ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Նիլս Բոր (դան․՝ Niels Henrik David Bohr, հոկտեմբերի 7, 1885[1][2][3][…], Կոպենհագեն[4][5][2][…] - նոյեմբերի 18, 1962[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[6][7][8]), դանիացի ականավոր ֆիզիկոս և հասարակական - քաղաքական գործիչ։ Ստեղծել է ատոմի առաջին քվանտային տեսությունը և հետագայում ամենաակտիվ մասնակցություն է ունեցել քվանտային մեխանիկայի հիմունքների մշակման գործում, որի համար էլ 1922 արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Բորը միաժամանակ մեծ ավանդ ունի նաև ատոմային միջուկի և միջուկային ռեակցիաների տեսության մեջ։ Նա, մասնավորապես, զարգացրել է ատոմային միջուկների բաժանման տեսությունը։
Կոպենհագենում Բորը ստեղծել է ֆիզիկոսների մեծ բազմազգ դպրոց և շատ բան է արել ամբողջ աշխարհի ֆիզիկոսների համագործակցության զարգացման համար։ Բորն ակտիվորեն մասնակցել է ատոմային սպառնալիքի դեմ պայքարին։
Նիլս Բորը 1907 թվականին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում։ Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թվականին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը։ 1916 թվականից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920 թվականից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։
Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում։ Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե՜ նրա կառուցվածքը, թե՜ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ։ Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է։ Այդպես Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը՝ նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա։ XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922 թվականին Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան։
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։ Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները։ Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո՜չ տարիք, ո՜չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են։ Գլխավորը ճշմարտությունն է և գիտության զարգացումը։ Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ։ Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով՝ մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից։ Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա միշտ կոչ էր անում արգելել միջուկային զենքը։
Երիտասարդ տարիքում Նիլս Բորը որպես ֆուտբոլիստ դարապասապահի դիրքում խաղացել է դանիական «Ակադեմիսկ» ակումբում[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.