորբ
- Սակրոիլեիտ՝ ողնաշարի ստորին հատվածների ախտահարում
- Մաշկային դրսևորումներ՝
- Հանգուցավոր էրիթեմա՝ պաննիկուլիտ, որը իրենից ներկայացնում է ենթամաշկային հյուսվածքի բորբոքում
- Գանգրենոզ պիոդերմա, որը մաշկը ախտահարող ցավոտ խոց է
- Խորը երակների թրոմբոզ և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
- Աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա
- Եղունգների հաստացում
- Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ՝ լեղուղիները ախտահարող հիվանդություն
Պատճառներ
Խոցային կոլիտի պատճառը հայնի չէ, բայց ժառանգականությունը և սթրեսը կարևոր դեր են խաղում։
Ժառանգական գործոններ
Ժառանգական բաղադրիչը հիմնվում է մի քանի փաստերի վրա[13]՝
- Խոցային կոլիտի ընտանեկան դեպքեր
- Միաձվային երկվորյակներից երկուսի մոտ հանդիպելու հավանականությունը 10% է, իսկ երկձվային երկվորյակների մոտ 3%[14]
- Հիվանդացության էթնիկ տարբերություններ
- Ժառանգական մարկերներ
Գենոմի 12 հատվածներ կարող են կապված լինել ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի հետ, որոնք են 16-րդ, 12-րդ, 6-րդ, 14-րդ, 5-րդ, 19-րդ, առաջին և 3-րդ քրոմոսոմները[15] (դասավորված են ըստ հայտնաբերման հերթականության), բայց սրանցից ոչ մեկը առանձին պատասխանատու չէ հիվանդության համար, որից կարելի է ենթադրել բազմագենային ծագման մասին։ Որպես օրինակ քրոմոսոմի 1p36 հատվածը կարծում են, որ կապված է աղիների բորբոքային հիվանդությունների հետ[16]։
Որոշ ենթադրյալ հատվածներ կոդավորում են փոխադրիչ սպիտակուցներ OCTN1 և OCTN2։ Այլ հատվածները կոդավորում են կառուցվածքային սպիտակուցեր, օրինակ՝ MAGUK անգլ.՝ Membrane-associated guanylate kinase ընտանիքը։ HLA համակարգը նույնպես դեր ունի։ Կարծիք կա, որ 6-րդ քրոմոսոմը այս հիվանդության զարգացման հետ մեծ կապ ունի[15]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.