Ուրմիո լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Ուրմիա լիճ նաև (հնում՝ Կապուտան լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս -արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
- Այս հոդվածը Ուրմիա լիճ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Ուրմիա լիճ պարս.՝ دریاچه ارومیه | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Իրան | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Ադրբեջան Արևմտյան Ադրբեջան | |
Տեսակ | լիճ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1275 մ | |
Ավազանի մակերեսը | 5 200-6 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 16 մ | |
Միջին խորությունը | 5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 50 000 կմ² | |
Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ[1]։
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով։ Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։ Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ։ Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված տեկտոնական շարժումների հետ։
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 500.00 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։
Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։
Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 % է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։
Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։
Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները։